Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թումանյանի թիֆլիսյան տունը տեղի իշխանությունները 4 հազար 768 դոլարով են վաճառել

Թումանյանի թիֆլիսյան տունը տեղի իշխանությունները 4 հազար 768 դոլարով են վաճառել
20.02.2009 | 00:00

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Թվում է` ի՞նչ մի բարդ խնդիր է 15-25 հազար դոլարը մեր երկրի համար, որն այնքան հարուստ է մեծահարուստներով, մանավանդ, եթե դրանք անհրաժեշտ են ամենայն հայոց բանաստեղծ, տարիներ անց էլ իբրև ամենաժողովրդական բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիի Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող երբեմնի տան պահպանմանը։ Մեկ անգամ ևս նշենք, որ սա «Վերնատունը» չէ, այլ 1950-ականներից Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարան դարձած այն բնակարանը, ուր 1908-1921 թթ. ապրել է բանաստեղծը։ Ինչպես տեղեկացանք Վրաստանում ՀՀ դեսպանից, դեռևս 1997 թ. քաղաքային իշխանությունները 4768 դոլարով վաճառել են այն։ Ինչևէ, տարին թումանյանական է, ուստի Երևանում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԻ, ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ հետ զրուցում ենք Մեծն լոռեցու թիֆլիսյան բնակարանի ճակատագրին առնչվող հարցի շուրջ։
«ՍԱ ԱՅՆՔԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԽՆԴԻՐ ԷՐ, ՈՐ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԼՈՒԾԵԼ»
-Տիկին Թուխիկյան, դժգոհություն կա, որ խնդրի մասին իշխանությունները ժամանակին տեղեկացված չեն եղել։ Ո՞վ պետք է աներ դա, և ինչո՞ւ չի արվել։
-Խնդիրը մեր իշխանություններին հասու պետք է դարձնեին Թբիլիսիի հայկական համայնքը, Թումանյանների ընտանիքը կամ Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Որքան գիտեմ, գոնե արտգործնախարարի մակարդակով դեսպանատունը տեղեկացրել է, բայց երևի ճանապարհին նամակն անհետացել կամ անփութության պատճառով անպիտան թղթերի հետ աղբաման է նետվել։ Համենայն դեպս, դեսպանությունն ահազանգել է ժամանակին, գուցե հետո հետևողական չի եղել։ Բոլոր դեպքերում, մեղքը միմիայն մերն է։ Եթե այնժամ տեղի համայնքն ու դեսպանատունը մի քիչ ակտիվ լինեին, ապա սա այնքան պարզունակ խնդիր էր, որ կարելի էր շատ հեշտությամբ լուծել։ Ի վերջո, փողի հարց չէ՞։
-Առհասարակ, երբվանի՞ց է ծագել այս հարցը։
-Այս տան ճակատագրով դեռևս 1941 թ. Ստեփան Զորյանն է մտահոգված եղել, ով էլ խնդրո առնչությամբ նամակներ է ուղարկել և՛ Վրաստանի գրողների միությանը, և՛ քաղաքային իշխանություններին։ Սակայն, բացի Զորյանի նամակներից, Հայաստանում ուրիշ ոչ մի փաստաթուղթ չենք գտել, որը հաստատեր հարցի այսչափ վաղեմությունը։ Իսկ ավելի ստույգ` այս խնդիրը ծագել է 12-13 տարի առաջ, ինչն այն օրերին մի քանի հազար դոլարով շատ հեշտ կարելի էր լուծել։
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ 12-13 տարվա լռությունից հետո վրաց իշխանությունները հենց հիմա որոշեցին իրականացնել այս գործարքը։
-Այս ընթացքում փոխքաղաքապետի մակարդակով կասեցված էր շենքի հարցը, քանի դեռ Հայաստանի իշխանությունները որևէ բան չեն առաջարկել դրա դիմաց։ Այսինքն` նրանք ակնարկ արեցին, թե` ա՛յ մարդ, մի բան մտածեք, էլի։ Իսկ մերոնք երկար լռեցին։ Նույն կերպ էլ Նորաշենի հայկական եկեղեցու հարցը կասեցվեց Գարեգին 2-րդի ժամանակ։ Անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել` նորոգել եկեղեցին, պատարագ անել։ Տեսան` դռները փակ են մնացել, իրենք էլ եկան ու տեր կանգնեցին։ Ահա այդպես անտարբերությունը` բոլորիս անտարբերությունը, պատճառ դարձավ Թումանյանի տան կորստի։
-Չե՞ք կարծում, որ սա Վրաստանի կողմից մեր մշակութային կոթողների, կառույցների դեմ պետական կոնկրետ քաղաքականության շարունակությունն է։
-Քաղաքական ենթատեքստ, ըստ էության, ամեն ինչի տակ էլ կա։ Իհարկե, սա շարունակությունն է։ Տեսեք Խոջիվանքն ու մեր բոլոր մեծերի ապականված գերեզմանները։ Փառք Աստծո, Թումանյանի, Սունդուկյանի և Րաֆֆու ոսկորները փրկվեցին` Թումանյանի շիրմաքարի հետ մեկտեղ։ Իսկ մնացա՞ծը։ Դրանք սուրբ գերեզմաններ էին, որոնց մասունքները ցաքուցրիվ եղան բուլդոզերների տակ։ Այս առիթով, գիտեք, չէ՞, ինչ աղմուկ պետք է բարձրացվեր։ Համաշխարհային սկանդալ կարելի էր սարքել։ Բայց ո՞վ իմացավ։ Միայն հուզախառն ու պաթետիկ մի քանի ելույթներ։ Չէ, շատ թույլ ենք աշխատում, ինքնասիրություն չունենք, առհասարակ շատ բան չունենք, լրիվ կորցրել ենք մեզ։
-Հայաստանի գրողների միությունն այս հարցում ինչպիսի՞ դերակատարություն պետք է ունենար, և արդյո՞ք թերացել է։
-Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով և ինչ դերակատարություն պետք է ունենար և ինչում է թերացել։ Գուցե հարցն իրենց ուղղեք։ Գիտեմ միայն, որ ժամանակին մի խումբ հայ մտավորականներ` Հրանտ Մաթևոսյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, ահազանգել են և նույնիսկ նամակ են գրել Էդուարդ Շևարդնաձեին։ Բայց ինչո՞ւ նրան, երբ մենք պետություն ունենք, և հարցը պետական խողովակներով պետք է լուծվեր։ Իսկ որ մտավորականները պետք է պետության դրդիչը լինեն, դրանում ոչ մի խոսք, բայց պետք է ցանկություն ունենան, կամք ու խիզախություն դրսևորեն։
-Իշխանություններն այսօր որևէ բան ձեռնարկո՞ւմ են, թե՞ ոչ։
-Չգիտեմ, ճիշտն ասած, կոնկրետ քայլեր ձեռնարկում են, թե ոչ, բայց ես պատրաստվում եմ իշխանություններին պաշտոնապես դիմել այս խնդրով։ Միանշանակ համոզված եմ, որ հարցը բարձր օղակների, նույնիսկ նախագահի մակարդակով միայն կարող է լուծվել։
«ՀԻՄԱ ՈՉ ԹԵ ԱՂՄՈՒԿՈՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵՆՔ, ԱՅԼ ՀԱՍԿԱՆԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՆՈՒՇԱԴԻՐ ԵՂԱՆՔ»
-Պարոն Անանյան, որքա՞ն ժամանակ է, որ ՀԳՄ-ն տեղեկացված է Թբիլիսիում Թումանյանի տան հնարավոր կորստի մասին և ի՞նչ է արել այդ ուղղությամբ։
-1999 թվականից ենք տեղյակ այս խնդրին և ձեռքներս ծալած չենք նստել։ Դիմեցինք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, որպեսզի կառավարության մակարդակով լուծվի հարցը։ Կարծես թե այն արժանացել էր Անդրանիկ Մարգարյանի հավանությանը, բայց ես չհասկացա, թե հետո ինչու մնաց չլուծված ու առկախ։
-Հետևողականության պակասից չէ՞ր, արդյոք։
-Գուցե, բայց հիմա ոչ թե աղմուկով մեղավորներ պետք է փնտրենք, այլ հասկանանք, թե ինչո՞ւ ժամանակին անուշադիր եղանք, որպեսզի նման իրավիճակներում չհայտնվենք այլևս։ Ես մի քիչ էլ չեմ հասկանում` ինչո՞ւ էինք այսքան տարի լռում, և հենց գործարքը կատարվեց, նոր միայն սկսեցինք հռնդյունով խոսել, ելույթներ ունենալ։
-Վերջերս ՀԳՄ-ի բյուջեի շուրջ խոսակցություններում աստղաբաշխական թվեր են նշվում։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ ՀԳՄ-ն չգնեց Թումանյանի տունը։
-Այնքան անհեթեթ է, որ ՀԳՄ-ի բյուջեն գրեթե հավասարեցնում են պետբյուջեի հետ։ Սա նշանակում է` մեր գիտակցության մեջ մտագարության սինդրոմ է սպրդել։ Ի՞նչ է նշանակում` գրողների միությունը հանգանակությամբ 300 մլն դոլար փող է հավաքել։ Անգամ Ազատ Եղիազարյանը, ով նախագահության անդամ է և քաջատեղյակ է գումարի ողջ չափին, «Շանթի» այդ վերջին հարցազրույցի ընթացքում այնպիսի անակնկալի եկավ, որ ինքն էլ շփոթվեց` ասելով, որ ոչ թե 300 մլն է, այլ 3 միլիոն։ Սակայն խոսքը 300 հազարի մասին է, որ մենք արդեն երեքից չորս տարի է օգտագործում ենք տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Իսկ եթե փող ունենայինք, իհարկե, կտրամադրեինք այդ 15-20 հազարը և պահը չէինք կորցնի։
-Կարելի՞ է ենթադրել, որ նշյալ 300 հազարից ոչինչ չի մնացել, և այս պահին այլևս փող չունեք։
-Իհարկե, չունենք, մենք ամենախոցելի` ՀԿ-ի կարգավիճակով ապրող ստեղծագործական միություն ենք, որ չենք կարողանում նույնիսկ քսան աշխատողի աշխատավարձ վճարել։ Իսկ ֆոնդի փողերը միայն գրողներինն են, և իրավունք չունենք ուրիշ ծախսեր կատարելու։ Եվ, ընդհանրապես, գրողների միության ի՞նչ խնդիրն է` որտեղից ու ինչպես փող ճարել և լուծել այս խնդիրը։ Դա կառավարության լուծելիք հարցն է, նա է հասցեատերը, որին մենք ժամանակին դիմել ենք։ Մնացածն անհարկի շահարկումներ ու բամբասանքներ են, որը որդի պես ուտում է հասարակության միջուկը։
-Այնուհանդերձ, ՀԳՄ-ի բյուջեն այսօրինակ ծախսեր չի՞ նախատեսում։
-Իհարկե` ոչ, և որտեղի՞ց կարող է նախատեսել։ Մենք ունենք ընդամենը հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի կազմում մեր անվանի գրողներն են և խոշոր նվիրատուների ներկայացուցիչները։ Հիմնադրամն ունի կանոնադրություն, որտեղ հստակ գրված են գումարների օգտագործման ուղղությունները։ Զավեշտ է ֆինանսապես մի կերպ գոյատևող գրողների միության առաջ այլ պահանջներ դնելը։ Այնուամենայնիվ, եթե հնարավորություն ունենայինք, ոչ միայն Թբիլիսիում Թումանյանի, այլև ողջ աշխարհում գոյություն ունեցող մեր բոլոր մեծերի, նշանավոր մարդկանց տները կգնեինք և տուն-թանգարաններ կդարձնեինք։ Ահա սա է ողջ պատմությունը։
Զրուցեց
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Հ. Գ.- Հարկ ենք համարում շեշտել, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող 120 քմ ընդհանուր մակերեսով Հովհաննես Թումանյանի տան այսօրվա շուկայական արժեքը 240-250 հազար դոլար է, չհաշված սեփականատիրոջ կամայականությունները, որոնց արդյունքում գումարը կարող է կրկնապատկվել։

Դիտվել է՝ 3274

Մեկնաբանություններ