ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հաբրգած» հարևանի մռութին հասցնելու արվեստը

«Հաբրգած» հարևանի մռութին հասցնելու արվեստը
28.08.2009 | 00:00

ՄԵՐ «ՔԱՋԱՐԻ» ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Արդեն մի քանի օր է, ինչ հայկական ԶԼՄ-ներում շարունակում է տիրաժավորվել վրացական սահմանապահների կողմից Հայաստանի սահմանը խախտելու թեման։ Այս օրերին Բավրա գյուղի շրջանում վրացական սահմանապահներն առաջ են եկել մի քանի տասնյակ մետր` իրենց գործողությունները «հիմնավորելով» 1947 թվականին ստորագրված ինչ-որ համաձայնագրով, ըստ որի` Բավրայի շրջակայքի տարածքը երեք կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնությամբ իբր պատկանում է Վրաստանին։
Մի կողմ թողնենք, որ այսպիսի «գործողությունը» բացարձակապես չի բխում միջպետական հարաբերությունների, առավել ևս բարեկամ համարվող երկրների փոխհարաբերությունների նորմերից։ Հայ-վրացական սահմանի բաժանարար գծի հաստատման կամ միջազգային տերմինով` դեմարկացիայի հարցն այժմ քննարկման առարկա է հայ-վրացական համատեղ հանձնաժողովում։ Այսինքն` վերոնշյալ խնդրի վերաբերյալ տվյալ հանձնաժողովը որոշում չի կայացրել, տարաձայնությունների պատճառով չի լուծարվել կամ դադարեցրել իր գործունեությունը, որպեսզի վրացական կողմը միակողմանիորեն իրեն գործողությունների այսպիսի ազատություն վերապահեր։ Ինչպես նշել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, վրացական սահմանապահներն արգելում են այդ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բավրայի գյուղացիներին, որոնք, ի դեպ, իրենց ձեռքին ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանը կրող կնիքով հաստատված վկայականներ։
Ըստ այդմ, վրացական կողմի գործողությունները սկսում են դուրս գալ բարիդրացիական, միջպետական բնականոն փոխհարաբերությունների շրջանակից։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը մամուլին տված մեկնաբանություններում բավարարվում է` նշելով, որ հարցը քննարկման առարկա է դեմարկացիոն հանձնաժողովում։ Հայաստանում իշխող կառավարական ուժի ներկայացուցիչներից որևէ մեկը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ առանց քաշվելու երեկ մամուլին պարզաբանել է, թե ինքը դրա մասին տեղեկություն չունի։
«Ռեգնում» գործակալության հրապարակած հաղորդագրության համաձայն, Բավրայի գյուղապետը երեկ հրավիրվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ։ Սկզբունքորեն հրավիրվել է, թե ոչ, այնքան էլ պարզ չէ, բայց, բոլոր դեպքերում, այդ երբվանի՞ց է Արմեն Գևորգյանը սկսել զբաղվել հայ-վրացական սահմանի կարգավորման հարցերով։ Գործառույթ, որը, բնականաբար, վերապահված է արտաքին գործերի նախարարությանը, համապատասխան ուժային ծառայություններին, որոնցից ոչ մեկը սկզբունքորեն Արմեն Գևորգյանի համակարգման ոլորտում չի գտնվում։
Հայկական կողմի բացարձակապես անհասկանալի, կրավորական կեցվածքն այս մի քանի օրերին հիմնավոր տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը վախեցած է։ Բնորոշումը կարող է չափազանցություն թվալ, բայց այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել պետական բարձրաստիճան պաշտոնյաների համատարած լռությունը, նրանց մեկնաբանությունների բացարձակ բացակայությունն այն պայմաններում, երբ թեկուզ և հարևան, բայց այլ պետության սահմանապահներն արդեն մի քանի օր է տեր ու տնօրինություն են անում հայկական տարածքում, իրենց ցանկացածի պես վարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնց այդ պետությունը վերոհիշյալ հողերի սեփականության վկայական է տվել։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր «պետաքաղաքական էլիտայում» որոշել են այս հարցն էլ, Վրաստանին առնչվող բոլոր խնդիրների նման, լուծել «դիվանագիտորեն»։ Այսինքն` մի քանի օրվա քաշքշուկի արդյունքում ինչ-որ ձևով համոզել վրացական կողմին, որ հետ քաշի Հայաստանի տարածք ներխուժած զորամիավորումը։ Որովհետև սա, փաստորեն, ներխուժում է, անկախ նրանից, թե ինչ համաձայնագրից ելնող հղումներով է արվում։ Նույն տրամաբանությամբ վաղն ադրբեջանցիները գզրոցից կհանեն Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը։ Ինչ է, այդ դեպքում Հայաստանը պետք է թքի՞ 20-ամյա պայքարի արդյունքների վրա ու ասի` համեցեք, տղերք, վերցրեք, ինչ ուզում եք, ձեզ է պատկանում։
Հասկանալի է, որ հայ-վրացական հարաբերությունները տարբեր են հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակից։ Նույնքան հասկանալի է, որ Հայաստանի համար ցանկալի չէ Վրաստանի հետ կոնֆլիկտային որևէ իրադրության ստեղծումը։ Բայց դա նույնքան ցանկալի չպիտի լինի գործնականում բանակ չունեցող Վրաստանի համար։ 2008-ի հնգօրյա պատերազմը ցույց տվեց վրացիների «ռազմական ընդունակությունների» չափը և ռուսական տանկերի առջևից ճողոպրող, իրենց երկիրը ռուսների տնօրինությանը հանձնող մեր «քաջարի» հարևանները, հավանաբար, որոշել են ռուսներից կրած պարտության բարդույթը բավարարել հայերի հաշվին։ Եվ անում են քայլեր, ներքուստ, հավանաբար, վստահ, որ Հայաստանը չի դիմի կոշտ գործողությունների, բայց ինչո՞ւ ենք մենք տվել նրանց այդ վստահությունը։ Օտար պետության զինվորականները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք և միայն այդ գործողության համար արդեն իսկ պետք է զինաթափվեին, ձերբակալվեին ու հայտնվեին մեկուսարանում։ Իսկ դիմադրության պարագայում ոչնչացվեին որպես այլ երկրի սահմանը ներխուժող օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ներկայացուցիչներ։ Հայաստանի իշխանությունները մի քանի օր է չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Կասկած չկա, որ այս ընթացքում «պրիվատ», ընկերական բազմաթիվ զրույցներ են ունեցել վրացիների հետ և փորձել վերջիններիս հայավարի համոզել հետ քաշել սահմանապահներին ու դրանով հարթել ստեղծված անհարմար իրավիճակը։ Բայց այդ կարգի բանակցությունների կարելի է դիմել մեկ օր, երկու օր, Բավրայում ստեղծված խայտառակ վիճակը ձգվում է արդեն մի քանի օր և միայն հիմա են Հայաստանի կառավարությունում հիշում, որ կարելի է գյուղապետին հրավիրել, հարցը քննարկել ու ինչ-որ որոշում ընդունել։
Յուրաքանչյուր պետության վարկը միջազգային կյանքում, ինչպես յուրաքանչյուր անհատի հեղինակությունն իր շրջապատում, սկսվում է ինքնահարգանքից։ Եթե երկիրն իրեն չի հարգում, ինչպե՞ս կարող են նրան հարգել հարևանները։ Արդյոք այդ ինքնահարգանքի պակասը չէ՞ր, որ դարասկզբին մեր հարևան ազերիների ու թուրքերի միջև ծնել էր արհամարհական արտահայտություն` «հայն արյուն տեսավ»։ Պետք է անցներ առնվազն կես հարյուրամյակ և բազմահազար զոհերի գնով հարկադրված լինեինք ապացուցել, որ արյուն տեսնելուց չենք վախենում։ Այդպես էլ վրացիների դեպքում, անկախության բոլոր տարիներին մեր իշխանությունների խիստ կրավորական կեցվածքը հայ-վրացական հարաբերություններում, այդ հարաբերությունների «սուր անկյուններն» ամեն գնով շրջանցելու քաղաքականությունը Թբիլիսիում աստիճանաբար ձևավորեցին տպավորություն, թե Հայաստանն իրենցից այնպիսի կախման մեջ է, որ իրենք կարող են նրա հետ վարվել ուզածի պես։ Այն, ինչ հիմա կատարվում է Բավրայում, վրացական անմիտ էքսպանսիվ դրսևորումների սկիզբն է միայն, եթե դրա դեմ հրատապ կարգով համարժեք գործողություններ չձեռնարկվեն։ Անցած տարիներին Հայաստանն անտեսեց ու չմիջամտեց Ջավախքում ստեղծված աննպաստ իրավիճակին, մինչև եկավ Սաակաշվիլու ռեժիմը և գործնականում վիրահայությանը զրկեց խորհրդային տարիներին գոյություն ունեցող ազգային փոքրամասնության հստակ կարգավիճակից, երբ Վրաստանում բնակվող հայերի սերունդները «ժողովուրդների բանտ» ԽՍՀՄ-ում ապրելով, իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունեին։ Վրացական նոր իշխանությունը սկսեց Վրաստանում հայկական դպրոցի ոչնչացումից, այսօր ոտնձգություն է կատարում Հայաստանի սահմանների նկատմամբ։
Անցած տարվա օգոստոսին Վրաստանում գտնվող ծանոթներիցս մեկը պատմեց, թե ինչ վախ էր տիրում Թբիլիսիում, երբ ռուսական զորքերն առաջ էին շարժվում դեպի Գորի, իսկ Ռուսաստանն ամեն կերպ աշխատում էր ռուս-վրացական կոնֆլիկտի մեջ ներքաշել նաև Հայաստանը։ Վրացիներն այն ժամանակ իրականում շատ անհանգիստ էին, որովհետև հայկական բանակի թեկուզ մեկ բրիգադի մասնակցությունը բավարար էր Վրաստանի մասնատումն Աբխազիայով ու Օսիայով չսահմանափակելու համար։ Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը զսպվածություն դրսևորեց, որը սխալ չէր տվյալ իրավիճակում։ Բայց եթե հարևան վրացիներն այս ձևով են «շնորհակալ» լինում այդ զսպվածության համար, ուրեմն պետք է այլ բան ցույց տալ։ «Հաբրգած» հարևանի մռութին հասցնելը նույնպես արվեստ է, որը մենք, ցավոք, դժվար ենք սովորում, բայց այդ դասը սերտելուց հետո այլևս չենք մոռանում։ Հարկ է, որ այդ մասին չմոռանան նաև Թբիլիսիում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ