Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պատմության որոշ իմացական և ուսուցողական դրվագներ իրական չափորոշիչներով, ըստ ԵԳՈՐ ՍԵՐԳԻԵՎԻ «Ագռավաքար» ուսումնասիրության (հատվածներ)

Պատմության որոշ իմացական և ուսուցողական դրվագներ իրական չափորոշիչներով, ըստ ԵԳՈՐ ՍԵՐԳԻԵՎԻ «Ագռավաքար» ուսումնասիրության (հատվածներ)
04.07.2023 | 22:35

Թուրքիայում սոցիալիզմի, կոմունիստական կուսակցության գլխավոր շինարարի հետ անգորական «հեղափոխական-անկախության մարտիկները» վարվեցին միանգամայն պարզ եղանակով: 1921 թվականի հունվարի 29-ի գիշերը Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկին` Մուստաֆա Սուբխիին և նրա 14 ընկերներին նավապետն ու նավի անձնակազմը, որոնց օգնությամբ նրանք փորձում էին փախչել հետապնդումից, մորթեցին Սև ծովի ջրատարածքում, ինչը ստացավ «Տասնհինգի սպանդ» անվանումը:

Քեմալ փաշայի նշանակած «կոմունիստների նոր ղեկավարության» գլխավոր խնդիրը դարձավ արդեն փողերի կորզումը Կոմինտերնից: Երբ դա չհաջողվեց, «ազատ, անկախ և ինքնիշխան Թուրքիայում» արգելվեցին կուսակցությունը և կոմունիստական քարոզչությունը: Ահա այսպես, անատոլիական «հեղափոխականները» դեմքով դեպի «ծագող կարմիր հեղափոխությունը», «լիարժեք անկեղծությամբ» ընդունեցին իրենց պարզված «Սովետական Ռուսաստանի բարեկամական ձեռքը»:

Ինչպես վկայում են հետագա իրադարձությունները, վերոնշյալ ատյանները դրականորեն արձագանքեցին «Քարոզչության խորհրդի» բոլոր առաջարկություններին:

Անպատկառ սուտը խաղարկվեց

Մ. Պավլովիչ-Վելտմանի եռանդուն աջակցությամբ. «Հայաստանը հայտարարում է Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին»: Նման դիրքորոշումը, որը «Արևելքի ժողովուրդների համագումար» հրավիրելու գաղափարի շրջանակներից դուրս էր, իբրև թե «Համաշխարհային հեղափոխությունը» դեպի Արևելք ուղղորդելու նպատակ էր հետապնդում, վկայում է տրոցկիստ-էսեռական սիոնիստական դաշինքի խարդավանքի մասին, որը կոմունիզմի գաղափարների քարոզչության քողի տակ իրականացնում էր անգլամետ հակառուսական քաղաքականություն:

Պավլովիչը կեղծ տեղեկատվությոն տարածեց քեմալական Թուրքիայի մասին. «Համակրանքը բոլշևիկների նկատմամբ այնչափ համընդհանուր է դառնում, որ նույնիսկ ունևոր խավի ներկայացուցիչներն են անթաքույց արտահայտում իրենց հիացմունքը ռուս բոլշևիկների նկատմամբ: Ինչպես հավաստում են Անտանտի գործակալներն իրենց զեկույցներում, և ինչպես եվրոպական թղթակիցներն են գրում իրենց թերթերում, բոլոր թուրքերը, սկսած չքավորներից և վերջացրած հարուստ մարդկանցով, սկսած անգրագետ ռամիկներից և վերջացրած պրոֆեսորներով, միայն մեկ բան են երազում` բոլշևիկների գալուստը»: Թուրք բնակչության զարմանալի միասնականությունը, որը «սկսած չքավորներից և վերջացրած հարուստ մարդկանցով, սկսած անգրագետ ռամիկներից և վերջացրած պրոֆեսորներով, միայն մեկ բան են երազում` բոլշևիկների գալուստը» արտացոլված է այդ գնահատականի մեջ: Եվ այս ամենը` անգրագետ, հետամնաց, ֆեոդալական Թուրքիայի մասին:

Հետագայում Պավլովիչ-Վելտմանը շարունակեց զրպարտանքների տարածումը, որոնցում հայերին ներկայացնում էր որպես իմպերիալիստական գործակալներ, որոնք «ձեռք են բարձրացրել թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի վրա»: Այդ կերպ հայ ժողովրդի դահիճը ներկայացվում էր «իմպերիալիստ»-հայերի զոհի, իսկ ահավոր ցեղասպանության ենթարկված հայերը` զավթիչի կերպարով:

Մ. Պավլովիչն իր «Հեղափոխական Թուրքիա» գրքում գրում է. «Փոքր Ասիայում գոյություն չունեն փամփուշտի արկեր և թնդանոթի գործարաններ: Դա ազգային բանակի ռազմական կառույցի աքիլլեսյան գարշապարն է, որը մեծ կարիք ունի ոչ միայն հրետանու, այլև նույնիսկ հրացանների, գնդացիրների և դրանց արկերի: Հարկավոր է, այնուամենայնիվ, ավելացնել, որ դաշնակցական Հայաստանի դեմ հաղթական պատերազմը, Կարսի, Արդահանի և Ալեքսանդրապոլի գրավումը և հայկական բանակի ջախջախումը հնարավորություն տվեցին Քյազիմ Կարաբեքիրի զորքերին նվաճելու հսկայական ռազմական պաշարներ, հարյուրավոր հրանոթներ, գնդացիրներ, տասնյակ հազարավոր հրացաններ և բազմաթիվ արկեր ու փամփուշտներ, որոնք դաշնակցական կառավարությանը ջանասիրաբար մատակարարել էին Անտանտի դաշնակիցները` հարձակում նախապատրաստելով Կովկասում Սովետական Ռուսաստանի դեմ»:

Բացահայտ սուտ և սադրանք: Էրզրումում, Կարսում, Արդահանում և Ալեքսանդրապոլում տեղակայված էին ցարական զինվորական պահեստները, որոնք թուրքական բանակի ձեռքն անցան ռուսական բանակի շուտափույթ զորացրման մասին Տրոցկի-Բրոնշտեյնի հայտարարության արդյունքում: Իսկ Անդրկովկասյան սեյմի ղեկավարության, մասնավորապես, Չխենկելիի ձեռամբ Կարսի անառիկ ամրոցը թուրքերին դավաճանաբար հանձնելով, հայկական հողերի հաշվին, Վրաստանը Թուրքիայի հետ առևտրի արդյունքում, ձեռք բերեց Բաթումը:

Սակայն, չնայած քեմալականների դրսևորած թշնամական քաղաքականության բոլոր ախտանիշներին և փաստերին, առաջին հայացքից միանգամայն անհասկանալի պատճառներով, Սովետական Ռուսաստանն օգնում է «թուրքական հեղափոխականներին» նրանց մղած «իմպերիալիստների դեմ պայքարում»:

Այդպես, «ընդառաջելով Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի խնդրանքին, Սովետական կառավարությունը, չնայած սահմանափակ հնարավորություններին», ինչպես պարզվում է արխիվային փաստաթղթերից, որոշում է Թուրքիային անհապաղ ցուցաբերել ռազմական և ֆինանսական օգնություն:

1920 թվականի ամռանը Կովկասյան ռազմաճակատի հեղափոխական զինվորական խորհրդի անդամ Օրջոնիկիձեին տրամադրվում է 6 հազար հրացան, ավելի քան 5 մլն հրացանային փամփուշտ, 17 600 արկ` ԹԱՄԺ կառավարության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով: 1920 թվականի սեպտեմբերին Էրզրումում թուրքական կառավարության և զինվորական հրամանատարության ներկայացուցիչներին է հանձնվում 200,6 կգ ոսկի` ձուլակտորներով:

1920 թվականի նոյեմբերին, թուրքական զորքերի Հայաստան ներխուժելու և Սովետական Հայաստանի կառավարության հանդեպ Անկարայի կառավարության թշնամական վերաբերմունքի առնչությամբ, ՌՍՖՍՌ կառավարությունը ժամանակավորապես դադարեցրեց զենքի և ոսկու հանձնումը: 1920 թվականի դեկտեմբերին զենքի և ոսկու օգնությունը վերականգնվեց: 1921 թվականի հունվար-փետրվար ամիսներին Տուապսեում թուրքական առաքելության ներկայացուցչին հանձնվեց 1000 ռումբ, 1000 պայթուցիչ, 1000 պայթուցիչի լից, 1000 արմունկավոր քաշող խողովակ, 4000 նռնակային և 4000 կոտորակա-ռումբային փամփուշտ:

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում, սովետա-թուրքական պայմանագիրը կնքելիս, համաձայնություն ձեռք բերվեց Թուրքիային անհատույց ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին. 10 մլն ռուբլու չափ` ոսկով (տրոցկիստական կառավարությունը քեմալական ԹԱՄԺ-ին փոխանցեց 6,5 մլն ռուբլի ոսկով, ապրիլին` 4 մլն, մայիսին և հունիսին` 1,4 մլն, նոյեմբերին` 1,1 մլն, 1922 թ. մայիսին թուրքական կառավարությանը տրվեց ևս 3,5 մլն ռուբլի` ոսկով, ընդամենը` 10 մլն), ինչպես նաև զենքի օգնություն:

Համապատասխանաբար, 1921 թվականի ընթացքում, Սովետական կառավարությունը թուրքական կառավարությանը տրամադրեց 33 275 հրացան, 57 986 փամփուշտ, 327 գնդացիր, 54 հրետանային թնդանոթ, 129 479 արկ, 1500 թուր, 20 000 հակագազ և մեծ քանակությամբ այլ զինամթերք: Եվ դա մի այնպիսի ժամանակ, երբ 1921-1922 թվականներին բոլշևիկյան կառավարությունն ամբողջ երկրում ոսկի էր հավաքում, որ «հաց գնի Պովոլժիեի սովյալների համար»:

1921 թվականի հոկտեմբերի 3-ին Տրապիզոնում թուրքական զինվորական հրամանատարությանը հանձնվեց երկու ծովային կործանիչ` «Ժիվոյ» և «Ժուտկիյ»: Բացի այդ, սովետական մասնագետները վառոդի երկու գործարան կառուցեցին Անկարայում և փամփուշտի գործարանի սարքավորումներ հանձնեցին, հումքի հետ միասին, թեև դեռևս պատերազմ էր ընթանում Վրանգելի սպիտակգվարդիական բանակի և Լեհաստանի դեմ, իսկ Հեռավոր Արևելքն ու Սիբիրի մի մասը գրավել էին ճապոնական զավթիչները:

1922 թվականին Սովետական կառավարությունը շարունակեց զենքի և զինամթերքի մատակարարումը Թուրքիային: Իսկ այդ ժամանակ, Ազգությունների հարցերով ժողովրդական կոմիսարի 1920 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարության մեջ, Հայաստանում Սովետական իշխանության հաղթանակի մասին նշվում է. «Տառապած և բազմաչարչար Հայաստանը, որ Անտանտի և դաշնակցականների քմահաճույքով մատնված էր սովի, թալանի և հալածանքի, բոլոր «բարեկամներից» խաբված այդ Հայաստանն այժմ ձեռք է բերել իր ազատությունը` հռչակելով իրեն սովետական երկիր: Ոչ Անգլիայի` հայկական շահերի «դարավոր պաշտպանի» սուտ խոստումները, ոչ Վիլսոնի տխրահռչակ տասնչորս կետերը, ոչ Ազգությունների Լիգայի լայնածավալ խոստումները` Հայաստանի կառավարման իր «մանդատով», չկարողացան (և չէին կարող) փրկել Հայաստանը կոտորածից և ֆիզիկական ոչնչացումից: Միայն Սովետական իշխանության գաղափարը խաղաղություն և ազգային զարթոնքի հնարավորություն տվեց Հայաստանին…

Դեկտեմբերի 1-ին Սովետական Ադրբեջանը կամովին հրաժարվեց բոլոր վիճելի գավառներից և պաշտոնապես հայտարարեց Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանին զիջելու մասին: Դեկտեմբերի 1-ին Հեղկոմը ողջույններ ստացավ թուրքական հրամանատարությունից… Հայաստանի և նրան շրջապատող մուսուլմանների միջև դարավոր թշնամանքը լուծվեց մեկ հարվածով` Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխություն հաստատելու ուղիով: Թող իմանան բոլորը, ում որ հարկ է գիտենալ, որ այսպես կոչված հայկական «պրոբլեմը», որի վրա ապարդյուն գլուխ էին ջարդում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, կարողացավ լուծել միայն Սովետական իշխանությունը»:

Չընդունելով Սովետական կառավարության առաջարկած Արևմտյան Հայաստանի ազգագրական բաժանման նախագիծը, Թուրքական կառավարությունն այդպես էլ չթույլատրեց հայ փախստականների և տարագիրների մուտքը Արևմտյան Հայաստան և ոչ մի հանրաքվե չկազմակերպեց այնտեղ: Փոխարենը, Բեքիր Սամիբեյը մեկնեց Փարիզ և Լոնդոն, և Լոնդոնի կոնֆերանսում, որը հրավիրել էին Անտանտի դաշնակիցները 1921 թվականի փետրվարի երկրորդ կեսին` Սևրի պայմանագրի դրույթների վերանայման նպատակով, սկսեց քայլեր ձեռնարկել այդ պայմանագրի Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածները չեղարկելու ուղղությամբ: Ստանալով Թուրքիայի համաձայնությունը Սևրի պայմանագրի մի շարք այլ կետեր պահպանելու վերաբերյալ, Լոնդոնյան խորհրդակցության մասնակիցները (Անգլիա, Ֆրանսիա և այլն) հեշտությամբ զիջումներ կատարեցին «հայկական հարցի» խնդրում, և 1921 թվականի փետրվարի 26-ին Լոնդոնի Կոնֆերանսը որոշում կայացրեց. «Ներկայացնել պաշտոնական առաջարկություն Դաշնակիցների գերագույն խորհրդին Սևրի պայմանագրում Քրդստանի և Հայաստանի վերաբերյալ հոդվածներում հնարավոր փոփոխություններ կատարելու մասին»:

Մուդրոսի հաշտությունից հետո (1918 թ. հոկտեմբերի 30) երիտթուրքական պարագլուխներ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան և Հայոց ցեղասպանության այլ կազմակերպիչներ գերմանական սուզանավով փախան Գերմանիա և, հեռակա կարգով, մահապատժի դատապարտվեցին Կոստանդնուպոլսի զինվորական դատարանի կողմից:

1919 թվականին Էնվեր փաշան հանդիպումներ ունեցավ Գերմանիայում Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ, Լ.Դ. Տրոցկու գործակալ Կարլ Ռադեկի (Սոբելսոն) հետ, որը և մոսկովյան իշխանություններին երաշխավորեց հայ ժողովրդի դահճին` դատապարտված Կոստանդնուպոլսի զինվորական դատարանի կողմից: 1920 թվականի սկզբին Էնվեր փաշան, իր համախոհ պանթուրքիստների հետ, մեկնեց Մոսկվա, որտեղ շուրջ մեկ և կես տարի աշխատեց «Հեղափոխության հետ Իսլամի Միասնության Ընկերությունում» (ՀԻՄԸ):

1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը, տրոցկիստ Մ. Պավլովիչ-Վելտմանի առաջարկությամբ, Բաքվում հրավիրվեց Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցեց երեսուն երկրի երկու հազար պատվիրակ:

Համագումարի աշխատանքները ղեկավարում էր Գրիգորի Զինովևը (Ռադոմիսլսկի-Ապֆելբաում), որը Բաքու ժամանեց Կ. Ռադեկի և Էնվեր փաշայի հետ` նույն վագոնով: Էնվեր փաշային կայարանում ոգեշունչ վանկարկումներով դիմավորեց ազգայնամոլ մուսաֆաթականների բազմաքանակ ամբոխը, որը հանդիսավորությամբ, ձեռքերի վրա, տարավ նրան քաղաքի փողոցներով, որպես 1918 թվականին «ատելի բոլշևիկյան կոմունայից» Բաքվի ազատարարի (այդ ինտերվենցիայի ժամանակ Էնվեր փաշայի ասկյարները մորթեցին ավելի քան 10 000 բաքվեցու):

Արևելքի ժողովուրդների համագումարում, հիմնվելով «Հեղափոխության հետ Իսլամի Միասնության Ընկերության» (ՀԻՄԸ) դիրքորոշումների վրա, «շարիաթի հետ բոլշևիկյան կուսակցության գաղափարների միավորումն» անցկացնելու փորձ կատարվեց: Այդ միավորումը կոչվում էր «Շարիաթի նախագիծ» և պարունակում էր շարիաթի 15 դրույթների բացատրություն, որոնք, իբր, համապատասխանում էին կոմունիստական ուսմունքին, որը, իհարկե, չէր համընկնում բոլշևիկների քարոզած աթեիստական գաղափարախոսությանը: Արդյունքում, պաշտոնական մակարդակով բարեհաջող մոռացվեց այդ «միասնության» մասին, թեև մուսուլմանական առանձին հանրապետություններում պանթուրքիզմի գաղափարախոսության հենքի վրա պահպանվեցին որոշ մնացուկային երևույթներ:

Մոսկովյան իշխանությունները որոշեցին օգտագործել Էնվեր փաշային Միջին Ասիայում և Կովկասում «հեղափոխական տրամադրություններ» տարածելու նպատակով, գտնելով, որ տեղի բնակչության շրջանում Էնվեր փաշայի պանթուրքական գաղափարների ժողովրդականությունը կօգնի Խորհրդային իշխանությանը Թուրքեստանում բասմաչների դեմ պայքարում, որտեղ և նա ուղարկվեց 1921 թվականի նոյեմբերին: Սակայն տեղ հասնելուն պես Էնվեր փաշան անմիջապես միացավ բասմաչական շարժման պայքարին` ընդդեմ խորհրդային իշխանության:

(Իսմայիլ Էնվեր փաշա (1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1926, Բուխարայի ժողովրդական խորհրդային հանրապետություն, ԽՍՀՄ), Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որն ավարտվել է կատարյալ անհաջողությամբ (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։ Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։ 1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ Հակոբ Մելքումյանի կողմից);

1923 թվականի փետրվարին Էնվեր փաշայի ղեկավարած բասմաչական զինված միավորումները գրավեցին Դուշանբեն, այնուհետև կազմակերպվեց արշավ դեպի Բուխարա: Կարճ ժամկետում նրանք կարողացան գործնականում գրավել Արևելյան Բուխարայի ամբողջ տարածքը և էմիրաթի արևմտյան հատվածի զգալի մասը: Սովետական ներկայացուցիչները բազմիցս հաշտություն առաջարկեցին Էնվեր փաշային և Արևելյան Բուխարայում նրա իշխանության ճանաչումը, սակայն նա անհանդուրժողական դիրք գրավեց և պահանջեց դուրս բերել սովետական զորքերը ամբողջ Թուրքեստանից: 1922 թվականի մայիսին Կարմիր բանակն անցավ հակահարձակման` զորքեր ուղարկելով Ամուդարյա, Փյանջ և Վախշ գետերով:

1922 թվականի օգոստոսի 4-ին, հետապնդվելով Կարմիր Բանակի կողմից, Էնվեր փաշան սպանվեց մարտի ընթացքում: Դիվիզիոնի հրամանատարի զեկույցից` 13-րդ կորպուսի շտաբ.

«Նախազգուշական անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելով` դիվիզիոնը շարժվեց հանձնարարված ուղղությամբ: Ղշլաղից ոչ հեռու, որտեղ տեղակայված էր հակառակորդի շտաբը, իմ կողմից առանձնացվեց մեկ հեծելավաշտ և ուղարկվեց թիկունք, որպեսզի հակառակորդի նահանջի դեպքում փակի նրանց ճանապարհը: Առավոտյան ժամը հինգին դիվիզիոնն անցավ հարձակման, սակայն հակառակորդը ցուցաբերեց զինված դիմադրություն: Մեր գնդացրային կրակի շնորհիվ հակառակորդը լքեց դիրքերը և դիմեց անկանոն փախուստի: Բասմաչների շտաբը, Էնվեր փաշայի գլխավորությամբ, նետվեց սարերի կողմը, սակայն հանդիպելով թիկունք ուղարկված հեծելավաշտին, մտավ մարտի մեջ: Մարտի արդյունքում շտաբը գլխովին ոչնչացվեց: Ընդամենը երեք հոգու հաջողվեց փրկվել: Մարտադաշտում թողեցին 28 դիակ: Նրանց մեջ ճանաչվել է նաև Էնվեր փաշան: Սրի հարվածը թռցրել էր նրա գլուխը և իրանի մի մասը: Նրա կողքին գտել են Ղուրան»:

(Հակոբ Արշակի Մելքումյան ( Мелькумов Яков Аркадьевич, հունվարի 12, 1885, Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, հուլիսի 3, 1962, Մոսկվա),

Մասնակցել է Առաջին աշխարհամարտին որպես գնդացրային անձակազմի հրամանատար։ 1918 թվականի ամռանից եղել է 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա, 1919 թվականի վերջերից՝ 1-ին Թուրքեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թվականին նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1935 թվականին ստացել է կոմդիվի (դիվիզիայի հրամանատարի) կոչում։ 1937 թվականի հունիսին ձերբակալվել է։ 1940 թվականի ապրիլին «ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից։ ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ՝ պատիժը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմանբ։ 1954 թվականին ազատ է արձակվել և արդարացվել: Մահացել է 1962 թվականին՝ Մոսկվայում)։

Էնվեր փաշայի գերեզմանը մինչև քսաներորդ դարի երեսնական թվականների կեսերը սրբավայր էր մուսուլման բնակչության համար, հետո սովետական իշխանությունները քանդեցին գերեզմանաթումբը, բայց տեղի բնակչությունը շարունակեց այցելել գերեզմանին: ԽՍՀՄ գերեզմանափոր Գորբաչովի հռչակած «վերակառուցմանը» և «պլյուրալիզմին» համապատասխան, 1996 թվականի օգոստոսի 4-ին, տաջիկ քաղաքական և պետական գործիչ Իզաթուլլո Խայոևը Էնվեր փաշայի աճյունը հանդիսավորությամբ հանձնեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին:

Նման փաստերը վկայում են պանթուրքիզմի գաղափարների տարածման մասին ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից (XXI դար) պայմաններում, նաև թուրքական հակասովետական և հակառուսական ազդեցության գործոնի` նախկին խորհրդային մուսուլմանական հանրապետությունների վարած քաղաքականության մեջ: ՈՒշագրավ է այն փաստը, որ Էնվեր փաշայի աճյունի հանձնումը Թուրքիայի նախագահին, այնուհետև` հուղարկավորությունը Ստամբուլում, արտացոլում է ինչպես բուն Թուրքիայի ղեկավարության, այնպես էլ հետխորհրդային տարածքի մուսուլմանական պետական կառույցների վերնախավի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Հ.Գ.

Յուրաքանչյուր էնվերի համար կա իր ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5554

Մեկնաբանություններ