«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թանգարանային գիշեր. «Բաց նամակ մտերիմին»

Թանգարանային գիշեր. «Բաց նամակ մտերիմին»
16.05.2013 | 12:26

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում գրականության և արվեստի թանգարան կներկայանա «Բաց նամակ մտերիմին» խորագիրը կրող ցուցահանդես-ակցիայով: Ներկայացվելու են Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի և 19-20-րդ դարերի մյուս հայ դասականների շնորհավորական, սիրային, անձնական, գործնական և այլ բնույթի ինքնագիր նամակ-բացիկները` գրված հայերեն, ռուսերեն կամ ֆրանսերեն:

Թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխոտող ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ` ցուցահանդեսին զուգընթաց կազմակերպվել է նաև համանուն ակցիա, որի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան թանգարանում նամակներ գրելու իրենց մտերիմներին: Ակցիայի ավարտին պատահականության սկզբունքով կընտրվի 30 նամակ, որոնք թանգարանի կողմից կուղարկվեն հասցեատերերին: Նամակագիրներն ու հասցեատերերը կհրավիրվեն թանգարանի նոր մշտական ցուցադրության բացմանը և հնարավորություն կունենան մեկ տարի անվճար այցելելու գրականության և արվեստի թանգարան:
«Բաց նամակ մտերիմին» նախաձեռնության հեղինակը Արուսյակ Ղազարյանն է: «Ինչպես գիտենք, այսօր գրեթե մոռացության է մատնվել նամակ գրելու և միմյանց բացիկներ նվիրելու գեղեցիկ ավանդույթը: Իսկ նվիրելու դեպքում էլ նախընտրում են պատրաստի տեքստեր պարունակող բացիկներ,- մեզ հետ զրույցում ասաց նա:- Քանի որ մեր թանգարանի ֆոնդերում բազմաթիվ ձեռագիր բացիկ-նամակներ են պահվում, որոնք երբևէ չեն ցուցադրվել, միտք հղացավ դրանք ներկայացնելու հանրությանը` փորձելով նպաստել այդ ավանդույթի վերականգնմանը»:
Ցուցահանդես-ակցիան կսկսվի ժամը 19:00-ին և կշարունակվի մինչ կեսգիշեր: ժամը 20:00-ին թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի սաների համերգը:
Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվում են 18-րդ դարից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանի հայ մշակույթի չորս խոշոր բնագավառների՝ գրականությանը, թատերարվեստին, երաժշտարվեստին և կինոարվեստին առնչվող նյութեր: Թանգարանի ամենահարուստ ֆոնդային բաժնում` գրական ֆոնդերում, իր հավերժական գրանցումն է ստացել տվյալ ժամանակաշրջանի գրեթե ողջ հայ գրականությունը` իր հիմնական դրսևորումներով: Հարյուրավոր ֆոնդեր և հավաքածուներ ունեցող բաժնի նյութերը հանրությանն են ներկայացվում մշտական ցուցադրության և պարբերաբար կազմակերպվող ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ