ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իրանի դերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում

Իրանի դերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում
19.11.2012 | 11:48

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը հերթական թեժ օջախն է ստեղծել տարածաշրջանում։ Արաբական մամուլը գրում է, որ Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերում պաղեստինյան ուժերին՝ Fajr 5 հրթիռներ մատակարարելով վերջիններիս, որոնցով հարվածներ են հասցվել Թել Ավիվին։ Այս ամենն իհարկե, իրանական կողմը հերքում է։

Այնուամենայնիվ, իսրայելա-պաղեստինյան լարված հարաբերություններում Իրանն ի՞նչ դեր ունի։ Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ նշում է, որ Իրանը միշտ էլ Պաղեստինի ժողովրդին աջակցություն է ցույց տվել թե՜ նյութապես, թե՜ բարոյապես։ Եվ դա նա բացատրում է հալածվածներին պաշտպանելու իր նպատակով. «Իրանը հայտարարում է, որ ինքը պետք է պաշտպանի հալածված ժողովուրդներին, բայց իրականում սա տարածաշրջանում ազդեցիկ գործոն դառնալու խնդիրներից մեկն է, և եթե նկատում ենք, նույնը Թուրքիայի պարագայում է։ Թուրքիան ևս Պաղեստինի ժողովրդին բարոյապես պաշտպանելու քայլեր է իրականացնում։ Այսինքն՝ Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու հարցը տարածաշրջանի երկրների մոտ առաջատարի դեր ստանձնելու նրբերանգ է ստանում։ Իսրայելի լայնամասշտաբ գործողությունները ստիպում են, որ և՜ Իրանը, և՜ Թուրքիան, իրենց արտաքին քաղաքականությունից ելնելով, համապատասխանաբար ակտիվացնեն ներգրավվածությունը հարցի շուրջ և ավելի շատ աջակցություն ցուցաբերեն»։
Գոհար Իսկանդարյանը նկատում է նաև, որ Իրանին միշտ էլ մեղադրում են Պաղեստինին զենք մատակարարելու համար, բայց Իսլամական Հանրապետությունը, որպես կանոն, պաշտոնապես հերքում է այդ մասին լուրերը։
Հնարավո՞ր է, որպեսզի մահմեդական աշխարհը տարածաշրջանում միավորվի և հանդես գա Իսրայելի դեմ։ Իրանագետը բացառում է այս տարբերակը. «Աշխարհում կա արաբական 22 երկիր, եթե նրանցից գոնե 10 միավորվեն, Իսրայելի հարցերը կլուծեն։ Ամբողջ խնդիրն այն է, որ արաբական պետություններն իրենք չեն կարողանում համախմբվել։ Արաբական աշխարհի ամենահզոր երկիր համարվող Սաուդյան Արաբիան անգամ Պաղեստինին չի աջակցում ըստ պատշաճի և Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունի։ Այսինքն՝ նույն ազգը լինելով՝ նրանք չեն միավորվում, էլ ուր մնաց խոսենք իսլամական երկրների համախմբման մասին։ Այսօր Պաղեստինն օգտագործվում է լոկ առաջնորդի դեր ստանձնելու համար, այլսինքն՝ գործիք է դառնում՝ ցույց տալու համար, թե ընչազուրկներին ու ճնշվածներին պաշտպանում են»։
Իսրայելա-պաղեստինյան լարված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա առանց այն էլ ծանր պայմաններում գտնվող Իրանի վրա։ Գոհար Իսկանդարյանը նկատում է, որ Իրանը շատ լավ հասկանում է, որ օղակն իր շուրջը կամաց-կամաց ավելի է սեղմվում, ուստի փորձում է ժամանակ շահել և տարածաշրջանում այլ խնդիրների լուծողի դերում հանդես գալ, որպեսզի կողմնակիցներ ձեռք բերի ու հանրության ուշադրությունն Իրանից շեղի։ Եթե Սիրիայի դեպքում Իրանն ամեն ինչ անում է, որպեսզի Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանի, ապա Պաղեստինի հարցում, ըստ իրանագետի, Իրանն ավելի շատ ուշադրությունը շեղելու քաղաքականություն է տանում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ