Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բարենբար

Բարենբար
11.09.2009 | 00:00

ՊԱՏՄՎԱԾՔ

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Երթևեկելիս ամրագոտիները կապելու վերաբերյալ օրենքից երեսուն կամ քառասուն տարի անց և դրա վերաբերյալ հանրապետության գործող վարչապետի հիշեցում-հրահանգից տասնհինգ տարի առաջ Երևանի Սարի թաղ բնակավայրում տարածվեց իմ որդու զոհվելու մասին լուրը։
Սարիթաղցիների ջգրու, թե պատահաբար, վերջին օրերին մռայլ ամպերի մեջ շուլալված Արարատ լեռը ծակեց իր գլխավերևի թանձրույթը և արեգակի շողերին կառչած մագլցեց վեր՝ կյանքի, մահվան, պատերազմների և խաղաղության մթնաշխարհում ափլփող մարդուն հասկացնելով, որ ոչ մի ամրագոտի, թեկուզ այն ուղտի մազով հյուսված լինի և վարչապետների օրհնանքով թրծված, նրանց ապահովություն չի երաշխավորի, եթե մարդն ինքն իր կաշվի մեջ ճիշտ չտեղավորվի։
Արարատով զմայլված սարիթաղցիներն իմ որդու զոհվելու մասին լուրը լսեցին ականջի պոչով։ Հինգ մատի պես գիտեմ, թե ով ինչպես ընկալեց այն, ում տնից ում տունը մտավ, ում շուրթից ինչ բառ պոկեց։ Եթե ես լինեի առաջին լուր ստացողը և պատահաբար լուր ստանալուն պես հայացքս Արարատին ընկներ, ի՞նչ էի ասելու, կամ ի՞նչ էի անելու. սովից ոռնալո՞ւ էի, ընդվզելո՞ւ էի Աստծո դեմ. չէ՛, պատկից հարևանի դուռը հուշիկ թակելու էի և ականջի պոչով լսածս լեզվի ծայրով արտաբերելու էի. «Անկապի որդին զոհվել է»։
Իմ մականունը ինձ չէր վշտացնում. երկար-բարակ մտածելով, ինքս էլ ինձ այդ մականունը կշնորհեի։ Իր ծննդյան օրից Աստծո հոգածությունից սպրդած մեր ընտանիքի կյանքում ոչ մի տրամաբանական անցք տեղի չունեցավ։ Շատի դիմաց քիչ էինք ստանում, քչի դիմաց՝ շատ։ Ծառը ջրում էինք՝ չորանում էր, չէինք ջրում՝ ծաղկում էր։ Պատահականությունը, որպես աշխարհընկալում, միս ու արյուն դարձավ մեր տան պատերի ներսում, կամ մեր ընտանիքի ընկալման դաշտում։ Երջանկությունն էլ, ողբերգությունն էլ մեր տուն էին մտնում թյուրիմացաբար, նույն համազգեստով պճնված, որպես ողբերգական դեր ստանձնած երջանիկ դերասան։ Գալիս տնավորվում էր, մտնում մեր կենցաղի, մեր շարժուձևի, մեր բառապաշարի ու մեր հանապազօրյա հացի մեջ. մի օր դերասան էինք, մի օր՝ դեր, մի օր աղքատ էինք, մի օր՝ հարուստ, մի օր երջանիկ էինք, մի օր՝ դժբախտ։ Ճակատագիրը մեզ թաքստոցից էր հետևում, իսկ մենք թաքնվելու տեղ չունեինք։ Եվս մեկ անգամ ինձ համոզելու համար, որ ամեն ինչ ճիշտ է, և զոհվածը իրոք իմ որդին է, մեկնեցին թերթը, ուր անուն-ազգանուն-հայրանունով, ընդգծված մեծ-մեծ տառերով, գեղեցիկ և հնչեղ հայերեն բառերով տպագրվել էր որդուս հերոսաբար զոհվելու լուրը։ Թերթը շուռումուռ տալով` անկապ ժպտացի, հետո ներս մտնող ցավակցողներին ասացի. «Համեցեք, նստեք», հետո շփոթմունքից նորից ժպտացի։ Հարևաններից շատերն իրենց տարակուսանքի մեջ քմծիծաղ թաքցնելով` դուրս եկան։ Վերջում գրված էր, որ դիակը մնացել է ռազմաճակատի` ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում, և որ բանակցություններ են տարվում այն ստանալու համար։ Գրված էր նաև, որ մահից առաջ իմ որդին շշնջացել է. «Ես լուծեցի իմ պապերի վրեժը»։ Լավ էր, որ լրագրողը մեր տանը չէր, թե չէ հարցնելու էի. «Թշնամու շրջապատման մեջ հայտնված իմ որդու վերջին շշնջոցը ինչպե՞ս է հասել քո ականջին»։ Չգիտեմ` ով ինչպես, բայց ես բաց աչքերով տեսնում եմ, թե ինչպես է զոհվել իմ որդին։ Մեր ընտանիքի ճակատագիրը թաքնված է, բայց չի ստում։ Ահա, տեսնում եմ, թե ինչպես է աջից կամ ձախից արձակված, կորած-մոլորած գնդակը, շրջանցելով իրեն պարզված հերոսական կուրծքերը, մի քարից մյուսին զարնվելով, հետհարվածից թուլացած, ուժասպառ որոնում և գտնում իմ որդուն։
Թերթի նույն էջում տպագրված էր մի հետաքրքիր տեղեկատվություն տարբեր հայրերից սերված երկվորյակների մասին։ Ցավակցելու համար իր ձեռքը ինձ մեկնած մարդուն ուզում եմ հարցնել. «Մի՞թե նման բան հնարավոր է»։
Ողբերգությունը միշտ չէ, որ ցավ է պատճառում, երբեմն ուզում ես ծիծաղել նրա երեսին։ Լուրը ստանալուն պես նայեցի կնոջս և զգացի, որ նա այլևս իմ կինը չէ։ Կինս օտարոտի ինձ նայեց և հավանաբար զգաց, որ այլևս ես նրա ամուսինը չեմ։ Երկուսս միասին պատուհանից դուրս նայեցինք, և ինչ լավ է, որ գիշեր էր, և Արարատ լեռը չէր երևում. թե չէ լեզուս, ինձնից անկախ, մի բառ էր շպրտելու, ում հասցեին՝ չգիտեմ։
Ինչ լավ է, որ անձրև էր, և լուսինն էլ գրեթե չէր երևում, թե չէ կինս շրջվելու էր և ինձ ապտակեր։ Ես էլ հավանաբար նրան էի ապտակելու: Այլևս անելու բան չունեինք, ողբերգության թիրախ էինք. ոչ գնալու տեղ ունեինք, ոչ մնալու։
Պատերազմը ամենևին մեր ընտանիքի բանը չէր։ Հայրենիքի համար զոհված մեր որդու սխրանքը մեծարելու, վշտից հպարտություն քաղելու և այն սերունդներին փոխանցելու ուժ ու շնորհք էլ չունեինք։ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը մենք լսում էինք առանց հուզմունքի։ Նարեկացին ու Մաշտոցը մեր ընտանիքի գործերին գրեթե չէին խառնվում, «շուն թուրքերի դեմ կռվելու» երգը, որը հարսանյաց հանդեսների զարդն էր, մեր ընտանիքի մի ականջից մտնում, մյուսից դուրս էր գալիս։ Աշխարհի ինը միլիոն հայերից յուրաքանչյուրը մեզ շշպռելու, այպանելու պատճառ կգտներ. կարգին խաչակնքել էլ չգիտեինք՝ մեկս աջից ձախ, մյուսս՝ ձախից աջ, մեկս վերև էր նայում, մյուսս՝ ներքև։ Աստված մեր շաղախի մեջ ազգային պատկանելության ու դավանանքի թուրմ չէր ավելացրել՝ պատահաբար, թե միտումնավոր։
Երբ կնոջս երկունքի ցավերը սկսվեցին, դրսում դարձյալ անձրև էր տեղում։ Հեռախոսն առա, որ շտապօգնություն զանգեմ՝ փչացած էր։ Թրջվելով հարևանի տուն հասա, վերադարձիս, տեսնեմ մեր առաստաղից ջուր է թափվում կնոջս վրա։ Կինս ցավից գոռում է, իսկ ես տանիքը նորոգելու մասին եմ մտածում։ Հիվանդանոցում նույնպես մեզ անակնկալ էր սպասում։ Նախապես բժիշկները հաստատել էին, որ պտուղը աղջիկ է, ծնվեց՝ տղա։ Աստված մեր մինուճարին պահեց-պահպանեց, աչքերի մեջ կրակ ներարկեց, բազուկներին ուժ տվեց, հայացքը խինդով լցրեց։ Մի քիչ հնդկացու էր նման, մի քիչ հայի, մի քիչ էլ մյուս ազգությունների երեխաներին։ Ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ էլ պատերազմի ընթացքում մեր ընտանիքի ճակատագիրը թաքստոցից դուրս չեկավ։ Հիմա էլ, երբ այլևս գաղտնիք չկա, նա ծպտված է։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ են զոհվում, և դժբախտության մեջ հայտնված ոչ մի ընտանիք այդ օրերին հեռուստացույց չի միացնում՝ ընդունված չէ, ամոթ է։ Մեր տան հեռուստացույցը խոսում է, երգում, խաղում։ Կինս ինձ չի հանդիմանում. նա համաձայն է ամեն ինչի։ Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբը եզրափակիչում հաղթել է։ Հեռուստացույցը ցնծում է։ Հաղթանակած երկրի լրագրողը խոսափողը պարզում է պաշտպանության նախարարին՝ ակնկալելով նրա խանդավառությունը։ Նախարարը չոր, կտրուկ պատասխանում է. «Զզվում եմ կավեենշչիկներից»։ Վաղը այդ նույն լրագրողը խոսափողը ինձ է պարզելու. «Հպա՞րտ եք, որ Ձեր որդին զոհվեց հանուն հայրենիքի»։ Ի՞նչ եմ պատասխանելու։ Մահով հպարտանալու շնորհքին դեռևս չեմ տիրապետում, իսկ կյանքի մասին, ճիշտն ասած, ոչինչ չգիտեմ։ Երևի մի անկապ բան կասեմ, էլի։ Հայր լինելը հեշտ բան չէ, մանավանդ երբ գիշեր է, և չգիտես, թե որքան է այն ձգվելու։
Օրերը եկան ու գնացին։ Արարատ լեռը հարյուր, թե հազար անգամ բացվեց ու փակվեց։ Սարիթաղցիները ցավակցելուց հոգնեցին, մենք՝ մխիթարվելուց։ Շնորհակալ եմ մեր պետությանը, որ որդուս դիակն ադրբեջանցիներից ստանալու համար ջանք ու եռանդ չխնայեց, բայց երևի հոգնեց խնդրելուց և այլ բանի անցավ։ Չար լեզուներն ասում էին, որ մի ադրբեջանցի փոխգնդապետի դիակի դիմաց մերոնք երկու շարքայինի դիակ են պահանջել, և իբր դրա համար էլ գործարքը չի կայացել։ Իբր ադրբեջանցիները հեգնել են, որ դիակը, հայ թե թուրք. փոխգնդապետ, թե շարքային, դիակ է ընդամենը, և պահանջել՝ մեկին մեկ։ Շնորհակալ եմ միջազգային Կարմիր խաչին, որ անշահախնդիր մի ժողովրդի զավակի դիակը մեկ այլ ժողովրդի զավակի դիակով է փոխանակում և միաժամանակ ուրախություն պարգևում երկու ազգությունների զոհվածների հարազատներին։ Մեր պարագայում, առևտրի այս տեսակն իրեն չարդարացրեց. ըստ երևույթին իմ որդու դիակը, որպես ձեռքբերում, ադրբեջանցիների համար էր թանկ, փոխգնդապետ ադրբեջանցու դիակը՝ մերոնց։
Շնորհակալ եմ հայ լրագրողներին, որ իմ որդու դիակի պատմությունը շատ չծամծմեցին և այլ ներբողների անցան։ ՈՒրիշ ո՞ւմ եմ շնորհակալ. հա, կնոջս. նա իր վիշտն առած փակվեց մայրական սնդուկի մեջ։
Ես մնացի մենակ և մինչև այսօր էլ մենակ կմնայի, եթե որտեղից որտեղ մեր տանը չհայտնվեր կարճ ոտքերով և երկար վզով մի գիրուկ մարդ։ Նա ցավակցական մի քանի բառ շշնջաց ականջիս և կնոջս ներկայությունն ակնարկելով, առաջարկեց առանձնանալ։ Չասացի, որ կինս բացակա է, և նրա հետ դուրս ելա։ Երանի դուրս չելնեի՝ հայացքս նորից Արարատ լեռանն առավ ու հիմարաբար ասացի.
-Էս ծիրանի ծառերը կտրելու եմ։
-Ինչո՞ւ,- զարմացած հարցրեց գիրուկը։
-Ամբողջ այգին կանաչ խոտ եմ ցանելու։
-Կանաչը լավ է,- ասաց գիրուկը,- բայց ծիրանն էլ է լավ։
-Ծիրանի լավը ո՞րն է,- շարունակեցի,- կարկուտի խայծ է։ Հնձված խոտի հոտն եմ սիրում։
-Հա,- ասաց գիրուկը,- ես էլ։
Հետո լրջացավ ու ասաց.
-Ամեն մարդ ինքը պիտի իր հարցերը լուծի։
Գլխով համաձայնության նշան արեցի։ Նա ասաց, որ դույզն-ինչ չի թերագնահատում մեր պետության և միջազգային Կարմիր խաչի հնարավորություններն ու ազնիվ մղումները, բայց իր կարծիքով, ողջերի ու մեռածների խնդիրների մեջ խճճված երկրի ղեկավարությունից դիակ պահանջելը, մեղմ ասած, ապարդյուն զբաղմունք է։ Նա առաջարկեց իր ծառայությունները։ Ասաց, որ ինքը գիտի, թե որտեղ է փոխգնդապետ ադրբեջանցու դիակը, իր ադրբեջանցի ընկերոջ միջոցով գտել է նրա ծնողներին, գործարք առաջարկել, և իբր նրանք խոստացել են չեզոք երկրում հանձնել իմ որդու դիակը, փոխարենը ստանալով իրենցը։ Նա ասաց, որ այս գործարքը պետք է կատարվի հույժ գաղտնի և որ այն ծախսատար է։ Հետո տեղեկացրեց, որ իմ համաձայնության դեպքում, որպես առաջին քայլ, ինքը նախաձեռնել է անձամբ ադրբեջանցու ծնողների և մեր նախնական հանդիպումը։
Գիրուկի ասածին հավատալու կամ չհավատալու խնդիր չկար. ժամանակ խնդրեցի տունը վաճառելու համար և էլի հիմարացա.
-Նոր տանտիրոջը կհասկացնեմ, որ կանաչ խոտը ավելի լավ է։
-Իհարկե,- ասաց գիրուկը,- ծիրանից օգուտ չկա։
Այս լուրը տարածվեց ավելի արագ, քան որդուս զոհվելու լուրը. «Անկապը տունը վաճառում է»։ «Ջրի գնով,- ավելացնում էին սարիթաղցիները,- երևի իր դժբախտությունն ուզում է հայրենի գյուղում մարսել»։ Գործարքի մանրամասները կնոջս չբացատրեցի, չէր էլ ուզում լսել. նա ամեն ինչի համաձայն էր՝ ապրելու, մեռնելու, կամ թեկուզ լարախաղացի դեր ստանձնելու։
Եվ այսպես՝ հայ-թուրքական 2-րդ համաձայնագրի ստորագրումից տասնհինգ տարի առաջ և հայոց Մեծ եղեռնից 94 տարի անց, կինս, մեր գիրուկ միջնորդն ու ես գնում ենք Սոչի։ Գնում ենք հանդիպելու ռազմաճակատի` հայերի կողմից վերահսկվող տարածքում զոհված փոխգնդապետ ադրբեջանցու ծնողներին։ Հույժ գաղտնի այս հանդիպման մանրամասները հետագայում նույնպես գաղտնի կմնան, ոչ այն պատճառով, որ մենք կամ ադրբեջանցու ծնողները վախենում էինք դավաճանության մեջ մեղադրվելուց։ Պարզապես բաներ կան, որոնք չեն պատմվում։
«Դուք լռելու եք,- ասում է գիրուկը,- կխոսենք ես և ադրբեջանցի միջնորդը, միայն Ձեր որդու դիակը կնկարագրեք, այսինքն՝ այն ճանաչելու համար անհրաժեշտ տվյալները կասեք»։
Կինս չի լսում, իսկ ես գլխով հավանության նշան եմ անում։ Գիրուկը շարունակում է. «Կարևորը ճիշտ նկարագրելն է, թե չէ խալերով, բանով դիակը չեն ճանաչի։ Այնպիսի նշան, որ դիակը պահպանած լինի»։ Ես դարձյալ գլխով եմ անում, իսկ կինս լռում է։
«Անձնագրի նկարով դիակ չես ճանաչի,- շարունակում է դժգոհել գիրուկը,- ո՞վ է տեսել, որ էս դարում քսան տարեկան տղան լուսանկար չունենա»։ Ես հասկացնում եմ, որ մեղավոր ենք։ ՈՒզում եմ ասել, որ չենք գիտակցել, թե դիակը ճանաչելու համար լուսանկարի կարիք կունենանք, որ էս պատերազմի մասին մեր ընտանիքը չի մտածել, որ ապրելու և մեռնելու խնդիրը մեր ընտանիքի հետաքրքրության ծիրից դուրս է եղել։ ՈՒզում եմ ասել, որ իմ մականունը «Անկապ» է, որ մենք պատահականությունների գերին ենք, որ լավի ու վատի թիրախ ենք, «պառավի ուլ» ենք։ Չեմ ասում, որովհետև գիրուկին խղճում եմ։ Եվ հետո դիակը ճանաչել տալու համար այս մանրամասները պիտանի չեն։
Սոչիում եղել էի, երբ որդուս տարիքին էի։ Ամենևին դիակների փոխանակության համար բանակցությունների քաղաք չէր։ Միջնորդները ողջագուրվելուց հետո բացատրեցին գործարքի փոխշահավետությունը, ասացին, որ մեր որդիների ճակատագրերը մեր ձեռքում են։ Ես և ադրբեջանցին գրեթե միմյանց չնայեցինք։ Հետագայում հետաքրքրասերներին ասելու էի. «Անկապ մարդ էր»։ Երևի նա էլ իմ մասին նույնն ասած լինի։ Առաջինը խոսեց ադրբեջանցի մայրը. «Իմ որդին կրակի կտոր էր, երբ տուն էր գալիս, գաղտագողի թիկունքից խուտուտ էր տալիս իմ անթատակերն ու հրճվում»։
«Այո,- ասացին միջնորդները,- բայց դիակը ճանաչելուն «կրակի կտորն» ու «խուտուտը» չեն օգնի։
Ադրբեջանցի մայրը հուզվեց ու շարունակեց. «Եղանի մի խոցումով երեք խուրձ խոտ էր պահում գլխավերևում»։
Միջնորդները նրբանկատությունը կորցրած ասացին. «Տիկին, այնպիսի մի նշան, որ դիակը պահպանած լինի, որ միայն նրան հատուկ լինի»։
Ադրբեջանցի մայրը դարձյալ հուզվեց. «Ինչ ասում եմ` միայն նրան էր հատուկ»։
«Լավ,- ասացին միջնորդները,- մտածիր, հետո կասես»։ Շրջվեցին կնոջս կողմը։
Կինս լռում էր։ Հետո դանդաղ գլուխը բարձրացրեց և ադրբեջանցու մորը դիմելով` ասաց. «Իմ որդին, երբ ծիծաղում էր, այտերին սիրուն փոսիկներ էին գոյանում։ Հետո ծիծաղն անցնում էր, բայց փոսիկները դեռ մնում էին»։
Թե՛ միջնորդները, թե՛ հայրերս հուսահատության մեջ էինք։ Մենք, որպես տղամարդ, մեր որդիներին նկարագրելու համար անպիտան էինք։ Միջնորդները հազիվ բարկությունը զսպելով ասացին. «Փչացած կամ ոսկյա ատամ ձեր տղաները չունեի՞ն։ Այնպիսի բան, որ դիակը պահպանած լինի։ Ասենք՝ կոտրվածք, կամ ոտքի ու ձեռքի կտրված մատ»։
-Ես հազարի մեջ էլ քո տղային կճանաչեմ,- ասաց ադրբեջանցի մայրը` կնոջս հպվելով։
-Ես էլ քո տղային կճանաչեմ,- ասաց կինս` նրա ձեռքը բռնելով։
Թշնամի ժողովուրդների երկու մայրերի այս զեղումը միջնորդների սրտով չէր, և նրանք բանակցությունների այս փուլը ձախողված գնահատեցին։
Բանակցությունների հաջորդ փուլերն անցան առանց մայրերի ներկայության։ Չեմ ուզում պնդել, որ այդ բանակցությունները նույնպես ձախողվեցին։ Ճիշտ է, մենք մեր որդիների դիակներին տեր չդարձանք, բայց շատ ավելի կարևոր մի նվաճում արձանագրեցինք՝ սկսեցինք նրանց փնտրել ողջերի մեջ։ Ադրբեջանցի ծնողները փնտրում են այն տղային, որի ծիծաղից այտերին սիրուն փոսիկներ են գոյանում, իսկ մենք նրան, ով եղանի մեկ խոցումով երեք խուրձ խոտ է պահում գլխավերևում։ Մենք համոզված ենք, որ գտնելու ենք, եթե չգտնենք, հարևան երկրներից մեկում պակասելու է այն դիվանագետը, որի ծիծաղից այտերին սիրուն փոսիկներ են գոյանում, և դիակների փոխանակության մեջ հմտացած երկրները այն, ինչ վերջացած են համարում, նորից են սկսելու, իսկ այն, ինչ սկսելու են՝ ավարտելու են անմիջապես. իսկ հարևան երկրներից մյուսում մոլեգնելու է սովը, որովհետև պակասելու է նա, ով եղանի մեկ խոցումով երեք խուրձ խոտ էր պահում գլխավերևում։ Եթե չգտնենք, աշխարհը լցվելու է մեզ պես անկապ մարդկանցով, ովքեր հերոսին ու դավաճանին նույն օրորոցի մեջ են օրորելու, ովքեր ո՛չ կարգին ծիծաղել գիտեն, ո՛չ լաց լինել, ո՛չ ապրել գիտեն, ո՛չ մեռնել։ Երթևեկելիս ամրագոտիները կապելու վերաբերյալ գործող վարչապետի հիշեցում-հրահանգի ծննդյան տարում Արարատ լեռն իր բիբլիական խորհրդավորությամբ ծաղկեց ի տես աշխարհի ու առանց իր խոսքը ծամծմելու ասաց. «Ես նրանն եմ, ով տեսնում է ինձ հեռվից և մոտիկից, բաց և փակ աչքերով։ Նա կարող է լինել հայ, թուրք, ռուս կամ եթովպացի»։

Դիտվել է՝ 4519

Մեկնաբանություններ