Մենք հաճախ չգիտենք ու չենք կարդում մեր կերած սննդի բաղադրության մասին տեղեկությունը։ Եթե մեր քիմքին հաճելի է, ուրեմն կարելի է ուտել: Սակայն ամեն համեղ բան չէ, որ օգտակար է օրգանիզմին: Այսօր շատ տարածված են սննդային ամենատարբեր հավելումները, իսկ նման բաղադրիչներ պարունակող սնունդը մեծ վնաս կարող է պատճառել առողջությանը` ալերգիաներից, թունավորումներից, զանազան հիվանդություններից մինչև չարորակ գոյացություններ:
Սննդի պատրաստման ժամանակ հատկապես շատ են օգտագործվում E խմբի սննդային հավելումներ, որոնց մեջ կան ինչպես թույլատրելի, այնպես էլ կասկածելի, վտանգավոր և օրենսդրությամբ արգելված տեսակներ: ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում արգելված սննդային հավելումների ցանկը, որոնք այնքան էլ շատ չեն, ընդամենը յոթը՝ E 121 և E 123 ներկանյութերը (կարմիր), E 216, 217 և 240 պահածոյացնող նյութերը (բենզոատներ), E 924a և E 924b որակը լավացնող նյութերը (ալյուրի և հացի բարելավիչ): Մինչդեռ առողջության համար վտանգավոր և խիստ վտանգավոր սննդային հավելումների ցանկը բավականին մեծ է, և ամբողջը նշել ուղղակի հնարավոր չէ:
Որքանո՞վ է կառավարության արգելած սննդային հավելումների ցանկը լիարժեք։ Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԻ` կոդեքս ալիմենտարիուսի ստանդարտներով կա կոնկրետ ցանկ, որով սահմանվում են թույլատրելի սննդային հավելումները, իսկ յոթ արգելված հավելումները խնդրի լուծում չեն:
Նշենք, որ կոդեքս ալիմենտարիուսի հանձնաժողովը հիմնադրվել է 1963 թվականին ՄԱԿ-ի սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Հանձնաժողովի գլխավոր նպատակն է սպառողի առողջությունը պահպանելը: Կոդեքս ալիմենտարիուսն Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հետ կապված քննարկումների միջազգային հսկիչ կետ:
«Չմոռանանք, որ սննդային հավելումը սնունդ չէ, այն աղտոտիչ է, և եթե սննդին տալիս է որոշակի հատկություն՝ համ, հոտ, գույն, չի նշանակում, որ կարելի է դրանք մեծ քանակությամբ օգտագործել։ Այսօր Հայաստանում դրա հետ կապված լուրջ վերահսկողություն չկա։ Եվ ամենակարևորը՝ սննդային հավելումները չեն սերտիֆիկացվում, այսինքն՝ մենք չգիտենք՝ այն սննդային հավելումները, որ մուտք են գործում Հայաստան, արդյոք թույլատրվո՞ւմ է օգտագործել։ Բացի այդ, հաշվարկված չէ Հայաստանի քաղաքացու համար թույլատրելի սննդային հավելումների օգտագործման օրական առավելագույն քանակը։ Իսկ դա հանգեցնում է նրան, որ տարբեր սննդամթերքներով որոշակի քանակ ընդունելով՝ ի վերջո, սպառողը կարող է գերազանցել թույլատրելի չափը։ Վերջերս սննդի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության հետ մոնիտորինգի արդյունքում հոկտեմբերի 22-ին հայտնաբերեցինք կաթնամթերք, որի վրա որպես արտադրության ժամկետ նշված էր հոկտեմբերի 28-ը՝ գումարած 3 օր պիտանիության ժամկետ։ Իսկ դա նշանակում է, որ կաթնամթերքում ինչ-որ ստաբիլիզատոր շատ է օգտագործված։ Այսինքն, որոշ սննդարտադրողների այս խաբեությունը թյուրիմացության մեջ է գցում սպառողներին։ Կարծում եմ՝ մոնիտորինգի արդյունքների մասին իրազեկումը կնպաստի, որ սպառողն առավելագույնս տեղեկացված լինի և բարեխիղճ արտադրողին տարբերի անբարեխղճից։ Արտադրողի անբարեխիղճ գործունեությունն այս ոլորտում հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների (ալերգիաներ, քաղցկեղային) աճի։ Պատճառը նաև սննդային հավելումներն են, որոնք սովորական աղտոտիչների նման ազդում են մարդու օրգանիզմի վրա»,- ասում է Աբգար Եղոյանը։
Եթե սննդային հավելումներն այդքան վնասակար են առողջությանը, ինչո՞ւ են դրանք օգտագործվում: Մասնագետների տեղեկացմամբ` հավելումները սովորաբար օգտագործվում են համի, հոտի և գույնի բարելավման կամ որոշակի համային, գունային և որակական հատկանիշներ հաղորդելու, սննդի պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով: Ընդ որում` ապացուցված է, որ ամենավտանգավոր հավելումներից են հենց հոտի, համի և գույնի բարելավիչները:
Բնականաբար, բոլոր սննդային հավելումները մեր սննդակարգից բացառել հնարավոր չէ, սակայն կարելի է գոնե խուսափել վտանգավոր հավելումներից: Նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել սննդի բաղադրությանը: Պետք է խուսափել անբնական վառ գունավորմամբ ցանկացած սնունդ գնելուց, ինչպես նաև պահպանման երկար ժամկետ ունեցող սննդամթերքից: Պետք է սննդակարգից բացառել չիպսերը, կիսաֆաբրիկատները և փոխարենը շատ օգտագործել հացահատիկեղեն, լոբազգիներ, հում մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ:
Սննդամթերքի անվտանգության մասին օրենքը սահմանում է, որ ՀՀ-ում իրացվող սննդամթերքը, բաղադրիչ նյութերն ու սննդային հավելումները պետք է մակնշվեն հայերենով, տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի։ Սակայն, ըստ Աբգար Եղոյանի, վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ ապրանքներ հայերեն մակնշում չունեն, ընդ որում այստեղ լուրջ խնդիր կա սերտիֆիկացման մարմինների, ներկրողների հետ։ «Սննդամթերքի անվտանգության մասին օրենքը բավականին հստակորեն սահմանում է անվտանգության հետ կապված կետերը, սակայն օրենքը չի կիրարկվում,- նշում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահը։- Պատճառը, հավանաբար, կոռուպցիան է, քիչ գումար ծախսելով՝ ավելի շատ փող աշխատելու ձգտումը։ Ընդ որում, տեսչական ստուգումների դադարեցումը լավ առիթ էր անբարեխիղճ արտադրողների համար։ Մենք առաջարկեցինք մոնիտորինգի մեխանիզմը, որպեսզի հայտնաբերվեն նման խախտումները, և այդ մասին իրազեկվի հանրությանը։ Չմակնշված սննդամթերքը չէր կարող մաքսազերծվել մինչև մակնշումը։ ՈՒրեմն, կա՛մ այդ ապրանքը սահմանը հատել է մաքսանենգ ճանապարհով (որը քիչ հավանական է), կա՛մ էլ` որոշ մաքսավորների իմացությամբ։ Դիտարկումները ցույց են տվել, որ ավելի վատ վիճակ է տիրում ոչ պարենային ապրանքների շուկայում. դրանց գրեթե 90 տոկոսը հայերեն մակնշում չունի։ Ընդ որում, մակնշման հարցը խիստ կարևոր է արտահանման համար։ Խոսում ենք Թուրքիայի հետ սահմանը բացելու, մեր արտադրանքն արտահանելու լայն հնարավորությունների մասին, բայց մինչև չունենանք թուրքերենով մակնշում, չենք կարող մուտք գործել այդ շուկա։ Մենք պետք է օգնենք արտադրողին ունենալու թուրքերեն պիտակներ, մակնշում, ուսումնասիրենք նրանց օրենսդրությունը։ Այս ամենի բացակայությունն առևտրային արգելք է։ Պետք է պատրաստ լինենք մեծ շուկաներ մուտք գործելուն։ Մենք կարող ենք նաև թուրքական ապրանքների մուտքն արգելել, եթե հայերեն մակնշման խնդիր բարձրացնենք։ Բայց ո՞վ է հսկելու այս ամենը։ Մենք նույնիսկ մեր արտադրած սննդամթերքի հետ խնդիրներ ունենք»։
Այն, որ վտանգավոր հավելումներ պարունակող սննդի պիտակների վրա նշված չեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, դեռևս չի երաշխավորում, որ տվյալ մթերքն անվնաս է: Թույլ վերահսկողության պայմաններում ցանկացած ոք կարող է արտադրել ցանկացած աղբ և գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցել սպառողին: Իսկ վտանգավոր հավելումները դանդաղ, տարիների ընթացքում կքայքայեն ոչ միայն մեր օրգանիզմը, այլև կազդեն մեր գեների ու հետագա սերունդների առողջության վրա: Սննդի անվտանգությունը նաև ազգային անվտանգության հարց է: Թեև Հայաստանում մարդու առողջությունը գնահատվում է ամենավերջում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ