«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կասկածում ես, ուրեմն կաս

Կասկածում ես, ուրեմն կաս
02.05.2013 | 11:20

Cogito ergo sum` կասկածում ես, ուրեմն կաս: Այս քաղաքի համար չի ասված, այս քաղաքում կասկածներ չկան, այս քաղաքում եղել են ու կան միայն հայտնություններ: Չկա ու չի եղել հավատ, որովհետև նույնիսկ երբ սուրբ Հարության տաճարում պատարագ է, տաճարի դռներից դուրս ականջ է ծակում մոլլայի ազանը: Ու մարդիկ այդպես էլ ապրում են, որովհետև այս քաղաքում երեք կրոնների սրբավայրեր են ու որևէ հավատացյալի չես կարող ասել՝ դու մի հավատա, հիմա իմ հավատալու ժամն է: Կամ՝ պատարագը:
Ավագ չորեքշաբթին հատկացված էր Սրբոց Հակոբյանց մայրավանքին, որ գտնվում է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Սիոն լեռան վրա: Մայրավանքը գտնված բառ է, ամենաճիշտ ու ամենատաք բառն է՝ եկեղեցու համար, գրադարանի, հրատարակչատան, թանգարանի, որ չի գործում, ու մարդկանց համար, որ ապրում են մայրավանքի տարածքում՝ հոգևորականներ, թե պարզապես հայեր, որ Երուսաղեմում այլ բնակավայր չունեն: Ու՝ տարիներով ապրում են սրբությունների կողքին, սրբությունների մեջ, բայց հաստատ չես ասի, որ զգում են, ասենք, սուրբ Հակոբոսի մասունքների ներկայությունը: Որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Մայրավանքում ամփոփված են սուրբ Հակոբոսի գլուխը և սուրբ Հակոբոս Տեառնեղբոր մարմինը: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ սուրբ Հակոբոսի մարմինը, գլուխը սրով հատելուց հետո հայտնվել է Իսպանիայի ափերին և Իսպանիան նրա մարմինն ընդունելով՝ նրան ճանաչել է երկրի հովանավոր: Իսկ նրա գլուխը հողին է հանձնել Մարիամը, նույն ինքը՝ Հիսուսի մայրը: Սուրբ Հակոբոսը առաքյալ չի եղել, բայց Հիսուսի մերձավորներից առաջինն էր, որ գլխատվել է հռոմեացի զինվորի սրով՝ քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Նա առաջինն է հայտնվել Հիսուսի կողքին: Իսկ Հիսուսի եղբայր Հակոբոսի մասունքները հիմա մայրավանքի խորանի տակ են: Ու երկու Հակոբոսները այսօր այն անանց ու անկորնչելի արժեքներն են, որ պահպանում են հայ Երուսաղեմը: Իսկ հայ Երոսաղեմը, ու բոլորն այդ ասում են խորին ցավով, պակասում ու պակասում է: Պակասում է այնքան, որ դժվար է դառնում արդեն պահպանել հայկական ներկայությունը այն քաղաքում, որ գրել է քաղաքակրթության այբուբենը: Խունկն ու մոմն այս քաղաքում կարող են մրցակցել միայն խաչի հետ: Որովհետև ժամանակակից քիստոնյաներս, ինչպես մեր բոլոր նախնիները, հավատը սկսում ենք ըմբռնել, երբ թարգմանում ենք նյութական, շոշափելի, տեսանելի, զգալի արժեքների: Մեզ համար այդպես ավելի հեշտ է, հասկանալի, պարզ ու, գուցե, իմաստավորված: Բայց Հիսուսը հաստատ չի խաչվել երկրային թագավորության համար, ու երբ նա ասում էր, որ իր թագավորությունը երկնքում է ու հետո պիտի գա, հրեաները նրան խաչեցին: Հրեաները նրան խաչեցին, որովհետև ուզում էին իրական ապացույցներ, ուզում էին իրենց իրական թագավորն ունենալ, ուզում էին անկախանալ Հռոմից ու կայսրություն ընդունում էին միայն սեփականը: Բայց եկել էր մեկը, որ ուզում էր հոգու թագավորություն հաստատել, որ քարոզում էր հավատ, կատարելություն ու ներդաշնակություն էր բերում, որը ոչ մեկին պետք չէր: Պետք չէր մեր թվարկության երեսուներեք թվականին ու պետք չէ հիմա, ահա թե ինչու խունկը, մոմն ու խաչը իմաստավորված աստվածային գոյությամբ ու զորութամբ, այսօր արաբները շահով վաճառում են աշխարհի չորս ծայրերից Երուսաղեմ եկող քրիստոնյաներին: Իսկ Հիսուսը շարունակում է նրանց հավատալ ու շարունակում է մնալ այն դուռը, որը բաց է: Բախիր, և՝ կստանաս: Սրբոց Հակոբյանց մայրավանքի ճերմակ քարերը այսօր էլ մնացել են ճերմակ՝ անապատի բարկ արևի տակ, բայց տաճարի գմբեթը չկա: Տաճարն իր փառահեղ գմբեթը կորցրել է, երբ Երուսաղեմը թուրքերի տիրապետության տակ էր: Դարեր առաջ՝ երբ հերթական թուրք նվաճողը, որի անունը պատմությունը պահպանել է, բայց բոլորովին էլ պետք չէ, որ հիշատակվի, հեռվից տեսնելով տաճարի գմբեթը՝ որոշում է նամազ անել ու միայն մոտենալուց հետո է հասկանում, որ ալլահին ուղղված աղոթքը հայկական եկեղեցուն է ուղղել: Թուրքը հրամայում է ավերել եկեղեցին: Եկեղեցին, իհարկե, չեն կարողանում քանդել, բայց գմբեթը ավերել հասցնում են: Ու որովհետև եկեղեցին արգելափակված էր հայերի առաջ, պատի մեջ կառուցում են երկու խորաններ, որ այսօր էլ կան: Ինչպես կան երկու կոչնակները՝ փայտե ու երկաթե: Ու երբ երկաթե կոչնակին զարկում ես, հայկական ամբողջ թաղամասը լսում է: Նույնիսկ քսանմեկերորդ դարի աղմուկի միջից: Որովհետև մարդիկ առանց հավատի ապրել չեն կարող, նույնիսկ եթե ընտելացել են հավատը ամփոփել խունկի, մոմի ու խաչի եռանկյունու մեջ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Cogito ergo sum` ասում էր Կանտը, բայց նույնիսկ Կանտը չգիտեր, որ երբ կասկածում ես, ուրեմն չկաս:
Երուսաղեմ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ