ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՐՑՆԵԼ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ` ԱՐԴՅՈՔ ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ Է՞Լ Է ՎՍՏԱՀՈՒՄ ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՐՑՆԵԼ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ` ԱՐԴՅՈՔ ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ Է՞Լ Է ՎՍՏԱՀՈՒՄ ԲԱՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ
18.01.2011 | 00:00

VIVA CELL ընկերության (Ռալֆ Յիրիկյանի) և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին զբոսաշրջային քաղաքակիրթ ձև հաղորդելու նպատակով դրանց տարածքներում տեղադրվում են տեղեկատվական ցուցատախտակներ:
Շատ լավ և կարևոր գործ է կատարվում:
Սակայն երբ ծանոթանում ես, օրինակ, Սիսիան քաղաքի մոտ գտնվող մեգալիթյան կառույցի ցուցատախտակներին, լավ տպավորությունը չքանում է:
Դիտարկենք որպես օրինակ հետևյալ ցուցատախտակը (նկ. 1):
Միանգամից աչքի է զարնում այն, որ տեքստը գրված է շատ անգրագետ: Առաջին տպավորությունն այնպիսին է, որ այն գրել է ոչ թե գիտնական-մասնագետը, այլ պատահական մի անցորդ:
Բայց դա միայն առաջին հայացքից:
Երբ ավելի ուշադիր ես կարդում տեքստը, հասկանում ես, որ այն գրված է միտումնավոր, ապակողմնորոշելու և ապատեղեկացնելու նպատակով, և գրվել է այդ գործի ապաշնորհ «մասնագետի» կողմից:
Ներկայացնենք ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ սխալները, որից հետո կանդրադառնանք այն հարցին, թե ինչու են «թույլ տրվել» այդ սխալները:
Նախ` տեքստի «Անունը» կրող վերնագրի մասին:
Այս վերնագիրն արդեն խոսում է այն մասին, որ տեքստի հեղինակը մակերեսորեն է ծանոթ հայերենին: «Անուն» բառը հայերենում օգտագործում են մարդկանց և կենդանիներին նշելու համար: Իսկ կառույցի կամ հնավայրի համար կիրառվում է «անվանում» բառը: Դա խոսում է այն մասին, որ տեքստի հեղինակը զուրկ է հայերեն մտածողությունից և, ամենայն հավանականությամբ, տեքստը գրվել է օտար լեզվով, ապա ապաշնորհ ձևով թարգմանվել հայերեն: Հարց է ծագում. ինչպե՞ս է եղել, որ հայերեն վատ իմացող մարդուն վստահել են գրել հանրային նշանակության տեքստ. պետք է հարցնել մշակույթի նախարարությանը: Այսպիսով, անհայտ է մնում այն հարցը, թե որտեղ և ով է գրել տեքստը. «Սկզբնական անունը դեռևս անհայտ է. այս հնավայրի նախնական բնակիչների ու նշանակության մասին որևէ գրավոր տեղեկություն չի պահպանվել»:
Նախ, հնավայրն իր նշանակությամբ գործելու ժամանակաշրջանում, ամենայն հավանականությամբ, բնակավայրից հեռու է եղել:
Այդպես է եղել բոլոր ուրիշ նմանատիպ կառույցների դեպքում: Մասնավորապես, մոտ 4500 տարվա աստղագիտական նշանակություն ունեցող հնավայր Սթոունհենջում (Անգլիա), մոտ 6000 տարվա աստղագիտական նշանակության մեկ այլ հնավայր Գոզեկում (Գերմանիա), 12000 տարվա աստղագիտական նշանակության (դա բացահայտված է մեր հետազոտությունների արդյունքում) հնավայր Պորտասարում (Արևմտյան Հայաստան) և այլուր նմանատիպ կառույցներում մարդու բնակության հետքեր չեն հայտնաբերված:
Ինչո՞ւ պետք է այս` քննարկվող հնավայրում, որի աստղագիտական նշանակությունը դույզն-ինչ կասկած չի հարուցում, բնակեցված լիներ, այն էլ` նախնական առումով, անհասկանալի է:
Բացի դրանից, ի՞նչ նկատի ունի հեղինակը` գրելով «սկզբնական անուն» արտահայտությունը:
Եթե նա նկատի ունի այն անվանումը, որը տվել են կառույցին նրա ստեղծողները, ապա դա կարելի է մեկնաբանել երկու ձևով.
l նշված իմաստով կառույցը կարող էր և անվանադրված չլինել այն ստեղծողների կողմից: Կառույցը կարող էր և զուտ գործառութային անվանում ունենալ, ասենք, տաճար կամ աստղադիտարան։
l Ինչպիսին էլ լիներ այդ «սկզբնական» անվանումը, այն կարող էր և փոխվել դարերի ընթացքում: Չէ՞ որ հնավայրի տարիքը, հնագետ, պրոֆեսոր Օնիկ Խնկիկյանի հնագիտական մեթոդներով գնահատելիս, առնվազն 4000 տարի է, իսկ ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու աստղագիտական մեթոդներով գնահատելիս` շուրջ 7630 տարի:
l Եթե տեքստի հեղինակը նկատի ունի հնավայրի նախաթուրքական` հայկական անվանումը, որից, իրենց սովորության համաձայն, եկվոր-զավթիչ թուրքերը թարգմանել են և ստացել «Ղոշուն դաշ» թուրքացված ձևը, ապա ինչո՞ւ հեղինակն այդ մասին հստակորեն չի գրում:
Բացի դրանից, հեղինակը ծանոթ չէ կամ ձևացնում է, թե ծանոթ չէ Վ. Վահրադյանի և Մ. Վահրադյանի հետազոտություններին, որոնք բազմիցս տպագրվել են: Ըստ դրանց արդյունքների` քննարկվող կառույցի, նաև հայաստանյան նմանատիպ այլ մեգալիթյան կառույցների նախաթուրքական` հայկական ընդհանրական անվանումը եղել է Քարահունջ: Եվ եթե այդ բառը ճիշտ թարգմանենք թուրքերեն, կստացվի հենց «Ղոշուն դաշ»:
«Առաջին անունը, որ մարդիկ հիշում են, Ղոշուն դաշն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե զորք» (ժողովրդական ավանդույթի համաձայն քարերն իրականում քարացած զինվորներ են), հավանաբար, որովհետև հեռվից համալիրը զինվորների զորք է հիշեցնում»:
Անհասկանալի է, թե ինչ է նշանակում «Առաջին անունը, որ մարդիկ հիշում են» արտահայտությունը: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակն ուզում է մեծ վաղեմություն հաղորդել թուրքացված «Ղոշուն դաշ» անվանմանը:
Իրականում, սակայն, կառույցի հայկական անվանումը թուրքացվել է մոտավորապես 18-19-րդ դարերում, երբ այստեղ, ինչ-ինչ պատճառներով (դրանց քննարկումը հոդվածի սահմաններից դուրս է), նստակյացություն սովորեցին քոչվոր թուրքական ցեղերը, և տարածաշրջանում առաջացան թուրքաբնակ գյուղեր:
Կառույցի առաջին հիշատակումը մամուլում 1893 թվականին արել է ազգագրագետ Ա. Մելիք-Շահնազարյանը` հարցուփորձելով մոտակա միայն թուրքաբնակ գյուղի բնակչությանը և բերել է միայն «Ղոշուն դաշ» թրքացված անվանումը: 1896 թվականին ազգագրագետ Եր. Լալայանը, հետևելով Մելիք-Շահնազարյանին, նույն անվանումով է հիշատակում սույն կառույցը: Եթե նրանք ցուցաբերեին բավարար մասնագիտական հետևողականություն, ապա կբերեին նաև կառույցի հայերեն անվանումները` «Ցից քարեր» և «Դիք-դիք քարեր»:
Եթե առաջին ազգագրագետներին դա ինչ-որ իմաստով կարելի է ներել ուսումնասիրման իրենց մեթոդների սահմանափակության պատճառով (հավանաբար Եվրոպայում էին կրթություն ստացել), ապա այս տեքստի հեղինակին դա ոչ մի դեպքում ներելի չէ, որովհետև ժամանակակից հայագիտությունն այդ հարցում շատ բան արդեն վաղուց պարզել է:
ՈՒրեմն, տեքստի հեղինակի այդպիսի վարքագիծն այլ կերպ, քան դիտավորություն, չի կարելի որակել:
Դիտարկենք նախադասության շարունակությունը. «Ղոշուն դաշն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե զորք»: Բացահայտ սխալ է: «Ղոշուն» բառը «թուրքերենից թարգմանաբար» նշանակում է «շարք» և միայն «շարք» (տե՛ս նկ. 2.):
Ինչից է տեքստի հեղինակը որոշել, որ պետք է գրել «քարե զորք» թարգմանությունը, երևի միայն իրեն է հայտնի։
ՈՒ այդ կեղծիքը հիմնավորելու համար նոր սուտ է հորինում «(ժողովրդական ավանդույթի համաձայն քարերն իրականում քարացած զինվորներ են), հավանաբար, որովհետև հեռվից համալիրը զինվորների զորք է հիշեցնում»: ՈՒ նորից խոր անգրագիտություն` «ավանդույթ» բառը գրելիս տեքստի հեղինակը (կամ թարգմանիչը) հավանաբար նկատի էր ունեցել «ավանդություն» բառի իմաստը: Ինչպես կարելի է թույլ տալ, որ «ավանդույթ» և «ավանդություն» բառերի տարբերությունը չիմացող մարդը հասարակական ընթերցման համար պատմամշակութային տեքստ գրի: Այս աստիճանի անգրագիտություն չի կարելի թույլ տալ. ամոթ է, կամ էլ` դիտավորություն:
Եթե, իրոք, ժողովրդական այդպիսի ավանդություն կա, ապա եկեք հարցնենք տեղացիներին, նրանք պետք է որ կրկնեն այդ խոսքերը: Նշենք, որ նման բովանդակության ավանդություն գրի է առել Երվանդ Լալայանը 1896 թվականին, այն մարդկանցից, ովքեր կառույցն անվանել են թուրքացված ձևով. դրանք տեղերում այն ժամանակ նոր-նոր բնակություն հաստատած թուրքերն էին: Երևի այդ էր պահանջում այն ժամանակվա ազգագրական մեթոդը:
Իսկ այսօրվա տեքստի հեղինակը փորձում է գոնե ինչ-որ հիմնավորում տալ այդ հնարովի «ավանդությանը», գրելով «հավանաբար, որովհետև հեռվից համալիրը զինվորների զորք է հիշեցնում»:
«Հանճարեղ» արտահայտություն է` «զինվորների զորք»: ՈՒրիշ ինչերի՞ զորք կարող է լինել: Նման անմտություն պարզապես չի կարելի գրել, ինչպես չի կարելի գրել «ջրերի ծով», «ծառերի անտառ» և այլ նման տիպի արտահայտություններ:
1980 թ. այն բառացիորեն թարգմանվել է թուրքերենից հայերեն` «Զորաց քար»:
Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Արդեն 1969 թ. հրատարակված Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» և Ստ. Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» երկու հայտնի մենագրություններում «Ղոշուն դաշի» հետ մեկտեղ արդեն բերված է «Զորաց քար» արտահայտությունը: Բառացիորեն թարգմանության առիթով արդեն խոսել ենք:
«Քարահունջ» անվանումը տվել է աստղաֆիզիկոս Է. Պարսամյանը մոտակա Քարահունջ գյուղի անվանումից և նմանություն գտնելով Անգլիայի հայտնի Սթոունհենջ հուշարձանի հետ, որի կապը հնագույն աստղագիտության հետ հաստատված է:
Իսկապես առաջինը Է. Պարսամյանն էր, որ առաջարկեց կառույցին տալ Քարահունջ անվանումը: Դա արվել է 1985 թվականին գրված փոքրիկ մի հոդվածում: Որպես հիմնավորում բերվել է անգլերեն «Սթոունհենջ» բառի և նույնանուն հուշարձանի հետ նմանությունը: Գրել միայն այդ հիմնավորումը, նշանակում է ծաղրի առարկա դարձնել կառույցի անվանման հետ կապված աստղաֆիզիկոս, ԳԱԱ թղթ. անդամ Է. Պարսամյանի այն ժամանակվա համար համարձակ և ըստ էության ճիշտ վարկածը:
Դրանում նույնպես դիտավորություն պետք է տեսնել…
Դրանից հետո` 1990-ական թվականներից մինչև 2004 թվականը, քննարկվող հուշարձանի անվանման հարցին, ինչպես նաև դրա կառուցվածքի առանձնահատկություններին նվիրված մեծածավալ ու ծանրակշիռ աշխատություններ է տպագրել ակադեմիկոս Պարիս Հերունին: Չնշել նրա անունը հուշատախտակին նշանակում է մեղանչել թե՛ գիտության, թե՛ խղճի առաջ:
Ամոթ է, պարոնայք, պարզապես անհարմար է …
Վաչագան Վահրադյանի կատարած հետազոտությունները` Մ. Վահրադյանի հետ համատեղ, պսակվեցին մի շարք սենսացիոն հայտնագործություններով, որոնք մեծ ապացուցողական ուժ հաղորդեցին մասնավորապես նաև կառույցի «Քարահունջ» անվանման վարկածին: Չնշել ստացված արդյունքները հուշատախտակների վրա, նշանակում է հետ մնալ գիտության վերջին նվաճումների լուսաբանումից, իսկ այցելուներին զրկել ճշմարտությունն իմանալու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է տեքստի վերջին մտքին` «որի կապը հնագույն աստղագիտության հետ հաստատված է», ապա տպավորությունն այնպիսին է, որ հեղինակը կամ բանից անտեղյակ է (չգիտի, որ Սթոունհենջի աստղագիտական նշանակությունը կասկածի տակ են առնում անգլիացի հնագետները), կամ ցանկանում է այցելուներին հավատացնել, որ Սթոունհենջը աստղագիտական կառույց է եղել, իսկ մեզ մոտ զորքերի հետ կապված սովորական մի գերեզմանոց, դամբարանադաշտ կամ բնակավայր: Այլ կերպ ասած, անհասկանալի, անհետաքրքիր քարերի մի կույտ:
ՈՒզում եմ հարցնել Ռալֆ Յիրիկյանին` արդյոք իր բիզնեսի գործերում է՞լ է վստահում բանից անտեղյակ մարդկանց:
Հարց եմ տալիս և մշակույթի նախարարին, թե նախարարությունն ի՞նչ չափով է մասնակցել տեղեկատվական այս տեքստը գրելուն, և ո՞վ է նախարարությունում այն պատասխանատուն, որը պարտավոր էր կարդալ այդ տեքստերը տեղադրելուց առաջ: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ապատեղեկատվության համար:
Եվ մի վերջին, առավել կարևոր հարց: Ո՞վ է պատասխան տալու մշակութային և պատմական այսպիսի խեղաթյուրումների համար, որոնք ներկա և ապագա սերունդներին զրկում են պատմական հիշողությունից և ինքնաճանաչման հնարավորությունից, որի պատճառով ազգն աստիճանաբար օտարանում է իր իսկ ստեղծած հոգևոր ու նյութական արժեքներից:
Պատմամշակութային արժեքները վերոնշյալ ձևով ներկայացնելը ազգային անվտանգության խնդիր է առաջացնում: Մեր գիտնականները (արդյոք մե՞ր) խեղաթյուրված «պատմական փաստերով և փաստարկներով» հոժարակամ թշնամուն են հրամցնում հայկական մշակութային հուշարձանները, և մեզանում ոչ ոք չի անհանգստանում կամ դիմադրում այդ ոտնձգությանը` ուղղված մեր պատմության և մշակույթի դեմ:
Խորհել է պետք…
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ