ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թեհրանը համոզված է, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ձևավորել

Թեհրանը համոզված է, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ձևավորել
11.09.2012 | 03:08

Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակման ձևավորման խնդրի առնչությամբ, որը ԱՄՆ-ի մտահղացմամբ պետք է կրի փոխադրական, տնտեսական և գործառական բնույթ։ Այդ խնդիրների կապակցությամբ տարածաշրջան է այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը եղել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Աֆղանստանում և այդ երկրների ղեկավարների հետ քննարկել Իրանի շրջափակման հնարավորության հարցը։ Միաժամանակ Իրանը ձգտում է արագ լուծել վիճելի հարցերը հարևան պետությունների հետ, նպատակ ունենալով թույլ չտալ, որ այդ շրջափակումը ձևավորվի։ Օրինակ, Իրանը Քուվեյթի, Կատարի ու Բահրեյնի հետ համաձայնագրեր է կնքել երրորդ երկրների կողմից հարձակման համար այդ երկրների տարածքի չօգտագործման վերաբերյալ։ Իրանը ձգտում է հնարավորինս շուտ լուծել Կասպից ծովի խնդիրը` չլուծված հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով մերձկասպյան պետությունների հետ։ Կենտրոնական Ասիայում Իրանն աշխատում է Թուրքմենստանին ու Ղազախստանին շահագրգռել հարաբերությունների խորացմամբ, նոր հաղորդուղիների կառուցմամբ, նպատակ ունենալով կանխելու նրանց մասնակցությունը հնարավոր շրջափակմանը։ Հայաստանի առնչությամբ Իրանը համաձայնության է հասել առևտրում մաքսատուրքերի բացառման կանոններ մտցնելու շուրջ։ Բացի այդ, Իրանը հատուկ պայմանագիր ունի Հայաստանի հետ` միմյանց շրջափակմանը մասնակցություն չցուցաբերելու վերաբերյալ։ Այդ գործընթացների պայմաններում հարկ է նշել Իրանի շահագրգռությունն Իրանի շրջափակման ձևավորմանը Ռուսաստանի միացման հնարավորության առնչությամբ։ Վերջին ժամանակներս Իրանը հատկապես մտահոգված է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով ու իրադարձություններով` կապված այլընտրանքային խաղ սկսելու Թուրքիայի և Ռուսաստանի փորձերի հետ, ինչը կոչված պիտի լինի դիմակայելու տարբեր կողմերի առավել կարևոր մտադրությունները վերահսկելու ԱՄՆ-ի փորձերին, ընդ որում` առանց բացահայտ ակտիվության դրսևորման։ Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիայի և Ռուսաստանի այդ հակաամերիկյան խաղն էլ հենց ամենից շատ է մտահոգություն պատճառում Իրանին, որը երկյուղում է տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմամբ, ինչպես նաև ղարաբաղյան հարցում իրավիճակի հնարավոր փոփոխմամբ, ներառյալ հակամարտության գոտում, այսպես կոչված, խաղաղարարների տեղաբաշխումը։ Երկար ժամանակ Իրանը զսպվածություն էր հանդես բերում Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների զարգացման գործում, ինչը, իբր, կարող էր խախտել Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների առկա հավասարակշռությունը։ Կասկած չկա, որ Իրանի քաղաքականության փորձարարական շրջանն անցել է, Թեհրանը համոզված է, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ձևավորել և այդ լուծումների հիմքի վրա շեշտադրել Վրաստանի առնչությամբ որոշ կարևոր քաղաքական ու տնտեսական հեռանկարներ։
Այս կապակցությամբ ուշագրավ է այն, որ իրանցի դիվանագետները Երևանում և Բաքվում ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքագետներին ու փորձագետներին առաջարկել ղարաբաղյան հարցի կարգավորման գործին Իրանի մասնակցության գաղափարը։ Ընդ որում, հիմնականում այսպիսի փաստարկ է բերվում. ղարաբաղյան հարցի կարգավորման գործում հանգուցալուծման մոտենալու պարագայում Իրանը, առանց բանակցություններին մասնակցություն ունենալու, չի կարող հանդես գալ Հայաստանի շահերի պաշտպանությամբ։ Իրոք, այդ գործընթացին Իրանի մասնակցությունը խիստ ցանկալի կլիներ Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Թուրքիան, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի որոշակի համաձայնությամբ, փաստորեն, դարձել է ղարաբաղյան հարցի քննարկման մասնակից և օրինակարգորեն պատասխանատու դերակատար։ Ժամանակ անց Հայաստանն ավելի մեծ չափով շահագրգռված կլինի այդ հարցի լուծմանը Իրանի մասնակցությամբ, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացումն արդեն անհնար է կանխել անգամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ ջանքերով։ Իրանը շահագրգռված է ղարաբաղյան հարցում առկա իրավիճակի պահպանմամբ և կցանկանար գոնե նվազագույն երաշխիքներ ունենալ, որ Հայաստանի քաղաքականությունը կարող է փոքրիշատե համաձայնեցվել Դաշտային Ղարաբաղի հողերի վերահսկողության պահպանման գործում Իրանի դիրքորոշման հետ։ Այդ տարածքները ծայրաստիճան կարևոր են Իրանի համար և դիտվում են որպես ռազմավարական` Կովկաս-կասպյան ուղղությունում, քանի որ բաժանարար գոտի են ապահովում Իրանի հյուսիսարևմտյան թրքախոս բնակչության և Ադրբեջանի միջև։ Թեհրանն այն կարծիքին է, որ քիչ չի նպաստել Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, հաղորդուղիներով, վառելիքով, հումքով, պարենամթերքով նրա ապահովմանը և իրավունք ունի խոսելու գործընկերոջ դիրքերից։ Ղարաբաղյան հարցի կարգավորմանն Իրանի մասնակցության վերաբերյալ այդ առաջարկություններն արդեն արվել են Հայաստանի արտգործնախարարությանը, և պետք է ենթադրել, որ դրանք չեն կարող լիովին մերժվել։ Դրա հետ մեկտեղ, հարց է ծագում` որքանո՞վ են Իրանի այդ նկրտումներն ուղղված Ռուսաստանի շահերի դեմ։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է մեջբերել իրանցի դիվանագետների այն խոսքերը, թե իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է, տեղի է ունենում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի համաձայնեցում, և Ռուսաստանը սկզբունքորեն համաձայն է Դաշտային Ղարաբաղի հողերն Ադրբեջանին վերադարձնելուն։ Ընդ որում, առայժմ հասկանալի չէ` ինչ կերպ է Ռուսաստանը դիտարկում խաղաղարար զորքերի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի։ Իրանի համար առավել մեծ սպառնալիքը, կապված ղարաբաղյան կարգավորման հետ, խաղաղարար զորքերի մուտքն է Իրանի հյուսիսային սահմանի գոտի և այն էլ, եթե այդ տարածքները վերահսկվեն Ադրբեջանի կողմից։ Առայժմ ակնհայտ է, որ Իրանը նպատակ ունի թույլ չտալ տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխություն, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրինական մասնակից դառնալու ձգտումը կարող է նշանակել նաև, որ Իրանը ցանկանում է նոր դիրքեր ստանալ Ռուսաստանի հետ բանակցություններում, ընդ որում` արդեն միանգամայն այլ քաղաքական ոճով։ Ադրբեջանը Թեհրանում համարվում է անվերապահորեն թշնամական պետություն, և ներկայումս Իրանի այդ դիրքորոշումը նոր բովանդակություն է ստանում։ Թեհրանը մշակված ծրագրեր ունի` չեզոքացնելու հյուսիսային հարևանի կողմից Իրանի շահերին սպառնացող վտանգը, հաշվի առնելով նաև թուրքական հավակնությունները։ Նախկին շատ ծրագրեր, որոնք երկար տարիներ գտնվել են քաղաքական ռեզերվում, հիմա թարմացվել են և կիրականացվեն։ Շատ նշաններ կան, որ Իրանը պատրաստ է համարժեք արձագանքելու Ադրբեջանի տարատեսակ դավերին։ Դեռ երբեք Իրանի և Ադրբեջանի հակասություններն այնքան լուրջ ու թշնամությամբ լեցուն չեն եղել։ Հարկ է նշել, որ դա չի կարող այս կամ այն չափով անդրադառնալ իրանա-թուրքական հարաբերությունների զարգացման վրա։ Միգուցե հենց այդ նպատակն էլ հետապնդում են Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների սրման նախաձեռնողները։
Ներկայումս Իրանի ղեկավարությունը ձգտում է նոր քաղաքականություն սկսել Ռուսաստանի հանդեպ, որը պետք է ներառի երկրի խնդիրների լուծման տարբեր այլընտրանքային հնարավորություններ։ Նախկինում դրանք լուծվում էին Ռուսաստանի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Օրինակ, տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքական ղեկավարությունը փաստաթուղթ է ստորագրել երկրի գիտական և արտադրական կազմակերպությունների կողմից առաջիկա երկու-երեք տարում «Փեթրիոտ» տիպի հրթիռի նմանակի ստեղծման մասին։ Իրանցի մասնագետները պնդում են, որ այդ ռազմատեխնիկական խնդրի լուծումը հնարավոր է, և արդեն իրենց առաջարկություններն են արել համապատասխան պայմանների ստեղծման առնչությամբ։ Ջանքեր են գործադրվում նաև ներքին ավիաուղիների համար երկրորդ-երրորդ դասի մարդատար ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ։ Այս օրինակները վկայում են, որ Իրանը ձգտում է ինչ-որ չափով նվազեցնել կախումը Ռուսաստանից։ Դրան զուգընթաց, իրանցի դիվանագետները ջանքեր են գործադրում, որպեսզի երկիրը նոր դիրքեր ձեռք բերի տարածաշրջանային քաղաքականության մեջ, նախ և առաջ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչը կարող է ճնշման գործոն դառնալ և փաստարկ` Ռուսաստանի հետ երկխոսության համար։ Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում հիմնականում ծավալվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման նկատառումով, սակայն չի կարելի պնդել, թե այդ ուղղությամբ Թեհրանին մեծ հաջողություններ են սպասում։ Իրանի ղեկավարությունը չէր կարող ուշադրություն չդարձնել այն բանին, որ Ռուսաստանը, որն այնքան համառորեն սահմանափակում էր հարաբերություններն Իրանի հետ Հարավային Կովկասի հարցերում, շտապեց ցույց տալ իր հակումը դեպի Թուրքիան, երբ Անկարան «մատով մոտ կանչեց» Մոսկվային։ Իրականում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, և իրանցիները դրա հաստատման շատ ապացույցներ ունենալ չեն կարող, բայց Թեհրանում միշտ էլ խանդով են վերաբերվել թուրք-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համարել են, որ Ռուսաստանի և Իրանի միջև պետք է լինեն շատ ավելի սերտ հարաբերություններ, որոնք կհանգեցնեին փոքր-ինչ մոռացված «Հյուսիս-Հարավ» դոկտրինի վերականգնմանը։
Իրանական քաղգործիչներն ու փորձագետները միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանի իրավիճակի և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ Եվրոպայի, Եվրամիության երկրների հետ տարանցիկ հաղորդուղիների կազմակերպման կապակցությամբ։ Իրանցիները բավական մանրամասնորեն էին նկարագրել Վրաստանում իրադարձությունների զարգացման սցենարը` կապված վերջին երեք տարում բողոքի միջոցառումների և ընդդիմության կողմից տարբեր գործողությունների սպառումից հետո երկրում առաջացած քաղաքական նոր իրավիճակի հետ։ Նրանք մանրակրկիտ մշակել էին Վրաստանի տարբեր քաղգործիչների ու քաղաքական խմբերի վարքագծի տրամաբանական սխեմաները, հավաքել էին քաղգործիչների ու պաշտոնատար անձանց սպառիչ դոսիեներ։ Ժամանակին իրանցիները որևէ դիրքի չհասան Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ տարած աշխատանքում, փաստորեն, ոչ մի արդյունք չտվեցին Քվեմո Քարթլիում մահմեդական (շիադավան) բնակչության շրջանում «աջակցության բազայի» ստեղծման փորձերը։ Իրանի առաջարկություններին ու նախաձեռնություններին բավական զուսպ վերաբերվեցին Վրաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր ավելի հակված էին դեպի ամերիկացիներն ու իսրայելցիները։ Հարավային Օսիայում ռազմական գործողություններից ոչ շատ առաջ իրանցիները մեծ հետաքրքրություն էին հանդես բերում Հարավային Օսիայում և Աբխազիայում իրենց ներկայությունը ցուցադրելու հնարավորության հանդեպ, ինչպես իրենք էին ասում` ցանկանալով ծառայություն մատուցել Ռուսաստանին։ Իրանցի դիվանագետները հայ փորձագետների օգնությամբ ուրվանշեցին այդ երկու տարածքներում իրենց ներկայության գաղափարախոսությունն ու հերթականությունը, ուշադրության առնելով, որ օսերն ազգային ծագումով իրանցիներ են, խոսում են հյուսիսային իրանցիների լեզվով։ Ներկայումս ինչ-որ տարօրինակ ու անհասկանալի բան է տեղի ունենում` կապված Վրաստանի հետ Իրանի մերձեցման փորձերի հետ, քննարկվում է նախագահ Մ. Սաակաշվիլու Թեհրան այցի հնարավորությունը` տնտեսության և տրանսպորտի ոլորտում նպաստավոր ակնկալիքներով։
Իրանի աշխարհատնտեսական ակտիվության առումով քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարումների հնարավորության հարցերը։ Դա կարող է իրականանալ, եթե նկատի ունենանք Իրանի և Վրաստանի տրանսպորտային և էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների հաճախակի փոխայցելությունները։ Լիովին կարելի է սպասել, որ Իրանը որևէ նախագիծ մեջտեղ կբերի` Վրաստանի և Հյուսիսային Կովկասի իսլամադավան ազգերի ներկայացուցիչների շփումներին իր մասնակցության վերաբերյալ։ Դրա ապացույցներն առայժմ չկան, սակայն իրանցիների կողմից կան միանգամայն հասկանալի ազդանշաններ Հյուսիսիային Կովկասում իրենց քաղաքականության ակտիվացման վերաբերյալ, իսկ հյուսիսկովկասյան ուղղությամբ Վրաստանի հետ Իրանի համագործակցության թեման օրախնդիր է և տրամաբանորեն սպասելի։ Այսպիսով, Թբիլիսին հասկանում է, որ առանց Իրանի հետ լայն հարաբերությունների հազիվ թե հնարավոր լինի Վրաստանը տարանցիկ սպասարկման երկրի վերածելու ծրագրերի իրականացումը։ ԱՄՆ-ը, անկասկած, հիացած չէ Վրաստանի այդ ծրագրերով, և իր նկատառումներն ունի այդ առնչությամբ։ Նախ, ԱՄՆ-ն արդեն այնքան էլ շահագրգռված չէ Վրաստանով, որը, որոշ պատճառներով, կորցրել է տարանցիկ երկրի ու տարածաշրջանային գործընկերոջ իր նշանակությունը։ Երկրորդ, ամերիկացիները վստահ են, որ կկարողանան վերահսկել Վրաստանով անցնող և Իրանը եվրոպային կապող հաղորդուղիները։ Երրորդ, Իրանի հետ Վրաստանի համագործակցությունը հնարավորություն կտա նվազեցնելու Վրաստանին ԱՄՆ-ի ներկա օգնության անհրաժեշտությունը, ինչպես նաև ապագայում ինչ-որ չափով կմեծացնի Վրաստանի անկախությունը Ռուսաստանից և Թուրքիայից, ինչը թույլ կտա ապագայում մեծացնել ԱՄՆ-ի հնարավոր նախագծերի ճկունության աստիճանը։
Այս ամենով հանդերձ, Հայաստանը մնում է որպես Հարավային Կովկասում Իրանի միակ հուսալի գործընկերը, և այլևայլ քաղաքական ծրագրերը կառուցվում են` ելնելով Հայաստանի հետ հարաբերություններից։ Հատկանշական է այն փաստը, որ եթե առաջ իրանցիները օգտվում էին Հայաստանի ռուսամետ կողմնորոշման փորձագետների ծառայություններից, ներկայումս աշխատում են մերձենալ նաև այլ ուղղվածության փորձագետների հետ, թեև այդ խնդիրը դժվարությամբ է լուծվում, քանի որ հանձնարարելի առաջարկներ անելու ընդունակ փորձագետների շրջանակը նեղ է, առավել ևս, իրանցիների համար առարկայական նախագծեր մշակողներինը։ Իրանցիները երկար ժամանակ օգտվել են Հայաստանի և սփյուռքի հայ փորձագետների ծառայություններից, հատկապես Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարցերի առնչությամբ, ու ներկայումս պատրաստ են ֆինանսավորելու հայ երիտասարդ փորձագետների որակավորման բարձրացումը։ Հայաստանը շարունակում է իրանցիների կողմից դիտարկվել որպես մի վայր, որտեղ կենտրոնանում են տեղեկություններն ու առաջարկությունները քաղաքական խնդիրների վերաբերյալ, Իրանի համար մյուս այդպիսի երկիրը Լիբանանն է։ Օրինակ, Իրանը հայերի օգնությամբ ֆինանսավորել է Երևանում իրանագիտական հետազոտությունների կենտրոնի զարգացումը, որը կարևորներից մեկն է աշխարհում և «թշնամական» վերահսկողության ներքո գործող մյուս համանման կենտրոններից միանգամայն անկախ հաստատություն է։ Այս հանգամանքը շատ կարևոր է Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի առնչությամբ առաջարկությունների մշակման գործում հայ փորձագետների դերի գնահատման համար։
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնցով հետաքրքրվում են իրանցիները, ըստ էության, գտնվում են հայերի վերահսկողության ներքո, որոնք սկսել են աշխատել իբրև ցանցային կառույց։ Իրանցիները հասկանում են սա և աշխատում են օգտվել այդ տեղեկատվական-վերլուծական ռեսուրսից։ Ներկայումս իրանցիները ձգտում են մշակել Մոսկվայում իրենց շահերի բազմատարբերակ լոբբինգի սխեմա, ինչը, ըստ էության, ոչ թե լոբբինգ է, այլ տեղեկությունների ձեռքբերում։ Ներկայումս իրանցի դիվանագետներին, գործարարներին, լրագրողներին, թարգմանիչներին, բոլոր նրանց, ովքեր շփվում են ռուսական ընկերությունների, ինստիտուտների, ստեղծագործական բնույթի տարատեսակ միավորումների ներկայացուցիչների հետ, հանձնարարվել է ի մի բերել նրանց կարծիքները, հայացքներն ու դիրքորոշումներն Իրանի նկատմամբ պատժամիջոցների և նրա շրջափակմանը Ռուսաստանի մասնակցության առնչությամբ, որ ջանում է կազմակերպել ԱՄՆ-ը։ Այդ աշխատանքի շնորհիվ իրանցիներն աշխատում են հստակեցնել Ռուսաստանում գործուն լոբբիի հնարավոր ստեղծման ուրվապատկերն ու գաղափարախոսությունը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ