Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ցավում եմ, որ պաշտոնանկ արվեց Անդրանիկ Միրզոյանը»

«Ցավում եմ, որ պաշտոնանկ արվեց Անդրանիկ Միրզոյանը»
20.05.2013 | 15:16

Այսօր Ազգային ժողովի մեծամասնությունը 48 կողմ, 57 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ նման հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հիշեցրեց, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ էին դրել անցյալ տարի, աշնանը: Այն ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում եղել է քննարկում, որին մասնակցել են նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները: Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը սկզբում դրական եզրակացությամբ մտավ ԱԺ օրակարգ, և ԱԺ մեծամասնությունը հավաստիացրել էր, որ դրական եզրակացություն է տալու հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը: Սակայն նախագծի քննարկումը Աժ քառօրյա նիստերի օրակարգում հետաձգվեց, որպեսզի, ըստ Գագիկ Ջհանգիրյանի, ՀՀ նախագահի ընտրությունների շեմին չդառնար քաղաքական շահարկումների թեմա: Նախագծի վերաբերյալ, արդեն ՀՀ նախագահի ընտրություններից հետո, մարտի 10-ին գրավոր առաջարկություններ է ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Գագիկ Ջհանգիրյանի հավաստմամբ՝ նախագծի հեղինակները գտնվել են բավականին հանդուրժող և զիջող, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորի ներկայացրած յոթ առաջարկներից վեց ու կեսն ընդունել են: Սակայն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորին զարմացրել է այն փաստը, որ այդքան զիջումներից հետո էլ ԱԺ իշխող մեծամասնությունը դեմ գտնվեց հանձնաժողովի ստեղծման գաղափարին: ԱԺ մեծամասնությունը դեմ է, որպեսզի ժամանակավոր հանձնաժողով հրավիրվեն պաշտոնատար անձինք և հանդես գան պարզաբանումներով: Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ-ի այդ նախաձեռնությունը անհանգստություն է պատճառել իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց այդ անհանգստությունը փոխաանցվել է ԱԺ, ինչն էլ պատճառ է դարձել, որ օրենսդրական նախաձեռնությունը մերժեն:
Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ից հինգ տարի անց էլ բեկորային, հրազենային և այլ վնասվածքներ ստացած բազմաթիվ քաղաքացիներից ոչ մեկը չի օգտվել դատական պաշտպանության իրավունքից, այդ դեպքերով հարուցված չեն քրեական գործեր, ոչ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության:
«Հնարավո՞ր է, որ Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությանը, ում Սերժ Սարգսյանը բնորոշեց որպես կամակատար, հաջորդեն այլ կամակատարների պաշտոնանկություններ ևս»,-հարցրինք պարոն Ջհանգիրյանին:
«Չգիտեմ՝ ճիշտ կհասկանաք, թե՞ ոչ, բայց ես ցավում եմ, որ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ արվեց: Եթե ստեղծվի այդ հանձնաժողովը, մենք Անդրանիկ Միրզոյանին, որպես ՀՔԾ պետ, անպայման հրավիրելու ենք հանձնաժողով»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը, հավելելով, թե առայժմ իրենք չգիտեն` ինչ են անելու հանձնաժողովի ստեղծման օրենսդրական նախաձեռնության մերժումից հետո: Նաև վստահեցրեց, որ Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման նախաձռենությունը, այդուհանդերձ, դուրս չի մնալու թե՛ իր, և թե՛ ՀԱԿ-ի գործունեության դաշտից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ