Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայրենի հողի համար մղված հերոսամարտի անմոռաց էջը

Հայրենի հողի համար մղված հերոսամարտի անմոռաց էջը
02.04.2024 | 13:03

ՈՒղիղ ութ տարի առաջ այս օրը հերոսական Արցախը կրկին հայտնվել էր պատերազմի ամենակուլ բոցերի մեջ։ Հայոց բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով կենաց-մահու պայքար էր մղում գերժամանակակից զենքերով զինված թշնամու դեմ ամեն մի թիզ հողի համար։ Պահը վճռական էր ու օրհասական, սակայն մեր հայրենիքն այդ դաժան փորձությունը հաղթահարելու համար ապավինել էր իր քաջարի բանակին, որի շարքերում մաքառում էին հզորագույն այրերը։

Այդ օրերին մենք կորցրինք այդ հերոսներից շատերին, շատերն էլ վիրավորվեցին, սակայն եղած ուժերով Հայոց բանակը կարողացավ դիմակայել սպասվող արհավիրքը։

Ցավոք, մեզ պարտադրված Ապրիլյան պատերազմը եղավ նախերգանքն այն մեծ արհավիրքի, որ պիտի պայթեր Հայոց աշխարհի գլխին ու այժմ էլ դամոկլյան սրի պես կախված է մնում մեր գլխավերեւում, քանի դեռ հազարամյա ոսոխը մնում է անպատժելի ու չբավարարված՝ իր ամենօրյա չարիքներով։

Այդուհաներձ, Ապրիլյան պատերազմը մեզ համար միշտ կմնա անմոռանալի դաս առ այն, թե ինչպես կարելի է աներկյուղ կանգնել մահացու թշնամու դեմ ու ինչպես մաքառել, ինչպես պահպանել նվաճած դիրքերը, ինչպես մեռցնել դահիճներին, ու, ամենակարևորը, ինչ լեզվով խոսել հազարամյա մարդասպան ելուզակների հետ։

Կարծում եմ, ոչ ոք չի մոռացել, թե ինչ պատժի արժանացան այն ստոր մարդասպանները, ովքեր Թալիշում գազանաբար խոշտանգել ու սպանել էին անզեն, անպաշտպան, իննսուն տարվա շեմը բոլորած ամուսիններին։ Մեր քաջերի ձեռքերով փռված նրանց լեշերը դաս էին ոչ միայն թշնամու, այլ նաև հայ սերունդերի համար։ Չպետք է մոռանալ, որ թշնամու անհաշիվ լեշեր էին փռված նաև մեր սահմանների երկայնքով մեկ, նրա հարձակման ուղղություններում։ Ուրիշ պատիժ ակնկալել նման դահիճ թշնամու համար պարզապես ու այլևս հնարավոր չէ, քանզի աշխարհում չկա, չի եղել մի արդարադատ դատարան, որ կարողանա համարժեք դատաստան տալ ռազմաքաղաքական բորենիներին։ Դրա վկան նաև մերօրյա իրողություններն են, երբ պատերազմներ ցանող երկրների ղեկավարները սառնասրտորեն իրար ձեռք են սեղմում ու ժպտում ցինիկաբար։

Թշնամին այն ժամանակ համաձայնեց կանգ առնելուն կամ ռազմական գործողությունների դադարեցմանը հենց նրա համար, որ տեսավ Հայոց բանակի այդօրինակ խիզախությունը։ Նա դադար վերցրեց՝ արդեն գիտակցելով, որ միայնակ չի կարող հասնել իր ուզածին, եթե աշխարհաքաղաքական հզոր ուժեր չներգրավի իր եղկելի նպատակներին հասնելու համար։

Մենք հապաղեցինք, մենք կորցրինք մեր ուժը աններելի միամտությամբ կամ ինքնախաբեությամբ։

Ամեն դեպքում, քանի դար էլ գա ու գնա, 2016 թվականի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պատմության ու հիշողության մեջ կմնա որպես հայրենի հողի համար մղված հերոսամարտերի, մաքառման, անօրինակ սխրանքների անմոռաց էջ, առասպելական ասք ու վեպ։

Խոնարհվում եմ Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների սուրբ շիրիմների ու հիշատակի առաջ, փառավորվում այն բոլոր հերոսներով, ովքեր վերապրեցին այդ դաժան պատերազմը ու այսօր ապրում են մեր կողքին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ