ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՊԿ-ը դառնում է «ստորջրյա խութ»

ՀԱՊԿ-ը դառնում է «ստորջրյա խութ»
27.07.2012 | 03:49

Գերմանացի հայտնի քաղաքական գործիչ և ռազմական տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցի այն խոսքը, թե «պատերազմը միշտ էլ քաղաքական լուրջ նպատակների հասնելու լուրջ միջոց է», երևում է, չի կորցրել իր այժմեականությունը: Մեր օրերում ռազմական կառույցներն սկսում են ավելի ու ավելի կարևոր քաղաքական դեր խաղալ համընդհանուր աշխարհաքաղաքական վերաբաժանման գործում և հաճախ քաղաքականության իսկական գործիք են դառնում: Այսպես, ներմիավորման, թվում է, մի այնպիսի առավել կայուն կառույց, ինչպիսին Մոսկվայի հոգեզավակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ), արդեն բավական հաճախ է շատ լուրջ «ստորջրյա խութ» դառնում: Եվ դրան բախվելով, որքան էլ տարօրինակ թվա, կարող են փշրվել «կայսերական վեհապանծության», նախկին արբանյակների վրա իշխանությունը վերականգնելու և տարածելու Ռուսաստանի ինքնամոռաց նկրտումները: Իսկ հանգստության խաթարողը հերթական անգամ դարձավ «իր համար թափառող կատուն»` ՈՒզբեկստանը` իր առաջնորդ Իսլամ Քարիմովով: Օրերս Տաշքենդը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, իսկ ՈՒզբեկստանի արտգործնախարարության նոտայում մանրամասնված են պայմանագրից դուրս գալու պատճառները: Պարզվում է, նրանց դուր չեն գալիս ՀԱՊԿ-ի ռազմավարական ծրագրերն աֆղանական ուղղությամբ. ՈՒզբեկստանում նախընտրելի են համարում այդ երկրի հետ երկկողմ համագործակցությունը, և բացի դրանից, դժգոհություն են պատճառում ՀԱՊԿ-ի երկրների ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը: Իսկ փորձագետները համակարծիք են, որ նման որոշման համար հիմք է ծառայել Տաշքենդի ցանկությունը` «վերականգնելու բուռն սիրավեպն ԱՄՆ-ի հետ» (Անդիջանի արյունալի իրադարձությունների և խորամանկ Քարիմովի` Կրեմլի հովանու տակ «վերադառնալու» պատճառով որոշ ընդմիջումից հետո), և նոր հույսերը` ստանալու ամերիկյան ռազմական ու ֆինանսական աջակցություն:
ՈՒ թեև սա արդեն Ռուսաստանի պաշտոնական ռազմական դաշնակիցների կազմից ՈՒզբեկստանի դուրս գալու առաջին դեպքը չէ (1999-ին նա հրաժարվեց ՀԱՊԿ-ի պայմանագրին իր մասնակցությունը երկարացնելուց), իսկ նախագահ Քարիմովը, պարզվում է, արդեն երկար տարիներ հրաժարվում էր անգամ կազմակերպության քարտուղար Բորդյուժային ընդունելուց, պաշտոնական Մոսկվան առայժմ աշխատում է «պահել վարկանիշը» և հայտարարում է, որ «լավ է քիչ, բայց լավ»: Այնտեղ միանգամայն խորհրդային պրոպագանդայի ոգով ՀԱՊԿ-ի երկրներին կոչ են անում «ավելի սերտորեն խտացնել շարքերը և ըստ ամենայնի ամրապնդել համագործակցությունը»: Բացի այդ, շատերը համարում են, որ ՈՒզբեկստանի հրաժարումից հետո ՀԱՊԿ-ի աշխատանքը կհեշտանա: Իրոք, 2006 թվականից, երբ Տաշքենդը վերականգնեց անդամությունը, կազմակերպության մյուս անդամների հետ փոխգործակցությունը հազիվ թե կարելի լիներ լիարժեք համարել: Վերջին տարիներին այդ երկիրը հրաժարվում էր մասնակցելուց ոչ միայն ռազմական միջոցառումներին, այլև պետությունների ղեկավարների հանդիպումներին, և չի ստորագրել ոչ մի փաստաթուղթ: Ինչպես կարծում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մակարովը, «Տաշքենդը, փաստորեն, վաղուց է դադարեցրել մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը, իսկ հիմա դա ձևակերպեց իրավաբանորեն»: Այսինքն, Տաշքենդի հայտարարած որոշումն անսպասելի չէր, հետևաբար և վտանգավոր:
Իրոք, առաջին հայացքից խուճապի հիմք չկա: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի պատմության մեջ էլ են եղել նման բաներ, ասենք` 1966 թ. Ֆրանսիան դուրս եկավ նրա ռազմական կառույցներից: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքն ինչպես եղել է, այնպես էլ կա: Այնպես որ, ՀԱՊԿ-ն էլ, կարծես, վախենալու ոչինչ չունի: Բայց այդպե՞ս է, արդյոք: Արժե՞ զարմանալ, որ Քարիմովն այդ անդամությունն օգտագործեց իր համար դժվարին շրջանում, իսկ հետո դեն նետեց, երբ այլևս պետք չէր: Որքանո՞վ կարող է վարակիչ դառնալ այդ «վատ օրինակը», իսկ Կրեմլի անսպասելի մոտեցումը (դե, ասենք, ՈՒզբեկստանը դուրս է եկել կազմից, հետո ինչ, Աստված իր հետ) կայուն` ներկա փուլում: Նշենք, որ 2008 թ. ՈՒզբեկստանը, առանց նկատելի բացասական հետևանքների դուրս եկավ «հետխորհրդային» ԵԱՏՀ-ից:
Թվում է, որ այդ հարցերի պատասխանները պետք է փնտրել երկու ուղղությամբ, նախ` Մոսկվայի դիրքորոշման մեջ և այն բանում, թե նա ինչ անկեղծությամբ է ուզում և գլխավորը` կարո՞ղ է լրջորեն զբաղվել վերևներում հայտարարված «հող հավաքելով»: Չէ՞ որ, ինչ էլ ասելու լինեն այնտեղ ռուս պաշտոնյաներն ու փորձագետները, համաձայնեք, ՈՒզբեկստանը Ռուսաստանին «քցել» է, որովհետև Ռուսաստանն է թույլ տվել, որ իրեն «քցեն»: Ընդ որում` ոչ առաջին անգամ: Իսկ այս իրատես աշխարհում վաղուց արդեն խոսակցություններին, խոստումներին ու անգամ սպառնալիքներին ոչ ոք չի հավատում: Այն տեսությունը, թե հուզական սրտակցության և «ժողովուրդների բարեկամության» կարոտախտի պատճառով ինտեգրման գործերը, այնուամենայնիվ, հաջող կլինեն, լիակատար ձախողում է կրել, և Կրեմլի բոլոր ձգտումները բախվում են ունիվերսալ ինտեգրացիոն կառուցվածքներից ու քաղաքական հաշվարկներից հեռու արգելքներին: Այնպես որ, ինչպես թվում է, Տաշքենդը կդառնա ռուսական դիրքերի լուրջ ստուգում կամ անխուսափելի վճար ուրիշների համար` անցած պատրանքների դիմաց:
Այս դրույթներն անշեղորեն ավելի հիմնարար հարցեր են առաջադրում. «Որքանո՞վ է Կրեմլը պատրաստ պաշտպանելու իր դաշնակիցներին պատերազմի դեպքում», «Որքանո՞վ է նա պատրաստ մասնակցելու կանխատեսվող պատերազմական գործողություններին», «Որքանո՞վ են Մոսկվայում հասկանում, որ կայսրությունը ոչ միայն բավականություն է, այլև պատասխանատվություն և զոհողությունների դիմելու պատրաստակամություն»: Հատկապես հիմա, երբ նախկին Միության հարավային սահմանների ամբողջ երկայնքով ավելի ու ավելի սուր է զգացվում վառոդի հոտը: Կենտրոնական Ասիայում, հատկապես առաջիկայում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո, այդ հարցերի պատասխանները, իհարկե, ամենակարևորը կլինեն: Դատելով ըստ ամենայնի, ՈՒզբեկստանում, որը գտնվում է թալիբների հետ դիմակայության առաջին գծում, այդ հարցերի պատասխաններն արդեն գտել են: Իսկ ուրիշներն առայժմ փնտրում են:
Նկատենք, վերջին ժամանակներս ԱՄՆ-ի և ՈՒզբեկստանի դիրքորոշումներն սկսել են անշեղորեն մոտենալ: Անցած տարի Սենատի Հատկացումների կոմիտեն հավանություն տվեց մի օրենքի, որը հնարավորություն տվեց ՈՒզբեկստանին փող տրամադրել ռազմամթերք ձեռք բերելու համար (դա արգելանքի տակ էր Անդիջանի իրադարձություններից հետո), տեղի ունեցավ ամերիկա-ուզբեկական բիզնես-համաժողով: Իսկ հիմա էլ ՈՒզբեկստանն ակնկալում է օգուտ քաղել Աֆղանստանից զորքերի դուրսբերումից, և բացառված չէ, որ այնտեղ ամերիկյան ռազմաբազա հայտնվի: Հատկանշական է, որ այս պայմաններում պետքարտուղար Քլինթոնը հայտարարում է, որ ՈՒզբեկստանը «մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման նշաններ է ցույց տալիս»: Իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, ինչպես հայտնի է, կազմակերպության անդամներին թույլ չի տալիս անդամակցել այլ ռազմական դաշինքների: Բացի դրանից, ինչպես գրում են լրատվամիջոցները, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատրաստ է թողնելու սպառազինությունների մի մասը, հունիսին Տաշքենդ մեկնած Վլադիմիր Պուտինը Քարիմովին այլևս ոչինչ չուներ առաջարկելու: Իսկ հիմա Տաշքենդը կարող է իր մոտ բազա բացել առանց համաձայնեցման, ստանալ ֆինանսական ու ռազմական օգնություն, անվտանգության երաշխիքներ: Արդեն հայտնի է դարձել, որ ներկայումս Պենտագոնը, բացի ՈՒզբեկստանից, բանակցություններ է վարում Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ, որպեսզի 2014 թվականին, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, ամերիկյան տեխնիկան մնա այդ երկրներում: Եվ ինչպես գրում են շատ դիտորդներ, «ըմբռնում են գտնում»: Այնպես որ, չի կարելի բացառել, որ և՛ Բիշքեկը, և՛ Աշգաբադը կփորձեն ընթանալ իրենց հարևանի հետքերով, առավել ևս, որ ղրղզներն արդեն «բազմակողմ համագործակցության» վաղեմի փորձ ունեն: Համապատասխանաբար, ինչ էլ ասեն, ՀԱՊԿ-ից ՈՒզբեկստանի դուրս գալը ոչ թե սոսկ տհաճ միջադեպ է, այլ Պուտինի եվրասիական նախագծին հասցված ցավագին հարված: Փաստորեն, Կենտրոնական Ասիայի կայուն դաշնակիցներից Ռուսաստանի կողքին մնում է միայն Ղազախստանը, այն էլ` ոչ լիարժեք:
Այս ամբողջ պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ 2011-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար ավարտվեց ուրախ նոտայով: Մոսկվայի դեկտեմբերյան գագաթնաժողովի ամենակարևոր նվաճումն ընդունված էր համարել այն համաձայնագրի ստորագրումը, համաձայն որի` կազմակերպության անդամ երկրների տարածքում օտարերկրյա զինծառայողների ու ռազմաբազաների տեղակայումը հնարավոր կլինի միայն մասնակիցներից յուրաքանչյուրի թույլտվության դեպքում: Գաղտնիք չէ, որ այն ժամանակ այդ փաստաթուղթն առաջին հերթին հասցեագրված էր Ղրղզստանին` ՀԱՊԿ-ի միակ պետությանը, որն իր տարածքում ամերիկյան ռազմաբազա ուներ: Հենց այդ ժամանակ էլ ապագա նախագահ Աթամբաևն իր ընտրարշավի ժամանակ խոստացավ «ամերիկացիներին քշել» 2014-ից հետո, երբ կլրանա վարձակալության պայմանագրի ժամկետը: Այդ հանդիպումը համահունչ էր տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունն արմատախիլ անելու Կրեմլի քաղաքականությանը: Բայց արդեն այս տարվա փետրվարին, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Աթամբաևը Թուրքիային հրավիրեց Ռուսաստանի և այլ երկրների հետ մեկտեղ մասնակցելու ամերիկյան «Մանաս» տարանցման կենտրոնի վերափոխմանը: Ի՞նչն է Բիշքեկին հարկադրում այդքան անհետևողականորեն փոխելու իր արտքաղաքական գործունեության կուրսը: Որքան էլ տարօրինակ լինի` ինտեգրացիոն նախագծերը: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության ստեղծումից հետո, տնտեսական հետևանքները չհապաղեցին անդրադառնալ հարևանների հետ Բիշքեկի փոխգործակցության վրա, և նա որոշեց գործի դնել «Մանասի» խաղաքարտը: Բայց «խոփը քարին առավ»` Մոսկվան կասեցրեց ԵԱՏՀ-ի հակաճգնաժամային հիմնադրամից 106 մլն դոլար վարկի հատկացման գործընթացը, որով Ռուսաստանը ծրագրում էր Բիշքեկին «պարգևատրել» երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազայի հետագա գործունեության նկատմամբ կոշտ, ինչպես այն ժամանակ թվում էր, դիրքի համար:
Իսկ հիմա, ՈՒզբեկստանի դեմարշից հետո, իրադրությունը կարող է ամբողջովին փոխվել: Չէ՞ որ պարզ է դառնում, որ նույնիսկ «հաջող ՀԱՊԿ-ը», չնայած իր արդեն ոչ կարճ պատմությանը, այդպես էլ չի կարողացել դառնալ գործուն կառույց: Եվ այս իրավիճակում, ինչպես թվում է, շեշտը միայն ՀԱՊԿ-ի հետ ռազմական համագործակցության վրա դնելը Երևանի համար կարող է դառնալ բիքֆորդյան քուղի նման մի բան: Ավելին, աշխարհաքաղաքական լուրջ խզումների այս իրավիճակում «անվտանգության նման բանաձևը» Հայաստանի համար կարող է հեռու լինել իրական անվտանգությունից, ինչպես էլեկտրական աթոռը սովորականից:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ