Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«Դիակի վրա երդվելու» դարակազմիկ սպառնալիքից մինչև ավագանու ընտրություններ

«Դիակի վրա երդվելու» դարակազմիկ սպառնալիքից մինչև ավագանու ընտրություններ
19.04.2013 | 16:55

Սփյուռքահայերը սովորաբար դժվար են հարմարվում Հայաստանին ու հայաստանցիներին: Որքան էլ որ սա իրենց հայրենիքն է, այնուամենայնիվ, իրենց համար անսովոր միջավայր է և օտար` շատ դեպքերում: Բայց, որպես կանոն, հասարակական շփումների դաշտում մարդիկ ավելի շուտ են ընտելանում, հասկանում ինչն ինչոց է, քան` քաղաքական: Օրինակ, գիտեմ սփյուռքահայերի, որ շուտ հասկացել են մերոնց քցոցին ու, չընդունելով հանդերձ, իրենց ադեկվատ են պահում` չջարդվելու համար: Նրանք, ովքեր չեն հարմարվում, շուտով հեռանում են:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, երկու վառ օրինակ ունենք` Վարդան Օսկանյան և Րաֆֆի Հովհաննիսյան: Առաջինը բավականին խորամանկ է, երկրորդը` քչից-շատից, բայց հղկված չէ, էդպես` տարերային: Առաջինի պարագայում գուցե դեր է խաղացել քոչարյանական կառավարման տասը տարիներին ստանձնած արտգործնախարարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի «դպրոցը» մանևրի ու խորամանկության մի յուրօրինակ դարբնոց է, դրան կա´մ հարմարվում են և ուսումնասիրում յուրաքանչյուր դետալ, կա´մ էլ դուրս թռնում` բարոյահոգեբանական վնասվածքներով: Օսկանյանը կարողացել է քննությունը հանձնել ու հիմա էլ ԲՀԿ անդամ է, որը ոչ պակաս խաղերի դպրոց է հիշեցնում` Քոչարյանի «ականջների» ֆոնին:
Դառնանք Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս շատ քիչ է պաշտոնավարել Հայաստանի կառավարման համակարգում. 1991-92 թվերին աշխատել է որպես ՀՀ առաջին արտգործնախարար, 1998-ին էլ նշանակվել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ: Մի կարճ ժամանակահատված էլ եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, որը, սակայն, քաղաքական պաշտոն չէ: Հովհաննիսյանի հենց ոչ ճկուն բնույթն է եղել պատճառը, որ նա երկար չի պաշտոնավարել որևէ տեղ: Հավակնություների առկայությունն ինքնին բավարար պայման չէ դրանք արդարացված համարելու համար: Արդյունքում` Րաֆֆին մեր քաղաքական դաշտում հայտնի է որպես անհասկանալի, որոշ մեկնաբանություններում` անտրամաբանական գործելաոճի գործիչ: Րաֆֆին փորձ չունի մանևրելու, թեև փորձեր անում է: Հիմնականում, դրանք անվարժ փորձեր են` ինքնապաշտպանության կոնտեքստում, որոնք գուցե ինքը համարում է քաղաքական հնարքներ: Այս անվարժ ընթացքն էր պատճառը, որ հետընտրական նրա գործողությունները «հում» խմորի պես դարձան անպիտան հետագա օգտագործման համար: Ապրիլի 9-ի իրադարձությունների ֆոնին դեռևս քննադատություններ են հնչում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին. նրան սատարողներից մեկն ասաց, որ ամաչում է Րաֆֆիի «դրոշի տակ կանգնած լինելու համար»: Մի քանիսը հայտարարեցին` դե, եթե ինքը` այսպես, մենք էլ` այնպես, մի ուրիշ խումբ էլ մինի-խորհրդակցություններ է անցկացնում` հուսալով հրապարակ դուրս եկած ժողովրդին առաջնորդել ինչ-որ մի հանգրվան: Հովհաննիսյանին չեն հասկանում թե´ ընդդիմադիր դաշտում, թե´ իշխանական: Նրան հաճախ չեն հասկանում նաև իր կուսակիցները: Դա երևում է նրանց մեկնաբանություններից, երբ փորձում են բացատրել իրենց կուսակցապետի այս կամ այն որոշումը, որից նույնիսկ իրենք տեղյակ չեն եղել:
Այս ամենով հանդերձ` Երևանի քաղաքապետի ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանի համար հնարավորություն են` խմբագրելու «դիակի վրա երդվելու» իր դարակազմիկ սպառնալիքը, հացադուլի պարտադրմամբ իշխանության կողմից զիջումներ կորզելու իր հավատամքն ու 500 հազարից ավելի ձայներ ստացած թեկնածուի «բարևի» ենթադրյալ կախարդանքը: Իրականում ոչ քաղաքական այս ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանին ևս մեկ հնարավորություն կտան` իր տեղը գտնելու քաղաքական արևի տակ: Կհանձնի՞ նա այս քննությունը, թե ոչ, իրենից է կախված:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ