«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վարպետի հյուրընկալ օջախում

Վարպետի  հյուրընկալ օջախում
17.05.2013 | 11:56

1945 թվականին, երբ լրանում էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակը, Երևանի կենտրոնի խաղաղ ու գողտրիկ անկյուններից մեկում` նախկին Պլեխանովի, այսօր` Զարոբյան փողոցում, ՀԽՍՀ կառավարության նվիրաբերած հողատարածքի վրա ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ընտրությամբ` սրբատաշ սև տուֆով կառուցվեց Վարպետի առանձնատունը: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռ` եռանկյուն գմբեթով, մուտք-գավիթով: 1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն հաստատեց այդ տանը` ապրելով իր կյանքի վերջին տասը տարին:
Վարպետի մահից հետո` 1958 թվականին, կառավարության որոշմամբ, Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով, առանձնատունը վերակազմավորվեց Իսահակյանի տուն-թանգարանի` նպատակ ունենալով պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու այն սուրբ մասունքներն ու իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես: Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա հաղթական երթի մշտարթուն զինվոր:
Հետագայում շենքը ենթարկվում է մասնակի փոփոխության. երկրորդ հարկի հետին մասում կառուցվում են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվում են, և 1963 թ. հոկտեմբերի 31-ին հանդիսավոր պայմաններում տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը:
Թանգարանը կազմված է երկու մասից` հուշային և գրական-ստեղծագործական: Հուշային մասը կազմում է բանաստեղծի աշխատասենյակն իր գրադարանով, ննջարանով ու հյուրասենյակով, որի պատերը զարդարում են հայ անվանի նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հրաչյա Ռուխկյանի, Մհեր Աբեղյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հարություն Աճեմյանի, Վաղինակ Ասլանյանի աշխատանքները, որոնք հեղինակները նվիրել են Վարպետին:
Վարպետի գրադարանի գրքերի մի մասը հայ մեծ երախտավորների` Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու, Ստեփան Զորյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի և այլոց մակագրություններով են: Անձնական գրադարանի շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագիրը, բազմաթիվ են գրքերի լուսանցքներում նրա արած մատիտանշումները: Այստեղ են պահվում բանաստեղծի ստեղծագործությունների տարբեր տարիների հրատարակությունները: Թանգարանի հուշային մասում ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է Վարպետի օրոք: Ցուցադրության բաժնում ներկայացված են գրողի կյանքին ու գործունեությանը, նրա թողած ժառանգությանը վերաբերող իրեր, առարկաներ, գրքեր: Տուն-թանգարանում կա 13 հազար թանգարանային միավոր, որի 80 տոկոսը մշտական ցուցադրության է ներկայացված երկրորդ հարկում տեղավորված ցուցադրությունում: Այստեղ թանգարանային մատչելի լեզվով ներկայացվում են Ավ. Իսահակյանի կյանքը, գործունեությունը, անցած ստեղծագործական ուղին և թողած գրական ժառանգությունը` մատուցված նոր և ժամանակակից ձևավորմամբ, ավելացել է բնօրինակ ցուցանմուշների թիվը: Թանգարանի հավաքածուն տարիների ընթացքում համալրվել է նոր գրքերով, անձնական ու կենցաղային իրերով, արվեստի նմուշներով:
Տան հետևի մասում երկար, ընդարձակ ամառային պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Այն սիրում էր մշակել ինքը` Վարպետը, ժամանակ առ ժամանակ հյուրերին հպարտությամբ ներկայացնելով իր գյուղատնտեսական նվաճումները։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծաղկանոցներ են:
Թանգարանի գործունեության գերակա ուղղություններն են թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանն Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելն ու ստեղծագործությունների հանրահռչակումը: Իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր` «Հեքիաթին հյուր», «Իսահակյանի առակները», «Իսահակյանը երգերում» և այլն:
Տուն-թանգարանը մայրաքաղաքի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ հյուրեր: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Ավանդաբար նշվում են Վարպետի ծննդյան տարեդարձերն ու մահվան տարելիցները:
Վերջին տարիներին ավանդույթ էր դարձել Վարպետի հարկի տակ Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիներին «Իսահակյանցի» օծելու խորհրդանշական արարողությունը, իսկ դպրոցն ավագ դառնալուց հետո` կշարունակվի ուսումնական տարվա վերջում ավարտական դասարանների աշակերտներին հասունության վկայականների հանդիսավոր հանձնումը:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային, որի շրջանակներում Վարպետի հյուրընկալ օջախում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր, որոնց համար սովորական օրը դառնում է տոն` ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ին մասնակցեց թանգարանի` թվով 3-րդ ցուցադրության բացմանը, ծանոթացավ նոր ցուցադրությանը, զրուցեց աշխատողների հետ, հավուր պատշաճի գնահատեց կոլեկտիվի աշխատանքն ու նշեց, որ թանգարանը մշտապես հոգածության կենտրոնում կլինի:
Վարպետի հյուրընկալ օջախի դռները, ինչպես իր կենդանության օրոք, միշտ էլ լայնորեն բաց են տեղացի և օտարերկրացի այցելուների առջև: Բարի գալուստ:

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ