ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԻԲՐև ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ՏԵՍԱ ԻՆՁ ԱՆԾԱՆՈԹ ՄԻ ՏԻԵԶԵՐՔ»

«ԻԲՐև ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ՏԵՍԱ ԻՆՁ ԱՆԾԱՆՈԹ ՄԻ ՏԻԵԶԵՐՔ»
06.03.2012 | 00:00

«Հայ քնարերգությունը հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ։ Հայաստանի բուն պատմությունը իսկական դյուցազներգություն է, թաքնված գանձարան պատմագիրների համար»
Վալերի ԲՐՅՈՒՍՈՎ

Ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԸ (1873-1924 թթ.) իր գրական կյանքի երեսուն տարում հրատարակել է ութսուն գրքից ավելի` բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, պիեսներ, թարգմանություններ, քննադատական հոդվածների ժողովածուներ, գրական ուսումնասիրություններ: 1921 թ. Մոսկվայում հիմնադրել է գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը, եղել է նրա ռեկտորը, դասավանդել է մի շարք առարկաներ` ռուս և անտիկ գրականություն, տաղաչափություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն:
1915 թ. Մոսկվայի հայկական կոմիտեի առաջարկով Բրյուսովն սկսում է «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուի համար ընտրված ստեղծագործությունների թարգմանությունը կազմակերպելու, խմբագրելու և թարգմանելու աշխատանքները: Վ. Բրյուսովը թարգմանել է հայ բանաստեղծական խոսքի ավելի քան 170 ստեղծագործություն` հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի իր ապրած շրջանը:
1916 թ. Վ. Բրյուսովը մեկնում է Անդրկովկաս` անձամբ ծանոթանալու ժամանակակից հայ իրականությանը:
Վ. Բրյուսովը մինչև իր կյանքի վերջը մնաց հայ գրականության նախանձախնդիր ջատագովն ու երկրպագուն: Նա ոգեշնչված է եղել հայոց հերոսական և առաքինի պատմությամբ և, որպես բանաստեղծի ու գիտնականի հոգու կանչ, գրել է բանաստեղծությունների մի շարք` նվիրված հայ ժողովրդին, նրա քաջազուն զավակներին, նրա սրբազան հողին և սրբազան լեռանը` Արարատին։


-«Հայ պոեզիան...» ժողովածուն հրատարակվեց այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ենթարկվեց անմարդկային դաժանությունների` կոտորած, տեղահանություն, թալան, մշակութային արժեքների ոչնչացում, հայրենիքի կորուստ։ Ձեր կարծիքով, ժամանակավրեպ, կամ, ավելի հստակ, քաղաքական և բարոյական տեսակետից ուշացած չէ՞ր։
-Հայաստանը և հայ պոեզիան ռուս ընթերցողների համար չբացահայտված մի աշխարհ է` terra incognita: Ծանոթանալով Հայաստանի պատմության որոշ դրվագներին` ես ինքս ինձ համար բացահայտեցի, թե մշակութային ինչպիսի բարձր մակարդակի էր հասել հայ ժողովուրդը դեռևս հին ժամանակներում: Իբրև պատմաբան, իբրև գիտության մարդ` ես Հայաստանի պատմության մեջ տեսա մի ուրույն աշխարհ, իսկ իբրև բանաստեղծ, իբրև արվեստագետ` Հայաստանի պոեզիայում ես տեսա գեղեցկության նույնպես ուրույն մի աշխարհ, մի նոր, մինչ այդ ինձ անծանոթ մի տիեզերք: Մինչդեռ մենք ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտենք հայերի և Հայաստանի մասին: Մի՞թե պետք է համաշխարհային աղետներ կամ թուրքական ջարդերի անօրինակ արհավիրքներ և ամբողջ մի ազգի վայրագ հալածանքներ լինեն, որպեսզի մենք հիշենք և ուշադրություն դարձնենք «բազմաչարչար ժողովրդի» աղետներին: Մենք` ռուսներս, ինչպես և ամբողջ Եվրոպան, հայերին հիշում ենք միայն այն օրերին, երբ նրանք օգնության կարիք ունեն, իսկ այդ օգնությունը մահու և կենաց խնդիր է լինում` փրկել նրանց թուրք սուլթանի արյունարբու, գազազած ոհմակների կողմից ամբողջովին բնաջնջվելուց: Մինչդեռ հայերը մեր ուշադրության և աշխարհի ուշադրության ավելի մեծ իրավունքն ունեն. այդ իրավունքը նրանց տալիս են այն բարձր մշակույթը, որ ստեղծել է հայ ժողովուրդն իր գոյության երկար դարերի ընթացքում, և չափազանց հարուստ գրականությունը, որը նույնպես Հայաստանի թանկարժեք ավանդն է մարդկության ընդհանուր գանձարանում:
-Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանի պոեզիան, այլ ոչ թե պատմությունն է ներկայացվում ռուս հասարակությանը: Ի՞նչ կարող է տալ օտար ընթերցողին պոեզիան, եթե նա չգիտի մի ազգի պատմությունը, նրա անցած ուղին` ծագումը, պատմական թատերաբեմում ունեցած դերակատարությունները (ո՞ւմ է հաղթել, ումի՞ց և ի՞նչ հանգամանքներում է պարտվել), ռազմարվեստը և այլն, մանավանդ, երբ այդ ընթերցողները գերիշխող պետության կայսերապաշտական նկրտումներով առաջնորդվող մտավորականներ են:
-Պոեզիան միշտ էլ ժողովրդական ոգու հայելին է եղել: Բանաստեղծն իր անձնական ուրախությունները, թախիծն ու վիշտը երգելիս իր իսկ համար աննկատելի երգում է իր հայրենիքի մեծ ցնծությունները կամ մեծ վշտերը. արվեստագետների ստեղծագործություններում միշտ մարմնավորված են հարազատ ժողովրդի ապրումները: Հայաստանի պատմությունը քսանհինգ դարերի ընթացքում միահյուսված է աշխարհի բոլոր ժողովուրդների բախտի հետ, և այդ ազգերի պատմության հեռավոր և կենդանի արձագանքներն ապրում են հայ պոեզիայում:
Միջնադարյան հայ քնարերգությունն ունկն-դրելիս մենք լսում ենք հին դարերի արձագանքները, իսկ նոր բանաստեղծական գործերում մեր առաջ կենդանանում է ժամանակակից Հայաստանի կյանքը, մի ամբողջ ժողովրդի ուրույն և գունագեղ կյանքը: Եվ որ ավելի կարևոր է, հայ պոեզիան հենց գեղեցկության աշխարհ է, որ նա նոր գանձերով հարստացնում է պոեզիայի այն պանթեոնը, որ ամեն մի քաղաքակիրթ մարդ կերտում է իր հոգում` բոլոր ազգերի և դարերի բանաստեղծների սքանչելի կերտվածքներն այնտեղ պահելու համար:
Ամեն մի կրթված մարդ պարտադիր ծանոթ պիտի լինի հայ պոեզիային այնպես, ինչպես ծանոթ և գիտակ է հին հունական ողբերգություններին, Դանտեի «Աստվածային կատակերգությանը», Շեքսպիրի դրամաներին և համաշխարհային այլ մեծերի ստեղծագործություններին:
Հայ պոեզիան արևելյան ձևով գունագեղ է, արևմտյան ձևով` իմաստուն: Նրան խորթ չէ մարդկային հոգու կսկիծը, բայց նա զերծ է հուսահատությունից: Հայկական երգերի մեջ չկան ռուսական երգերի թախծալի երանգն ու պարզամտությունը, որոնք հյուսվել են ռուս ժողովրդի «մանկական շրջանում». հայ երգի մեջ զգացվում է հասունությունը մի ժողովրդի, որ հենց օրորոցից նետվել է աշխարհի մշակութաստեղծ ազգերի միջավայր: Հայկական երգի մեջ չկա գերմանական երգերի գռեհկությունը. հայ երգին խորթ է նաև արևելյան երգերի չափազանցված զգայնությունը. արիական արյունը փրկարար սանձ է դրել արևելյան անհարկի զգացմունքների զեղումներին: Այս ամենը թույլ է տալիս հայ ժողովրդական բանաստեղծություններն անվանել արվեստագետ ժողովրդի երգեր: «Ամեն մի հայի մեջ բանաստեղծ կա», հավաստում է հնամենի ասացվածքը, և դա ապացուցվում է երգերով:
Վերջին տարիների գրականագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ հայ պոեզիան շատ ավելի քիչ է ենթարկվել Արևելքի ուղղակի ազդեցությանը, քան ենթադրվում էր. հայերն արևելյան ժողովուրդների հետ համատեղ են ստեղծել բանաստեղծական այն ոճը, որը բնորոշ դարձավ և՛ արաբների, և՛ պարսիկների, և՛ միջնադարի հայ պոեզիայի համար:
-Պատմական դժնդակ դեպքերը` օտար բռնակալների լուծ, պետականության կորուստ, կոտորած, բռնություններ, արտագաղթ, մի ժողովրդի ճակատագրում, թերևս, բախտորոշ պետք է լինեին և ազդեին նրա մշակութային գործունեության վրա: Ընդունված է ասել, որ պետականություն չունեցող ազգերը համամարդկային արժեք ներկայացնող մշակույթ ստեղծել չեն կարող:
-Միջնադարյան հայ քնարերգությունն ստեղծվեց և զարգացավ 14-րդ դարի դժնդակ խավարի տարիներին: Հայ մշակույթի երկու կենտրոններն էլ կործանվել էին մոնղոլների հարվածներից. ծերացել էր հայ ժողովրդի անկախության վերջին պատվարը` Կիլիկիան: Լենկթեմուրին հաջորդում են թուրք բարբարոսների հորդաները: Կործանվում է Անին, քաղաքներն ու գյուղերն ավերվում են, ժողովուրդը զանգվածաբար թողնում-փախչում է երկրից: Վրա են հասնում ստրկացման ծանր դարեր, առավել ծանր, քանի որ իշխողները նենգ, բայց նրբաճաշակ բյուզանդացիները չէին, կամ պարսիկներն ու արաբները, որ գիտեին գնահատել արվեստի ընծայած պարգևներն ու բնական գիտությունները, այլ վայրենի թուրքերը, որոնց խորթ ու անհասանելի էր ամեն ինչ, բացի իրենց կույր մոլեռանդությունից: Հենց այդ դարերում էլ հայ գրականության մեջ սկսում է ծաղկել մաքուր քնարերգության նրբագեղ ծաղիկը: Ժամանակաշրջանը վերին աստիճանի աննպաստ էր գրական գործունեության համար: Այն ժամանակ, երբ Արևմուտքում թափ էր առնում Վերածնունդը, Հայաստանը պատմական դեպքերի բերումով նետված էր ժողովուրդների տեղափոխությունների ամենասև օրերը. Հայաստանում գրականությունն ու գիտությունն ստիպված էին ապաստանել և թաքնվել մեկուսացած վանքերում և մենաստաններում:
Եվ, այնուամենայնիվ, միջնադարյան հայ քնարերգությունը հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ, և այդ քնարերգությունը, որ գրեթե ոչ մի կախում չունի եվրոպական պոեզիայից, հայ ժողովրդի բարձրագույն և ամենաինքնուրույն արարումն է քերթողական արվեստում:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հայաստանում Բագրատունյաց թագավորության շրջանում կրթության միջին մակարդակը բարձր էր, կարելի է ասել, ավելի բարձր, քան այդ ժամանակի եվրոպական շատ երկրներում, և հայ գիտնականների գիտական մակարդակն ամենևին էլ ցածր չէր, քան նրանց եվրոպական գրչակիցների մակարդակը, համենայն դեպս, գիտության այն ճյուղերում, որոնք տարածված էին Հայաստանում` պատմություն, աշխարհագրություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն:
Մնում է ավելացնել, որ հայերը, պատմական ճակատագրի բոլոր վայրիվերումների հազարամյակների հոլովույթում, ստեղծել են ինքնուրույն մշակույթ, իրենց ավանդն են ներդրել գիտության մեջ և աշխարհին թողել մի հարուստ գրականություն, որ մինչև այսօր, դժբախտաբար, բավականաչափ ուսումնասիրված չէ: Հայ քնարերգությունը, երբ մեծապես հայտնի դառնա բոլորին, անկասկած, կդասվի մարդկության լավագույն արժեքների շարքը: Վերջապես, Հայաստանի բուն պատմությունը իսկական դյուցազներգություն է, իսկ պատմագիրների համար` թաքնված գանձարան, որի հարստությունները պետք է լույս աշխարհ հանել, որպեսզի փայլեն հազարավոր բազմագույն շողերով:
Սև ամպերի միջից, որ բազմիցս պատել են հայոց պատմության հորիզոնները, ահեղ ու հեղձուցիչ խավարի միջից, որ դարերով պարուրել էր հայ ժողովրդի կյանքը, հայ պոեզիայի ճառագայթները ճեղքել են հաղթականորեն և մինչև այսօր շողշողում են, և ես համոզված եմ, որ այդպիսի պոեզիան տրվելու էր մեծ ապագա ունեցող ժողովրդին և
Տիգրանի ազգը հաղթական
Հողմից, մուժից դուրս կգա հար,
Հանուն սիրո անապական
ՈՒ սխրանքի` նոր ու պայծառ…
Զրուցեց Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԸ
Հ. Գ. -Վիրտուալ զրույցի ընթացքում օգտագործվել է Վալերի Բրյուսովի «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» գիրքը (Եր., ԳԱ, 1967 թ.)։

Դիտվել է՝ 5398

Մեկնաբանություններ