Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի 18-ամյա դուստրը ինքնասպանություն է գործել: Մարդու իրավունքների պաշտպանը դեպքին չի արձագանքել` թեկուզ շարքային հերթապահ հայտարարության կարգով: Ու ելնելով մինչ այս եղած արձագանքներից՝ կարելի է ասել, որ հարցը հետաքրքրում է միայն լրագրողներին:
Հայաստանում 104 ցմահ դատապարտյալ կա: Նրանցից ոմանք ժամանակ առ ժամանակ բողոքում են, բերան են կարում, հացադուլ են հայտարարում, բաց նամակներ են գրում`պատմելով ինչի համար են տարիներով նստած, և գործը, որով ազատազրկված են, շինծու է: Երկրի արդարադատության նախարարությունը, որը պետք է որ շահագրգիռ լիներ ժողովրդավարական արժեքների` դատական համակարգում տեղայնացմամբ և այդ արժեքների հիմքով բարեփոխումների իրականացմամբ, ընդհանրապես անտեսում է ցմահների հարցը:
Եվ ահա Սյուզի Քոչարյանի ինքնասպանության դեպքը առիթ է դարձել, որ Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը կրկին բարձրաձայնի «ցմահների» խնդիրների մասին` այս անգամ դիմում-առաջարկը ուղղելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Նախաձեռնությունը առաջարկում է ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ` ուսումնասիրելու համար ցմահ դատապարտյալների գործերը, որի համար հիմք են հանդիսացել մի շարք հանգամանքներ, ինչպես նաև այն, որ գործերից 35-ը քննվել է 1961թ.-ի օրենքներով, երբ դեռևս չկային ՀՀ նոր կամ լրամշակված օրենքներ: Դիմումով առաջարկվում է առանձնացնել և ուսումասիրել 18-21 տարեկանում ձերբակալվածների գործերը, քանի որ ցմահներից 17-ը ձերբակալման պահին եղել են 18-21 տարեկան,իսկ եվրոպական մի շարք երկրներում հանցանքը կատարելու պահին 21-ը չլրացած անձին օրենքով արգելվում է դատապարտել պատժի առավելագույն չափով: Այնուհետև` ուսումնասիրել պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, որն ընդհանրապես չի գործում ցմահ դատապարտյալների դեպքում, վերանայել ցմահ դատապարտվածների վիճելի գործերը. նրանց մի մասը պնդում է, որ դատական սխալների պատճառով է հայտնվել «ցմահների» շարքում, վերանայել հարազատների հետ հադիպումների-տեսակցությունների կարգը և այլն: Ցմահ դատապարտյալների համար չի գործում նաև խրախուսանքի միջոցը` ռեժիմի փոփոխման ձևով:
Այսինքն` ելնելով Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության դիմում-առաջարկից կարելի է ասել, որ Հայաստանում ցմահ դատապարտյալներն ընդհանրապես լուսանցքից այն կողմ են: Ոչ` լուսանցքում: Դրանից էլ անդին: Նրանք չկան իրավապահ մարմինների, օրենսդիրների, ՄԻՊ-ի և ընդհանրապես երկրի իշխանության համար: Այս մարդիկ, որ հիմա թվով 104-ն են, երկրի իշխանության համար, թող ներեն ինձ, մարդահաշվից դուրս են: Փաստն այն է սակայն, որ նրանք իրականում գոյություն ունեն, նրանից շատերն այնքան վատը չեն, որքան ԱԺ որոշ պատգամավորներ, նրանցից ոմանք նույնքան խելացի են, որքան որոշ նախարարներ կամ միջին կարգի չինովնիկներ, նրանցից ոմանք շատ ավելի ազնիվ են, քան որևէ մեկը` ազատության մեջ գտնվողներիցս:
ՑԴՀՔ նախաձեռնությունը պատրաստվում է օրերս հանդիպում- քննարկում կազմակերպել որոշ պաշտոնյաների մասնակցությամբ՝ հասկանալու համար, թե որտեղից է գալիս այդ տաբուն, այդ լռության «ուխտը»: Ինչ կփոխվի այդ քննարկումից կամ վերը նշված դիմում-առաջարկը համապատասխան պաշտոնյաների կողմից ընթերցվելուց հետո, պարզ չէ: Բայց պարզ է մի բան, որ իշխանության մեջ գտնվել`չի նշանակում Աստված լինել: Դատելու գործը Աստծունն է, իսկ երկրայինները, ցանկալի է, միմյանց ներեն, որպեսզի Տիրոջ ողորմածությանն արժանան: Աստված մարդուն սխալներն ուղղելու հնարավորություն է տալիս, ուրեմն ո՞վ է Աստծուց ավելին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ