ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԲԵԳԼԱՐՅԱՆ «ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ»

ԲԵԳԼԱՐՅԱՆ «ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ»
09.03.2010 | 00:00

Նկատի չունենք Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «զբաղվել պոլիտիկա», որովհետև` ա) քաղաքապետի պաշտոնը հայեցողական պաշտոն չէ, քաղաքական պաշտոն է, բ) Գագիկ Բեգլարյանը հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է և մեկ տարի առաջ` հենց այս նույն օրերին, ՀՀԿ համամասնական ցուցակով դարձավ քաղաքապետ։
Եվ ուրեմն, երբ ասում ենք` Բեգլարյան «չզբաղվել պոլիտիկա», նկատի ունենք հայտնի գործարար, բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ։ Իսկ «չզբաղվել» «Ֆլեշ» ընկերության նախագահ «պոլիտիկա», որովհետև` ա) բենզինի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերության նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, տնտեսական պաշտոն է, բ) Բարսեղ Բեգլարյանը որևէ կուսակցության խորհրդի անդամ չէ և այդ նույն կուսակցության համամասնական ցուցակով մեկ տարի առաջ չի առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու։
ՈՒ թեև Բարսեղ Բեգլարյանը «չզբաղվել պոլիտիկա», սակայն «պոլիտիկա զբաղվել» նրանով։ Երիցս ճիշտ է նա, ով իր ժամանակին ասել է. «Եթե ինքդ քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում քեզնով»։ Քաղաքականությունն էլ ովքե՞ր են ուղղորդում։ Իհարկե` իշխանությունները, այդ թվում` չորրորդ իշխանությունը։ Տպագիր մամուլը` հա՛տկապես։ Եվ ահա ուղղորդում են որոշ երևանյան թերթեր հասարակական կարծիքն ու քաղաքական միտքը` օրումեջ հայտնի գործարարի պիջակի վերին ձախ կամ աջ անկյունում ապագա կուսակցապետի «զնաչոկ» կպցնելով։ Կարգին «զբաղմունք» են գտել իրենց համար մեր կոլեգաները, խոսք չկա։ Տնտեսական գործչից քաղաքական լիդեր «ստանալու» փորձարարությամբ են զբաղված` ամեն մեկն իր շնորհքի և երևակայության «գյորա», մեկ էլ, ամոթ չլինի ասելը, ախորժակի չափով։ Հիմա միամիտ ընթերցողը կհարցնի` «ախորժա՞կ тут причем»: «А при том», սիրելի միամիտ ընթերցող, որ սեփական բոյին ու քաշին հարմար քաղաքականություն «սարքող» մեր որոշ թերթեր իրենց ֆինանսական ծակուծուկերը փակելու բավականին աշխատող մոդել են «հայտնագործել» և հաջողությամբ կիրառում են այն հայրենի օլիգարխների ու խոշոր գործարարների նկատմամբ։ Կոչվում է այդ մոդելը «լրագրողական ռեկետ» ու տեղավորվում շատ կարճ բանաձևի մեջ. «ՈՒզո՞ւմ ես հանգիստ թողնեմ, մուծվիր»։ Պատկերացրեք` «մուծվում» են։ Հիմնականում նրանք, ում «տակն» այնքան էլ մաքուր չէ։ Չմուծվողներով կամ քաղաքականությամբ չզբաղվողներով շարունակում է զբաղվել քաղաքականությունը։ Հետևողականորեն։ Օրումեջ։ Ինչպես, օրինակ, Բարսեղ Բեգլարյանով։ Օրերս, իսկ ավելի կոնկրետ` մարտի 5-ին, նրանով ձեն ձենի տված «զբաղվել» էին մի քանի թերթեր։ Պարզվեց` օրը պատահական չէր ընտրված. մարտի 5-ին «Ֆլեշ» ընկերության նախագահը ծննդյան 57-ամյակն էր նշում։ Եվ որովհետև նրանով համերաշխորեն «զբաղվողները» չէին «ֆայմել» մի կեսբերան «շնորհավոր» ասել, ուշացումով մենք ենք դա ասում։ Ձեռքի հետ էլ մաղթում ենք` շարունակեք չզբաղվել քաղաքականությամբ։
Շա՛ռ է։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ