Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ: «Մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովրդին ու պետությանը: Ղարաբաղի անկախության պաշտպանությունն ու հզորացումը մեր սրբազան պարտավորությունն է:
Այս օրերին հատկապես, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից, մեր ժողովրդի զավակները՝ Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության գծով, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,-ասել է վեհափառը: Նա բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի նախագահի դրսևորած օրինակելի հայրենասիրությունն ու քաջությունը։
Նախագահ Սահակյանն Արամ Ա. Կաթողիկոսին մանրամասներ է հաղորդել բոլոր ճակատներով ադրբեջանցիների անակնկալ հարձակման վերաբերյալ։ Հայտնել է, որ մեր բանակը հակադարձել է այդ հարձակումներին՝ պատճառելով մարդկային և ռազմական մեծ վնասներ: Բախումները շարունակվում են։