«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայկական կինոն ոչ թե պարզապես ողջ է, այլ առավել քան ողջ է»

«Հայկական կինոն ոչ թե պարզապես ողջ է, այլ առավել քան ողջ է»
13.05.2013 | 13:40

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 10-13-ին կիրականացվի «Բաց դռներ» (Open Doors) ծրագիրը: Անցյալ տարի «Ոսկե ծիրանի» հրավերով Հայաստանում հյուրընկալվել էին «Բաց դռներ» ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և Լոկառնոյի փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը: «Բաց դռներ» ծրագրի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ:

Ծրագիրը յուրաքանչյուր տարի անդրադառնում է որևէ տարածաշրջանի կինոգործունեությանը: Այս տարի ընտրված է Կովկասի տարածաշրջանը` երեք երկրներով` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան:
«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ, 3 երկրից ստացվել էր 116 հայտ, նախընտրական փուլը հաղթահարել են 12-ը:
Ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40000, 7000 և 6000 եվրո մրցանակներով:
Տեղեկացնենք, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև վերջին 20 տարում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ ընտրանի:
Թերևս այս փաստը խոսուն ապացույցն է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ մեր աշխարհահռչակ հայրենակից, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի այն հայտարարության, թե հայկական կինոն ոչ թե պարզապես ողջ է, այլ առավել քան ողջ է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ մայիսի 6-10-ին Երևանում կայացել է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագրի սցենարի զարգացման դասընթացը, որը նախատեսված է սկսնակ սցենարիստների, ռեժիսորների և պրոդյուսերների համար և ընդգրկում է լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ոչ թանկ նախագծեր:
Դասընթացին մասնակցել է 12 նախագիծ: Երկուական նախագիծ են ունեցել Վրաստանը և Մոլդովան, երեքը` ՈՒկրաինան, հինգը` Հայաստանը: Հայաստանից ներկայացված էին Անուշ Ջահանյանի և Արթուր Սարկիսյանի «The Door», Արևիկ Ավանեսյանի «Everything that Happened to NOLA», Մարիամ Օհանյանի «Candlelight Dinner», Սոնա Գրիգորյանի և Գագիկ Հարությունյանի «One life, one love» և Վիկեն Բերբերյանի «The Plagiarist» նախագծերը:
Դասընթացը վարել են MAIA (http://www.maiaworkshops.org) (Իտալիա) ծրագրի բարձրակարգ մասնագետները, մասնավորապես` Անտուան լը Բոսը (Ֆրանսիա), Գրացիելա Բիլդեսհայմը (Իտալիա) և Գաբրելա Բրունենմայերը (Գերմանիա):
«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի զարգացման հիմնադրամի կողմից` «Cinema Art Center Prometheus»-ի (Վրաստան), «Internews»-ի (Հայաստան), «Internews»-ի (ՈՒկրաինա), «Maia»-ի (Իտալիա) հետ համատեղ և Եվրամիության ֆինանսավորմամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ