ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մի քանի գույն «Հայկական համայնապատկերի» ներկապնակից (տեսանյութ)

Մի քանի գույն «Հայկական համայնապատկերի» ներկապնակից (տեսանյութ)
09.07.2012 | 17:10

Մեկնարկեց շատերիս համար սպասելի և սիրելի «Ոսկե ծիրանը», և կազմակերպիչների, ու ոչ միայն նրանց, ուշադրության կիզակետում է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի բազմազան խճանկարով:

Ֆիլմերի նախնական ցուցադրությունը լրագրողների համար և փառատոնի օրերին կազմակերպվող մամուլի ասուլիսները հնարավոր դարձրին հաղորդակցությունը ֆիլմերի ասելիքի, ստեղծագործական պատմության, հեղինակների ու նրանց աջակցողների հետ:
Այն պատկերը, որ այսօր ունենք «Հայկական համայնապատկերում», ավելին ակնկալելու մղումներից զերծ չի թողնում մեզ բոլորիս, բայց և չի կարելի չարձանագրել այն ուրախացնող փաստը, որ հայկական կինոն անդառնալիորեն բռնել է լինելու ճանապարհը:
Ի՞նչ են պատմում մեզ այդ ֆիլմերը, ի՞նչ հարցեր են հուզում դրանց` երեկվա, այսօրվա, վաղվա իրականությամբ ապրող հայաստանցի ու սփյուռքահայ հեղինակներին, ի՞նչ հանգրվանի կբերեն այդ կինոգործունեության արդյունքները հայ կինոն` մեծ հաշվով… Հարցեր, որոնց պատասխանները յուրաքանչյուր ֆիլմի դեպքում տարբեր են, ոչ լիովին որոշակի ու երբեմն` շատ անորոշ: Եվ քանի որ տարբերություններն ակնհայտ են ու անխուսափելի, ուստի անդրադարձը դրանց, դրանցից ստացած տպավորությունները, անկարելի է զետեղել մի ընդհանուր զամբյուղում ու մատուցել որպես մեկ ամբողջական կարծիք-միասնություն:
ՈՒստի փորձենք խոսել դրանցից մի քանիսի մասին` պատառիկ առ պատառիկ` որպես ընդհանուր հայ կինոծառից վեր խոյացող նորելուկ ընձյուղների, որոնցից մի քանիսը, իսկապես, հիմք են տալիս լավատեսության:

«Հայկական հացը» (ռեժ.` Արմեն Գասպարյան)

Այս ֆիլմը պատահաբար չընտրեցի` որպես առաջինը «Հայկական համայնապատկերի» ներկապնակում: Մի ֆիլմ, որը դիտել և որի մասին խոսել առանց մեծ հուզականության չի կարող որևէ հայ մարդ: Վերնագիրը թե՛ հայ, թե՛ արտասահմանցի հանդիսատեսին հուշում է, որ այն պիտի պատմի մեր լավաշի մասին, բայց որքա՜ն անսպասելի ու համոզիչ է, որ հայկական հացի խորհրդանիշը հեղինակը գտել է հայկական տուֆ քարի մեջ (քարից հաց քամող ժողովուրդ ենք): Ֆիլմի հերոսուհին 89-ամյա Արուսյակ տատն է` մշեցու աղջիկ, որի տեսակը քիչ-քիչ մահանում է մեզանում: Ինքը` հերոսուհին` ֆիլմը չի տեսել, որովհետև մահացել է նկարահանումներից երկու ամիս անց: Բայց փոխարենը նրան տեսել են աշխարհի շատ երկրներում: Տեսել են, զարմացել, սիրել, հասկացել:

Ֆիլմի նկարահանումները տևել են երկար, հենց այն պատճառով, որ ֆիլմի հերոսուհուն են փնտրել երկար ժամանակ: Փնտրել ու գտել են Արագածոտնի շրջանի Դաշտադեմ գյուղում: «Մեզ երկար ժամանակ պետք եղավ, որպեսզի պատրաստենք նրան ֆիլմում նկարահանվելուն: Ոչ թե համոզել ենք, այլ պատրաստել, որովհետև մեր հերոսուհին բարդ մարդ էր, մաքուր մշեցի, մինչև վերջ էլ խոսում էր մշեցու բարբառով: Այդպիսի մարդիկ քիչ կան, և նրանց նկատմամբ հատուկ մոտեցում է պահանջվում: Միանգամից նստեցնել նրանց ու ցինիկաբար նկարել հնարավոր չէ: Դա վավերագրական կինոյի էսթետիկայի մեջ չի մտնում: Ես սովետական դպրոց եմ անցել, գուցե դրա համար եմ այսպես մտածում»,- ասում է ռեժիսորը:
Արմեն Գասպարյանն այն մտավախությունն է ունեցել, որ ֆիլմը խիստ հայկական է, և դրսում չի հասկացվի, սակայն փաստերն այլ բան են վկայում: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս ընկալեցին օտարները մշեցի տատի վերջին խոսքերը («Իմ տուն դարձե ընձի դավաճան: Իմ սիրտ վիրավոր է»), որոնք ֆիլմի կուլմինացիան են փաստորեն, ռեժիսորը պատասխանեց. «Զարմանալի է, բայց շատ լավ են հասկացել նրան օտարները: Օրինակ` Բելառուսում ասում էին, որ այդ խնդիրները, որ առաջ են քաշված ֆիլմում, իրենք էլ ունեն, բայց իրավունք չունեն այդ մասին բարձրաձայն խոսելու: Ստացվում է, որ Հայաստանն ավելի դեմոկրատ երկիր է: Մոսկվայում ֆիլմը նայեցին առանց թարգմանության և հասկացան: Բայց ասենք Շվեյցարիայում, Դանիայում ու նման այլ երկրներում չեն կարող լիարժեք հասկանալ ֆիլմը, այդ խոսքերը, որովհետև նրանք այդ խնդիրները չունեն: Բելառուսում, ՈՒկրաինայում ու այս կարգի երկրներում մարդիկ ֆիլմում տեսածը պրոյեկցիա են անում իրենց երկրների վրա և շատ լավ հասկանում»:
Դժվար է այսքան կցկտուր ու համառոտ խոսել մի ֆիլմի մասին, որին կարելի է հոդվածաշար նվիրել, սակայն ոսկեծիրանյան գլխապտույտը, տպավորությունների ու տրամադրությունների տեղատարափը մեզ թույլ չեն տալիս մեկ ֆիլմի կամ մեկ ռեժիսորի մասին լայնածավալ նյութ գրել: Գուցե հետագայում, երբ Արմեն Գասպարյանը կավարտի իր աշխատանքները նոր վավերագրական ֆիլմի վրա, մենք առիթ կունենանք կրկին հանդիպելու և լրացնելու ասելիքի պակասը:
Քանի որ այս տարի «Հայկական համայնապատկերի» ֆիլմերը պիտի մրցանակներ ստանան երկու տարբեր անվանակարգերում` վավերագրական և խաղարկային, ապա ես պարզապես չեմ ընկալի «Ոսկե ծիրանի» այլ մրցանակակրի հայկական վավերագրության անվանակարգում` «Հայկական հացից» բացի:

«Ինձ աշուղ են ասում» (ռեժ.` Արթուր Խուդոյան)

Եվս մի ֆիլմ, որի հերոսը մայրաքաղաքային անցուդարձերից կտրված, բնության հետ ներդաշնակության, մարդկային բնական սկզբի հետ կապերը չխզած անձնավորություն է: ՈՒ եթե նախորդ ֆիլմի հերոսուհուն նկարահանվելուն պատրաստելը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջել, ապա այս հերոսը ճիշտ հակառակ տպավորությունն է թողնում: Նա ակնհայտորեն տարված է աստղային հավակնություններով (բնականաբար, իր միջավայրի սահմանների ու պատկերացումների շրջանակում) և, վստահ եմ, որ ֆիլմում նկարահանվելը նրա համար եղել է մեծագույն հաջողություն, բախտի շռայլ պարգև: Բայց այս ոգևորությունն ու հերոսանալու պատրաստակամությունը, թերևս, խանգարել են ֆիլմի հեղինակներին` պահպանելու կերպարի բնականությունը, վավերագրական ժանրի անմիջականություիը: Այս դեպքում խաղը գերիշխել է իրականության վավերագրության մեջ, և ըստ իս` գյուղական աշուղի կերպարը, որ իրավամբ ֆոլկլորային շեշտադրված տարրեր է պարունակում, ստացվել է անկատար գեղարվեստական:

«Իմ փոքրիկ իշխանը» (ռեժ.` Արմեն Ռոնով)

Փաստագրական այս ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին և հայ-ֆրանսիական մշակութային կապերին: Անիմացիայի և վավերագրության ժանրերի սինթեզ է, նկարահանված Անտուան դը Սենտ Էկզյուպերիի հեքիաթի մոտիվներով, և հիշեցնում է Փոքրիկ իշխանի հայտնի պատգամը` չմոռանալ նրանց, ում ընտելացրել ես: Մեծ հաշվով սա հորդոր է` ուղղված մարդկությանը, որը պիտի գիտակցի իր պատասխանատվությունը շրջապատում կատարվող ամեն ինչի նկատմամբ: Հուսանք, որ այս պատգամը հասու կլինի նաև այն ուժերին, որոնք տնօրինում են մարդկության ճակատագիրը ու կշեռքի նժարներին ծանրութեթև անում Հայոց ցեղասպանության արդար դատը:

«Արզուման» (ռեժ.` Անետա Օհանջ)

Ֆիլմի հերոսը հոգեկան շեղումներ ունեցող Արզումանն է, ում ռեժիսորը ճանաչել և ուսումնասիրել է տասը տարի շարունակ: Առհասարակ Անետա Օհանջը նկարում է իրեն ճանաչելի, հայտնի մարդկանց, օրինակ, իր տատիկ Գյոզալին` «Ոսկե ծիրան» օնլայն փառատոնի դատին ներկայացված համանուն ֆիլմում: Ինչո՞ւ է նա ընտրում այսպիսի հերոսների ու նկարում ֆիլմեր նրանց մասին: Մեր այս հարցին Անետան պատասխանում է. «Ինձ ավելի շատ հետաքրքրում են հերոսները, քան ուրիշ բաներ, ասենք` բնություն, քանդակ, շինություն: Ես ավելի լավ եմ կարողանում հասկանալ, ընկալել հերոսներին: Ես նկատում եմ իմ հերոսներին, հայտնաբերում նրանց տաղանդները և տարիներ անց նկարում իմ ֆիլմերում»:
«Արզուման» ֆիլմը առողջների աշխարհից անառողջներին ուղղված հայացք է և հուշում է մեզ լինել ըմբռնող, հանդուրժող, կարեկցող մեր սատարումի կարիքն ունեցող մարդկանց հանդեպ:

«Երկու ճանապարհ» (ռեժ.` Վահե Յան)

Եվս մեկ հայացք` առողջների աշխարհից դեպի անառողջներինը: Հերոսները երկուսն են` Հայկը և Գոհարը: Նրանք խուլ են, սակայն իրենց ներսում խոսում է արվեստի լեզուն. Հայկը պարում է ու հաղթում հեռուստատեսային մրցույթում, Գոհարը նկարում է ու երազում իր նկարները վաճառելու մասին: Մեր այն հարցին, թե ինչ վերաբերմունք են ակնկալում սահմանափակ կարողությունների տեր մարդիկ մեզնից` հասարակության առողջ ներկայացուցիչներից, ռեժիսորը պատասխանեց. «Դուք շատ բարդ հարց տվեցիք: Այդ մարդիկ խնդիր չունեն: Նրանք ընդամենը ցանկանում են շփվել մեզ հետ: Այդ մենք ենք կոմպլեքսավորված մեր պահվածքում նրանց հանդեպ: Մենք ինքներս ենք մեզ անջրպետում նրանցից: Ֆիլմից հետո ես ամաչում եմ, որ չգիտեմ ժեստերի լեզուն: Անձամբ իմ օրինակով կարող եմ ասել, որ նրանք կարիք ունեն ընկերության և ջերմ շփման»:
Հավելենք, որ ֆիլմը ստեղծվել է Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Այս կազմակերպությունն զբաղվում է սահմանափակ կարողությունների տեր մարդկանց խնդիրներով:

«Կոստան Զարյան. հայ գրականության մենակը» (ռեժ.` Հայկ Կբեյան)

Հայ տոհմածառի տարուբերվող մի ճյուղ է ֆիլմի հերոսը` տաղանդավոր ու չգնահատված գրող, մտավորական, հայրենասեր Կոստան Զարյանը: Այս ճյուղը մե՛րթ վեր է խոյանում հայկական հողում, մե՛րթ բռնում տարագրության հարկադիր ճամփան, սակայն մշտապես հոգով շղթայված մնում իր բնօրրանին: Հատուկենտ լուսանկարներից, ցաքուցրիվ ձեռագրերից հավաքված նյութը կենդանացնում է հայ գրականության անմահներից մեկի մարդկային ու ստեղծագործական նկարագիրը: Մարդ, որի հայրենասիրությանը կասկածել են ժամանակին շատերը, անգամ անձնական կյանքն ու զգացմունքներն են համակարգել` ըստ հայրենասիրական մղումների: Միաժամանակ տարված լինելով երկու օրիորդով` ազգությամբ հայ Թագուհիով և եվրոպացի Էլեոնորայով, երիտասարդ Զարյանը կատարում է գիտակցված ընտրությունը. «Ժխտում եմ Վենետիկը և խոնարհաբար ընդունում Սարդարապատը»:
Հենց նրա համարձակ խոսքն է մղում Հռոմի պապին հնչեցնելու հայկական Նյուրնբերգի առաջին ղողանջները դեռ 1915 թվականին:
Եվ այսքանից հետո հայրենիքն ու հայրենակիցները չեն ընդունում նրան իբրև յուրայինի, ու ինքն իր մասին բանաձևում է հետևյալ գնահատականը. «Օտարների մեջ` օտար: Օտար նաև `մերինների մեջ»:
Բայց և չի ուշանում իմաստուն և ուժեղ մարդու եզրահանգումը: «Աստված էլ մենակ է` անբաժանելիության և ամբողջականության մեջ»,- չգիտես ինքն իրեն, թե իրեն մենակ թողածներին մխիթարում է «Հայ գրականության մենակը», ում աշխարհը տանող մի դյուրին ճանապարհ են բացել մեզ համար այս ֆիլմի հեղինակները:

«Առնո» (ռեժ.`Էդուարդ Համբարձումյան)

Անկեղծ լինեմ. դժվարանում եմ այս ժապավենը կինո անվանել: Այն ավելի շատ հեռուստատեսային հաղորդում է հիշեցնում: Սակայն ֆիլմի հերոսը` Առնո Բաբաջանյանը, այնքան մերն է ու հարազատ, որ դժվար է չսիրել այս ֆիլմը, հաճույքով, անտրտունջ, առանց ձանձրույթի չունկնդրել վաղուց ծանոթ բոլոր այն պատմությունները, որ այս էլ որերորդ անգամ մատուցվում են մեզ էկրանից կամ գրքերի, մամուլի էջերից: Ազգային հպարտությունդ է շոյվում, երբ հերթական անգամ խոսվում է Արամ Խաչատրյանի` հայ տաղանդավոր երաժիշտներին սատարելու հետևողական մոտեցման մասին: ՈՒ անսահմանորեն ալեկոծվում է հոգիդ, երբ հերթական անգամ պատմվում է, թե ինչպես ծնվեց Առնոյի «Էլեգիան»` հայ միջնադարյան աշուղ Սայաթ-Նովայի և իր յուրահատուկ ներբողը` ի հիշատակ Արամ Խաչատրյանի` նրա մահվան բոթն առնելու հոգեցունց տրամադրության մեջ: ՈՒ հասկանում ես, որ Բաբաջանյանով ու նրա նմաններով սիրելի է դառնում Հայաստանը ոչ միայն հայերիս համար, քանզի առանց սիրո չէր գրվի Եվգենի Եվտուշենկոյի քնարական բանաստեղծությունը հայկական խաղողի որթի մասին: Ասել է, թե ֆիլմի հաջողությունը մեծապես պայմանավորված է ընտրված նյութով: Եթե այն թանկ է ու սիրելի, ուրեմն ֆիլմն էլ կունենա որոշակի հաջողություն:

«Հայկական ռապսոդիա» (ռեժ.` Սեզար Գանանյան)

Գուցե հիմա ստիպված կլինեմ ժխտել ինքս ինձ, քանի որ այս ֆիլմի թեման էլ, կարծես, թանկ է ու սիրելի: Թեև իրականում դժվարանում եմ ասել, թե որն է այս ֆիլմի թեման: Այն դիտելիս ակամա հիշեցի դպրոցական տարիներիս և այդուհետ անճաշակ դասվարների սցենարներով կազմակերպվող դպրոցական միջոցառումները: Հավատացնում եմ, որ մտադիր չեմ արտահայտվել գրոտեսկի կանոններով, բայց որևէ դրական բան ասել այս ֆիլմի մասին չեմ կարող, քանզի այն թողնում է աններդաշնակ կարկատանի տպավորություն բոլոր այն ֆիլմերի համայնապատկերում, որոնք ինձ հաջողվել է դիտել «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկերում»:


«Նոր Ջուղա, լինել…» (ռեժ.` Արսեն Գասպարյան)

Ֆիլմը պատմում է Նոր Ջուղայի հայկական համայնքի մասին: Համայնքը ձևավորվել է 1604 թվականին: Ներկայում ունի 4 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք: Այս ֆիլմը, հայկական կենսունակ համայնքի նկարագրությունն ասես մի կում ջուր է ուծացող հայ սփյուռքի պապակ շուրթերին և ծառացումն է ընդդեմ 21-րդ դարում խոշտանգված, փոշիացած Ջուղայի խաչքարերի վանդալների: Ֆիլմում, իհարկե, անդրադարձ չկա նշածս թեմային, սակայն ռեժիսորը մեր հարցին ի պատասխան վկայեց, որ իր և նորջուղայեցիների բանավոր զրույցներում չի շրջանցվել Նախիջևանի ավերված գերեզմանատան թեման, և տեղացիները սրտի մեծ կսկիծով են արտահայտվել պատահածի մասին:
-Ինձ համար` որպես հայ մարդու, ուրախալի փաստ էր, որ Ձեր երիտասարդ ուղեվարը շատ վարժ խոսում էր հայերեն: Սա բացառի՞կ իրողություն է Նոր Ջուղայում, թե՞ երիտասարդ հայ սերունդն առհասարակ տիրապետում է հայերենին,- հարցնում եմ Արսեն Գասպարյանին:
-Հայերենը շատ լավ պահպանված է Նոր Ջուղայում: Այնտեղ կա հայկական դպրոց` շատ լավ մասնագետներով: Այդ մարդիկ շատ ավանդապահ են, և այդ առումով նրանց մոտ ամեն բան կարգին է,- լինում է հուսադրող պատասխանը:

«Ժաննա և ձայները» (ռեժ.` Միքայել Վաթինյան)

Վավերագրական և գեղարվեստական ժանրերի սինթեզ է այս ֆիլմը: Վավերագրություն, ուր հերոսուհին` Ժաննան, մուտք է գործում ֆիլմի գեղարվեստական պատուհաններից և ունկնդրում կյանք-վավերագրության տարաբնույթ ձայները: Եթե Ժաննայի աշխարհը մե՛րթ սև-սպիտակ է, մե՛րթ պաստելային երփներանգ, ապա ֆիլմի մյուս գեղարվեստական կերպարինը (դերակատար` Մ. Վաթինյան) սև-սպիտակ է բացառապես` պատված թանձր խավարով: Մենք հարցրինք Արմինե Անդային` ֆիլմի պրոդյուսերին, սցենարի համահեղինակին և Ժաննայի դերակատարին, թե ինչպես պատահեց, որ նա հեքիաթի ժանրից (Արմինեն հեղինակ է եթերային հեքիաթ -վեպի) անցում կատարեց դեպի պրոզան, քանի որ նրա մարմնավորած հերոսուհին բախվում է կյանքի ամենակոպիտ ու մռայլ պարագաներին։ Նա այն կարծիքին է, որ իրենց ֆիլմում ևս առկա է հեքիաթի տարրը, իսկ նկուղի խավարում անվերջ խարխափող հերոսը սպասման մեջ է. Ժաննան պիտի հասնի օգնության։ Փաստորեն, սա ֆիլմ է գեղեցիկի, բարու սպասման մասին։


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

«Փարաջանովյան թալեր» ՝ Էլդար Շենգելայային
Դիտվել է՝ 4847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ