ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՀՀԿ-ն ասաց՝ Приходите завтра, или после-послезавтра!

ՀՀԿ-ն ասաց՝ Приходите завтра, или после-послезавтра!
05.02.2016 | 11:18

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստը տևել է երկու ժամից ավելի Ընտրական օրենսգիրքը քննարկելու պատճառով: Մանրամասն, շատ մանրամասն՝ տեխնիկականից մինչև ռազմավարական հարցեր, քննարկումը չի ավարտվել, որովհետև յուրաքանչյուր ՀՀԿ-ական առաջարկ ունի, վերջնական հայտարարի չեն եկել: «Սա լուրջ փաստաթուղթ է, դեռևս աշխատում ենք փաստաթղթի վրա»՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բայց երկու ժամ ու ավելի նրան լրագրողները սպասում էին՝ այլ հարցեր տալու, որոնք ևս դեռ պատասխան չունեն: «Դաշնակցության հետ համագործակցելու, կոալիցիայի հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել: Քննարկումները շարունակվում են: Կարծում եմ՝ մինչև մեկ շաբաթվա ընթացքում, մյուս շաբաթվա ավարտ, մենք կունենանք հստակություն: Այս պահին քննարկումները շարունակվում են: ԳՄ-ի ընթացքում հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել»,- ասաց ու պնդեց Էդուարդ Շարմազանովը: Իսկ հետո տվեց սքանչելի ձևակերպում՝ «Քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ»: Սովորաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են այդպես բնորոշում ԼՂՀ հարցով բանակցության ընթացքը: Կամ՝ համարյա այդպես: Պատկերացնո՞ւմ եք 2016-ի փետրվարից 2017-ի մայիս (հազիվ թե այդքան ձգեն) տևելիք համագործակցությունը ինչ մակարդակով է քննարկվում: Էդուարդ Շարմազանովը սիրալիր բացատրեց, որ քննարկումների հիմքը ոչ թե պաշտոնների բաշխումն է, այլ գաղափարների, ծրագրային դրույթների ու պատասխանատվության հստակեցումը, չասաց՝ ապագա խորհրդարանի կազմավորումը: ՈՒ քանի որ ավելի հստակ ոչինչ չուներ ասելու՝ նորից կրկնեց մինչև մյուս շաբաթվա ավարտ սպասեք, հստակեցում կլինի: Մի քիչ էլ նեղվեց, որ լրագրողները իրենք ժամկետներ են նշանակում, իրենք էլ բողոքում են, որ քննարկումը երկարում է՝ «Ո՞վ է ժամկետ սահմանել: Դուք գրում եք՝ այսօր է, լինելու վաղը, մենք նման բան չենք ասում: Իշխանություններից, Դաշնակցությունից որևէ մեկը օր, ժամ, պատարագ նշե՞լ է՝ երբ է լինելու: Կա նպատակ՝ համագործակցության եզրեր ունենալու Հայաստանի ապագա կառավարման համար, թե ինչպիսի որոշման կհանգեն երկու կուսակցությունները, պարզ կլինի առաջիկայում»: «Ամեն ինչ նորմալ է, եղեք լավատես»՝ եզրափակեց ՀՀԿ մամլո խոսնակը:
Այսինքն, համաձայնություն՝ համագործակցության տեսքով չի կայացել, այսինքն՝ բանակցությունները չեն երկարաձգվում, բանակցությունները պարզապես շարունակվում են, այսինքն՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին նորից ասաց՝ «Приходите завтра, или после-послезавтра»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մի հարց էլ է քննարկվել՝ Էդուարդ Շարմազանովը հավանական է համարում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության առաջադրումը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: «Այս պահին ես այլ թեկնածուներից տեղյակ չեմ: Վաղը կլինի խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Պարոն փոխնախարարի թեկնածության քննարկումը շատ հավանական է և նրա առաջադրումը մեր կողմից էլի հավանական է»:

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ