Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արհեստական ԱՆբանականություն

Արհեստական ԱՆբանականություն
20.03.2023 | 23:51

Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։

Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն իր համար հորինել է մտացածին մոլորակ, ապրում է այնտեղ՝ իրեն ուղղվող սպառնալիքներին անհաղորդ, ու եթե ոչինչ չփոխվի՝ կործանվելու է այնտեղ։

Անհավանական է, բայց՝ փաստ. Ալիևին Հայաստանից չեն պատասխանում։ Նիկոլը Արտաշատում էր, կարծես թե՝ հասկացնելով, որ մայրաքաղաքները պարտադիր չէ, որ կանգուն լինեն, իսկ ընդդիմությունն իր բազմազան ձևաչափերով չի արձագանքել։ Միակ արձագանքը ԱԳՆ պաշտոնական տեքստն էր։ Անձը, որ պետության անունից կկանգնի ու կպատասխանի մեր երկրին սպառնացող անձին, փաստորեն այսօր չկա։ Ու պարտադիր չէ, որ դա լինի իշխանական անձ։ Ստացվում է, որ մեր պետությունը կենսունակության ռեսուրսներ չունի՞։ Դա իհարկե այդպես չէ, և խնդիրները ճիշտ ձևակերպելու դեպքում, էական փոփոխության ռեսուրս կա հենց նույն հասարակության ներսում։

Շատ կարևոր է՝ ինքներս մեզ և աշխարհի համար տեսանելի դարձնել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միայն Նիկոլի իշխանությունն ու իր արբանյակները չեն։ Այս պահին կան հանրային մի քանի տասնյակ գործիչներ, որոնք փորձում են դա անել. սա առայժմ ոչ ինստիտուցիոնալ, բայց մեծ պոտենցիալ ունեցող ռեսուրս է։

Արհեստական ԱՆբանականությունից ժողովրդին դուրս հանելու գործում անգնահատելի է եկեղեցու դերը. որպես ապացույց մենք ունենք պատերազմից հետո հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, որը ուղղակի թույլ տվեց պահպանել ազգային կենսունակությունը։

Մյուս կարևորագույն ռեսուրսը նոր քաղաքական ձևաչափերն են, որոնք կարող են լինել նոր կուսակցությունների, նոր շարժումների և նոր դաշինքների ձևով։ Շատ կարևոր է հիմնական գաղափարը, որի առանցքում պետք է ձևավորվեն նոր համակարգերը։

Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ։ Բայց քանի որ տոպրակը սիրուն է, վրան մեծ տառերով գրած՝ խաղաղություն, հայ ժողովուրդը հակված է խաբվելու։

Նոր քաղաքական և հանրային ձևաչափերի խնդիրն իրական խաղաղության գաղափարն է, որտեղ փաթեթավորումը և բովանդակությունը նույնը կլինեն։

Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական, պատմական անհրաժեշտություն է իրավիճակի կայունացման և հետպատերազմյան վերականգնման հնարավորությունը։ Պիտի փորձենք հասկանալ՝ այս ճանապարհին մեր ներսում ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ խանգարողները։ Այդ իդենտիֆիկացիան կարևոր է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսակցություն տանելու և մարդկանց առողջ բանական վիճակի վերադարձնելու համար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Դիտվել է՝ 5977

Մեկնաբանություններ