Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ոհմակով մարդիկ հազար անգամ ավելի վտանգավոր են

Ոհմակով մարդիկ հազար անգամ ավելի վտանգավոր են
09.12.2023 | 16:30

Սկսվեց շների սպանդը։ Ես հաստատ գիտեի, որ սա լինելու է։ Վերջին օրերին էնքան ատելություն թափվեց, որ ուրիշ ճանապարհ չկար։ Ամեն մի լավ չմտածված գրառում, ամեն անհեռատես կարծիք, օդում անպատասխան թողնված ամեն հարց մի քայլով մոտեցրեց էս օրը։

Ոչ ոք ավելի շատ չի տուժել թափառող շներից, ինչքան շուն ունեցողը։ Եթե հարյուր շնից ընդամենը մեկն ուշադրություն կդարձնի իր կողքով անցնող մարդու վրա, հարյուր շնից հարյուրը ուշադրություն կդարձնեն իրենց կողքով անցնող շան վրա, ու հիմնականում՝ վատ ուշադրություն, որովհետև շունը նրանց համար մրցակից է՝ կարող է խլել մեծ դժվարությամբ ճարած մի կտոր հացը։

Տասը տարվա ընթացքում՝ ամեն օր, Տոմիկիս հետ զբոսանքի դուրս գալիս ես միշտ աչքի առաջ եմ ունեցել հնարավոր ընդհարումը թափառող շների հետ, ԱՄԵՆ ՕՐ։ Թե քանի անգամ են հարձակվել մեզ վրա, հաշիվը վաղուց կորցրել եմ, մի քանի անգամ ինձ կծել են՝ արյունոտ տուն եմ եկել, Տոմիկին են կծել, շորերս են պատառոտել, եղել է՝ ես ինքս եմ վրա տվել, որ պաշտպանեմ Տոմիկիս։ Մի ժամանակ գրպանումս էլեկտրաշոկեր էի պահում, որ վախեցնեի. մի երկու անգամ օգնել է՝ մոտ չեն եկել, հետո կորցրի։

Թափառող շունը նորմալ չի, թափառող շուն չպիտի լինի։ Բայց պետք է հաշվի առնել հետևյալը.

1. Շունն ընտանի կենդանի է։ Մարդն է շանն ընտելացրել ու իրենից կախման մեջ գցել։ Շունը գայլ կամ արջ չի, չի կարող անտառում ապրել, նա պիտի մարդու բնակավայրում ապրի՝ գյուղում, քաղաքում։ Ոչ ոք չի կարող հերքել էս պատմական փաստը։

2. Հետևաբար, շունը մարդու բնակավայրում ապրելու նույնքան իրավունք ունի, ինչքան՝ մարդը։ Նա հասարակության անդամ է, ու մարդն է նրան տվել էդ կարգավիճակը։ Պարզապես, օրենքը նրան ավելի քիչ է պաշտպանում, իսկ շունը հնարավորություն չունի պայքարելու իր իրավունքների համար։

3. Ոչ մի շուն սեփական կամքով փողոցում չի ապրում։ Շունը պիտի մարդու հետ ապրի ու միմիայն մարդու մեղքով է փողոցում գտնվում։

4. Փողոցում ապրող շունը պարտավոր է տանն ապրող շներից ավելի ագրեսիվ լինել, թե չէ մի օր չի ապրի։

Սրանք անհերքելի փաստեր են։ Մենք ապրում ենք մեր ստեղծած միջավայրում, ու ոչ մի շուն պատասխանատու չի դրա համար։ Թափառող շներին ստեղծողը մենք ինքներս ենք։

Արևմտյան երկրներում էդ հարցի լուծումը տասնամյակներ է տևել։ Դա բազմակողմանի մոտեցում է պահանջում։ Նախ՝ պետությունը պիտի ընդունի էդ հարցի կարևորությունը ու ոչ միայն փող տրամադրի, այլև խստիվ հետևի, որ էդ փողերը չլափեն, իսկ շներին սուր առարկաներով մորթեն։ Մի քանի տարի առաջ բացահայտված գազանությունը մենք ապահով կերպով մոռացանք, փոխանակ սատկացնեինք ոճրագործներին։ Հետո՝ լիքը կամավորներ կան, որոնք չնչին նվիրատվություններով ամբողջ կացարաններ են պահում։ Նրանց է պետք օգնել, նրանք մեծ գործ կարող են անել ու արդեն անում են։ Պետք է որդեգրման ծրագրեր գործեն, ու ամեն վայրկյան աչք մտնող այլանդակ գովազդի փոխարեն երբեմն էլ դրանք ցուցադրվեն մարդկանց։ Պետք է անպայման հաշվառեն ու գրանցեն շուն ունեցողներին, իսկ շանը փողոց նետելու համար մեծ տուգանք սահմանեն։ Պետք է պայմաններ ստեղծեն նաև տեր ունեցող շների համար, որ մարդիկ ճարահատյալ շանը դուրս չնետեն։ Պետք է անխափան գործի կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի օրենքը։ Պետք է կերակրել շներին, որ սովից ավելի ագրեսիվ չդառնան։ Շատ բան կարելի է անել։ Իսկ, որ ամենակարևորն է, պետք է մարդկանց մեջ վերաբերմունք ձևավորվի շների նկատմամբ՝ հեռուստատեսային հաղորդումներով, ֆիլմերով, սոցիալական գովազդով, օրինակով։ Եթե մայրը երեխային սաստում է՝ հես ա կասեմ՝ սունիկը քեզ կկծի, ուրեմն, պիտի հասկանա դրա հետևանքները։ Ես հազար անգամ համոզվել եմ, թե ինչքան ագրեսիվ ու անհանդուրժողական է տրամադրված մեր հասարակությունը շների նկատմամբ։

Սրանք բոլորն իրագործելի քայլեր են՝ անկախ երկրի տնտեսական վիճակից ու զարգացումից։ Բայց դրանք պետք է անել, ու դրանք ժամանակ ու համբերություն են պահանջում։ Իսկ էդ ընթացքում պետք է ընդունել փողոցում ապրող շների անխուսափելիությունը՝ ինչպես քաղաքի բազմաթիվ խնդիրներից մեկը, ու նրանց հետ կողք-կողքի ապրելու ձևեր գտնել։

Շների սպանդը հարցի լուծում չի։ Լա՜վ, դուք պատկերացնում ե՞ք իրավիճակի աբսուրդությունը։ Էն շունը, որին հիմա կրակում են, էդ դեպքից տասնյակ կիլոմետրեր հեռու է, ոչ մի կապ չունի դրա հետ, ոչնչից տեղյակ չի, ցուրտ գիշեր է անցկացրել, ուտելու մի բան է ճարել կամ չի ճարել, մի կերպ գոյատևում է իր չարքաշ կյանքով... Նա չգիտի, թե ինչի համար է փողոցում ապրում, ու ինչի համար են իրեն սպանում։ Շան ապրած ցավը ոչնչով չի տարբերվում մարդու ցավից։ Շան կյանքը մարդու կյանքից պակաս արժեքավոր չի։ Շուն սպանելը հավասար է մարդ սպանելուն։ Պարզապես, դարերով մարդ արարածի բացառիկության թույնով թունավորված, մենք չենք գիտակցում, որ դա ամենաիսկական մարդասպանություն է։ Յա՛, մեզ համեմատեցիր շան հե՞տ։ Հա՛, համեմատեցի։ Իսկ ինչո՞վ ենք մենք ավելի արժեքավոր բնության համար՝ նրանով, որ երկու ոտք պակա՞ս ունենք, թե՞, որ շներից միլիոն անգամ ավելի արագ կարող ենք ոչնչացնել աշխարհն ու իրար։ Իսկ հիմա մարդ արարածը ջղայնացել է։ Դե, տեսե՛ք, շնե՛ր, թե ինչ կանենք ձեզ հետ, որ համարձակվել եք ծնվել ու մեզ խանգարում եք։ Ոհմակով շները վտանգավոր են։ Ոհմակով մարդիկ հազար անգամ ավելի վտանգավոր են։

Իսկ ո՞վ է ձեզ ներշնչել էն առասպելը, թե քաղաքը պիտի մարդու համար ապահով վայր լինի, ու որ շներն են քաղաքն անապահով դարձնում։ Եթե ձեր երեխան մի ժամ ուշանում է, դուք շների պատճառով չի, որ անհանգստանում եք։ Իսկ Արևմտյան բարեկեցիկ երկրներում, որտեղ թափառող շներ չկան, քաղաքները դրանից ավելի ապահով չեն դարձել։ Էդ քաղաքներում ամբողջ թաղամասեր կան, որտեղ անգամ ոստիկաններն ու շտապ օգնությունն են վախենում մտնել։

Ինձ կասեք՝ բա հաշվի չես առնու՞մ էդ երեխու մոր ցավը։ Հաշվի եմ առնում, ինչպես՝ հաշվի եմ առնում հարբած վարորդների զոհ դարձած երեխաների մայրերի ցավը, անփույթ ու անգրագետ բժիշկների զոհ դարձած երեխաների մայրերի ցավը։ Մոր ցավը նույն ցավն է։ Բայց ոչ ոք դուրս չի եկել փողոց՝ գնդակահարելու բոլոր վարորդներին կամ թունավորելու բոլոր բժիշկներին։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև չեն կարող, ոչ ոք թույլ չի տա դա անել։ Իսկ շներին կարելի է ոչնչացնել, նրանք անպաշտպան են։ Էս է հարցի ամենածանր, ամենացավալի կողմը։

Մարդն ինքն է ստեղծում իր աշխարհը։ Եթե մենք ուզում ենք լինել էն հասարակությունը, որն իր իսկ մեղքի համար անպաշտպանին հալածում ու ոչնչացնում է, ուրեմն, պիտի պատրաստ լինենք ինքներս էլ նման վերաբերմունքի արժանանալու. չպիտի տրտնջանք ու բողոքենք, լացենք ու անիծենք մեր բախտը։ Որովհետև միշտ գտնվում է ավելի ուժեղը, որն ընդունում է խաղի մեր կանոնները ու սկսում է մեզ ոչնչացնել՝ որպես թույլի ու անպաշտպանի։ Ու մեզ նման էլ հիմնավորում է, արդարացնում իր արարքը։ Իսկ անարդար աշխարհը լռում է, որովհետև ընդունում է, որ դա արդար է։ Հա՛, դա արդար է։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6242

Մեկնաբանություններ