Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք

Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք
24.04.2016 | 12:25

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ: Երկրի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմայի շուրջ խոսելիս Սերժ Սարգսյանն ասել է.

«Այո, Հայաստանի չորս հարևաններից երկուսը մեր երկրի նկատմամբ վարում են թշնամական քաղաքականություն: Չնայած դրան՝ անկախության հռչակումից ի վեր մենք որդեգրել ենք բազմավեկտոր քաղաքականություն՝ փորձելով հարաբերություններ զարգացնել մեր բոլոր հարևանների հետ: Անգամ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք, նախաձեռնություն, որի արդյունքում աշխարհը տեսավ, թե ինչու է իրականում փակ հայ-թուրքական սահմանը, ով է նախապայման դնողն ու ինչպիսի իրական գործոն է թուրք-ադրբեջանական՝ «մեկ ազգ-երկու պետություն» բանաձևը: Իսկ ովքեր մինչ օրս լիովին չեն ընկալել այդ բանաձևի քաղաքական էությունը, ուրեմն կարևոր մի բան բաց են թողել իրենց հաշվարկներում»:

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք. մենք ոչ ոքի չենք ատում և մեր հարաբերությունները որևէ մեկի հետ թշնամանքի ու ատելության վրա չենք կառուցում: Մեր ժողովուրդը կռվել չի սիրում և կռվում է միայն այն ժամանակ, երբ իրեն պարտադրում են: Իսկ պարտադրում են այն բանի համար, որ ընդամենն ուզում է սեփական հողի վրա կառուցել սեփական ապագան և ապրել ազատության պայմաններում»,- ընդգծել է նախագահը: Նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության հարցի շուրջ: «Երեկ ես ընդունել եմ Երևանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. «Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994-ի հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ:

Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացույց արեք ագրեսորին, մատնացույց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ