«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոստիկանության հատուկ նշանակության «սաստավը» բացառապես ընդդիմադիր բռնելու համար է ուժեղացվում

Ոստիկանության հատուկ նշանակության «սաստավը» բացառապես ընդդիմադիր բռնելու համար է ուժեղացվում
25.03.2024 | 15:42

Կիրակի երեկոյան մի տեսանյութի հրապարակմամբ հայտնի դարձավ, որ Երևանում ինչ-որ խումբ փորձել է ներխուժել ՆԳՆ Նոր Նորքի բաժանմունք։ Մի կողմ թողնելով այդ իրադարձության մանրամասներն ու տարբեր դետալները՝ մի քանի նկատառում, թե իրականում ինչքան ոչ պրոֆեսիոնալ ու պրիմիտիվ էր այս ամենը դիտվում կողքից։

Շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ եղել են 3 հոգի, որոնցից 2-ը վիրավորվել էին նռնակի պայթյունից, տեղում մնացել էր մեկ անձ, ում ձեռքին նռնակ կար։ Հիմա գլխավորի մասին, թե ինչ էր անում ոստիկանությունը տեղում։

Նախ, իմ կարծիքով, ոստիկանապետի ու քրեականի պետի կողմից անձամբ բանակցություններ վարելն արդեն խոսում է այն մասին, որ ոստիկանությունում նորմալ պրոֆեսիոնալ բանակցող չկա, ով պետք է համապատասխան մակարդակի խոսակցություններ տանելու շնորհք ունենա՝ տվյալ պահին հանցագործի հետ զրույց վարելու նպատակով։ Երկրորդ․ ոստիկանության կողմից չէին պահպանվում վնասազերծման համապատասխան կանոնները՝ չկար դիստանցիա (ոստիկանապետն ու այլ պաշտոնյաներ 1 մետր հեռավորության վրա խոսում էին, ինչը տվյալ իրավիճակում անհասկանալի էր)։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ճիշտ կլինի ու պարտադիր է պրոֆեսիոնալ բանակցող ու հոգեբան ունենալը, ոչ թե եսիմինչերի վրա միլիոններ ծախսելը։

Ամենաաբսուրդն այն էր, որ այդքան մեծ ուժերով հարձակվում են զինված հանցագործի վրա, ում ձեռքում նռնակ կա, երբ ոչ մի երաշխիք չկա, որ նա չի քաշի ձգանը, այսինքն, ևս մի ոչ պրոֆեսիոնալ պահվածք։ Ի դեպ, շատ անհասկանալի էր, երբ նման հանցագործին, ով տվյալ պահին միայնակ էր, չէին կարողանում մոտ 3 ժամ լիկվիդացնել, սա այն դեպքում, երբ չկային պատանդներ, և կարելի էր «սպեցի» համապատասխան գործողությամբ շատ արագ ամեն ինչ կարգավորել (ասեմ, որ երեկ ստեղծված դրվագը հատուկ ստորաբաժանման համար ամենից հեշտ իրականացվող աշխատանքներից էր)։

Ի դեպ, ու՞մ են պետք ոստիկանության այդքան հատուկ բաժիններն ու խմբերը, եթե նման իրավիճակում ԱԱԾ-ի տղաներն են դարձյալ գալիս առաջին պլան և իրականցնում գործողություն, և սա այն դեպքում, երբ հանցագործը միայնակ է և՝ մեկ նռնակով։ Ստացվում է, որ ոստիկանության հատուկ նշանակության «սաստավը» բացառապես ընդդիմադիր բռնելու համար է ուժեղացվում, իսկ նման իրավիճակներում փաստացի ոչինչ չի կարողանում անել։

Հիմա մի առանցքային պահ ևս․ շատ հարգելի լրագրողների գործողություններում էլ խնդիրներ կային, երբ նշվում էր, թե «սպեցնազը» եկավ, դիպուկահարներ բերեցին, նման ճգնաժամային դեպքերում օնլայն այս հարցերի մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ շատ հաճախ այդ դրվագը օգտագործվում է հանցագործների կողմից։ Այդպիսի ամենահայտնի դրվագներից է 1972 թվականի Մյունխենի օլիմպիադայի դեպքը, երբ Իսրայելի մարզիկներին պատանդ էին վերցրել արաբ ահաբեկիչները, իսկ այդ ամենը լուսաբանվում էր ուղիղ եթերում։ Այդ հեռարձակումը նայում էին նաև ահաբեկիչները, և դրա պատճառով բավական մեծ թվով պատանդներ զոհվեցին։ Ոստիկանությունը պարտավոր է լրագրողների հետ ևս համապատասխան մակարդակի աշխատանք տանել և նման դետալային հարցերը ևս պատշաճ կարգով իրականացնել, որպեսզի նման դեպքերում աշխատանքները համապատասխան ձևով լուսաբանվեն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ