ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այսօր Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է (1820 – 1901)

Այսօր Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է (1820 – 1901)
06.07.2024 | 18:02

Ղևոնդ Ալիշանը (հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ) Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ է: Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։

Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության և համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։

Ղևոնդ Ալիշանի մտքերից

* Մի ուրանար զերկիրդ և զազգդ սիրուն,

Ծառն արմատով է ծառ՝ տունն հիմամբ է տուն։

* Չկա ավելի պատվական արարած, քան մարդը, որի համար ստեղծվել է ամեն բան։

* Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք։

* Արծիվ միտքը արծվի թև ալ կուզե։

* Տիտղոսներս՝ հայ և քահանա, շքանշաններս՝ Կապաս և Գոտիս։

* Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող. այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով։

* Հավատարիմն Աստծո և իր անձին՝ հավատարիմ է և հայրենյաց։ Անհավատարիմն հայրենյաց՝ չէ հավատարիմ և իր հոգվույն և ոչ երկնից։ - Ամենեն սուրբ և ազնիվ գործ և աշխատանք երկրիս վրա՝ երկնից և հայրենյաց համար եղածներն են։

* Հայրենյաց հրեղեն հոսանքեն չհալող սիրտը՝ շատ այլանդակ այլանյութ պիտի ըլլա։

***

Խրիմյան Հայրիկի ընծան Ղևոնդ Ալիշանին

Ավետիք Իսահակյանը Վենետիկից վերադառնալով Խրիմյան Հայրիկին է փոխանցում հայր Ղևոնդ Ալիշանի ողջույնը.

– Ա՜հ, շա՛տ շնորհակալ եմ,- ասում է Հայրիկը,- ինչպե՞ս է հայր Ղեւոնդը, լա՞վ է:

– Այո՛, վեհափառ Հայրիկ,- պատասխանում է Իսահակյանը,- պատիվ ունեցա մի քանի անգամ լինելու ալեզարդ Նահապետի մոտ, որն ինձ արժան համարեց ձեզ ողջույններ բերելու: Նա հիվանդոտ է և թույլ:

– Ափսո՜ս, ափսո՜ս,- խոսքն ընդհատում է Հայրիկը,- մենք հասակակիցներ ենք, ես շատ եմ սիրում նրան, անուշ գրիչ ունի. նա շա՜տ է ազդել իմ գրչի վրա, նա ինձ շատ բան է ներշնչել:

– Նա ինքն էր ասում,- պատասխանում է Իսահակյանը,- որ Հայրիկը իրենից հարյուր օր է մեծ և ասում էր թե բերկրությամբ եմ լսում, որ Հայրիկը ձի է նստում և ժողովրդին այցի ելնում: Միշտ նախանձում էր Ձեզ, վեհափառ Հայրիկ, և ասում էր, որ Հայրիկի բանն ուրիշ է, նա առույգ է մնացել, որովհետև Մասիսի շուքի տակն է քնում, հայոց դաշտերի ծաղկաշունչ հովն է ծծում և Արաքսի ջուրն է խմում:

Հայրիկն ուրախ և սրտանց ծիծաղում է և ասում.

– Նա նախանու՞մ է ինձ. ես վաղը կկարգադրեմ, որ նրա համար Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և փոքրիկ արկղով ուղարկեն Վենետիկ:

Ցավոք, Հայրիկի Վենետիկ ուղարկած արկղը, որ պիտի տրվեր հայոց Նահապետին, հասավ հայր Ղեւոնդի վախճանից հետո միայն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9950

Մեկնաբանություններ