«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շուտով կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

Շուտով կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը
23.04.2013 | 18:15

Մայիսի 1-5-ին Երևանում կանցկացվի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։

Փառատոնի շրջանակներում երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան պայքարելու հետևյալ անվանակարգերում` «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք»:
«Հայացք» կինոփառատոնը կանցկացվի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Ներկայացված բազմաթիվ հայտերից ընտրվել և կցուցադրվի 25 աշխատանք։
Ծրագրի հատուկ գործընկերներն են «Լաբառնա» հուշանվերների, «Արվեստի աշխարհ» խանութ սրահները: Փառատոնի հեղինակ-պրոդյուսեր ՍԵՐԳԵՅ ՍԱՆՈՅԱՆՆ «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Ինչո՞վ է առանձնանում «Հայացքը» երիտասարդական այլ փառատոներից:
-Փառատոնը կարճամետրաժ ֆիլմեր է ներառում, սակայն ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ գրեթե չկան: Ձևաչափն այնպես է ընտրված, որ կարողանան մասնակցել մեծ թվով երիտասարդներ: Կարելի է ասել` երիտասարդությանը հնարավորություն է ընձեռվում կինոյի լեզվով արտահայտելու իրենց հուզող, զարմացնող և ոգևորող երևույթներն ու գաղափարները:
-Արագության, տեխնիկայի մեր դարում կարո՞ղ ենք ասել, որ գնալով ավելի նախընտրելի են դառնում կարճամետրաժ ֆիլմերը:
-Այո, կա նման միտում: Եթե խոսում ենք ֆիլմի զարգացման, սյուժետային գծի մասին, ապա, իմ կարծիքով, ավելի նախընտրելի են կարճամետրաժ ֆիլմերը, որոնք սեղմ ժամկետում հնարավորինս շատ ասելիք են փոխանցում:
-Ռեժիսուրայով հետաքրքրվում են ավելի շատ տղանե՞րը:
-Այո, բայց անհամեմատ լավ գործեր են ներկայացրել աղջիկները: Մեկ րոպե տևողությամբ ֆիլմ կա, որը, իմ կարծիքով, պայքարելու է լավագույնը ճանաչվելու համար:
-Ո՞ր թեմաներն են ավելի շատ հետաքրքրում երիտասարդ ռեժիսորներին:
-Ամենատարբեր թեմաներ` սեր, ընկերություն, բանակ, սահմանամերձ տարածքներ, այսինքն` մարդկային փոխհարաբերություններից մինչև միջազգային, գլոբալ խնդիրներ: Փառատոնի բացման արարողության ժամանակ կցուցադրվի ՈՒրուգվայում նկարահանված «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որը հայ համայնքի և աշխարհում առաջինը Ցեղասպանությունը ճանաչած երկրի մասին է: Այդ և երկաթգծի կայարանում նկարահանված մեկրոպեանոց ֆիլմի տարբերությունը շատ մեծ է: Կան և՛ միջազգային ծրագրերին առնչվող, և՛ տեղական թեմաներ:
-Հասարակական-քաղաքական թեմաները նույնպե՞ս տեղ են գտել ֆիլմերում:
-Այո, որոշ ֆիլմերում, եթե ոչ ուղիղ ձևով, որ շատ ավելի գնահատելի է, ապա գոնե ենթատեքստով զգացվում է երիտասարդների մոտեցումը, վերաբերմունքը մերօրյա խնդիրներին, ներկա իրավիճակին:
-Սերգեյ, ինքներդ ի՞նչ առնչություն ունեք կինոաշխարհի հետ:
-Հեղինակն ու պրոդյուսերն եմ «Միասին աշխարհում», նաև Կարսում նկարահանված «Մի ծրագրի պատմություն. Կարս» ֆիլմերի:
-Ի՞նչ կասեք մեր հեռուստաեթերի մասին: Ի դեպ, մերօրյա սերիալներում մեծապես ընդգրկվում են երիտասարդները:
-Իմ կարծիքով` այսօր մենք լավ սցենարի խնդիր ունենք, տեխնիկական բազան, կարծես, բավարար է, բայց ռեժիսուրան հիմնվում է գրական հիմքի վրա, որը շատ թույլ է: Կարծում եմ` վատ է, երբ երիտասարդներն իրենց ստեղծագործական առաջին քայլերն անում են սերիալներում, ոչ թե թատրոնում, միանգամից մտնում են ֆիլմի մեջ` չհասկանալով ինչ է դերասանական տարրական պահելաձևը: Հեռուստատեսությունը կարող է բարձրացնել, հանրաճանաչ դարձնել արվեստագետին, կարող է և լրիվ հակառակ արդյունքն «ապահովել»: Իսկ երիտասարդներն այդքան փորձ չունեն, որ կարողանան ճիշտ բալանսը պահել:
-Որպես ապագա պրոդյուսեր, ի՞նչ եք կարծում, ո՞ր թեմաներն են այսօր ավելի հրատապ ու կարևոր:
-Միտում կա համամարդկային թեմաներին անդրադառնալու: Կուզեի մեզ առնչվող թեմաները շատ լինեին, թող լինի ծայրահեղ, ըմբոստ, ինչ-որ տեղ սխալ լինի մատուցումը, բայց լինի մեր մասին, մեր խնդիրների մասին:
-Փառատոնում տեղ գտե՞լ է, այսպես կոչված, քաղաքականացված կինոն:
-Կան ֆիլմեր, որոնք հովանավորվում են որևէ պետական մարմնի կամ քաղաքական շարժման կողմից, համարել դա քաղաքականացված ֆիլմ, չգիտեմ, ճի՞շտ կլինի: Կարծում եմ` ստեղծագործողը, բոլոր դեպքերում, պետք է պահպանի օբյեկտիվությունը, ստեղծագործական միտքը հանրությանը հասցնելու անկախությունը:
-Եղեռնի թեման արծարծվե՞լ է ներկայացված ֆիլմերում:
-«Միասին աշխարհում» ֆիլմը, որ ներկայացվելու է փառատոնի բացման ժամանակ, անմիջապես առնչվում է Ցեղասպանության խնդրին: Գիտեմ, որ թատերական ինստիտուտի ուսանողները ֆիլմեր են նկարահանում այդ թեմայով։ Լավագույնները, կարծում եմ, տեղ կգտնեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրում:
-Հեռուստադիտողին կհասնե՞ն փառատոնին ներկայացված կամ գոնե հաղթած ֆիլմերը:
-Եթե հեղինակները համաձայնեն, կազմակերպիչները ամեն կերպ կաջակցեն, որ ֆիլմերը հեռարձակվեն իրենց նախընտրած հեռուստաալիքով:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ