ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՈՉ ՄԻ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑ ԱՇԱԿԵՐՏԻՆ ՉԻ ՓՐԿԻ, ԵԹԵ ՆԱ ՏԱՍԸ ՏԱՐԻ ՉՍՈՎՈՐԻ»

«ՈՉ ՄԻ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑ ԱՇԱԿԵՐՏԻՆ ՉԻ ՓՐԿԻ, ԵԹԵ ՆԱ ՏԱՍԸ ՏԱՐԻ ՉՍՈՎՈՐԻ»
25.12.2009 | 00:00

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամեն տարեվերջին դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին անվճար հատկացնում է առարկայական ուղեցույցներ։ Դրանք արդեն պատրաստ են, սակայն գրիպի պատճառով դպրոցներում դասերի ընդհատումը հետաձգեց դրանց հատկացումը կրթական հաստատություններին։ Այս տարի դրանք կհատկացվեն անմիջապես դպրոցներին և ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների կրթության վարչություններին։ Նպատակը մեկն է, որպեսզի ուղեցույցներն ավելի արագ հասնեն աշակերտներին։
Ինչպես նշեց ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, մի շարք առարկաների (աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, հայ ժողովրդի պատմություն) ուղեցույցները փոփոխություններ չեն կրել։ Հիմնական փոփոխությունները կատարվել են մաթեմատիկայի, հայոց լեզվի և գրականության ուղեցույցներում։
Նախկինում «Մաթեմատիկա» առարկայից կային որոշ թեմաների սահմանափակումներ, որոնց նպատակն աշակերտներին չծանրաբեռնելն էր, սակայն, ըստ պարոն Խաչատրյանի, այդ սահմանափակումները հիմնավորված չէին։ ՈՒստի այս տարի դրանք հանվել են։ Չեն լինելու միայն մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը և սահմանները։ Փոփոխությունները, ԳԹԿ ներկայացուցչի հավաստմամբ, արվել են մի քանի պատճառներով. «Անհրաժեշտ էր ուղեցույցում ամբողջովին ընդգրկել դպրոցական ծրագիրը։ Սակայն սա չի նշանակում, թե թեստը կլինի անհամեմատ բարդ, քան նախորդ տարվանը։ Մեր բոլոր փոփոխությունները միտված են դիմորդի շահերի պաշտպանությանը»։
Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից անմիջապես հետո մասնագետները մեծ աղմուկ բարձրացրին այդ առարկայի թեստերի առնչությամբ՝ նշելով դրանց և ուղեցույցների անհամապատասխանությունը։ Հաշվի առնելով նաև այդ դժգոհությունները` հայոց լեզվի և գրականության ուղեցույցում բավականին փոփոխություններ են կատարվել։
«Ամեն տարի շարունակաբար վերանայում ենք ուղեցույցը, թեստերը և քննության փորձից ելնելով` կատարում ենք բարելավմանը միտված անհրաժեշտ փոփոխություններ։ Այս տարի նույնպես լայն քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ կատարվեցին հայոց լեզվի և գրականության ուղեցույցում, մասնակիորեն նաև՝ թեստերի նմուշներում,- նշում է ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ ՄԻՐՑԱ ՀԱԼԱՋՅԱՆԸ։- Ամբողջությամբ վերանայվել է գրականության ցանկը։ Կատարվել են փոփոխություններ հայոց լեզվի թեմաների մեջ։ Մասնավորապես տողադարձը՝ որպես քննական նյութ, հանվել է հայոց լեզվի առաջադրանքների ցանկից։ Բոլորս էլ գիտենք, որ գրականության թեստավորումը միշտ էլ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Գրականությունն առարկա է, որը չի սահմանափակվում դասագրքի շրջանակներում։ Դասաքիրքը ծավալուն է, և թեստերի հեղինակներն այնտեղ եղած ցանկացած բան կարող են ներառել քննական առաջադրանքում։ Փորձել ենք այս առումով սահմանափակում մտցնել։ Այն ստեղծագործությունների վերաբերյալ, որոնք պարտադիր գրականության ցանկում նշված չեն, ճանաչողականից դուրս այլ հարցեր չեն լինելու»։
ՈՒ քանի որ ինչ-ինչ փոփոխություններ են ամրագրվել հայոց լեզվի և գրականության ուղեցույցում, վերանայվել են թեստերի նմուշները։ Սակայն նոր նմուշ չի ներկայացվել, որպեսզի հետագայում թեստի նմուշից, ուղեցույցից շեղվելու վերաբերյալ շահարկումներ չլինեն։
Ինչպես նշեցին ԳԹԿ ներկայացուցիչները, հայոց լեզվի և գրականության ուղեցույցները վերանայելիս անցկացվել են երկարատև քննարկումներ։ «Հավաքների կազմը եղել է ներկայացուցչական։ Քննարկումները բաց էին, և սրտացավ ու ասելիք ունեցող բոլոր մասնագետները կարող էին մասնակցել, իրենց կարծիքը հայտնել։ Հրավիրվել են և՛ ուսուցիչներ, և՛ բուհերի դասախոսներ, և՛ լեզվաբաններ ու գրականագետներ։ Ընդ որում, աշխատել ենք, որ ներկայացված լինեն տարբեր բուհեր»,- ասում է Մ. Հալաջյանը։
ԳԹԿ մասնագետները նշում են, որ թեստերի միջոցով իրենք խնդիր ունեն տարբերելու ոչ միայն լավ դիմորդին վատից, այլև շատ լավին՝ լավից։ Ըստ նրանց՝ թեստն ինքնանպատակ չէ, այն նաև պետք է կարողանա մրցույթ ապահովել։ Մասնագետների կարծիքով՝ լավագույնն այն թեստն է, որն ապահովում է միջինը 12-14 միավոր։
«Ինչ թեստավորման համակարգը ներդրվել է Հայաստանում, շրջանառվում է այն միտքը, թե նվազում է կրկնուսույցների, փոխարենը բարձրանում դպրոցի դերը,- ասում է Միրցա Հալաջյանը։- Մարդիկ կարծում են՝ թեստն այնպիսին պետք է լինի, որ աշակերտն իր դպրոցական գիտելիքներով կարողանա լուծել այն։ Հասարակությունը սա ընկալում է միայն իր օգտին։ Բայց իմաստը բոլորովին էլ դա չէ։ Ես կասեի` նույնիսկ հակառակը. թեստն այնպիսին է, որ ոչ մի կրկնուսույց աշակերտին չի փրկի, եթե նա տասը տարի չսովորի։ Ընդհակառակը՝ թեստը ծավալուն է, հագեցած, և անպայման պետք է սովորել՝ այն հաղթահարելու համար։ Թեստն անսպասելի է. եթե գիտելիք ունես, կգրես, իսկ գիտելիքը մեկ տարում կրկնուսույցի մոտ ձեռք բերել հնարավոր չէ։ Դպրոցի դերի բարձրացումը պետք է ընկալել այս կերպ»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3691

Մեկնաբանություններ