«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գառնիի կամուրջը մեզ էր հասել կոպտատաշ խամքարերով»

«Գառնիի կամուրջը մեզ էր հասել  կոպտատաշ խամքարերով»
22.03.2013 | 13:00

2012-ին ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 110000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` 11-րդ դարով թվագրվող Գառնու կամուրջը վերանորոգելու համար: Կամրջի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար 2012-ի ապրիլին հայտարարվել է մրցույթ` գնման բաց ընթացակարգով: Մրցույթին մասնակցել է չորս ընկերություն: Հաղթող է ճանաչվել «Տիգրան և Ավիկ» ՍՊԸ-ն, որն իրականացրել է հուշարձանի վերականգնողական աշխատանքները:
Գառնու կամրջի (Ազատ գետի վրա) կառուցման մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն 11-րդ դարով թվագրվող մերօրյա հուշարձանը բազմիցս նորոգվել է և կրել փոփոխություններ, որոնք վերագրվում են հիմնականում ուշ միջնադարին: 2012-ին հաստատվել է նախագիծ, ըստ որի` կամրջի եզրապատերը վերականգնվել են պահպանված կամարի սրբատաշ քարերի շարվածքի օրինակով (հիմք է ընդունվել Ա. Բալասանյանի 1945 թ. չափագրությունը և Վ. Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում կատարված «կամրջի կառուցվածքը իրականացված է… սրբատաշ տուֆով և կրաշաղախով» նշումը):
«Կամրջից օգտվելու խնդիր չկար: Գառնիի կամուրջն ինքն իրենով պատմության գոհար էր, որին մենք սիրում էինք նայել»,- ասում է պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ և հավելում, որ պատմությունը պետք է վերականգնել այնպես, ինչպես մեզ հասել է: «Գառնիի կամուրջը մեզ էր հասել կոպտատաշ խամքարերով, որ գիտեինք, սիրում էինք»,- ասում է նա, անդրադառնալով մեր` «Նոր լուծումներից տուժե՞լ է միջնադարյան կամուրջը» հարցին պատասխանում է. «Վերջացել է, պատմությունն արդեն չկա»:
Այնուամենայնիվ, վերականգնող ճարտարապետը անհասկանալի է համարում ակտիվիստների բարձրացրած աղմուկն առ այն, որ կամուրջը ամրացման անվան տակ ապականվել է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Ինչպես տեսնում եք, բոլոր փաստաթղթերն առկա են,- ասում է Ստեփան Նալբանդյանը:- Գիտամեթոդական խորհուրդը մի քանի անգամ հաստատեց այսօրվա կամրջի տեսքը, որի հետ ես և դուք համաձայն չենք։ Բայց ամեն ինչ արվել է օրենքով: Այստեղ մեղավորներին պետք է փնտրել գիտամեթոդական խորհրդի անդամների մեջ. ինչո՞ւ ձայների մեծամասնությամբ ընտրվեց այն տարբերակը, ինչ ունենք այսօր: Եվ վերջապես, ինչո՞ւ ենք մենք միշտ ուշացումով ամեն ինչին արձագանքում, ՀԷԿ են կառուցում-վերջացնում, ասում ենք` վատ է, ծառեր են կտրում, ասում ենք` վատ է, հուշարձաններ են տեղահանում, ասում ենք` վատ է: Ինչո՞ւ միշտ վերջում։ Գառնիի կամրջի շինարարության ժամանակ բազմիցս ենք գնացել Խոսրովի արգելոցի տարածք, և ոչ մեկիս մտքով չանցավ ի սկզբանե հարցը բարձրացնել։ Գառնիի կամուրջը մեր ուզած տարբերակով այլևս չկա, իսկ գիտամեթոդական խորհրդի տարբերակով կա այնպիսին, ինչպիսին հաստատվել է»:
Իրավաբան ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ հստակեցրեց, որ Գառնիի կամրջի վերականգնման հետ կապված բողոք-ակցիաները կազմակերպում են ոչ թե բնապահպանները, այլ սովորական քաղաքացիներ: Ինչ վերաբերում է հետանդրադարձին, նրա պարզաբանմամբ` բնապահպաններն այդքան ռեսուրսներ չունեն, որ կատարվող բոլոր ավերածությունների մասին իրազեկվեն ու ժամանակին արձագանքեն: «Նրանք, ովքեր իրազեկված են, պետք է գտնեն մեխանիզմներ խնդիրները հանրայնացնելու, ակտիվիստներին ճիշտ ժամանակին իրազեկելու»,- ասում է Արթուր Գրիգորյանը:
Ինչևէ, հետանդրադարձի արդյունքում Գառնիի կամուրջն այլևս վերականգնման ենթակա չէ: Ի՞նչ են ուզում ակտիվիստները:
«Խնդրի հիմքում միայն հուշարձանի ոչնչացումը չէ: Հարց է առաջանում` կամրջի վերանորոգման համար արդյո՞ք պահանջվում էր այդքան գումար, արդյո՞ք օրենքով սահմանված կարգով է անցկացվել մրցույթը, և շահել է նշված ՍՊԸ-ն, որի մասնագիտական որակը կասակածելի է»,- ասում է իրավաբանը:
Նրա խոսքով` հուշարձանը ոչնչացնողները պետք է ընթարկվեն պատասխանատվության, և հարկ է պարզել` չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր մշակույթի նախարարության այն պաշտոնյաների վարքագծում, ովքեր մաս են կազմում սույն գործընթացին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ