Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հասարակությունը սպասում է մարտյան դեպքերի արդարացի գնահատականին

Հասարակությունը սպասում է մարտյան դեպքերի արդարացի գնահատականին
14.10.2008 | 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳ
Մարտյան ողբերգական իրադարձություններից հետո ընդդիմության ձերբակալված առաջնորդներն ու շարքային ներկայացուցիչները դատարանի դահլիճներում անդադար հայտարարում են պայքարը շարունակելու և մոտալուտ հաղթանակի մասին: Այսօրինակ հայտարարությունները ստիպում են իշխանություններին, ցանկության պարագայում անգամ, ազատ չարձակել կալանավորներին` խուսափելու համար հանդարտված կրքերի հնարավոր թեժացումից, քանի որ նրանց ազատ արձակումն ընդդիմության կողմից միանշանակորեն մեկնաբանվելու է ոչ թե որպես լուրջ ձեռքբերում՝ երկրում արդարության հաստատման և դատական իշխանության անկախության կայացման ճանապարհին, այլ ընդդիմության աննախադեպ հաղթանակ իշխանությունների նկատմամբ, ինչը կարող է խրախուսել ընդդիմության հետագա գործողությունները: Այս առումով ընդդիմությունն ինքն է, կարծես, օգնում իշխանություններին:
Մասամբ ընդդիմության բացթողումները, մասամբ էլ` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իշխանությունների նախաձեռնած ակտիվ բարեփոխումները հանգեցրին նրան, որ հանրահավաքից հանրահավաք նոսրացան փողոց դուրս եկող ցուցարարների շարքերը: Այսպիսով, եթե սկզբում իշխանությունների վրա մեծ ճնշում կար և՛ ներսից, և՛ դրսից, ապա այժմ այդ ճնշումը գալիս է առավելապես դրսից, և իշխանությունները համեմատաբար ավելի նախընտրելի վիճակում են:
Անկախ ամեն ինչից՝ այժմ հասարակությունը սպասում է մարտյան իրադարձությունների արդարացի և սպառիչ գնահատականին, ինչպես նաև մեղավորների արդար պատժին: Ակնհայտ է, սակայն, որ հասարակությանը հերթական անգամ մեծ հիասթափություն է սպասում։ Մարտյան դեպքերի հետ կապված՝ այնպես են միախառնվել առաջնայինն ու երկրորդականը, այնքան շատ են պատասխան չունեցող հարցերն ու կատարվածի պատասխանատվությունից խուսափելու, սեփական մեղքը հակառակորդ կողմի վրա բարդելու ու խուսանավելու հնարավորությունները, որ ոչ մի հանձնաժողով ու պետական կառույց ի վիճակի չէ ժողովրդին հրամցնելու իրական ճշմարտությունը։ Կասկածից վեր է, որ այդ դեպքերը կմնան որպես խարան իշխանությունների և ընդդիմության ճակատին, քանի որ մարդկանց մեծամասնության աչքում հավասարապես մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Այսպիսի պայմաններում ակնհայտ է, որ մարտյան դեպքերն իրենց արժանի գնահատումը կստանան միայն այն դեպքում, երբ իշխանություններն ու ընդդիմությունը, յուրաքանչյուրն իր հերթին, կընդունեն իրենց բաժին մեղավորությունը, ինչն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ հեշտ չէ կամովին ստանձնել մի քանի տասնյակ վիրավորների ու տասը մարդու սպանության մեղքը, մանավանդ որ այդ դեպքում անխուսափելի կլինի համապատասխան բարոյական և քրեական պատասխանատվությունը: Այս իմաստով, կարծում ենք, պարզ է նաև, որ ո՛չ ընդդիմությունն է ցանկանում պատժվել, ո՛չ էլ իշխանությունները ցանկություն ունեն պատժելու իրենք իրենց։ Փոխարենը շատ ավելի հեշտ և նախընտրելի է մեղադրել միմյանց:
Ի վերջո, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, լավ թե վատ, այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը, մինչդեռ օդում կախված է մնում մի հարց. չէ՞ր կարելի խուսափել, արդյոք, մարդկային կորուստներից:
Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4569

Մեկնաբանություններ