ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները

Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները
06.12.2012 | 13:42

Վերջին շրջանում քննարկվում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի` Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը (բնակարանը, ի դեպ, պարբերաբար ողողվում է ջրով ու մատնված է անուշադրության):

Լուրեր են շրջանառվում, որ մուծված չեն նաև անվանի երգչուհու տան կոմունալ վարձավճարները, մշակույթի նախարարությունից էլ խորհուրդ են տվել վարձավճարների հարցով դիմել քաղաքապետարան:
Փորձեցինք պարզել` ի՞նչ գիտեն այս մասին քաղաքապետարանում և ի՞նչ քայլեր են ձեռնարկելու խնդրի առնչությամբ:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը երկու կողմերի ոչ անմիջական ժառանգորդների սեփականությունն է: «Ինչ վերաբերում է բնակարանի գործառնական նշանակությունը փոխելուն և այն տուն-թանգարանի վերածելուն, դրա համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համապատասխան դիմումը, որից հետո հարցը, սահմանված կարգով, կքննարկվի»,- ասվում է պատասխան նամակում:
Պատասխանից կարելի է ենթադրել, որ արտոնությունների մասին կխոսենք, երբ գա ժամանակը: Իսկ «ժամանակը» ուշանում է, քանի որ չեն գտնվում ժառանգորդները: Համանման պատասխան ստացանք նաև մշակույթի նախարարությունից:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ խնդրի հետ կապված Facebook-ում ստորագրահավաք է կազմակերպվել` ուղղված մշակույթի նախարարությանը` կործանումից փրկելու Լուսինե Զաքարյանի բնակարանը և այն վերածելու երգչուհու տուն-թանգարանի:
Այն, որ մեր հասարակությունը մտահոգվում է նման խնդիրներով, մշակույթի նախարարությունը ողջունելի է համարում, միաժամանակ հիշեցնելով, որ բնակարանը սեփականատեր ունի, և առայժմ իրավասու չեն ոչինչ անելու: Մեզ հետ զրույցում նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պատրաստ են քայլեր ձեռնարկելու, եթե հայտնվեն ժառանգները և համաձայնեն տրամադրելու բնակարանը` տուն-թանգարան դարձնելու նպատակով: Հարց է առաջանում` այս տարիներին հնարավոր չէ՞ր մեծանուն երգչուհու բնակարանի թանգարանացման գործընթացը որևէ կերպ կազմակերպել: Պարզվում է, երկու տարի առաջ Լուսինե Զաքարյանի տանը հանդիպել են բնակարանի ժառանգորդները և մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Վերջիններս պատրաստակամություն են հայտնել թանգարանացման գործընթացն սկսելու, եթե ժառանգներն իրենց հերթին քայլեր անեն: «Այդքանով ավարտվել է ձեռնարկը: Նրանք մինչ օրս լռում են»,- հայտնեց նախարարության աշխատակիցը:
Շեղվելով խնդրահարուց թեմայից, նշենք, որ մեկ ամսից լրանում է անվանի երգչուհու մահվան 21-րդ տարելիցը:
Նախարարությունը հարգանքի տուրք կմատուցի` պսակի կամ ծաղկեփնջի տեսքով, այլ միջոցառումներ չեն նախատեսվում:
Անցյալ տարի մահվան 20-րդ տարելիցի առիթով բացվել է հուշատախտակ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտի հետ: Նրա խոսքով` Լուսինե Զաքարյանն արժանի է, որ բնակարանը խնամեն, փայփայեն, վերածեն տուն-թանգարանի, ավելին` հոգևոր երաժշտության մշակութային կենտրոնի։ Վերոհիշյալ խնդիրներին նա ծանոթ չէր:
Հուսանք, որ անլուծելի խնդրի չենք բախվել, ու նման կարևոր հարցեր բարձրացնող խմբերը ոչ թե երկպառակությանդուռ կբանցեն, այլ կօգնեն, որ «սայլը տեղից շարժվի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ