Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Պարզապես տխուր է

Պարզապես տխուր է
05.02.2016 | 11:30

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել «հանրային կարծիքի առաջատարների ու ֆրանսահայերի հետ»։ «Մի շարք մասնավոր հավաքներում ու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին արտակարգ դրությանը և վերահաս ժողովրդագրական ճգնաժամին, արժանապատվությամբ լիազորված քաղաքացիների ու առանց քաղբանտարկյալների իրավական Հայրենիք կառուցելու մարտահրավերներին և ընթացիկ տարում իրական նոր հանրապետություն կերտելու հրամայականին՝ վերջապես ընտրված այնպիսի վարչակազմով, որը հարգում է օրենքը, պաշտպանում քաղաքացիական իրավունքները, ապահովում պետական ինքնիշխանությունն ու անձնվիրաբար հետամտում ազգային շահին»,- փոխանցում է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը:
Փորձեցի հասկանալ, չհասկացա: Որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը հասկանալը բարդ է, նորություն չէ, որ հաճախ ոչ միայն անհասկանալի, այլև այնքան խորքային է, որ անհեթեթ է դառնում, իմ մեղքը չէ: Բայց ես չհասկացա ոչ միայն խոսքը, այլև Փարիզ հասնելու պատճառը: Փարիզ՝ ահաբեկչություններից հետո՝ Շառլի Էբդոյից Բատակլան: Փարիզ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մայրաքաղաք: Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը, որի նախագահը ապրիլին Երևանում էր, որ նորից է պատրաստվում ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ քննարկել: Երկիր, որ բոլոր հիմքերն ունի հոգնել հայերից, հայկական հարցերից, հայ իշխանավորներից, հայ ընդդիմադիրներից, որոնց տարածված հիվանդությունն է իրենց հաղթանակը օտար երկրների մայրաքաղաքներում փնտրելը: Ո՞Ւմ է հանդիպել մի շարք մասնավոր հավաքներում Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՞ր լրատվամիջոցներին է հարցազրույց տվել: Չորս օր Փարիզում է անցկացրել, որ ֆրանսիացիներին համոզի, որ Հայաստանը կործանվում է ու նրանք պիտի փրկե՞ն: Ո՞վ՝ ֆրանսիացինե՞րը, թե՞ ֆրանսահայերը: ՈՒ՝ ինչպե՞ս: Պիտի գան այստեղ իր ստացած քվեները պահեն: 2013-ը անցել է, իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը այն ժամանակ Մոսկվա գնաց, հիմա Փարի՞զ: Եթե այնքան պայծառատես էր, որ այն ժամանակ հայտարարում էր՝ առաջին ու վերջին անգամ է իր թեկնածությունը դնում նախագահական ընտրություններում, փաստորեն գիտեր, որ 2018-ին նախագահական ուղիղ ընտրություններ չեն լինելու, հիմա ո՞ւր է այդ պայծառատեսությունն ու պայծառամտությունը՝ հասկանալու, որ ֆրանսահայերը փող չեն տա: Նրանք, որ ունեն՝ իրեն չեն տա, նրանք, որ չունեն, չեն կարող տալ: Նրանք, որ ունեն իրեն չեն տա, որովհետև չեն էլ հանդիպել, հանդիպել են նրանք, որ չունեն: Եվ նրանք, որ միավորված են «Հայկական վերածննդի» հովանու տակ, փող տան՝ էլի իրեն չեն տա: Նախ, և դա իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանի դժբախտությունն է՝ Հայաստանում նրան ընկալում են սփյուռքահայ, սփյուռքում՝ Հայաստանի հայ, այսինքն՝ ոչ մի տեղ չեն ընկալում, երկրորդ՝ նրա վերամբարձ, հոգեցունց խոսքի հետևում գործ ոչ այստեղ, ոչ այնտեղ չեն տեսնում: Եվ՝ երրորդ՝ տվեցին, ի՞նչ է անելու: Նստացո՞ւյց կամ հացադո՞ւլ: Խորհրդարանական ընտրություններում մեծամասնությո՞ւն է հավաքելու: Որ ի՞նչ անի: 21 կետե՞րը իրականացնի, որ ինքն էլ երևի մոռացել է: Համախմբի ընդդիմությա՞նը: Բայց ո՞ւմ են պետք այդ կեղծ համախմբումները, երբ նպատակային համախմբումն էլ «Ազատ դեմոկրատների» հետ փաստացի չկայացավ, երբ այսօր խորհրդարանում ունի մեկ պատգամավոր, իսկ մյուսը դուրս եկավ կուսակցությունից ու խմբակցությունից, որովհետև նպատակը «Ժառանգության» անդամ լինելը չէր, այլ՝ խորհրդարանի, ու գիտեր սթափ հաշվարկել: Ի տարբերություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չէի գրի ոչինչ, մարդ է, սիրտը նեղվել է՝ Փարիզ է գնացել մի չորս օրով, հետո ի՞նչ: Ոմանց գրածս կարող է թվալ ընդդիմության ու անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Բնավ: Խնդիրը նա չէ, խնդիրը մտածողությունն է: Եթե հայությունն ու Հայաստանը կործանվում են, համայնքի տված (չտված) մի քանի հազար եվրոյո՞վ են փրկվելու, հարցազրույցներո՞վ ու հանդիպումներո՞վ: Թե՞ այս ամենն ընդամենը արժեզրկում է ընդդիմադիր լինելու իմաստը, զգետնում գաղափարը ու զավեշտի վերածում: Նրա այցից հետո քանի՞ հոգի կվերադառնա Հայաստան՝ ժողովրդագրական վիճակ փոխելու, «Հանրային կարծիքի առաջատարները» ովքե՞ր են, որ անուն չունեն: Եվ ինչո՞ւ նրանք պիտի ինձ այստեղ փրկեն իմ ներքին «արտակարգ դրության» մեջ: Ո՞րն է այդ արտակարգ դրությունը՝ ամեն «ընթացիկ տարում իրական նոր հանրապետություն կերտելու հրամայակա՞նը»: Գրողը տանի, ամեն տարի պետություն չեն կերտում: Ամեն օր հեղափոխություն չեն անում: Բայց այս ընթացքով վարկաբեկում են ընտրության էլ, հեղափոխության էլ, ինքնիշխանության էլ, ազգային շահի գաղափարն էլ: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Հաստատ՝ ոչ իշխանությունը: Փաստացի ոչ էլ նրանք, որ իրենց անկեղծ ու անբովանդակ «ընդդիմադիրոտությամբ» հոգնեցնում ու հիասթափեցնում են ամեն ինչից: Պարզապես տխուր է:

Դիտվել է՝ 1895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ