«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պաֆենհոլցը Հայաստանը համարում էր իր երկրորդ հայրենիքը»

«Պաֆենհոլցը Հայաստանը  համարում էր իր երկրորդ հայրենիքը»
17.05.2013 | 11:06

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՊԵՏԸ
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում օրերս նշվեց ականավոր երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Կոնստանտին Նիկոլայի Պաֆենհոլցի 120-ամյակը:
«Պաֆենհոլցը (ծնվել է Բեսարաբիայում) Հայաստանը համարում էր իր երկրորդ հայրենիքը: Նրան անվանում էին Հայաստանի երկրաբանության նահապետ,- մեզ հետ զրույցում ասաց երկրաբանական թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։- Պաֆենհոլցի ծառայությունը շատ մեծ է Կովկասի երկրաբանության ուսումնասիրման գործում, նրա թողած գիտական աշխատանքները, կարելի է ասել, իրենց հավասարը չունեն: Նա հետաքրքրվում էր նաև Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես Հայաստանի պատմությամբ ու արվեստով: Երբ նա գիրք էր նվիրում, առաջին էջին գրում էր հայտնի գրողների (Սայաթ-Նովա, Բեռնարդ Շոու, Վերնադսկի, Բուտլերով և այլք) իմաստուն խոսքերից»:
Երկրաբանական թանգարանի փոքրիկ արխիվում պահվում են Պաֆենհոլցի նվիրած գրքերը, նամակները, դաշտային գրքույկները և այլն:
«Պաֆենհոլցը սիրում էր Հայաստանը, անգամ խնդրել է, որ իր մահից հետո աճյունը ամփոփեն Հայաստանում: Պաշտոնական տեղեկություն այդ մասին չկա, բայց ավագ երկրաբանների հետ զրույցից իմացանք, որ նրա աճյունն արդեն իսկ ամփոփվել է Սևանի ավազանում,- ասաց Գայանե Գրիգորյանը, նշելով, որ բազմավաստակ երկրաբանը տարիներ շարունակ թանգարանի ֆոնդը հարստացրել է Խորհրդային Միության տարբեր շրջաններից բերված հազվադեպ ցուցանմուշներով:- Նա թանգարանին է նվիրել անփոխարինելի երկու աշխատանք` իր ձեռքերով պատրաստած Սևանի ավազանի (1951-58 թթ.) ու Արարատ լեռան և շրջակայքի սխեմատիկ երկրաբանական ռելիեֆային քարտեզները: Դրանք ունեն գիտաճանաչողական նշանակություն և մասնագետներին ու թանգարանի այցելուներին հնարավորություն են տալիս ծանոթանալու տվյալ տարածքների երկրաբանական կառուցվածքին»:
Հավելենք, որ Կոնստանտին Պաֆենհոլցը 1950-ին Հայաստանի և նրան կից տարածքների վերաբերյալ երկրաբանական մեծ աշխատության համար արժանացել է 1-ին կարգի պետական մրցանակի: 1963-ին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

«ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՈՒՐՆ Է»
Երկրաբանական թանգարանն ունի մի քանի բաժին` հնէաբանության, օգտակար հանածոների, հրաբխականության, միներալների, ինչպես նաև բնության հուշարձանների ֆոտոշարք:
Տարիների ընթացքում ԵԳԻ-ի գիտաշխատողների շնորհիվ թանգարանային ֆոնդի նմուշների թիվը հասել է 11 հազարի, որոնք համալրվում են նորերով: «Մեր այցելուները, անգամ փոքր երեխաներն իրենց հետ բերում են գտածո քարեր և ուզում են նվիրել թանգարանին»,- ասաց Գ. Գրիգորյանը, հավելելով, որ բոլորովին վերջերս թանգարանին նվիրել են Եգիպտոսից բերված նմուշ` հին ապարաշերտի մի կտոր: Ամֆիբոլային այդ թերթաքարը մեկ միլիոն հինգ հարյուր հազար տարեկան է, իսկ թանգարանում ներկայացված Հայաստանի ամենահին նմուշները Ծաղկունյաց լեռնաշղթայի մոտ 2 մլրդ տարեկան գրանիտագնեյսները, մագմատիտներն ու լոյկոկրատային գրանիտներն են:
Թանգարանն ունի բազմաթիվ այցելուներ, այն նաև ուսումնական կենտրոն է: Այստեղ աշխարհագրության, շրջակա միջավայրին նվիրված դասընթացներ են անցկացվում դպրոցականների և ուսանողների համար: Պահուստային ֆոնդի նմուշները, քարտեզները և թեմատիկ տեսաֆիլմերը դասախոսությունները դարձնում են ավելի ընկալելի:
«Այցելուներին հետաքրքրում են Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոներն ու բնության անձեռակերտ հուշարձանները: Այստեղ ցուցադրվում է Հայաստանի ողջ ընդերքի հարստությունը` մետաղային, ոչ մետաղային օգտակար հանածոներ, հանքային և քաղցրահամ ջրեր,- ասաց թանգարանի վարիչը և նշեց, որ ՀՀ ամենակարևոր օգտակար հանածոներից են քաղցրահամ ջրերը:- Քաղցրահամ ջրի պահպանությունը համամոլորակային խնդիր է, և եթե շարունակենք բնության հետ վարվել այնպես, ինչպես այսօր, ըստ փորձագետների` 2030-ին Երկիր մոլորակի բնակչության 67 տոկոսը զրկված կլինի խմելու ջրից: Եթե այսօր չմտածենք այդ մասին, վաղը ուշ կլինի: Ցանկացած հանածո կարող ենք փոխարինել այլ նյութով, բայց ջրի դեպքում այլընտրանք չունենք»:

ՄԱՄՈՆՏԻ ՑԵՂԱԿԻՑԸ
Երկրաբանական թանգարանի գլխավոր նմուշը տրոգոնթերյան փղի (Elephas trogontherii) կմախքն է: «Հաստատված է, որ Հայաստանի հովիտներում ու դաշտերում ապրել է մամոնտին նախորդող, նրան ցեղակից մի հսկա` տրոգոնթերյան փիղը»,- ասաց թանգարանի վարիչը:
Կմախքը ներկայացված է բազում մնացորդներով` փղոսկր, ստորին ծնոտ, ողեր, ուսոսկր, ազդրոսկր, կոնքոսկր, ազդրոսկրի մի քանի գլխիկներ, սեղանատամներ: Բոլոր այս մնացորդները գտնվել են 1927-1928 թթ. Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող արվարձանում` ընդամենը 2 մ խորությունից: Գտնված մնացորդների հիման վրա երկրաբանական թանգարանում, 1948-1949 թթ. արձանագործ Ա. Պողոսյանի գլխավորությամբ, վերականգնվել է Elephas trogontherii-ի կմախքը` թանգարանի այցելուների ամենասիրելի նմուշը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ