ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՈՒՐ ՇՈՒՇԱՆՆԵՐ ԿԾԱՂԿԻՆ ՇԱՐԱԿԱՆԻ ԳԵՏԻՆ ՄՈՏ»

«ՈՒՐ ՇՈՒՇԱՆՆԵՐ ԿԾԱՂԿԻՆ ՇԱՐԱԿԱՆԻ ԳԵՏԻՆ ՄՈՏ»
06.12.2011 | 00:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հնագույն երաժշտության «Շարական» համույթի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ)։ Այն կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարության Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը (տնօրեն` արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մհեր Նավոյան)։
Կատարվեցին հայկական ժողովրդական և հոգևոր երգեր, ինչպես նաև արևմտաեվրոպացի կոմպոզիտորների երկեր։ Բացի այդ, առաջին անգամ հնչեցին Կոմիտասի «Գիշերերգը»` Գյոթեի խոսքերով, և Դանիել Երաժիշտի երկու ռուբայիները` Հաֆեզի խոսքերով («Աղջիկը և վարդը» և «Հանդիպում տեսիլքում»)։
Համերգը վարում էր համույթի ղեկավարը, որը նաև տեղեկություններ էր տալիս կոմպոզիտորների կյանքի և ապրած ժամանակաշրջանի մասին, թարգմանում օտարալեզու երգերի բովանդակությունը, բարբառը, բացատրում դրանց խորհուրդը, զուգահեռներ անցկացնում հայկական և արևմտաեվրոպական երկերի միջև։ Մաեստրոն ընթերցեց համերգի բնաբանը, որը քաղված էր Վ. Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունից.
«Եկեղեցին հայկական ծովուն դիմաց ալեկոծ
Նավահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին` հուր և բոց,
ՈՒ տոթակեզ ցերեկին անտառ մըն է ստվերոտ,
ՈՒր շուշաններ կծաղկին Շարականի գետին մոտ...»։
Ըստ մաեստրոյի, «շուշաններն» այն հնչյուններն ու ձայներն են, որոնք Կոմիտասը և իր հետևորդները հավելել են, որոնցով պարուրել են մեր միջնադարյան շարականները, տաղերը, ժողովրդական երգերը, որոնք ի սկզբանե միաձայն էին։ Իսկ «խաղաղ նավահանգիստ» խոսքով նա բնութագրեց Կոմիտասի երաժշտությունը։ Այն օժտված է խաղաղ, մեղմ ուժով, որն ավելի զորեղ է, քան բիրտ, ամպագոռգոռ ուժեղ աղմուկը, որն այսօր պաշարել է մեզ։
«Մերօրյա աղմկոտ երգերը,- ասաց բանախոսը,- նպատակ ունեն խլացնելու մարդու խղճի ձայնը, հոգու մեղմ երգը»։ Եվ այս աղմուկին հակադրվում է Կոմիտասի զորեղ մեղմությունը։
Բառափոխելով հայտնի ասույթը` բանախոսը շարունակեց. «Ասա` ինչ երաժշտություն ես սիրում, ասեմ` ով ես դու»։ Անդրադառնալով ժողովրդական երգերին, Դանիել Երաժիշտը հռետորական հարց տվեց և ինքն էլ պատասխանեց. «Հաճախ մտածում եմ` որտեղի՞ց այսքան երաժշտականություն Միսաք Մեծարենցի պոեզիայում, որտեղի՞ց այսքան ճաշակ Արշակ Չոպանյանի էսսեներում... որտեղի՞ց այսքան հայրենասիրություն Արփիարյանի գրվածքներում։ Լսեցե՛ք Ակնա ժողովրդական երգերը և կգտնեք պատասխանը։ Դա քնքուշ, նրբագեղ օրորներն են, որոնք ակնեցիք լսել են իրենց մայրերի շուրթերից, հարսանեկան, պանդխտության և այլ երգերը»։
Տեղեկություններ տալով տարբեր ժամանակաշրջանների մասին, Դանիել Երաժիշտը չէր շրջանցում նաև պատմական-քաղաքական հիշարժան իրադարձությունները։ Օրինակ, նա նշեց, որ հայության համար օգնություն հայթայթելու նպատակով Եվրոպա մեկնած Իսրայել Օրին (1698 թ.) հանդիպել է Ավստրիայի կայսր Լեոպոլդ Ա-ին։ Կայսրը նաև տաղանդավոր կոմպոզիտոր էր, ում գահակալության օրոք կայացել են տարբեր հեղինակների շուրջ 400 օպերային ներկայացումներ։
Դանիել Երաժիշտի զուգահեռները հաճախ անսպասելի են։ Օրինակ, անդրադառնալով Մենդելսոնի «Լսի՛ր, Տե՛ր» խմբերգին, նա համեմատեց այն Հովհաննես Սարկավագի (11-12-րդ դդ.) «Պայծառացան այսօր սուրբ եկեղեցիք» շարականի հետ, որտեղ ասվում է.
«Հեղմամբ արեան սրբոց քոց հօտապետաց
Զեկեղեցւոյ քո ցրուեալ մանկունս ժողովեա...»։
Սա համարվում է առաջին հայրենասիրական երգը հայ իրականության մեջ։ Նման գաղափար է արտահայտում Ֆելիքս Մենդելսոնի երգը. «Լսի՛ր, Տե՛ր, մի՛ ուշացրու, հավաքի՛ր քո ցրված ժողովուրդը քո հարկի տակ, ազատի՛ր մեզ մեր հին վշտերից»։ Ըստ Դանիել Երաժիշտի, այս երկու համահունչ ստեղծագործություններն արդիական են, հատկապես հայերի արտագաղթի պայմաններում։ Եվս մեկ զուգահեռ բերեց մաեստրոն. կայսր Լեոպոլդ Ա-ի «Մարիամի ողբը», ըստ էության, հարում է «Stabat Mater» երգի տեսակին, որը նկարագրում է խաչված Հիսուսի դիմաց կանգնած մոր հոգեվիճակը։
Հանրագիտարանում նշված է, որ «Stabat Mater»-ը Եվրոպայում սկզբնավորվել է 13-րդ դարի 2-րդ կեսին և ներմուծվել եկեղեցի 16-րդ դարում։ Ընդ որում, նշվում է, որ երգի խոսքերի հեղինակը անհայտ է։ Մինչդեռ այս նույն բովանդակությամբ երգը Հայաստանում գոյություն ուներ 11-12-րդ դարերից և վերագրվում է Անանուն Անեցի երգահանին։ «Շարականի» համերգային բաժինը բացվեց ավանդույթ դարձած մուտքով` երաժիշտները նվագելով, երգելով մտան բեմ` «Շմոն խեծե կապուտ քուռակ» զատկական երգով, «ավետիս» տալով ունկնդիրներին։
Այնուհետև հնչեց անհայտ հեղինակի «Վարանիմ ի մեղաց» տաղը։ Այն աղոթք է` ուղղված Մարիամ Աստվածածնին. «...Ո՜վ Տիրամայր, ցօղեա կաթիլ մի կուսական զօրեղ կենաց...»։ Այս տաղը սրտառուչ երգեց Անահիտ Պապայանը, ով մեծ փորձ ունի հոգևոր երգարվեստի բնագավառում։ Բավական է նշել, որ նա «Սուրբ Գեղարդ» եկեղեցու երգչախմբի ղեկավարն ու մեներգչուհին է։ Մտերմիկ էր ու անկեղծ նաև «Գորանի» և «Սասմա կելներ բարակ ծուխ» ժողովրդական երգերի կատարումը։
Առաջին անգամ մենք լսեցինք Կոմիտասի «Գիշերերգը» Դանիել Երաժիշտի մեկնաբանությամբ։ Նա արտասանեց Գյոթեի հիշյալ բանաստեղծության երեք թարգմանությունները` Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի և Ե. Չարենցի։ Մաեստրոն հիշատակեց Գերմանիայի այն պոետներին, ում խոսքերով Կոմիտասը հորինել է երգեր` Բեռլինում սովորելու տարիներին։ Դրանք են Թեոդոր Շտորմը, ՈՒլանդը, Յոհաննա Ամբրոսիուսը, Յուլիուս Շտուրմը, Գյոթեն, Լենաուն։ Հետաքրքրական է, որ «Գիշերերգը» Կոմիտասը հորինել է նախ Լերմոնտովի թարգմանությամբ, այնուհետև ռուսերենից վերաթարգմանել է գերմաներեն, համապատասխանեցնելով արդեն իսկ ստեղծված երգի շեշտերին։ Այս գողտրիկ երգը ներկայացվեց Դանիել Երաժիշտի գործիքավորմամբ` դաշնամուրի փոխարեն նվագակցում էր համույթը։ Ընդ որում, սկզբում երգվեց ռուսերեն տեքստը, այնուհետև, որպես 2-րդ տուն` գերմաներենը։ Արդյունքում ստացվեց մեկ ամբողջական համոզիչ կոմպոզիցիա։ Երգի բովանդակությանը համահունչ էին երգչուհի Արմինե Սեյրանյանի կատարումը և համույթի նվագակցությունը (ֆլեյտա` Նաիրա Կաժոյան, թավջութակ` Վահե Դանիելյան, հոբոյ` Ռուբեն Չաքրյան, ջութակ` Սաթենիկ Միրզոյան)։ Ա. Սեյրանյանը երգեց նաև Դանիել Երաժիշտի վերոնշյալ 2 ռուբային։ Իսկ Վահան Թեքեյանի խոսքերով Դանիել Երաժիշտի «Փափագը» և Կոմիտասի «Ախ, մարալ ջան», «Էրվում եմ» երգերը կատարեց երգչուհի Սոֆյա Թումանյանը` այնքան համոզիչ և անկաշկանդ, որ չէր զգացվում, թե դա նրա առաջին քայլերն է համերգային ասպարեզում։ Հարկ է նշել միջազգային մրցույթի դափնեկիր, ջութակահար Ֆելիքս Հարությունյանի և Ազգային կամերային նվագախմբի անդամ, ջութակահարուհի Գոհար Դանիելյանի զուգանվագը (ժողովրդական «Բաղ ու բաղչա» պարեղանակ), որն աչքի ընկավ մեղեդայնությամբ, վիրտուոզ տեխնիկայով և անսամբլային ներդաշնակությամբ (դաշնակահար` Ռուզաննա Հովսեփյան)։ Համերգի եվրոպական բաժնում համույթի երաժիշտները ցուցաբերեցին կերպարանափոխվելու իրենց կարողությունը։ Հնչեցին «Մարիամ Աստվածածնի ողբը» կայսր Լեոպոլդ Ա-ի «Փրկիչ» օրատորիայից (Ա. Պապայան), Ժ. Բեզարի «Շանսոնը» (Ա. Սեյրանյան), անգլիացի անհայտ հեղինակի «Դեզդեմոնայի երգը»` Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունից (Ս. Թումանյան) և այլ երգեր։
Համերգը եզրափակվեց Ֆ. Մենդելսոնի «Լսի՛ր, Տե՛ր» խմբերգով, որը կատարեց ամբողջ համույթը։ Ծրագրի (և առհասարակ, համույթի երկացանկի) ստեղծագործությունների մեծ մասի գործիքավորումը, հոգևոր և ժողովրդական երգերի բազմաձայնումը իրականացրել էր Դանիել Երաժիշտը` ղեկավարվելով կոմիտասյան ավանդույթներով, դրանով ստեղծելով «Շարական» համույթի անկրկնելի դիմագիծը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ. Գ. -«Շարական» համույթի համերգները եզակի են իրենց տեսակում, ունեն ոչ միայն գեղագիտական, այլև ճանաչողական նշանակություն։ Ափսոսում ես, որ նման պրոֆեսիոնալ համույթը, որն ուրախացնում է ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև օտարներին, չունի պետական կարգավիճակ, նյութական աջակցություն, նույնիսկ փորձերն անցկացվում են համույթի ղեկավարի բնակարանում։ Պարադոքս է, որ անհավատ կոմունիստների օրոք համույթն ուներ պետական կարգավիճակ, մեկնում էր հյուրախաղերի, ընդգրկվում էր կառավարական միջոցառումներում, իսկ անկախության պայմաններում, հոգեզրկության, գլոբալիզացիայի մեր օրերում համույթիը լուծարվեց, և միայն մեծ սերն ու հավատն է պահում այն։ Եվ երբ Դանիել Երաժիշտին հարցրել են, թե ինչպե՞ս են ղեկավարները «նայում» համույթին, նա պատասխանել է. «Ղեկավարները մեզ նայում են... հեռուստատեսությամբ»։

Դիտվել է՝ 3062

Մեկնաբանություններ