ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Թուրք-ամերիկյան հարաբերությունների շարունակական վատթարացումը և արաբական երկրների հետ նոր հարաբերություններ կառուցելու Թուրքիայի փորձերն ամենևին վնաս չեն հասցնում թուրք-իսրայելական հարաբերություններին։ Այդ երկու պետությունների փոխհարաբերությունները շարունակում են մնալ միանգամայն բովանդակային` հենված որոշակի պայմանագրերի, լուրջ պաշտպանական ու աշխարհաքաղաքական շահերի վրա։
Թուրք-իսրայելական հարաբերությունները դիտարկելիս չպետք է մոռանալ, որ ժամանակակից թուրքական էլիտան, ներառյալ ռազմական, գործարար և ինտելեկտուալ շրջանակները, շատ կողմերով հրեական արմատներ ունի։ Եվ թեկուզ թուրքական հասարակության մեջ այդ կապակցությամբ նախապաշարումներն ուժեղացել են, հասարակությունը հասկանում է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական և տնտեսական կարգավիճակը զգալիորեն պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Վերջին շրջանում Թուրքիան աննախադեպ ջանքեր է գործադրում իսրայելա-սիրիական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ տվեց իրական դարձնել ոչ միայն Գոլանի բարձունքների հետ կապված հարցի լուծումը, այլև իսրայելա-սիրիական հաշտեցումն առհասարակ։
ԱՄՆ-ը բավական զգուշությամբ և մտահոգությամբ ընկալեց Թուրքիայի միջնորդությամբ այդ բանակցությունները, քանի որ դա, ինչպես ոչ մի այլ բան, նպաստում է Թուրքիայի մերձեցմանն արաբական աշխարհի հետ։ Մինչդեռ ԱՄՆ-ի մերձավոր գործընկեր Իսրայելը մեծ հույսեր է կապում Թուրքիայի գործադրած ջանքերի հետ։ Այդ կապակցությամբ միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ի ոչ վաղեմի գործողությունները Սիրիայի նկատմամբ նպատակ ունեին տապալելու վերոնշյալ կարգավորման գործընթացը, հատկապես Թուրքիայի միջնորդությամբ։ Հարկ է արձանագրել, որ Անկարայի ու Թել Ավիվի միջև չափից ավելի ջերմ հարաբերություններն էլ ձեռնտու չեն ԱՄՆ-ին։ Վաշինգտոնի քաղաքականությունը Մերձավոր և Միջին Արևելքում հետադարձ հայացքով դիտարկելու պարագայում կարելի է արձանագրել, որ ամերիկացիները միշտ էլ բացասական են համարել քաղաքական, ռազմական և նույնիսկ գեոտնտեսական քիչ թե շատ անկախ դաշինքների ձևավորումը։ Այդպիսի դաշինքների գոյությունը, այսպես թե այնպես, ենթադրում է տարածաշրջանի որոշակի բաժանում, որն ինքնին կբարդացներ դրա համակարգային կառավարումն ԱՄՆ-ի կողմից։
Թուրք-իսրայելական դաշինքի ձևավորման հարցում, ԱՄՆ-ի վերապահություններից զատ, Անկարան ու Թել Ավիվն էլ մեծ ձգտում չունեն միմյանց պրոբլեմների մեջ խորանալու, հավելյալ պատասխանատվություն վերցնելու։ Այնուհանդերձ, Թուրքիան փորձում է ձևավորել սեփական մերձավորարևելյան քաղաքականություն, որը բացառում է միակողմանի գործընկերությունը միայն Իսրայելի կամ միայն արաբական պետությունների հետ։ Բայց և այնպես, որքան էլ ճկուն լինի թուրքական քաղաքականությունը, առայժմ հենց Իսրայելն է մնում Թուրքիայի առավել մոտ դաշնակիցը Մերձավոր Արևելքում։ Անկարան շարունակում է դիտարկել արաբական պետություններին իբրև հակառակորդների, ուշադիր հետևում է Սիրիայի, Եգիպտոսի ու Հորդանանի կողմից իրենց զինված ուժերը Սաուդյան Արաբիայի և այլ նավթարդյունաբերող արաբական պետությունների աջակցությամբ մոդեռնացնելու փորձերին ու քայլերին։ Թուրքիան հասկանում է, որ առանց իսրայելական գործոնի ինքը չի կարող ուժեղ դիրքեր ունենալ Մերձավոր Արևելքում, և համագործակցությունն Իսրայելի հետ շարունակվում է ոչ միայն պաշտպանական բնագավառի ու անվտանգության մասնավոր հարցերում, այլև ռազմավարական խնդիրներում։ Թուրքիան և Իսրայելն անհանգիստ են իրանա-սիրիական կամ շիաների տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման հեռանկարով։
Անկարան ու Թել Ավիվը ռազմական գործողությունների ծրագրեր են մշակում ընդդեմ Սիրիայի և Իրանի, եթե ԱՄՆ-ը ցամաքային կամ այլ ռազմական գործողություն սկսի Իրանի դեմ։ Ընդ որում, Իսրայելի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբները համատեղ ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է զբաղվի երկու պետությունների բանակների համատեղ գործողության ծրագրի մշակմամբ, եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ։ Չի բացառվում, որ այս պնդումը որոշակի սրբագրման կարիք ունի, սակայն Թուրքիայի ու Իսրայելի մտադրություններն Իրանի նկատմամբ ընդհանուր տարածաշրջանային պատերազմի համատեքստում բավական լուրջ են։ Դրան կարելի է ավելացնել, որ Սիրիային ու Իրանին հարվածներ հասցնելու կոնկրետ ծրագրեր Թել Ավիվն ու Անկարան գործնականում մշակել են և փորձում են ԱՄՆ-ին ներկայացնել իրենց մտադրությունները, որպես զուտ պաշտպանական, այն դեպքում, եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները դուրս գան ծրագրված շրջանակներից։ Անկարան ու Թել Ավիվը հավաստիացնում են Վաշինգտոնին, թե մտադիր չեն զանգվածային հարվածներ հասցնել Սիրիային ու Իրանին, և խոսքը միայն սահմանափակ հարվածների մասին է, եթե Դամասկոսն ու Թեհրանը Իսրայելի ու Թուրքիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ ձեռնարկեն։
ԱՄՆ-ը խիստ մտահոգ է Իրանի դեմ հնարավոր օպերացիային Իսրայելի հավանական միջամտությամբ։ Սակայն այդ անհանգստությունը գործնականում արտահայտվում է միայն պետդեպարտամենտի կողմից, իսկ Պենտագոնը միանգամայն հնարավոր է համարում Իսրայելի որոշակի սահմանափակ մասնակցությունը, եթե Իրանն իր հերթին փորձի օդային հարված հասցնել Իսրայելին։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի և Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի միջև կայացած զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի դեմ գործողությանն Իսրայելի մասնակցության տարբերակները, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն չի կայացել։ Ջորջ Բուշն Իսրայելի անվտանգության հարցերն Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողության համատեքստում քննարկել է նաև Էհուդ Օլմերտի հետ։
Թուրքիան պակաս արմատական դիրքորոշում ունի այս հարցում, քան Իսրայելը։ Թուրքական քաղաքական ու ռազմական գործիչներն անցանկալի են համարում իրենց երկրի ներքաշումը Սիրիայի, առավել ևս` Իրանի դեմ պատերազմի մեջ։ Թուրք-իրանական հարաբերությունները տարբեր գնահատականներով շարունակում են մնալ լարված, բայց Անկարան Թեհրանից չունի այնպիսի պահանջներ, որոնք կարող էին հանգեցնել ռազմական գործողությունների։ Այնուհանդերձ, իբրև հակաիրանական գծի կրող, Թուրքիան մտահոգվում է տարածաշրջանային մեկուսացման ենթարկվելու առումով և այդ պատճառով էլ չի կարող անտեսել Իսրայելի առաջարկները և հաշվի չառնել իրադարձությունների այնպիսի զարգացումը, երբ Իրանի դեմ հավանական պատերազմը կվերածվի ընդհանուր տարածաշրջանային պատերազմի։ Անկարան ու Թել Ավիվը Վաշինգտոնի առջև դնում են հետևյալ փաստարկները. հնարավոր է, որ Իրանին ռազմաքաղաքական ու նյութական օգնություն ցուցաբերվի Սիրիայի և այլ արաբական երկրների կողմից։ Իրանը կարող է օգտագործել Իրաքի ու Սիրիայի կոմունիկացիաներն ու ենթակառուցվածքները։ Սիրիայի ու Իրանի տարածքը կարող է օգտագործվել տարբեր արմատական զինյալ խմբավորումների կողմից ընդդեմ Իսրայելի, Թուրքիայի ու Իրաքում տեղակայված ամերիկյան բանակի։ Եվ վերջապես, Իրաքում իսլամական արմատական խմբավորումները, հավանաբար, աջակցություն ունեն Սիրիայից ու Իրանից։
Թուրքիայի հետ համատեղ ծրագրից բացի, Իսրայելը մշակել է Սիրիային հարվածներ հասցնելու ինքնուրույն ծրագիր, որը ենթադրում է ոչ միայն նրա տարածքում տեղակայված առանձին ռազմական օբյեկտներին հարվածել, այլև լրջորեն վնասել Սիրիայի զրահատանկային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերին։ Նույն նպատակն առկա է թուրք-իսրայելական համատեղ մշակված ծրագրում։ Իսրայելը գնալով ավելի ու ավելի է մեղադրում Սիրիային ու Իրանին ոչ միայն Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» գործունեության հետ կապված, այլև Պաղեստինում նրանց միջամտության առնչությամբ։ Իսրայելի համար չափազանց կարևոր է, թեկուզ սիմվոլիկ, շատ սահմանափակ մասնակցություն ունենալ Իրանի դեմ որևէ գործողության, ինչը հնարավորություն կտա հաղթահարելու Իսրայելի քաղաքականության հետ կապված ամերիկյան վերապահությունները, ավելի սերտ կապել ԱՄՆ-ին իսրայելական քաղաքականության արմատական ծրագրերին։ Իսրայելի ծրագրերն ուղղված են տարածաշրջանային ամուր դաշինքի ձևավորմանը, որի հիմքը կդառնար թուրք-իսրայելական համագործակցությունը։ Թեկուզ և Թուրքիան առանձնապես չի կիսում Իսրայելի խնդիրները` կապված տարածաշրջանում նրա դիրքորոշումների հետ, Թել Ավիվն էլ իր հերթին չի ցանկանում միջամտել Թուրքիայի արտաքին քաղաքական պրոբլեմներին և նույնիսկ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իրականացնում է Թուրքիայից առանձին, սեփական քաղաքականություն։ Սակայն թուրք-իսրայելական հարաբերություններում ամենամեծ հիմնախնդիրը մնում է քրդական հարցը, քանզի Թել Ավիվը լայն գործունեություն է իրականացնում Հյուսիսային Իրաքում քրդական պետությունն ամրապնդելու ուղղությամբ` իր այդ քաղաքականությունը բացատրելով արաբական աշխարհին ու Իրանին հակակշիռ ստեղծելու ցանկությամբ։ Սակայն Թուրքիային այդ բացատրությունները չեն բավարարում։
Այս հարցում թուրք-իսրայելական հարաբերություններում տարբեր դիրքորոշումների առկայությունը հայտնի է արաբական ու եվրոպական փորձագետներին։ Միաժամանակ հալվում են Թուրքիայի պատրանքներն ԱՄՆ-ում ու Եվրամիությունում հրեական շրջանակների միջոցով ու աջակցությամբ իր խնդիրները լուծելու վերաբերյալ։ Անկարայում սկսել են հասկանալ, որ Իսրայելի ու հրեական շրջանակների կողմից առաջարկված քաղաքական սերվիսն ակնհայտորեն չի համապատասխանում իր պահանջներին։ Արդյունքում ստեղծվել է հակասական իրավիճակ, երբ Թել Ավիվի ու Անկարայի միջև ռազմական ու ռազմաքաղաքական ակտիվ համագործակցության պայմաններում զուտ քաղաքական համագործակցությունը սկսել է հետընթաց արձանագրել։ Բազմաթիվ կանխատեսումների համաձայն, այնուհանդերձ, հնարավոր է թուրք-իսրայելական ռազմաքաղաքական համագործակցության արագացում, քանի որ երկու պետություններն ունեն ընդհանուր խնդիրներ և ընդհանուր տարածաշրջանային հակառակորդներ։ Սակայն ո՛չ Անկարային, ո՛չ էլ Թել Ավիվին պետք չէ միայն իրենց մասնակցությամբ մեկուսացված դաշինքը, այլ անհրաժեշտ է դիտարկվում Վրաստանի, Ադրբեջանի և Հորդանանի ներգրավումը։ Մանավանդ որ վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում սրբագրեցին շատ պետությունների առաջնահերթություններն ու ձևավորեցին նոր իրողություններ։
Անշուշտ, Թել Ավիվն ու Անկարան կցանկանային տարածաշրջանային դաշինք ձևավորել ամենից առաջ ԱՄՆ-ի հետ, որը կունենար համաշխարհային ռազմավարական նշանակություն, և տարածաշրջանային մեկուսացման միտումներն այդքան սպառնալի չէին լինի։ Այդ կապակցությամբ հենց Իրանի դեմ ընդհանուր գործողությանը մասնակցելը կդառնար այդպիսի դաշինքի ձևավորման նախապայման։ Սակայն միաժամանակ պարզ է, որ ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա դաշինքի ձևավորումը կունենա գլոբալ նշանակություն, Թուրքիայի և Իսրայելի համար կապահովի բոլորովին նոր կարգավիճակ։ Այդ պատճառով էլ նույնիսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ներկայիս փուլում Թուրքիան փորձում է սպեկուլյացիա անել մերձավորարևելյան իրավիճակի շուրջ և իր համար պատվավոր տեղ ապահովել ապագայում։ Իրանի նկատմամբ Իսրայելը, կարծես, մշակել է մինիմում ու մաքսիմում ծրագրեր։ Մինիմում ծրագիրը ենթադրում է գրոհի միջոցով իրանամետ արմատական կազմակերպությունների ոչնչացում` ներառյալ Լիբանանում գտնվող իրանական հրահանգիչներին։ Միանգամայն հնարավոր է, որ այդ ծրագիրն արդեն իրագործվել է 2006-ին Լիբանանի հետ պատերազմի ժամանակ, երբ ոչնչացվեցին իրանամետ արմատական կազմակերպությունների քաղաքական ու ռազմական առաջնորդները։ Մաքսիմում պլանը ենթադրում է հարվածներ Իրանի ռազմածովային նավատորմի, միջուկային և այլ բարձր տեխնոլոգիական օբյեկտներին, ինչպես նաև այն ուժերին, որոնք այս գործողության ընթացքում Իրաքից կարող են հետ քաշվել ու կենտրոնանալ Իրանի տարածքում։
Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում դրանք կտարածվեն նաև Սիրիայի վրա։ Այդ պարագայում Թուրքիան սկզբում կփորձի Սիրիային որոշ պահանջներ առաջադրել, այդ հեռանկարն արդեն հիմա ուրվագծվում է թուրք-սիրիական հարաբերություններում։ Թուրքական քաղաքական և ռազմական ղեկավարությունը հասկացնում է Սիրիային, որ հարաբերությունների վերջին շրջանում արձանագրված էական բարելավումը կարող է հետընթաց արձանագրել, եթե Սիրիան ընդգրկվի տարածաշրջանում հնարավոր զարգացումների ուղեծրում։ Ներկայումս Անկարային ու Դամասկոսին միավորում է քրդերի դեմ պայքարը, և այդ հարցում երկու պետությունները միանման դիրքորոշում ունեն։ Սակայն Թուրքիայի պահվածքը բացատրվում է նաև ձգձգվող և կանխատեսման չենթարկվող տնտեսական ճգնաժամով, իրական կայունության բացակայությամբ, քաղաքական ու ռազմական ղեկավարության մեջ գոյություն ունեցող էական հակադրությամբ, իսլամիստների ու քրդական վտանգի առկայությամբ։ Դրանից ելնելով է, որ Թուրքիան շահագրգռված չէ ոչ միայն Սիրիայի ու Իրանի դեմ պատերազմով, այլև պատերազմով ընդհանրապես։ Այս տրամադրությունը գերիշխող է Թուրքիայի քաղաքական, հասարակական, ընդհանուր առմամբ նույնիսկ ռազմական շրջանակներում։ Միաժամանակ հենց թուրքական զինվորականներն էլ հասկանում են, որ Անկարայի պասիվությունը տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ կարող է հանգեցնել երկրի մեկուսացման, հստակ արտաքին քաղաքական կուրսի բացակայության։ Իրաքի դեմ պատերազմին չմասնակցելը Թուրքիային մի շարք առավելություններ տվեց, սակայն կարճաժամկետ կտրվածքով։ Հեռանկարում այդ դիրքորոշումը ոչ մի առավելություն չի տալու Անկարային ո՛չ արաբական պետությունների, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Իսրայելի հետ հարաբերություններում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն է լինելու Թուրքիայի գործառույթը, եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ։ Պարզ է, որ Թուրքիայի առջև խնդիր կդրվի չեզոքացնելու Սիրիային և թույլ չտալու նրան հանդես գալ Իրանի կողմում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ