Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Պատմության հետաքրքիր խաչուղի (hայ վրացական հավակնությունների, հայկական գերյալ մարզերի վերադարձի, ամերիկյան միջուկային զենքի և այն մասին, թե ինչու 1952-ին հայաստանցի ադրբեջանցիները հրաժարվեցին ցեղակիցների հետ բնակվել)

Պատմության հետաքրքիր խաչուղի (hայ վրացական հավակնությունների, հայկական գերյալ մարզերի վերադարձի, ամերիկյան միջուկային զենքի և այն մասին, թե ինչու 1952-ին հայաստանցի ադրբեջանցիները հրաժարվեցին ցեղակիցների հետ բնակվել)
20.11.2023 | 18:18

Թեպետ տեսողությունս լուրջ մտահոգություն է պատճառում, մինչ այսօր էլ սիրում եմ վերաթերթել այն գրքերը, որոնք ժամանակին ինչ-որ բան տվել են ինձ, օգնել ինձ վերհանելու այս կամ այն հիմնահարցը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների պատմությունը» մոսկովյան եռհատորյակը դրանցից է:

«Խորհրդային արտաքին սխալ քաղաքականությունն էր պատճառը, որ Թուրքիան հրաժարվեց ԽՍՀՄ-ին զգալի հողատարածքներ վերադարձնել»,- այսօր աչքովս ընկավ նրա հոդվածներից մեկում գրվածը, և վերակենդանացավ այն ամբողջ տխուր պատմությունը, որ անմիջապես առնչվում է մեր երկրին: Այդ դրվագին ես անդրադարձել եմ մի քանի առիթներով: Հիշեցնեմ՝ երկրորդ աշխարհամարտի ավարտին խորհրդային կառավարությունը փորձեց հետ ստանալ «մոսկովյան» պայմանագրով թուրքերին 25 տարով զիջած հայկական տարածքները: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանում հարմար «օթևանած» վրացական 45-րդ դիվիզիան հաղթանակի նախօրյակին շատ արագ տեղափոխվեց Բեռլինի մատույցներ, ըստ երևույթին որպեսզի Ռայխստագի վրա հաղթանակի դրոշը բարձրացնող Կանտարիան և Եգորովը շեշտեին Ստալինի՝ երկու ժողովրդին պատկանելու իրողությունը և խորհրդային բանակի հաղթանակի դափնիները վերագրեին վրացիներին ու ռուսներին:

Կուշտ հանգստացած վրացիներին Հայաստանում փոխարինեց սիբիրցիների 4 մոտոհետևակային դիվիզիա: Բեռլինի գրավումից հետո հայկական Թամանյան դիվիզիան ևս միացավ նրանց:

Պահն իրոք հարմար էր: 1945-ի մարտին Հայաստանն ու Վրաստանը Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացրին վերջնագրի տեսքով, ըստ որի Թուրքիան պարտավոր էր հետ քաշել իր զորքն ու ազգաբնակչությունը մինչև 1914 թվականի սահմաններն այն հաշվով, որ 1946-ի մարտին խորհրդային զորքերը կարողանան մտնել այդ տարածք: Սկսվեցին նախապատրաստական զորավարժությունները: Արաքսի գետանցումը անխուսափելի էր արդեն թվում:

Ստալինն այդ օրերին ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չոչեքչյանին, հուլիսին Մոլոտովը Մոսկվայում ընդունեց Թուրքիայի դեսպանին, և, որպես Թուրքիային առաջարկվող դաշինքի պայման, պահանջեց վերադարձնել Կարսի և Արդահանի շրջանները:

Հուլիսի 8-ին ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ «Ամերիկայի հայ ազգային խորհուրդը» դիմել է Սան-Ֆրանցիսկոյում սկսված ՄԱԿ-ի առաջին նստաշրջանին՝ «հասել է ժամանակը, որ թուրքական տիրապետության տակ տառապող Հայաստանի մի մասը միացվի Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը, որը հնարավորություն կտար հայրենիք վերադառնալու 1,5 միլիոն հայերի»:

Հայաստանի և Վրաստանի վերջնագիրը Թուրքիային, թող ներվի ասել, զավեշտի վերածվեց: Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար, հետագայում վարչապետ Սարաջիօղլուն բառացիորեն հետևայալ պատասխանը տվեց.

- Մենք գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է և պատրաստ ենք սկսել հետքաշման գործընթացը... սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնությունները... Լավ կլիներ, որ Խորհրդային Միությունում իրար հետ նախ լեզու գտնեին, նոր միայն բաժանեին դեռ չսպանված արջի մորթին:

Իսկ Արդահանին հավակնող Վրաստանը իր ծիծաղելի պահանջը հիմնավորում էր նրանով, որ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակներում Արդահանը վրացիները գրավել էին Հայաստանից և տիրել նրան հարյուր տարի: Մեծ զտումների տարիներին Վրաստանում իրագործած լայնածավալ բռնությունների պատճառով իրենից խիստ դժգոհ հայրենակիցներին սիրաշահելու նպատակով նրանց Արդահանը նվիրելու Ստալինի մտադրությունը թանկ նստեց Հայաստանի վրա: Հայկական այդ հողատարածքի «վրացականացնելու» վրաց գիտնականների մտավարժանքները տևեցին մի քանի ամիս, թուրքերին հնարավորություն տալով ուշքի գալ:

Եվ երբ մեծ տերությունների Բեռլինի կոնֆերանսում, 1945-ի հուլիսին Մոլոտովը հայտարարեց. «մենք գտնում ենք, որ Խորհրդային Միության սահմանը որոշ հատվածներում անարդար է: Թուրքիան Խորհրդային Հայաստնից և Խորհրդային Վրաստանից խլել է տարածքներ և հարկ է կարգավորել խլված տարածքների հարցը»- արդեն ուշ էր: Նախօրյակին Տրումենին հայտնել էին ատոմային ռումբի պատրաստ լինելու փաստը և նա ուժի դիրքից սկսեց Ստալինի հետ խոսել: Ատոմային ռումբի ահեղ գործոնը տապալեց հայոց հողերի վերադարձման թվում է լիովին հասունացած խնդիրը:

Հետագա ամիսներին խորհրդային կառավարությունը փորձեց տարածքների հարցը տեղից շարժել դիվանագիտական զանազան ճանապարհներով, թերևս ավելի թույլ լծակներով: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը նոյեմբերի

27-ին դիմեց Ստալինին, Տրումենին և Էտլիին հայկական հողերի վերադարձման պահանջավ: Հաջորդ քայլը ևս դիվանագիտական երանգ ուներ: Դեկտեմբերի 2-ին հրապարակվեց խորհրդային կառավարության հրամանը հայրենադարձության մասին և վերջապես 1946 թվականի փետրվարի 1- ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ընտրությունների իր նախընտրական ելույթով հանդես եկավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղաչ Գրիգոր Հարությունյանը: Զեկուցման սկզբում տեղեկություններ հաղորդելով «Ամերիկայի հայ ազգային խորհրդի» դիմումի մասին, սփյուռքից հայրենիք վերադառնալ ցանկացողների հսկայական չափերի հասնող դիմումների մասին, Գրիգոր Հարությունյանը եզրակացնում է՝ «Արտասահմանյան հայերի թիվը մոտ մեկ միլիոն է: Իհարկե, մենք բոլորին չենք կարող ընդունել Հայաստանի ներկայիս տարածքում: Առաջին տարիներին Հայաստանում կարող ենք ընդունել առավելագույնը 350- 400 հազար մարդ, մնացած 500- 600 հազար հայերի համար մենք հարց ենք դնում, որ Խորհրդային Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը: Հայ ժողովուրդը,-վերջացնում է Գրիգոր Հարությունյանը,- հավատացած է, որ իր արդարացի պահանջները այս անգամ արդեն կբավարարվեն»:

Չստացվեց:

Սառը պատերազմը, որ սկիզբ առավ 1946 թվականի մարտին Չերչիլի Ֆուլտոնում արտասանած ճառից, շարունակություն տվեց Տրումենի դոկտրինային, և Խորհրդային Միությունը շրջապատվեց ռազմական բազաներով:

Իհարկե, Գրիգոր Հարությունյանին խիստ հիասթափեցրին Բեռլինի կոնֆերանսի արդյունքները:

Սկսվում էր ներգաղթը:

Հանրապետությունը կանգնած էր դժվար փորձության առջև: Այս իրավիճակում Հարությունյանը փորձեց անդրադառնալ ներքին տարածքների՝ Արցախի հարցին:

Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների արխիվում պահպանվել է Ստալինին ուղղված նրա նամակի պատճենը.

«Իոսիֆ Վիսարիոնովիչ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզը, որ հարում է Հայաստանի տարածքին, 1923 թվականից մտնում է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Այդ մարզի բնակչությունը հիմնականում հայեր են: Ազգաբնակչության 153 հազարից 137 հազարը: Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսությունը համանման է Հայաստանի լեռանային մասի գյուղատնտեությանը: Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին մեծապես կնպաստեր նրա զարգացմանը և կբարելավեր տնտեսության ղեկավարումը: Ազգաբնակչության քաղաքական ու մշակութային սպասարկումը մայրենի լեզվով կզորեղանար Հայաստանի հանրապետական օրգանների ղեկավարման դեպքում: Լեռանային Ղարաբաղի միացումը Հայաստանին հնարավորություն կտար տեղական կադրերին շարունակելու բարձրագույն կրթությունը Հայաստանի բուհերում: Մյուս կողմից Հայկական ԽՍՀ-ն կարող էր ազգային կադրեր ստանալ Լեռնային Ղարաբաղի մարզից, ղարաբաղցիներն առանձնանում են իրենց գործնականությամբ և ներկայումս, բնականաբար չեն կարող լիովին օգտագործվել Ադրբեջանում: Ելնելով վերոհիշյալից և Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունից Հայաստանի Կենտկոմն ու Ժողկոմխորհը ՀամԿ/բ/ Կ կենտկոմի և միութենական կառավարության քննարկմանն են ներկայացնում Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ որպես Ղարաբաղի մարզ մտցնելու հարցը: Այս հարցի դրական լուծման դեպքում Հայաստանի կենտկոմն ու ժողկոմխորհը կառավարությանն առաջարկ կներկայացնեն Ղարաբաղի նախկին կենտրոն Շուշի քաղաքի վերականգնման մասին, որ ավերվել էր խորհրդային իշխանության հաստատումից առաջ:

Հայաստանի Կ/բ/ Կ կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյան:

«5» նոյեմբեր 1945 թ.

Ցավոք, Կրեմլը Միրջաֆար Բաղիրովին մանրամասնորեն ներկայացնում է ոչ միայն Հարությունյանի փաստարկները, այլև հուշում հակափաստարկը: Եվ երբ, այդ իրադարձությունից քիչ անց, Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսում հանդիպում է Ադրբեջանի ղեկավարին, վերջինս, հարցին վաղօրոք քաջատեղյակ մարդու ինքնավստահությամբ, ասում է.

- Ես ձեզ կօգնեմ: Հայաստանից կտանեմ 120 հազար ադրբեջանցի, իսկ դուք ընդունեք ձեր 100 հազար հայերին:

Ադրբեջանի ղեկավարը դեկտեմբերի 10-ին պատասխան զեկույցով Կրեմլին հավաստիացնում է, որ դեմ չէ Հարությունյանի առաջարկին., բայց Ղարաբաղը Հայաստանին տալու զուգընթաց Ադրբեջանը պիտի ստանա Հայաստանի Ազիզբեկովի, Վեդու, և Կարաբաղլարի շրջանները:

Սա ստալինայան ձեռագիր էր արդեն: Խարդավանքների վարպետ վրացին մի գնդակով երկու նապաստակ էր խփում: Նախ, մեջտեղից հանում էր Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու խնդիրը: Ազատ հողե՞ր եք ուզում հայրենադարձների համար, խնդրեմ, ձեր հանրապետության ներքին հնարավորություններն օգտագործեք: Դրա համար Ղարաբաղի կարիքը չկա: Մյուս կողմից էլ Հայաստանում բնակվող բանիմաց ու ջանասեր 120 հազար գյուղացի նվեր տալիս Ադրբեջանին: Պետական միջոցներո՜վ, առանց ավելորդ քաշքշուկի:

Սպասվող հայրենադարձության անհրաժեշտությունը ստիպում է Գրիգոր Հարությունյանին Ադրբեջանի ղեկավարի հետ համաձայնության գալ Հայաստանում բնակվող ադրբեջանցիների Ադրբեջանում վերաբնակեցման ծրագրին: 1947 թվականի դեկտեմբերի 3-ին Միրջաֆար Բաղիրովն ու Գրիգոր Հարությունյանը համատեղ դիմում են Ստալինին՝ «Մտքեր փոխանակելով որոշ հարցերի շուրջ, որոնք ծագել են վերջին տարիներին Ադրբեջանական ու Հայկական հանրապետություններում տեղի ունեցած տնտեսական փոփոխությունների հետևանքով, Ձեզ ենք դիմում հետևյալ առաջարկությամբ.

Մինգեչաուրի համակարգի իրագործման շնորհիվ ոռոգման ենթակա հողատարածքների ավելացումը և բամբակագործական շրջանների գոյություն ունեցող բերքատվության բարձրացման խնդիրը առաջ են մղում Ադրբեջանական ԽՍՀ-ի այդ շրջաններում բնակչության ավելացման անհրաժեշտության հարցը: Այդ հարցի իրական լուծում կարող էր լինել Հայաստանում բնակվող 180 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումն այդ շրջաններում:

Ադրբեջանական բնակչության Ադրբեջանից Հայաստան տեղափոխումով անհամեմատ կթեթևանային արտասահմանյան երկրներից հարենիք վերադարձող հայերի ընդունման ու տեղավորման պայմանները:

Ադրբեջանական բնակչության վերաբնակեցման արդյունքում ազատվող հողատարածություններն ու կացարանները կարելի կլիներ օգտագործել Հայաստան ժամանող սփյուռքահայությանը գյուղական բնակավայրերում բնակեցնելու նպատակով»:

Այսպիսով, ակնհայտ է. որ վերաբնակեցման ելակետային նպատակը Ադրբեջանի բամբակագործական շրջանների բնակչությունն ավելացնելու ցանկությունն էր, անհրաժեշտ էր այդ շրջաններում բամբակի բերքատությունն ավելացնել: Իսկ Հայաստանը լոկ նախատեսում էր ազատվող հողակտորներն օգտագործել հայրենադարձ գյուղացիների բնակեցման նպատակով:

Ադրբեջանի բամբակագործական սակավ բնակեցված շրջաններում հայաստանաբնակ ադրբեջանցիներին օգտագործելու բաղիրովյան ծրագիրը տապալվեց: Չնայած տեղափոխվողների համար հսկայական միջոցներ էին տրամադրված միութենական գանձարկղից և ծրագրված էր նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծել, ադրբեջանական իշխանությունների կազմակերպչական անճարակության պատճառով վերաբնակները հայտնվեցին ծանր պայմաններում, գումարած տեղաբնակների խտրական վերաբերմունքը եկվորների հանդեպ: Հայաստանցի ադրբեջանցիների զգալի մասը նախընտրեց ծննդավայր վերադառնալ, քան մնալ նոր բնակավայրում: Չորս տարում Հայաստանից Ադրբեջան մեկնեցին 44 հազար ադրբեջանցի, վերադարձան 9 հազարը: Գոնե այդքան է պաշտոնապես գրանցված, իրականում այդ թիվն ավելի մեծ էր: Նրանք չցանկացան ապրել անբարյացակամ ցեղակիցների հետ: Եվ երբ 1952 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի կառավարությունը դիմեց Հայաստանին ևս 3900 տնտեսություն տեղափոխելու միջնորդությաամբ, նախընթաց ողբերգությունը հաշվի առնելով, Հայաստանի իշխանությունները նպատակահարմար գտան մերժել նրանց:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6753

Մեկնաբանություններ