«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Նրա պատասխանը զարմանալի էր. ասաց, թե Էդուարդ Արծրունյանն իրեն բանավոր խնդրել է մահից հետո զբաղվել իր արվեստի հանրահռչակմամբ»

«Նրա պատասխանը զարմանալի էր. ասաց, թե  Էդուարդ Արծրունյանն իրեն բանավոր խնդրել է մահից հետո զբաղվել իր արվեստի հանրահռչակմամբ»
25.06.2013 | 12:05

Ժողովրդական նկարիչ, 20-րդ դարի հայ ազգային կերպարվեստի փայլուն ներկայացուցիչ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ ժառանգության շուրջ ոչ այնքան բարեկիրթ միջավայր է ձևավորել։ Շուտով հայցով դատարան կմտնի նկարչի որդին` ԱՐՏՅՈՄ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԸ, որը խնդրի առնչությամբ մանրամասներ կներկայացնի «Իրատես de facto»-ի ընթերցողներին։

-Կոնֆլիկտը ծագել է, անշուշտ, որոշակի նախապատմության դաշտում։ Բաց նախ պարզենք, թե ովքե՞ր են Էդուարդ Արծրունյանի ժառանգորդները։
-Երկուսս ենք` ես և մայրս։ Սա միանգամայն օրինաչափ և օրինական երևույթ է, և այստեղ վիճարկելի ոչինչ չկա, մենք ունենք բոլոր փաստաթղթերը հեղինակային իրավունքի մասին։ Սա նշանակում է, որ միայն ես իրավունք ունեմ հրատարակելու Արծրունյանի պատկերագրքերը և վաճառելու դրանք։ Միաժամանակ ցանկացած մեկը նման գործ ձեռնարկելիս պիտի նախ ունենա իմ գրավոր համաձայնությունը։
-Վարպետի գործերից քանի՞սն է գտնվում Ձեր ընտանեկան հավաքածուում։
-Երեք հարյուրից ավելի գործ ունենք։ Մնացածը տարբեր մասնավոր և թանգարանային հավաքածուներում են։
-Ձեր ընդդիմությունն Անահիտ Կորյունի հետ է, ով ՀՆՄ 1-ին հարկի ցուցասրահում կազմակերպված Արծրունյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսում ինչ-ինչ կազմակերպչական աշխատանքներ էր իրականացնում։
-Այո, հայրս էր նրան խնդրել։
-Լավ, ի՞նչ ճանապարհով է Անահիտ Կորյունը ծանոթացել վարպետի հետ։
-Նա առաջին անգամ այցելեց մեր տուն որպես լրագրող։ Գրեց մի հոդված հորս մասին, հայրս էլ նրա դիմանկարն է նկարում և նվիրում։ Եվ սկսվեց նրանց համագործակցությունը։ Անահիտը Արծրունյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի կուրատորն էր, նա բարեխիղճ կատարեց իր աշխատանքը և դրա դիմաց գումար ստացավ հորիցս, նաև երկու նկար` որպես նվեր։ Այդ տարիներին որևէ կոնֆլիկտ չի եղել, ավելին, Անահիտը դասընթացների էր մասնակցում, ուսման վարձն ինքս վճարեցի։ Այսինքն, ամեն բան որոշակի բարեկրթության սահմաններում էր ընթանում։
-Ձեր դիմակայությունը ե՞րբ սկիզբ առավ։
-Հորս մահից ամիսներ անց։ Նա անսպասելի վիրավորվածի կեցվածք ընդունեց իմ հանդեպ։ Հավանաբար ինչ-որ բան էր նախապատրաստում։ Այստեղ հիշեցնեմ, որ Արծրունյանի մահից հետո նա որևէ իրավասություն չուներ այս կամ այն ձևով զբաղվելու նկարչի արվեստով, կրկնում եմ, ամեն բան կատարվել է զուտ հորս կամեցողությամբ։
-Էդուարդ Արծրունյանը կերպարվեստի այն եզակի վարպետն էր, ով հոգու մանկական զուլալությունը պահպանեց մինչև կյանքի մայրամուտը։ Հավելեմ, որ նա եզակի էր մի այլ, կասեի բացառիկ շնորհով, Արծրունյանի արվեստը բարձր են գնահատել բոլորն անխտիր, նա, իսկապես հեղինակություն ու սեր էր վայելում։ Բայց անդրադառնանք դիմակայությանը։ Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում այն ի հայտ եկավ։
-Երբ Անահիտ Կորյունը բացեց Արծրունյանի ֆեյսբուքյան էջը և դարձավ նրա մոդերատորը։ Սրա իրավունքը նա չուներ։ Նա օգտագործում էր մեր ընտանիքի կողմից իրեն հանձնված ստեղծագործությունների սկավառակը, որն ընդգրկում էր ցուցահանդեսի լուսանկարները, ընտանեկան արխիվից լուսանկարներ և այլն։ Նա դարձավ այս ամենի լիակատար տերն ու տնօրենը։ Բայց գուցե ինձ բնավ ցանկալի չէ, որ մեր ընտանիքի պատմությունը դառնա հանրային սեփականություն։ Սա անտեսեցինք ¥և սխալվեցինք¤։ Սակայն 2012-ի մայիսի 5-ին նա պատկերագիրք է հրատարակում, «Նկարիչների նկարիչը» վերտառությամբ, դարձյալ ապօրինաբար։ Բայց ինձ հրավիրատոմս է ուղարկում, հրավիրում մասնակցելու շնորհանդեսին։ Բնականաբար, չմասնակցեցի։ Բայց շատերը եղան, գնեցին պատկերագիրքը և խնդրեմ, այն շատ ցածր որակի էր, բոլոր առումներով։ Եվ իր հուշերն Արծրունյանի մասին։
-Այսինքն, Անահիտն ամբողջապես «մասնավորեցրե՞լ» է Էդվարդ Արծրունյանին։
-Այդպես է ստացվում։ Ես մի քանի տող կարդացի Անահիտի հուշերից և սարսափեցի, ինչ-որ անհասկանալի, հավակնոտ և անհեթեթ բան էր նշված, այսպես կոչված, հուշերում, մասնավորապես, նա իր մտահոգությունն է հայտնում, որ մեր ընտանիքը ցաքուցրիվ չի անի Արծրունյանի ժառանգությունը։ Մենք սա էլ անտեսեցինք, հաշվի առնելով նախկին բարեկամությունը։ Սակայն այս տարի քաղաքում ազդագիր եմ տեսնում, որում հայտարարված էր, թե Անահիտ Կորյունը հրատարակել է Էդվարդ Արծրունյանի պատկերագիրքը և բոլորին հրավիրում է շնորհանդեսի Ռուսական թանգարանում։ Սա այն դեպքում, երբ երկու-երեք տարի ինքս եմ պատրաստում հորս գիրքը` գործին մասնակից դարձնելով բարձրակարգ մասնագետների, արվեստաբանների և ձևավորողների։ Ի դեպ, Անահիտն այս գրքում նշում է, որ իրականացրել է Արծրունյանի երազանքը` ունենալու պատկերագիրք։ Ես այցելեցի թանգարանի տնօրենին, բացատրեցի իրավիճակը և խնդրեցի կանխել շնորհանդեսը։ Տնօրենն ընդունեց ասածս և մերժեց շնորհանդեսի անցկացումը։ Անահիտը զանգահարեց և հրավիրեց հանդիպման։ Հանդիպեցինք, նա շատ ագրեսիվ էր իրեն պահում, զարմանում, թե ինչու եմ միջամտում։ Ասացի, որ լուրջ գիրք եմ հրատարակում, հովանավորները բավականին միջոցներ են ներդրել, և իրեն մի բան է մնում` դադարեցնել իր ապօրինի գործունեությունը։ Հետո մենք կարող ենք սեղանի շուրջը զրույցի նստել և ի մի գալ` ի՞նչ է կամենում ձեռնարկել և ինչպե՞ս։ Այսինքն` առաջարկեցի մասնակցել մեր հետագա աշխատանքներին, մեր ընտանիքի համաձայնությամբ։ Նրա պատասխանը զարմանալի էր, ասաց, թե Էդուարդ Արծրունյանն իրեն բանավոր խնդրել է մահից հետո զբաղվել իր արվեստի հանրահռչակմամբ։ Անհեթեթություն է։
-Ի՞նչ եք պատրաստվում անելու։
-Փաստաբան եմ վարձել, նրանք նյութեր են նախապատրաստում։
-Ձեր գիրքը ե՞րբ հրապարակ կիջնի։
-Հուլիսին նկարիչների միությունում կլինեն և՛ շնորհանդեսը, և՛ ցուցահանդեսը։ Այս ամենում, այնուամենայնիվ, մի բան է ինձ համար առավել տհաճ, երբ Ռուսական թանգարանը մերժեց շնորհանդեսի անցկացումը, Անահիտն այն իրականացրեց Երվանդ Քոչարի թանգարանում, նույն օրը։ Զանգահարեցի թանգարանի տնօրեն Լալա Քոչարին, ներկայացա և զարմանքս հայտնեցի նրա ընդառաջման կապակցությամբ։ Տիկին Լալան տեղեկացավ, որ շնորհանդեսն ապօրինի է, սակայն ասաց, որ ժամանակին էր պետք այդ ամենի մասին մտածել։ Այսինքն` ի՞նչ պիտի ես անեմ, օրնիբուն շրջեմ Երևանով մեկ և ստուգեմ, թե որտե՞ղ է Անահիտ Կորյունը շնորհանդես կազմակերպում։
-Պատմությունը, մեղմ ասած, հաճելիներից չէ։ Ես փորձեմ պարզաբանումներ ստանալ Հայաստանի նկարիչների միության արվեստաբանական բաժնի նախագահ Մարինե Ստեփանյանից։ Ձեր վերաբերմունքը։
-Այստեղ մի շատ կարևոր խնդիր է մոռացության տրվել,- հավելում է Մ. Ստեփանյանը,- ոմն լրագրող, ով հեռու է, առհասարակ, կերպարվեստի բնագավառում քիչ թե շատ մասնագիտական գիտելիքներ ունենալուց, բարոյական իրավունք չունի առհասարակ ներխուժելու կերպարվեստի աշխարհ, առավել ևս շահարկելու փայլուն մի վարպետի` Էդուարդ Արծրունյանի անունը։ Անկեղծորեն ինձ շատ է զարմացնում այս լրագրողի համարձակությունը. որևէ տեղ, այս դեպքում` կերպարվեստում, միայն հիմնավոր ճանապարհ անցածն ունի իրավունք անդրադառնալու Արծրունյանի կարգի նկարչին, առավել ևս քննելու նրա ստեղծագործությունը։ Այս աղջկա հրատարակած պատկերագրքի մասին խոսելն իսկ անիմաստ է, այնտեղ ո՛չ գիրք կա, ո՛չ էլ քիչ թե շատ պատշաճ տեքստ, համատարած անգրագիտություն է, հավակնոտ անգրագիտություն։ Եվ նման բանի վերջը, անկասկած, պիտի տալ։ Կերպարվեստը մաքրամաքուր եզերք է։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ