Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀաղթՀաղթանակների շքերթանակների շքերթ

ՀաղթՀաղթանակների շքերթանակների շքերթ
21.11.2008 | 00:00

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Այս օրերի գլխավոր մարզական իրադարձությունները ծավալվում են Գերմանիայում։ Կաիսայի միլիոնավոր երկրպագուների ուշադրության կենտրոնում Դրեզդենն է։ Նոյեմբերի 13-ին Սառցե պալատում գործի դրվեցին ժամացույցները, և 152 երկրի ուժեղագույն վարպետներ սկսեցին վիճարկել համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը։ Նախորդ օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը, ինչպես միշտ, այս անգամ էլ տրամադրված է մարտականորեն։ Դատելով արդեն խաղացված պարտիաներից, Արշակ Պետրոսյանի սաները լի են վճռականությամբ՝ կրկնելու նախորդ օլիմպիադայի հաջողությունը։
Առաջին խաղափուլում թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները հանդիպեցին իտալացիների հետ։ Անակնկալ, իհարկե, չգրանցվեց։ Տղամարդիկ հաղթեցին 4։0, իսկ կանայք՝ 3,5։0,5 հաշվով։ Տղամարդկանցից առաջին հաղթանակը կռեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լևոնի Պետրոսյանը, իսկ Արսեն Եղիազարյանի սաներից՝ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը և Լիլիթ Գալոյանը։ Միայն Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Ելենա Սեդինայի հետ։
Երկրորդ խաղափուլում տղամարդկանց Հայաստանի ընտրանին մրցեց Մոլդովայի, իսկ կանայք՝ չեխերի հետ։ Տղամարդիկ առավելության հասան 3։1, իսկ կանայք՝ 2,5։1,5 հաշվով։
Երրորդ խաղափուլում էլ՝ Ֆարերյան կղզիների և Գերմանիայի երկրորդ թիմի հետ հանդիպումներում, խնդիրներ չեղան։ Տղամարդկանց քառյակը բոլոր խաղատախտակների վրա հասավ հաղթանակի, իսկ կանայք նույն 4։0 հաշվով պարտության մատնեցին գերմանացիներին։
Առաջին երեք խաղափուլերը կարելի է անվանել օլիմպիադայի նախերգանք, որտեղ բացահայտ ուժեղագույնները քննություն են ընդունում թույլերից, իսկ չորրորդ խաղափուլից օլիմպիադան մտավ բնականոն ռիթմի մեջ։ Մեր կանանց հավաքականը 0,5։3,5 հաշվով զիջեց Չինաստանի ուժեղագույն թիմին։ Միակ կես միավորը մեր թիմին բերեց Լիլիթ Մկրտչյանը: Չափազանց դժվար մրցակից էր բաժին հասել նաև Արշակ Պետրոսյանի սաներին՝ ՈՒկրաինայի հավաքականը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Օլիմպիադայի առաջին կեսի վերջին խաղափուլում տղամարդիկ 2,5։1,5 հաշվով տոնեցին չորրորդ հաղթանակը` այս անգամ հոլանդացիների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք 2,5։1,5 հաշվով առավելության հասան Ֆրանսիայի ուժեղ հավաքականի նկատմամբ։
Նոյեմբերի 18-ին օլիմպիադայում հանգստյան օր էր։ Հինգ խաղափուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել էր 9 միավոր։ Նույնքան միավոր էին վաստակել նաև Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Անգլիայի, Գերմանիայի առաջին և Ադրբեջանի հավաքականները։ Հարկ է նշել, որ այս օլիմպիադայում առաջին անգամ հաղթանակի համար թիմին տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր։ Եվ միայն վերջում, եթե մի քանի թիմեր հավաքեն հավասար միավորներ, ապա հաշվի կառնվեն շախմատիստների վաստակած միավորները։ Մեր թիմը միակն էր, որը ոչ մի պարտիայում պարտություն չէր կրել։
Մեկնարկը հաջող էր նաև Արսեն Եղիազարյանի սաների համար։ Մեր ընտրանին վաստակել էր ութ միավոր և բաժանում էր 3-13-րդ տեղը։ Այս 13 հավաքականներից էին նաև Ռուսաստանի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Լեհաստանի ուժեղ թիմերը։ Մեր աղջիկներից հատկապես գերազանց խաղ է ցուցադրում Լիլիթ Մկրտչյանը։ Նա մասնակցել էր բոլոր հինգ խաղափուլերին, տոնել երեք հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի։
Հինգ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում էր Չինաստանի հավաքականը, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել էր հաղթանակով։ 9 միավորով հունգարացիները զբաղեցնում էին երկրորդ հորիզոնականը։
Նոյեմբերի 19-ին սկսվեց օլիմպիադայի երկրորդ կեսը։ Վեցերորդ խաղափուլում չափազանց դժվարին փորձություն էր սպասում տղամարդկանց մեր ընտրանուն։ Նրանք հանդիպեցին մեկնարկը բավականին հաջող սկսած Ադրբեջանի հավաքականի հետ, որն իր միջին վարկանիշով այստեղ գերազանցում է մեր շախմատիստներին։ Չնայած դրան, մեր շախմատիստները շատ հաջող սկսեցին սկզբունքային մրցամարտը։ Արդեն 26-րդ քայլում Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Շահրիար Մամեդյարովին, իսկ մնացած պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին։ Լևոն Արոնյանը միավորը կիսեց Ռաջաբովի, Պետրոսյանը՝ Մամեդովի, Սարգսյանը՝ Հաշիմովի հետ։ Այսպիսով, այս չափազանց կարևոր մրցամարտում 2,5։1,5 հաշվով հաղթանակ տոնեցին մեր շախմատիստները։ Ցավոք, այս հաջողությունը չկարողացան զարգացնել կանայք, որոնցից քննություն ընդունեցին օլիմպիական չեմպիոն ուկրաինացիները և առավելության հասան խոշոր՝ 3,5։0,5 հաշվով։
Երեկ երեկոյան կայացան յոթերորդ խաղափուլի հանդիպումները։ Հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի տղամարդկանց հավաքականները։ 3-րդ խաղատախտակի վրա փայլուն պարտիա անցկացրեց Գաբրիել Սարգսյանը: Նա զոհաբերեց ֆիգուր` ստանալով դիրքային առավելություն, և, ի վերջո, 64-րդ քայլում նրա մրցակից Ա. Գրիշչուկն անձնատուր եղավ: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, Վլադիմիր Հակոբյանը սևերով միավորը կիսեց Պ. Սվիդլերի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեց Դ. Յակովենկոյի հետ: Հաղթանակ 2,5-1,5 հաշվով, և Հայաստանի հավաքականը համաշխարհային օլիմպիադայի միանձնյա առաջատարն է:
Երեկ մեր կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Ավստրիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակներ տարան Ն. Աղինյանը և Լ. Գալոյանը, իսկ Լ. Մկրտչյանը և Ս. Անդրիասյանը խաղաղ դաշն կնքեցին:
Մինչև օլիմպիադայի ավարտը մնացել է չորս տուր։
ՄԵՐԴԻՆՅԱՆԸ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Շտուտգարտում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի «Ա» կարգի խաղարկությունը։ Մասնակիցների թվում էին նաև մեր երկու ընդգծված առաջատարները՝ աշխարհի գավաթի խաղարկությունների բազմակի հաղթողներ և մրցանակակիրներ Վահագն Ստեփանյանն ու Հարություն Մերդինյանը։ Մեր այս երկյակից հատկապես վստահ հանդես եկավ Մերդինյանը։ Ալբերտ Ազարյանի անվան պատանի մարմնամարզիկների մարզադպրոցի սանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգաթափերում։ Այս մրցումներով, իհարկե, մեր մարմնամարզիկների մրցաշրջանը չի ավարտվում։ Դեկտեմբերին Մոսկվայում կխաղարկվի աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի ավանդական խաղարկությունը։ Աշխարհի այս փոքր առաջնությանը կմասնակցեն նաև մեր հանրապետության լավագույն մարզիկ-մարզուհիները։
ՄԵԴԱԼՆԵՐ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻՑ
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն այս օրերին ապրում էր սամբոյով։ Այստեղ անցկացվեց աշխարհի 32-րդ առաջնությունը։ Հաղթողի կոչումը վիճարկեցին 10-ից ավելի երկրների ուժեղագույն մարզիկներ, որոնց թվում էին նաև մեր հանրապետության ներկայացուցիչները։ Ինչպես միշտ, այս անգամ էլ մեր պատվիրակներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից։ Գյումրիի համալիր մարզադպրոցի սան, 57 կգ քաշային Վահան Վարդանյանը (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյան) հասավ մինչև եզրափակիչ և միայն այստեղ միավորներով զիջելով մրցակցին՝ կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին։ Նույնպիսի գնահատականի արժանացավ նաև Երևանի սամբո-ձյուդոյի մարզադպրոցի սան, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը։ Եվս մեկ՝ այս անգամ բրոնզե մեդալ նվաճեց նույն մարզադպրոցի սան (տնօրեն՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Լյովա Հայրապետյան), 52 կգ քաշային Վահե Օթարյանը։
Պետերբուրգյան առաջնությունը նվիրված էր սամբո ըմբշամարտի 70-ամյակին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4670

Մեկնաբանություններ