ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մի օր կավարտվի այս չար «ներկայացումը» (ծպտյալ ասորի)

Մի օր կավարտվի այս չար «ներկայացումը» (ծպտյալ ասորի)
17.08.2024 | 21:13

Արդյոք թու՞րք ենք մենք…

Մեր քաղաքի ասորիների փոքրիկ համայնքը դեռ երկար կհիշի այդ օրը։ Երբ Հայաստանից խումբ է գալիս իրենց պապերի երկիրը տեսնլու (հայերն ասում են` ուխտագնացության են գալիս), մենք սովորաբար մոտենում ենք, երբեմն հաջողվում է զրուցել նրանց հետ, բայց չենք համարձակվում ասել, որ ասորի ենք:
Վերջերս հայկական մի խմբի մեջ հայաստանցի մի ասորի կար:

Մենք գիտեինք, որ Հայաստանում ապրում են ասորիներ, որոնք զրկված չեն մայրենի լեզվով խոսելու իրավունքից և երջանկությունից, որ նրանք ազատ դավանում են իրենց պապերից ժառանգած կրոնը, ոչ ոք չի բռնանում նրանց ազգային ինքնությանը:

Իհարկե հայերը երջանիկ են, որ իրենց հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածի վրա պահպանել են իրենց պետականությունը: Մենք էլ մխիթարվում ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում ապրում են ազգային բարձր գիտակցությամբ և ստիպված չեն թաքցնելու իրենց ինքնությունը:
Մեր հանդիպումը հայաստանցի ասորու հետ անակնկալ էր:

Հերթական անգամ մի քանի հոգով գնացել էինք տեսնելու հայաստանցիներին: Մենք միշտ ներքին անբացատրելի համոզմամբ սպասում էինք, որ մի օր էլ ասորիներ կգան ուխտագնացության: Ասորիների մի մեծ հատված դարերով ապրել է հայերի պատմական հայրենիքում, ապրել է հայերի հետ հաշտ ու բարեկամաբար: Մեր պապերը պատմում էին, որ կոտորածի տարիներին հայերն ու ասորիներն օգնել են միմյանց ճանապարհի դաժան դժվարություններով անցնելիս:

Գյուղերը, որտեղ ապրել են ասորիները, նույնպես հարազատ են եղել նրանց հանար:

Եվ գիտեք՝ ինչու՞, որովհետև մեր պապերի և մեր կորսված մեծ հայրենիքին մոտ լինելու իրողությունը մեզ հոգեկան ուժ է տվել: Մենք մշտապես զգում ենք նաև Հայաստանում ապրող մեր եղբայրների շունչն ու ոգին, և դա մեզ դիմանալու և դիմակայելու է մղում: Մեզ դա է պահում որպես ասորի:
Որքան էլ մենք հոգեպես պատրաստ էինք հանդիպելու որևէ ասորու հետ, սակայն իրական հանդիպումը ցնցող էր:
Մենք անմիջապես ճանաչեցինք իրար, չէ՛, մենք` տեղի ասորիներս ավելի շուտ ճանաչեցինք նրան: Երևի, արյունն էր, որ խոսեց մեր մեջ:
Նա կաշկանդված ու մոլոր կանգնած էր մի կողմ:
Հայերը սովորաբար ինքնավստահ են իրենց զգում, երևի ճիշտ է, որ հայրենի հողը ուժ է տալիս: Ես երկար հետևում էի քառասունն անց այդ մարդուն: Նրա աչքերում անպատասխան մնացած հարց կար և ցավ, որ չէր կարողանում թաքցնել:
Հայերից մեկը, որը կարծես պատմաբան էր, ինչ-որ բան էր բացատրում այդ մարդուն և ցույց էր տալիս քարտեզի վրա, իսկ նա թղթի վրա ձեռքով գծած պարզունակ քարտեզի հետ էր համեմատում դա: Ես ավելի մոտեցա: Նման դեպքերում հայերը տեղանքի հետ կապված որևէ հարց են տալիս: Տեսնելով ինձ` մոտեցան: Իմ մեջ ալեկոծություն բարձրացավ. կարծես մեկն ինձ ստիպում էր ասորերեն խոսել, և ես խոսոցի ասորերեն․
- Ասորի՞ ես, եղբա՛յր, վստահ եմ, որ չեմ սխալվում։
Բոլորը զարմացան, իսկ իմ հայրենակիցը նախ ցնցվեց, ապա խոսեց կցկտուր` ասես բառերը չէր գտնում:
- Այո՛, ասորի եմ, դու ինչպե՞ս իմացար։
Հայերից մեկը կատակեց․
- Խոսրով, գուցե քեզ հետապնդու՞մ են այստեղ։
Ես անմիջապես ընդհատեցի նրան․
- Ո՛չ, Խոսրովի արյունը ձգեց ինձ․․․Ծանոթանանք, իմ անունը Իբրահիմ է, ես փոքրիկ խանութ ունեմ, առաջին անհրաժեշտության ապրանքներ եմ վաճառում և այդպես ընտանիքս եմ պահում։ Ես մանկավարժ եմ, մեր գյուղի տարրական դասարաններում ասորերեն եմ
դասավանդում մեր երեխաներին։
- Հայաստանում ասորական դպրոցնե՞ր կան։
- Այո՛, այն գյուղերում, որտեղ ապրում են ասորիները, կան տարրական դասարաններ, որտեղ ուսուցանում են ասորի երեխաների մայրենի լեզուն՝ ասորերեն։
Ինձ համար դա ցնցող տեղեկություն էր․երանի՜ ձեզ, մտածեցի ես, իսկ մենք նույնիսկ չենք համարձակվում բացահայտ ասել, որ ասորի ենք, մենք միայն մեր նեղ՝ ասորիներիս շրջանում ենք իրար ճանաչում։ Ես մեր խոսակցությունը շարունակեցի թուրքերեն, քանի որ իմ իմ ասորերենի
բառապաշարում շատ էին թուքերեն բառերն ու դարձվածքները, որոնք Խոսրովը չէր հասկանում և նա դիմում էր խմբի ղեկավարին, որ նա թարգմանի։
- Խոսրո՛վ, այդ դասագրքերը ո՞վ է ձեզ համար գրում և տպագրում,ուսումնական ծրագիրն ո՞վ է կազմում։
- Դասագրքերը տպարվում են պետության կողմից՝ Կրթության և գիտության նախարարության հսկողության տակ։Մենք ասորերենի մասնագետներ ունենք Հայաստանում, որոնք ստեղծում են դասագրքերը՝ «Այբբենարան», «Մայրենի լեզու և Քերականություն», «Գրականություն և Ասորեստանի սեղմ պատմություն»․․․

Խոսրովը պատմում էր Հայաստանում ասորական դպրոցների և դասագրքերի մասին, ես երանության մեջ էի․ ես պատկերացրի, թե ինչպես մեր երեխաներն այդ դասագրքերով ասորերեն կսովորեն:
Մինչ նա խոսում էր, ես ասես օդում ճախրող թռչուն լինեի, որի ոտքերից թել է կապված և ամեն վայրկյան կարող են քաշել և թռչունին իջեցնել ցած: Հուզված էին նաև հայերը. մեր խոսակցությունը նրանց թարգմանում էր խմբի ղեկավարը։
- Խոսրո՛վ, ես ուզում եմ այդ դասագրքերն ունենալ, իմ և հարևան ասորի երեխաներին ասորերեն սովորեցնելու համար, ինչպե՞ս կարելի ստանալ դրանք։
Խոսրովը հանկարծակիի եկավ և չկարողացավ ինձ պատասխանել: Նայեց խմբի ղեկավարի կողմը, հավանաբար սահմանն անցնելիս նրանց զգուշացրել էին, որ տեղացիների հետ բացահայտ և շատ շփումներ չունենան, հիմա ինչպե՞ս վարվի, հատկապես՝ ազգային
ինքնության բացահայտում է սա․․․
- Իբրահի՛մ,դա պարզ նվիրատվություն չի կարող լինել,այստեղ առկա է
քաղաքականություն, պետության ներքին գործերին միջամտելու փորձ։
Կարկամեցի․ չէի ցանկանա, որ ես և իմ ընտանիքը, նաև մեր քաղաքի ասորական համանքը հայտնվեն պետական «խոշորացույցի» տակ․վտանգավոր է։
Այդ պահին ուխտագնաց մի հայ կին, որ գիտեր թուրքերեն, ասաց․
- Ես կարծում եմ, կարելի գտնել գրքերի փոխանցման պարզ միջոց․Հայաստանից գալիս են առևտրականներ Ստամբուլ, եթե դուք Ստամբուլում ունեք հարազատներ կամ վստահելի ծանոթներ, տվե՛ք Խոսրովին նրանց հեռախոսահամարը, Խոսրովը գրքերը կտա այդ առևտրականին, նա էլ գրքերը կփոխանցի Ձեր բարեկամին, իսկ երկրի ներսում փոստային առաքումը պարզապես սովորական սպասարկում է։
Իմ լարվածությունն անցավ․ այդ կինը գտավ ելքը, և ես պայմանավորվեցի հայկական խմբի հետ, որ կգամ իրենց մոտ հյուրանոց և բարեկամիս հետ պայմանավորվելուց հետո կտամ նրա հեռախոսահամարը Ստամբուլում։
Երեկոյան գնացի Հյուրանոց և բակում սպասեցի խմբի վերադառնալուն։
Երբ խումբը եկավ, ես տեսա հայերի աչքերում ոգեղենություն, մի բան, որ չկար մեր աչքերում։ Ես տխրեցի և՛ մեզ համար, և՛ հայերի։ Մենք՝ասորիներս, ապրում ենք անհայրենիք ժողովրդի հոգեբանությամբ։ Մենք, որ ապրում ենք մեր բարեկամ հայերի հայրենիքում, բայց բռնակալ թուրքական պետության մեջ, որը բռնագրավել է հայերի հայրենիքը, և հայերը, որ իրենց իսկ հայրենիքում մի դար է՝ապրում են ծպտված, իսկ Հայաստանում ապող հայերը միայն վերջերս են կարողանում գալ, իրենց բառերով ասած՝ ուխտագնացության իրենց կորուսյալ հայրենիք, հոգուս ցավ էր պատճառում։

Եվ այնուամենայնիվ, զարմանալի էր մի երևույթ․ ես մի քանի տարի է՝ հետևում եմ հայերին, տեսնում եմ, թե որքան անկաշկանդ են նրանք, ասես իրենց քաղաքի փողոցներում են քայլում։ Ես սկզբում զարմացա․ համոզված էի, որ նրանք պետք է հուզվեին, արտասվեին, քայլեին շփոթված և ընկճված, բայց հայերը այնքան ինքնավստահ էին իրենց պահում, ասես նրանք իրենց պետության մեջ են։
Ես տարիներ հետո հասկացա, որ հայրենի հողը հայերին ուժ և ոգի է տալիս․մեզ՝ասորիներիս, հենց այդ ուժն ու ոգին է պակասում։
Խոսրովը մոտեցավ ինձ և հարցրեց․
- Մտահոգ ես, Իբրահի՛մ, հասկանում եմ քեզ, երևի չի հաջողվել ստամբուլցի բարեկամիդ համաձայնությունը ստանալ։
- Բարեբախտաբար կապվեցի նրա հետ, և Իրֆանը սիրով համաձայնեց ստանալ այդ գրքերն ու փոխանցել ինձ։ Սա Իրֆանի հեռախասահարն է՝ տան և իր խանութի, որտեղ նա մինչև ուշ ժամի աշխատում է․հարմար է, կարող են հենց խանութում էլ հանդիպել։

Ես իհարկե Խոսրովին ոչինչ չասացի իմ մտորումների մասին․նա եկել է, որ իր պապերի թաղամասը գտնի մեր քաղաքում, գուցե և տունը․ես չէի ուզում նրան իմ հոգեկան ապրումները փոխանցել։
- Ձեր քաղաքում որքա՞ ն ասորիներ կան:
- Մեր քաղաքում ապրում է մոտ երկու հազար ասորի, իսկ բնակիչների մեծ մասը քրդեր են և քրդախոս, ու նույնպես իսլամացած հայեր, իհարկե՝ ծպտյալ։ Մենք ներքին կարգով գիտենք՝ ով ով է:
Խոսրովը տեղեկացրեց խմբի ղեկավարին, և մենք գնացինք փնտրելու թաղամասը՝ ըստ ձեռքվով նկարած պարզունակ քարտեզի։

Մեքենայում Խոսրովը հուզված պատմում էր իր պապերի մասին, նրանց բռնագաղթի և զոհերի մասին։
Ճանապարհին ես իմացա, որ մեր հայրենակիցները Հայաստանում ապրում են ազատ ու անկաշկանդ, ունեն իրենց դպրոցն ու եկեղեցին, երեխաները մեծանում են ասորի լինելու գիտակցությամբ:

Բայց չէ՞ որ Հայաստանը նրանց համար ծննդավայր է, ոչ՝ հայրենիք, ինչպես որ մեզ համար Թուրքիան, որտեղ ճնշում են բոլոր ոչ թուրք համարվող ազգերի ինքնությունը:
Մենք հասանք քաղաքի հին թաղամասերը, որտեղ ըստ Խոսրովի քարտեզի՝ մինչև կոտորածն ու տեղահանությունը ապրել էին ասորիները: Թաղամասի տների մեծ մասը քանդել էին, նոր շենքեր կառուցել, իսկ մնացած տները բնակության պիտանի չէին։
Խոսրովը կանգնել էր մոլորված՝ փոքրիկ քարտեզը ձեռքին:

Տեսա, թե ինչպես նրա աչքերը լցվեցին արցունով, բայց նա զսպում իրեն, որ արցունքները չհոսեն աչքերից: Ես նույնպես հուզվեցի․մենք նույն հզոր ազգի զավակներն ենք, բայց մնացել ենք առանց հայրենիքի և առանց պետականության։ Հազարամյակներ գոյատևելը որևէ ազգի համար այն պարագայում, որ այդ ազգը հայրենիք է ունեցել և հարուստ մշակույթ ստեղծած պետություն, պարզապես գոյատևելը օտարի երկրում, հաճախ նաև ուրիշի հայրենիքը բռնազավթած և պետականությունը վերացրած բռնակալ մի ցեղի պետության սահմաններում, որպես իրավազուրկ մարդկային զանգված, ծանր է և անապագա․․․
Խոսրո՛վ, իմ եղբա՛յր,մենք ամեն օր ենք ապրում այդ ծանր և հոգեմաշ
զգացումներով։ Գնանք իմ ասորի ընկերոջ սրճարան, նստենք, զրուցենք, նա էլ մեզ պես մտահոգ մարդ է։ Մուրատի սրճարան միայն ասորիներն են գալիս և քրդախոս հայերը, և դա ուրախացնում է մեզ, որ ասորիները և հայերը քրդերի և թուրքերի սրճարան ու թեյարան չեն գնում, այլ օգնում են մեր ազգակցին։
Մենք նստեցինք Մուրատի սրճարանի փոքրիկ փակ սրահում, որպեսզի
տղամարդկային մեր հուզմունքը ոչ ոք չտեսնի։
- Խոսրո՛վ, մենք Թուրքիայում ապրում ենք երկակի կյանքով, ինչպես դերասանը՝ բեմի վրա և բեմից դուրս:
Ես ուզում եմ պատմել քեզ իմ երազանքների մասին, որոնք ոչ թե չիրականացան, այլ խեղվեցին։
Գուցե զարմանաս, որ մանկությունից ես սիրել եմ թատրոնը և երազում էի դերասան դառնալ․դա հեքիաթի պես մի բան է, չէ՞ որ այնքան հեշտ էր լինել թագավոր, զորավար, գիտնական, բժիշկ: Բայց Աստված ինձ դերասանի շնորհք չէր տվել, կամ գուցե միջավայրը, որտեղ ես մեծացել եմ, հեռու էր թատրոնից և բեմարվեստից: Հիմա՝ հասուն տարիքում եմ հասկացել, որ մեր համայնքը ոչ թե հեռու էր թատերական արվեստից, այլ, ինչպես ժողովուրդն է ասում, սիրտ չուներ այդպիսի անհեռանկար գործերով զբաղվելու, մանավանդ որ թատրոններում և հեռուստատեսային ներկայացումներում ակնհայտ թուրքացման քարոզչություն էր տարվում: Դա էր պատճառը, որ մեր ծնողներն արգելում էին մեզ նույնիսկ թատրոն գնալ:
Ինչու՞ է կյանքը պարտադրել մեզ` Թուրքիայում ապրող ասորիներիս, լինել «տաղանդավոր դերասան»: Խոսքս իսկական դերասան լինելու մասին չէ․ մենք ստիպված մեր ինքնությունը թաքցնողի դեր ենք խաղում, մենք թուրքի դեր ենք խաղում: Երբ ես հասկացա այս դառը ճշմարտությունը, դերասան դառնալու մանկության իմ երազանքները ճակատագրի ծաղր թվացին: Մենք դատապարտված ենք ազգովին կատարելու մեզ պարտադրված մի անտանելի դեր. այդ դերը թուրք ձևանալու դերն է…

Իսկ ամենասարսափելին գիտես՝ ի՞նչն է, այն, որ մենք մեզ վրա ենք վերցնում թյուրք սելջուկի, օսմանցի թյուրքի՝ դարերով կատարած բարբարոսությունները և այդ դաժանությունների ու բարբարոսությունների մեղքի ծանր բեռով կանգնելու ենք Աստծո և պատմության դատաստանի առաջ:

Եվ դարձյալ մի կարևոր բան․ մենք՝ ծպտված ասորիներս, հույներն ու հայերը, որ ապրում ենք հարյուր և ավելի տարի թուրքի անձնագրով, բռնի կամ սահմանադրորեն թրքացած մարդիկ ենք․ այսօր Թուրքիայում չկա շեղաչք մոնղոլոիդ թյուրք, բնակիչները եվրոպոիդ ռասային պատկանող հայեր, հույներ, ասորիներ, լազեր, զազաներ, չեչեններ, չերքեզներ են, բա ու՞ր են 500 տարի առաջ եղած սելջուկները, որոնց արյունակից եղբայրներն ապրում են Միջին Ասիայում և ռուսական Սիբիրում:

Որևէ մեկը հարցրե՞լ է էրդողանին, որը լազ է ազգությամբ, ինչու՞ նա նման չէ միջինասիացի թյուրքի։ Ա ՛յ, երբ էրդողանը կպատասխանի այդ հարցին, Թուրքիա պետության մեջ ապրող քաղաքացիները մի օրում
կվերադառնան իրենց ազգային արմատներին։
Խոսրո՛վ, եղբա՛յրս,գուցե զարմացար իմ այս մտքերից, բայց ես տարիների ընթացքում եմ հասկացել այս ամենը, սակայն իմ այս մտորումները չեմ համարձակվել որևէ մեկին պատմել։
Իբրահի՛մ, եղբա՛յրս, իմ այս տխրությամբ հանդերձ ես երջանիկ եմ, որ հանդիպեցի քեզ և իմացա, որ իմ արյունակից ասորի եղբայրները պահել ու պահպանել են մեր ազգային ինքնությունը:Անկեղծորեն ասած, ես երբեք չէի կարող պատկերացնել անգամ, որ այդ անորոշ՝ «ծպտյալ ասորի» հասկացությունն իրական ուժ ունի: Ես կզբաղվեմ այդ դասագրքերի առաքման գործով, և այդ դասագրքերը,
համոզված եմ, դառնալու են մեր ազգի վերամիավորման և մեր Հայրենիքի քաղաքական ճակատագրի բաց դուռը․․․

Մենք նախ՝ ձեռք ձեռքի տվեցինք, որպես ողջույնի և համաձայնության դրսևորում, ապա կանգնեցինք և հարյուր տարի իրար չտեսած ու նոր հանդիպած եղբայրների պես գրկախառնվեցինք․ երկուսս էլ լալիս էինք անձայն:
-Խոսրո՛վ, իմ լա՛վ եղբայր, ես համոզված եմ․Աստված ողորմած է․մի օր կավարտվի այս չար «ներկայացումը», հենց Աստվածէլ կիջեցնի այդ ծանր ու մռայլ վարագույրը, որ էլ երբե՛ք չբացվի...

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 9451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ