«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք կհանգստանանք, մենք կլսենք հրեշտակների ձայնը» (լուսանկարներ)

«Մենք կհանգստանանք, մենք  կլսենք հրեշտակների ձայնը» (լուսանկարներ)
21.05.2013 | 11:20

Համազգային պետական թատրոնում օրերս կայացավ Ա. Պ. Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան: Բեմադրության հեղինակը Հրաչյա Գասպարյանն է, նկարիչը` Անժելա Գալստյանը։
«Քեռի Վանյա» տրագիկոմեդիան դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ: Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ կարծիքով` դասականներին, մանավանդ Չեխովի նման դասականին, հասուն թատրոնը պետք է անդրադառնա:
«Ի՞նչ նորություն կա»: «Ամեն ինչ հին է», ասվում է ներկայացման մեջ ու մտորելու առիթ տալիս: Մենք ուրիշ աշխարհում չենք ապրում: Ամեն ինչ հին է, ասել է թե` ամեն ինչ նույնն է: Սերը, հիասթափությունը, մարդն` իր ապրածով ու չապրածով: Գուցե մեր «նոր» աշխարհում պակասում է գթասրտությո՞ւնը, ինչը և հիշեցնում է չեխովյան աշխարհը:
Երբ հեռվում լույս չի երևում, երբ այլևս ոչ ոքի չես սիրում, երբ հոգնում ես աշխարհի կործանման փիլիսոփայությունից, երբ ծուլանում ես ապրել, երբ բնության ու մարդու հանդեպ անմիջական վերաբերմունք չկա այլևս, երբ չգիտես ինչպես վարվել կյանքի ու սիրո հետ, երբ կյանքն անդարձ կորչում է։
Ներկայացումն ավարտվում է Սոնյայի (Տաթև Ղազարյան) մենախոսությամբ: Նա մխիթարում է Քեռի Վանյային (Վարշամ Գևորգյան), որն այլևս չի էլ տառապում այն մտքից, որ կյանքն անդարձ կորած է։ «Մենք կհանգստանանք, մենք կլսենք հրեշտակների ձայնը, կտեսնենք ողջ երկինքը ադամանդների մեջ, մենք կտեսնենք, թե ինչպես աշխարհի չարն ու մեր բոլոր տանջանքները կխորտակվեն բարության մեջ, որն իրենով կլցնի ողջ աշխարհը, և մեր կյանքը կդառնա խաղաղ, նուրբ ու քաղցր, ինչպես փաղաքշանքը»:
Հարկ է նշել, որ հանդիսատեսը հոտնկայս ծափողջույններով ընդունեց ներկայացումը: Հետաքրքիր է դերասանի կերպարանափոխվելու ունակությունը. երբ ներկայացման ավարտից րոպեներ անց տեսնում ես արդեն ոչ թե մարմնավորված կերպարին, այլ դերասանին: Այս անգամ ինձ մեկ այլ բան զարմացրեց. Վարշամ Գևորգյանի աչքերում դեռ չեխովյան տրամադրությունն էր, նրա աչքերով դեռ նայում էր Քեռի Վանյան:
Ներկայացման ավարտից հետո զրուցեցի թատերագետ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, և նրա դիտարկումը բոլորովին այլ էր:
«Չեխովը տրամադրությունների թատրոն է: Նրա ընդհանրական ասված խոսքն անպայմանորեն ունի նրբորեն ընդգծված ենթատեքստ, որը չեխովյան մթնոլորտի ստեղծման երաշխիքներից մեկն է: Իսկ այստեղ Վարշամն ի սկզբանե պոռթկում էր խաղում, ներկայանում շեշտակի, ճակատային խոսքով,- ասաց նա:- Այնինչ, այդ կրքերը հասունանում են այն ժամանակ, երբ հանգուցյալ քրոջ ամուսինը (Սերգեյ Թովմասյան) հայտնում է կալվածքը վաճառելու իր մտադրությունների մասին: Այն պահերին, երբ մեղմ տոնայնությամբ պետք է խոսեր, չէր կարողանում համոզիչ լինել: Նշածս կիսատոնային տիրույթում նա համոզիչ եղավ մեկ դեպքում, երբ տեսավ բժշկին (Գագիկ Մադոյան) և Ելենա Անդրեևնային (Նարինե Գրիգորյան) ու ասաց` ոչինչ, ոչինչ: Առավել ևս, որ Վարշամը տարիքային առումով չէր համապատասխանում իր կերպարին, մազերի որոշ հատվածը սպիտակ ներկելով չես համոզի ինձ, որ նա 47 տարեկան Քեռի Վանյան է: Դա սովորական կեղծիքի շահերը սպասարկող կաղ պայմանականություն է»:
Նկատեցի, որ թատրոնում պայմանականություններ միշտ են լինում:
«Եկեք չշահարկենք` թատրոնը պայմանական արվեստ է, հասկացողությունը, բեմական սուտ ասվածը պետք է խիստ համոզիչ լինեն»,- ասաց թատերագետը, ում կարծիքով` բեմադրիչն ինքն էլ է զգացել, որ մեծ մասամբ դերասանները չեն կարողանում տեղ հասցնել չեխովյան խոսքի ենթատեքստայնությունը և ստիպված գործողությունները ծայրահեղ ենթիմաստային է դարձրել, որոնք առանց խոսքի փոխլրացման կիսատ են մնում, ավելի պարզ` անսկիզբ են դառնում:
Անդրադառնալով մեր` «Ի՞նչ կասեք ներկայացման դրական կողմերի մասին, թե՞ առհասարակ չեք հավանել աշխատանքը» հարցին, Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ արված է աշխատանք և ճաշակով է արված: «Շատ հետաքրքիր լուծումներ կային: Ծաղկեփնջով գալ ու կոտրվել` տեսնելով բժշկին և Ելենա Անդրեևնային, հետո կրակելու ձախողումից հետո նույն ծաղիկներով հեռանալ, դա շատ խոր մտածված իմաստ ունի: Սակայն երբ առանցքային կերպարի անհամապատասխանություն կա, ամբողջ աշխատանքը ջուրն է ընկնում»:
Հաջորդ զրուցակիցս բեմադրության ռեժիսորն էր: «Երիտասարդ դերասանի մարմնավորած կերպարը տարակարծությունների առիթ է տալիս: Համենայն դեպս, թատերագետներից մեկն անկեղծորեն ասաց, որ դերասանի ընտրությունն իրեն չի գոհացրել: Ինչո՞վ է պայմանավորում ինքը` ռեժիսորը, դերասանի ընտրությունը` հետաքրքրվեցի:
ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նկատեց, որ թատերագետների հիմնական սխալն այն է, որ իրենք ոչ թե ներկայացումն են նայում, այլ ուզում են նայել իրե՛նց ներկայացումը: «Դա վատ թատերագիտության նշան է»,- ասաց նա:
Նախ պետք է ասել` ի՞նչը չի համապատասխանում` հարցրեց: Օրինակ, տարիքը` ասացի:
«Իսկ 60 տարեկան Սմոկտունովսկին, երբ խաղում է 47 տարեկան Քեռի Վանյային, դա հնարավո՞ր էր: Տարիքը կապ չունի: Ներկայացումն իր բնույթով դարձել է ավելի փիլիսոփայական: Մարդու փոխհարաբերությունն է` բնության հետ, աշխարհի, տիեզերքի, մարդու հետ: Մարդիկ չարանում են, դրա մասին է խոսքը,- ասաց Հրաչյա Գասպարյանը:- Եթե Վարշամը ձեզ համար համոզիչ է, եթե համոզել է հանդիսատեսին, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Եթե լիներ մեկ ուրիշ դերասան, ուրիշ կերպ կխաղար, իսկ ինձ պետք է այս դերասանը` իր ներքին աշխարհով, հայացքով, տեսակով, ձևով, որակով, հանգստությամբ, պոռթկումներով, հմայքով»:
Ժամանակակից դրամատուրգները դժգոհում են, որ իրենց գործերին չեն անդրադառնում մերօրյա ռեժիսորները, ուշադրության կենտրոնում հիմնականում դասականներն են:
«Ինչո՞ւ պետք է ռեժիսորը լավ պիեսը չբեմադրի,- իմ դիտարկմանն ի պատասխան ասաց Հրաչյա Գասպարյանը:- Թող իրենցով քիչ տարվեն, ճիշտ նայեն աշխարհին, թատրոնի այսօրվա ասելիքը, նշանակությունը հասկանան, այդ դեպքում ճիշտ պիես կգրեն: Իրենց մանր հուզմունքները թատրոնին չեն հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է մարդը, իսկ մարդը շատ բարդ երևույթ է, ցավոք, ոչ բոլոր դրամատուրգներն են հասնում նրան, որ կարողանան ցույց տալ մարդուն` այս կամ այն վիճակում, այս կամ այն ասելիքով»:
«Հրաչյա Գասպարյանը մեր իրականության ամենատաղանդավոր մասնագետ-հանդիսականներից է, քչերը կարող են դիտած ներկայացումը վերծանել այն խորությամբ, ինչպես նա է դա անում,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ:- Ներկայացումը նույնպես տեքստ է, որ պետք է վերծանել, բացահայտել նշանները, ակնարկները, և այս իմաստով Հրաչյա Գասպարյանը բացառիկ է: Նրա պրոֆեսիոնալիզմին չեմ կասկածում, պարզապես կուզենայի` նրբերանգները, որ նա է առհասարակ նկատում, իրականացվեին այս բեմադրության մեջ»:
Թատերագետի կարծիքով` փոքր-ինչ վրիպել է ժամանակի տեմպի, հանդիսականի ներքին ռիթմերի խնդիրը: Ավելի մեծ ուշադրություն պիտի դարձվեր բեմական ժամանակի կազմակերպման, հարաբերությունների կառուցման վրա:
«Ակնհայտ բողոք չունեմ, մանավանդ, ներկայացման մեջ իմ ամենասիրելի դերասանուհին է խաղում` Նարինե Գրիգորյանը,- ասաց նա,- պարզապես կուզենայի տեսնել նոր ընթերցում, տեսնել մի շերտ, որ մեզ անծանոթ է, հարաբերությունների մի լուսաբանում, որ տարբերվում է մինչ օրս տեսած բոլոր բեմադրություններից և մեր ընկալումներից: Կուզենայի դերասանների խոսքն ավելի ազատ լիներ մեր պատկերացրած ավանդական, ռուսական ինտոնացիաներից, լինեին ավելի մարդկային շփումներ` պաթոսից ու բացահայտ կրքերից զերծ: Կարծում եմ, եթե ներկայացումը շարունակի մնալ խաղացանկում, դեռ կհղկվի ու կմշակվի»:
Թատերագետը հավելեց նաև, որ «Քեռի Վանյան» ամենաբեմական գործերից է: «Պատահական չէ, որ ռուսական միջավայրում լավագույն ռեժիսորները մինչ օրս պարբերաբար անդրադառնում են այս պիեսին»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ