Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Օրհնյալ լինի ծնունդդ

Օրհնյալ լինի ծնունդդ
17.04.2009 | 00:00

ՈԳԵԿՈՉՈՒՄ
Աստված օրհնում է յուրաքանչյուր մանկան ծնունդ, բայց ամեն մանուկ չէ, որ արժանանում կամ կարողանում է կրել այդքան պարտավորեցնող ու այդքան մեծ զոհաբերություններ պահանջող լուսապսակը...
Շնորհավոր ծննդյանդ սուրբ օրը, սիրելի ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ։ Ասում են, ամեն սերունդ ունի իր պատերազմը, ամեն սերունդ պայքարում է, մաքառում, անցնում իր չարչարանաց ճանապարհը, և դա է, որ առաջ է մղում աշխարհն ու մարդացնում մարդկանց։ Երեսունականների սերունդն արցունքն աչքերին հայրերին ու պապերին Սիբիրի աքսորավայրեր ճանապարհեց, հետո ռազմաճակատ, հետո սով էր... Ինչպիսի՞ ներքին ուժ, հավատ ու վստահություն էր պետք այդ դժվարին ժամանակներում կայանալու, հազարավոր ծուռումուռ կածանների մեջ սեփական ուղին գտնելու համար։
Շնորհավոր ծննդյանդ սուրբ օրը, Մարդ Կարեն Սերոբի Դեմիրճյան։ Հայրենիքը համարյա բոլորն են սիրում, բայց բոլորը չէ, որ ծառայում են նրան ու այդ ծառայություն ասածն էլ տարբեր կերպ են հասկանում, հաճախ են այն վարագույր սարքում` քողարկելու համար բազում սև-մութ գործեր։ Հայրենիք սիրելը` Կարեն Դեմիրճյանի պատկերացմամբ, տասնչորս տարի, ամեն օր նրա շենացման համար աշխատելն էր։ Հայրենիք սիրելը հայրենակիցների համար ամեն օր, ամեն ժամ հոգալն էր։ Հանուն այդ հայրենիքի սիրո արժանապատիվ կեցվածքով, անդավաճան սկզբունքով ու բաց ճակատով տասնչորս տարի, ամեն վայրկյան դանակի սուր շեղբի վրայով քայլելն էր։
Շնորհավոր ծննդյանդ սուրբ օրը, Շինարար Կարեն Սերոբի Դեմիրճյան։ Հազարամյակները, ճակատագիրը, թե մեր ազգային նկարագիրն է, որ բզկտեց ու մեր երբեմնի մեծ, հզոր հայրենիքից հողի այս պատառը թողեց։ Մեծ հաղթանակներ ու շատ ավելի դաժան պարտություններ տեսանք ու խրատ չառանք։ Նախախնամությունը մի անգամ էլ հույսի ու հավատի դուռ բացեց, մի անգամ էլ ասաց` հայե՛ր, դուք անկախ եք, դուք պետականություն ունեք։ Նորից եկանք ու կանգնեցինք հերթական Ավարայրում։ Օրհասական պահին Սասնա Փոքր Մհերի նման չսպասեցիր, որ պոպոքը դառնա խնձորի չափ։ Չսպասեցիր, որ սպիանան ստացածդ վերքերը, որ մեղմանա վիրավորանքների ու անվստահության մրմուռը։ Չերկնչեցիր ու չկասկածեցիր։ Գիտեիր` պետք ես։
Շնորհավոր ծննդյանդ սուրբ օրը, Ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյան։ Նույն արժանապատիվ կեցվածքով, նույն բաց ժպիտը դեմքիդ ու անսահման բարությունն աչքերիդ խորքում թաքցրած, բարձր պարզելով հավատի ու միասնության դրոշը, հավատարիմների բանակն ուղղորդեցիր ռազմադաշտ։ Գիտեիր, հաստատ գիտեիր` ոսոխը միշտ աշխատում է վերացնել դրոշակակրին։ Հավատը ոտնակոխ եղավ ու պատվեց արյան հաստ շերտով, բանակը ցրիվ եկավ, միասնությունը դարձավ առասպել։ Ոչ մի ոգեկոչում այլևս չի օգնում։
Աստված օրհնում է յուրաքանչյուր մանկան ծնունդ, Աստված իր աջն է պահում յուրաքանչյուր հավատավոր մարդու վրա, բայց ամեն մարդու չի վստահում իր փշե պսակը։ Եվ ազգն էլ անմահության դափնեպսակն իր ամեն մի զավակի գլխին չի դնում...
Թող օրհնվի քո ծնունդը, Նահատակ Կարեն Սերոբի Դեմիրճյան։
Էմմա ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ
ՀԺԿ նախկին հիմնադիր

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ