Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Նարեկը» հայ մարդուն հազար տարով պահեց քրիստոնյա, Շիրազի «Հայոց դանթեականը» հազար տարով կպահի հայ» Ավ․ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Նարեկը» հայ մարդուն հազար տարով պահեց քրիստոնյա, Շիրազի «Հայոց դանթեականը» հազար տարով կպահի հայ»  Ավ․ ԻՍԱՀԱԿՅԱՆ
27.04.2023 | 22:40

Շիրազը հրաբխային էություն էր, ժողովրդի մտածողությունը բյուրեղացնող հանճար։ Նա գրականություն մտավ այն ժամանակ, երբ խորհրդային ղեկավարները սպանում կամ աքսորում էին մեր գրականության մեծերին՝ Չարենցին, Բակունցին, Մահարուն, Վահան Թոթովենցին․․․․ Մյուսներին էլ պարտադրում էին կեղծ թեմաներ, կաղապարներ։

Պոեզիան վերածվել էր թևերը կտրած թռչունի։

Եվ այս մթնոլորտում շռնդալից հայտնվեց Շիրազը՝ գարնանաբույր բանաստեղծություններով։ Նա եկել էր մարդկային իրական ապրումները երգելու, վախը մարդկանց սրտերից հանելու, հային ազգային հիմքերին վերադարձնելու։

Շիրազը սկզբնավորեց ազգային ինքնագիտակցության վերածնունդը խորհրդային շրջանում։ Նա համարձակվեց խոսել, ավելի ճիշտ՝ աղաղակել եղեռնի ցավի ու Արարատի, Արցախի, Նախիջևանի վերադարձի երազանքի մասին։

Բավ է, հայեր, ցրված մնաք,

Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի․․․

Կարելի է ասել, որ նա դարձավ Արցախյան ազատամարտի գաղափարական առաջնորդը՝ 1959 թ․ գրելով «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը։

Շիրազը անկեղծ, անմիջական, անկաշառ բնավորության և բանաստեղծական հանճարի շնորհիվ դարձել էր ժողովրդի պաշտամունքը, խիղճը։ Սփյուռքահայերը Հայաստան այցելելիս ամեն ինչ անում էին նրան տեսնելու համար, նույնիսկ շորերն էին համբուրում նրան տեսնելիս։

Թե ուզում ես անմահ մնալ,

ժողովրդիդ սիրտը դարձիր...

Շիրազը կարծես «Սասնա ծռեր» էպոսի հերոսներից մեկը լիներ՝ նույնքան խենթ, անկանխատեսելի, շիտակ, նվիրված։

Նա մարդ-պետություն էր պետության մեջ (գրականագետ Սամվել Մուրադյանի բնորոշումն է), որի հրամանին էր սպասում ողջ հայությունը։

Շիրազը հեղաշրջում մտցրեց մարդկանց մտածողության մեջ։ Նրա «Հայոց անունները» երգիծական բանաստեղծությունը փոխեց մարդկանց վերաբերմունքը, սկսեցին հայկական անուններ դնել երեխաներին, նպաստեց, որ փոխեն գյուղերի ոչ հայկական անունները։

Շիրազ բանաստեղծը բնության տարերքի է նման։ Նրա ստեղծագործությունները լի են բնության անձնավորման անսպասելի գյուտերով, երևակայության թռիչքներով, փիլիսոփայական ընդհանրացումներով։

Արարատ լեռն առանձնահատուկ խորհրդանիշ է, որին անդրադարձել են գրեթե բոլոր հայ բանաստեղծներն ու գրողները։ Սակայն ոչ ոք լեռանն այնքան տող չի ձոնել, որքան Շիրազը։ Ժամանակակիցները հիշում են նրա նվիրական արտահայտությունը, որը բանաստեղծը կրկնում էր, երբ խոսք էր գնում այլ ժողովուրդների ձեռքբերումների մասին. «Բոլոր ազգերը թող հասնին լուսնին, միայն թէ ՀԱՅը հասնի Արարատն ու Մասիս»։

Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորստի թեման, հիրավի, պոետի «ցավոտ տեղն» էր։

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ հանգչում են գիտության և մշակույթի ականավոր հայ գործիչները, միայն Հովհաննես Շիրազի գերեզմանին է, որ շիրմաքար չկա։ Գերեզմանը պատված է խոտով, այն երիզում է սպիտակ մարմարից պատրաստված շրջանակը, կանգնեցված է պոետի կիսանդրին։

Շիրմաքարի համար, սակայն, բանաստեղծն անձամբ է խնդրել իր ավագ որդուն` Արային։

«Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի...», – ասել է Շիրազը որդուն։

Բանաստեղծը մահացել է 1984 թվականի մարտի 24-ին։ Որդին կատարել է հոր խնդրանքը։

Իսկ հիշողությունը բանաստեղծի մասին դեռ կենդանի է։ Գյումրիում գործում է Շիրազի թանգարանը, որտեղ հավաքված են նրա լուսանկարները, փաստաթղթերը, անձնական իրերն ու գրքերը՝ 58 լեզվով։

Շիրազի անունով Հայաստանում փողոցներ են անվանակոչվում։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրվում, թուրքահայ երգչուհի Սիբիլ Բեկտորոսօղլուն 2011 թվականին կատարել է «Նամակ» երգը, որում կան բանաստեղծի հայտնի տողերը` «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Իսկ 2005 թվականին կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանը ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Հովհաննես Շիրազ»։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5234

Մեկնաբանություններ