ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԵՎ ԿՐԿԻՆ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՎ ԿՐԿԻՆ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
09.03.2010 | 00:00

Հեյդար Ալիևը թողել է այնպիսի քաղաքական ժառանգություն, որն ամենից առաջ ենթադրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացում, ինչը, ի դեպ, բխում էր հետխորհրդային ադրբեջանական պետության «հիմնադրի» անձնական փորձից ու բնավորությունից։ Արտաքին քաղաքականության մեջ բազմաբնույթ գործընկերություն և հարաբերություններ հաստատելու ցանկությունն ինքնին ինքնատիպ բան չէ, այս կամ այն չափով դրան են ձգտում Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի բոլոր նորանկախ պետությունները։ Սակայն, միևնույն ժամանակ, իրական քաղաքական պրակտիկան խիստ հեռու է պետությունների առաջնորդների բազմավեկտոր քաղաքականություն իրագործելու ձգտումից։
Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունները, հայտնվելով լուրջ արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին դեմ-հանդիման, հարկադրված էին որոշակիացնելու իրենց առաջատար գործընկերներին, որոնց հետ կառուցելու էին ռազմավարական հարաբերություններ։ Անկասկած է, որ Բաքվում միշտ էլ առկա է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի ինքնուրույնության ապահովման ձգտում, որովհետև Ադրբեջանն Անկարայի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելով, այնուհանդերձ, երբևէ չի ցանկացել դառնալ թուրքական շարքային «վիլայեթ»։ Դա էլ Հեյդար Ալիևի քաղաքական պատկերացումներից մնացած ժառանգություն է, որովհետև վերջինս հասկանում էր, որ Թուրքիայից չափազանց կախվածությունը կհանգեցնի իր ընտանիքի համար իշխանության կորստի։ Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը եղել ու մնում են իշխանության պահպանումը և խոշոր ու ապահովագրված կարողության կուտակումը։ Մնացյալը, այդ թվում` ազգային անվտանգության խնդիրներն ու հիմնահարցերը, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» պրոբլեմը, ընտանիքի և կլանի քաղաքականությանը ենթակայեցված հարցեր են։
Այս հանգամանքներում Ադրբեջանը երկար ժամանակ վարել է բոլորովին էլ ոչ թուրքամետ արտաքին քաղաքականություն, այլ արևմտամետ (ամենից առաջ դեպի ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա) քաղաքականություն։ Հենց Լոնդոնում են գտնվում Ալիևների ընտանիքի ակտիվների երաշխիքները, և Ադրբեջանը գործնականում իրականացրել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության ողջ հնարավոր ծրագիրը, մասնավորապես նավթի ու գազի արդյունահանման ու տեղափոխման տարածաշրջանային ցանց ստեղծելու, ռազմական տրանզիտ ապահովելու, իր տարածքում հետախուզական նշանակությամբ օբյեկտներ տեղակայելու մասով։ Ինչպես նաև հիմնարար նշանակություն ունեցող այն քաղաքական մտադրությունների առումով, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը և Իրանի, Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերություններին։ Անցած 15 տարիներին ու հատկապես վերջին մի քանի տարում Ադրբեջանը գործնականում սպառել է քաղաքական և նյութական բոլոր սկզբունքային ռեսուրսները, որոնք կարող էր առաջարկել կամ տրամադրել ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին։ Հնարավոր է, որ ամենամեծ «զոհողությունն» Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի հետ իր արտաքին և մանավանդ ներքին քաղաքականության համաձայնեցման սահմանափակումն էր։ Վերջին 5-7 տարիներին ԱՄՆ-ը բավական ցուցադրական քաղաքականություն է վարում Ադրբեջանն ու Թուրքիան միմյանցից տարաբաժանելու ուղղությամբ, ինչը միգուցե Թուրքիայի նկատմամբ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության գլխավոր բնութագրական հանգամանքն է։ Ընդ որում, արևմտյան հանրությունն այդպես էլ Ադրբեջանին չի առաջարկել հստակ հեռանկարներ ղարաբաղյան հարցի կարգավորման առումով, ինչը մնում է Ադրբեջանի քաղաքական ու քարոզչական նշանակության հիմնական խնդիրը։
Այն պայմաններում, երբ Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության առանցքում դրված է Անկարայի արտաքին քաղաքական հավակնությունների զսպման ու նրան վերահսկելու խնդիրը, ադրբեջանական շահերի ապահովման համար «թուրքական գործոնի» օգտագործման ցանկացած փորձ ԱՄՆ-ի կողմից զգուշավորության ու թշնամական վերաբերմունք է ստեղծելու Ադրբեջանի նկատմամբ։ Արևմուտքում Ադրբեջանի դրությունն այլ կերպ են գնահատում, քան Բաքվում։ Ամերիկացիներն ու եվրոպացիները համարում են, որ իրենց շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն ստացավ ունենալու լուրջ եկամուտներ, հասնելու ներկայիս տնտեսական կացությանը ու դրա համար միայն շնորհակալ պիտի լինի Արևմուտքին։ Իսկ Թուրքիայի հետ Բաքվի հարաբերությունները պետք է կանոնակարգվեն կամ առնվազն կառուցվեն ամերիկացիների ու եվրոպացիների շահերի հաշվառումով։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, որ նախաձեռնել են ամերիկացիները, նպատակ ունեն ներքաշելու Թուրքիան Հայաստանի հետ պարտավորեցնող հարաբերությունների դաշտ և դրանով իսկ մեծացնելու վերահսկողությունն Անկարայի նկատմամբ։ Այս ամենն ահռելի հիասթափություն է առաջացրել Ադրբեջանում, և դա պայմանավորված է ոչ այնքան ղարաբաղյան հիմնախնդիրը մոռացության տալու մտավախությամբ և նրանով, որ Թուրքիան դուրս կդրվի հիմնախնդրի կարգավորումից, այլ մտահոգությամբ, որ կարող է ի հայտ գալ Թուրքիայի կողմից Ադրբեջանի ազգային շահերի անտեսման նախադեպը։ Թուրքիան ի ցույց դրեց իր «հետաքրքրվածությունը» ղարաբաղյան հիմնախնդրով, իրականում նպատակ ունենալով դուրս գալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից` այդ խնդիրը որպես առիթ օգտագործելով։ Որովհետև հայ-թուրքական գործընթացի դրական արդյունքները կվերածվեին «հայկական գործոնի» ուժեղացման, ինչպես նաև արտաքին հսկողության մեծացման Թուրքիայի նկատմամբ։ Ոչ հրապարակային քաղաքականության այս իրողությունը Բաքվում չեն կարող չհասկանալ, քանի որ Ադրբեջանն իրականում շատ ավելի նեղացած է Թուրքիայից, քան այդ մասին խոսվում կամ հայտարարվում է։ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց վա-բանկ գնալ, ինչը գործնականում նշանակում էր հնարավոր ամենամեծ անհեթեթությունը` դեմքով շուռ գալ դեպի Ռուսաստան։ Եվ այժմ հարց է, թե ի՞նչ է նշանակելու այդ շրջադարձը գործնականում և ինչի՞ կարող է հանգեցնել։
Ամենից առաջ հարկ է հասկանալ, որ այդ «աշխարհաքաղաքական շրջադարձից» քիչ բան է փոխվել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և գեոտնտեսության մեջ։ Ռուսաստանը, շատ լավ հետևելով այդ իրադրության զարգացմանը, չի գնահատում այն իբրև ինչ-որ բազմանշանակ բան։ Նավթի ու գազի արդյունահանման և տարանցման միջտարածաշրջանային համակարգը կողմնորոշված է ոչ թե դեպի Հյուսիս, այլ Արևմուտք, և այդ իրողությունը սրբագրելու համար գործնականում այլևս ոչինչ հնարավոր չէ անել։ Արևմուտքում Ադրբեջանի նման աննշան պետությանը ոչ ոք թույլ չի տա անտեսելու բազմամիլիարդ ներդրումներն ու կոմունիկացիաների կառուցումը և նավթի ու գազի հիմնական հոսքերն ուղղորդել այլ ուղղությամբ։ Նավթի ու գազի արդյունահանման և տարանցման պարտավորությունները Բաքուն պետք է ամբողջությամբ կատարի, և դրանում որևէ կասկած չկա։ Միևնույն ժամանակ, միջազգային առումով այս էներգետիկ կոմպլեքսի նշանակության հետ կապված, խնդիրներ են առաջացել։ Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն անցած տարիների ընթացքում այդպես էլ չգործեց լիարժեք նախագծային ծավալով, նոր խնդիրներ առաջացան նավթի ծավալների ապահովման հետ կապված, և արդյունքում այն կորցրեց իր քաղաքական ու տնտեսական նշանակությունը։ Աշխարհում տեղի ունեցան արմատական փոփոխություններ ընդհանուր էներգետիկ իրավիճակում, այդ թվում` գնային առումով, և դրանք գործնականում տեղայնացրին ու նկատելիորեն նվազեցրին ադրբեջանական նավթի նշանակությունը` ռեսուրսային և տնտեսական իմաստով, ինչը ենթադրվում էր և պայմանավորված էր իրաքյան նավթի արդյունահանման ծավալների մեծացմամբ, որի շնորհիվ այդ երկիրը վերադարձավ առաջատար նավթային երկրների շարքը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ժամանակի հետ վերածվեց լոկալ խողովակաշարի, որը հիմնականում ապահովում է Թուրքիայի և Իսրայելի տարեկան 30-32 մլն տոննա կազմող պահանջարկը։ Ներկայումս Ադրբեջանի գեոտնտեսական վիճակը բնութագրվում է որոշակի փակ ուղղվածությամբ, բազմազանության ու այլընտրանքների բացակայությամբ։ Ադրբեջանն ընդունակ չէ դառնալու գազային քիչ թե շատ խոշոր նախագծի միակ աղբյուրը, որը կունենար միջտարածաշրջանային նշանակություն և կնպաստեր «Նաբուկոյի» խնդրի արծարծմանը։ Բաքուն գործնականում չի տիրապետում քաղաքական ազդեցության և արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորության, եթե հենվի միայն սեփական նավթի ու գազի ռեսուրսների վրա։ Դատելով այն փորձագետների արձագանքից, ովքեր սպասարկում են նավթային և էներգետիկ բիզնեսը, օրինակ, «Control Risk» բրիտանական կորպորացիայի փորձագետները համարում են, որ Արևմուտքում ոչ մի անհանգստություն չկա, թե ֆորսմաժորային իրավիճակ կստեղծվի ադրբեջանական նավթն ու գազը միջազգային շուկաներ մատակարարելու առումով։ Նույն կարծիքին են Վաշինգտոնի «Նավթային ֆինանսական ընկերության» և Բոստոնում գտնվող «Քեմբրիջի էներգետիկ ասոցիացիայի» փորձագետները։ Ադրբեջանի գեոտնտեսական տեղն ու նշանակությունը հստակ ամրագրված է, և չկան սպասումներ, որ այդ իմաստով լուրջ փոփոխություններ կարող են լինել։ Բաքվում ակնհայտորեն գերագնահատում են «ադրբեջանական գործոնի» նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Ադրբեջանական մամուլի դիտարկումներից կարելի է հանգել եզրակացության, որ Բաքվում, ինչպես, ի դեպ, Երևանում, ամենևին էլ միանգամից և լիարժեք չեն հասկացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ էությունը։
Ռուսաստանը համարում է, որ շատ բան է տանուլ տվել կովկասյան քաղաքականության մեջ` Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի արդյունքում։ Եվ այժմ փորձում է կրկին հստակեցնել տարածաշրջանում իր քայլերի հետևողականությունը և դրանց առաջնահերթությունը։ ԱՄՆ-ը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ լիովին վերահսկում է Վրաստանն ու Ադրբեջանը, ամենից առաջ կոմունիկացիոն համակարգերը։ Ռուսաստանը գործնականում ինքն իրեն մեկուսացրեց տարածաշրջանից` հնարավորություն տալով ամերիկացիներին իրենց շահերի համար բացարձակապես առանց վտանգի վերահսկելու իրավիճակը։ Մոսկվայում ձևավորվել են քաղաքական գործիչների ու քաղաքական ծրագրավորողների տարբեր խմբեր, որոնք Ռուսաստանի շահերը և նրա ռազմական արշավը Հարավային Կովկասում դիտարկում են, ելնելով խմբային ու կորպորատիվ, բայց բոլորովին էլ ոչ ազգային շահերից։ Դա, իհարկե, ենթադրում է Ռուսաստանի կողմից գործունեության ուժեղացում ադրբեջանական ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն այսօր փորձում է փոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, սրբագրումներ մտցնել գեոտնտեսական ծրագրերում, ամրապնդվել Ադրբեջանում և թույլ չտալ նրա ներգրավումը որոշակի համաշխարհային կենտրոնների հակառուսական քաղաքականության մեջ։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը կարիք չունի Ադրբեջանի նախաձեռնություններն ընկալելու իբրև երկնային մանանա և սկզբունքային շրջադարձ Բաքվի դիրքորոշման մեջ։ Մոսկվայում ոչ պակաս, քան Վաշինգտոնում հասկանում են Ադրբեջանի փակուղային և խոցելի դրությունը։ Ինչպես ամերիկացիները, ռուսներն էլ ադրբեջանական «նոր քաղաքականությունն» ընկալում են իբրև հարկադրված քայլեր, բխող Բաքվում առաջացած հիասթափություններից ու նեղացածությունից։ Չափազանց մեծ սխալ կլիներ Ադրբեջանի նպատակներն ու խնդիրները դիտարկել Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների կառուցման համատեքստում` կապված ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Ադրբեջանական էլիտան հասկանում է, որ Ռուսաստանը չի կարող հանդես գալ իբրև կովկասյան քաղաքականության դիրիժոր ներկայիս միջազգային պայմաններում և ինչպես նախկինում, ընդունակ չէ Ղարաբաղը նվիրելու Ադրբեջանին։ Ռուսաստանի փորձերը` տարբեր փուլերում ղարաբաղյան հիմնախնդիրն իր քաղաքականության ուղեծիր ներքաշելու ուղղությամբ, ավարտվել են անփոփոխ տապալումներով և Հայաստանում Ռուսաստանի հուսալիության ու լոյալության մասին կասկածների խորացմամբ, իբրև գործընկերոջ։ Նույնիսկ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն ի վիճակի չէ թեկուզ մասամբ այդպիսի ծառայություն մատուցելու Մոսկվային։ Անշուշտ, ղարաբաղյան հիմնախնդիրը ցանկացած դեպքում շարունակում է մնալ Ադրբեջանի առաջնային հարցերի օրակարգում։ Բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունների իբր փոփոխությունը պետք է դիտարկել որպես Բաքվի արտաքին քաղաքականության ընդհանուր սխեմայում որոշակի փաստարկ, ոչ ավելին։ Ադրբեջանին օդի պես անհրաժեշտ է Արևմուտքին ցույց տալ, թե կա արտաքին քաղաքականության այլընտրանք։ Բայց եթե այդ հանգամանքը օդի պես է անհրաժեշտ, հնարավոր չէ շատ բան ստանալ քաղաքական առևտրում։
Իր արտաքին քաղաքականության զարգացման այս փուլում Ռուսաստանը լիովին որոշակիացրել է իր առաջնահերթությունները ղարաբաղյան հարցում և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Այդ սխեման և դրա տրամաբանությունը շատ պարզ են, ուստի դրանից հետևող կոնկրետ գործողություններն էլ շատ բարդ չեն լինելու։ Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով և ցանկացած խորությամբ, սակայն մինչև այն սահմանը, քանի դեռ Հայաստանը մնում է որպես գործընկեր այսօր գոյություն ունեցող ձևաչափի շրջանակներում։ Այս սխեման, որ «ծնել» են մոսկովյան քաղաքականության իլյուզիոնիստները, այլընտրանք չունի։ Հայաստանում, հավանաբար, ակնհայտորեն ճիշտ չեն գնահատել, թե որքան է Մոսկվան մտահոգված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Հնարավոր է, որ գոյություն չունի այդ մտահոգության տրամաբանության ընկալումը, ինչպես նաև այն իրողության գիտակցումը, թե որքան մեծ է Ռուսաստանի անվստահությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հարցերում։ Ռուսաստանի մտավախություններն առնչվում են ոչ թե նրան, որ Հայաստանը կհայտնվի թուրքական քաղաքականության ու տնտեսության ուղեծրում, այլ որ նոր պայմաններում ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ն է դառնալու Հայաստանի անվտանգության առաջատար երաշխավորը թուրքական վտանգի առջև։ Հարավային Կովկասում ամերիկացիների ջանքերով նոր հարաբերությունների ստեղծումը շատ կողմերով որոշում է նաև ԱՄՆ-ի նոր դերը Հայաստանի համար, Հայաստանի վերածումը «նոր Իսրայելի», երբ «հայկական գործոնը» Թուրքիայի վրա ճնշելու առումով կուժեղանա։ Ընդ որում, Հայաստանի դերն այդ պարագայում միանգամայն զգալի կլինի ռուս-թուրքական համատեղ ծրագրերի ձևավորումը տապալելու ուղղությամբ։
Հարկ է ընդգծել, որ չնայած ԱՄՆ-ի` Թուրքիան Եվրամիություն խցկելու կեղծ ջանքերին, ամերիկացիներն իրականում Թուրքիան դիտարկել են ոչ թե իբրև Եվրոպայի, այլ «Մեծ Մերձավոր Արևելքի» մաս։ Թուրքիայի գործառույթները Եվրոպայում հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Այլ բան են Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջանները, ուր Թուրքիան կարող էր ստանձնել տարաբնույթ գործառույթներ։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի պետություններն իրենց անկախացումից ի վեր ամերիկացիների ու եվրոպացիների կողմից դիտարկվել են իբրև եվրոպական քաղաքական ու սոցիալ-մշակութային տարածության մաս։ Եթե Ադրբեջանի հետ կապված անսպասելի գնահատականներ դեռ կարող են լինել Եվրոպայի կողմից, որպես եվրոպական տարածության երկրի, ապա Վրաստանն ու Հայաստանն ապագայում մեծ խնդիրներ չեն ունենալու եվրոպական ինտեգրացիայի առումով։ Տարածաշրջանների ու պետությունների տեղի ու դերի այսպիսի դասավորվածությունը չի ենթադրում այնպիսի սերտ քաղաքական համագործակցություն, որի մասին հրապարակավ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Հարավային Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, պետք է ամրագրվի որպես աշխարհաքաղաքական սահմանափակում Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների դեմ։ Համանման դեր է վերապահված նաև Կիպրոսի, Բուլղարիայի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի, Ղրիմի, Էգեյան ծովի և վերջապես Իրանի հետ կապված հիմնախնդիրներին։ Թուրքիայի շուրջ ստեղծվում է «անվտանգության գոտի» նրա էքսպանսիան սահմանափակելու համար, և դա արվում է ոչ այն պատճառով, որ Հարավային Կովկասում ինչ-որ իդեալիստական պատկերացումներ լինեն ապագա հարաբերությունների մասին։ Ի դեպ, Վրաստանն արդեն զգացել է, թե ինչ է նշանակում Թուրքիան իբրև «բարեկամ» և «գործընկեր» ու այսպես թե այնպես, դրանից անելու է համապատասխան հետևություններ։ Իրավիճակի որոշակի կատակերգականությունն այն է, որ Ադրբեջանի մերձեցմանը Ռուսաստանի հետ շատ հանգիստ է վերաբերվում ԱՄՆ-ը, և հնարավոր է, որ դա Վաշինգտոնում դիտարկում են իբրև Ադրբեջանը Թուրքիայից տարաբաժանելու գործոն։
Միանգամայն հավանական է, որ Մոսկվայում արդեն մշակված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման մանրամասն ծրագիր։ Մենք, չտիրապետելով դրա մանրամասներին, կարող ենք որոշակի նախանշաններից ենթադրել, որ Մոսկվայում փորձում են Ադրբեջանը դիտարկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ նույն շարքում` նրա ունեցած հիմնախնդիրների բովանդակությունից ելնելով։ Իսկ այդ տարածաշրջանում Ռուսաստանը քիչ թե շատ մշակել է մոտեցումներ` հարաբերությունների ու առաջնահերթությունների ձևավորման հեռանկարների վերաբերյալ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ