Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայ ժողովուրդը դեռ վճարում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գինը

Հայ ժողովուրդը դեռ վճարում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գինը
27.10.2023 | 15:14

24 տարի անցավ այն եղերական օրից, երբ ակնթարթների ընթացքում, բոլորովին խաղաղ ու անսպասելի պայմաններում, մի խումբ հայ ճիվաղների ձեռքերով գլխատվեց հայկական պետականությունը մեր բարձրագույն օրենսդիր մարմնի դահլիճում։

Այդ ահասարսուռ կրակահերթերի, այդ նողկալի սպանդի արձագանքները դեռ սլանում ու լսվում են գալիք ժամանակների մեջ, դեռ միտք ու հոգի են քրքրում, դեռ սպառնալիքներ են կախում հայոց պետականության գլխին, ու հայ ժողովուրդը շարունակում է վճարել այդ ոճրագործության ծանր գինը։

Ոչ, այդ օրը ոչ թե զոհվեցին մեր պետության գլուխները, այդ օրը մենք ոչ թե կորցրինք ութ երևելի հայ այրերի, այլ նաև կորցրինք այն թանկագին ժամանակը, որի ընթացքում պետք է ամրացնեինք Հայաստանի ու Արցախի պետականության բերդերը, դիմագրավել կարողանայինք մեր դարավոր ոսոխների բոլոր հայասպան նկրտումներին։

Այդ օրը մենք կորցրինք համազգային միասնության, համախմբման, համահայկական իղձերի իրականացման ճանապարհով քայլելու բացառիկ հնարավորությունը։ Մերօրյա գեհենի, Արցախի կորստյան, Հայաստանի վտանգման աղետաբեր ամպերը հենց այդ օրն իջան ու սևով պատեցին մեր ճակատագիրը։

Ո՞վ էր արդյոք կանգնած հրեշավոր այդ եղեռնագործության հետևում՝ մեր հողի ու արյան թշնամինե՞րը, տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող գերպետություննե՞րը, Հայաստանում ռեալ իշխանության համար պայքարող ուժե՞րը, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ խորը թաթախված անձի՞նք․․․

Ամեն դեպքում, հնարավոր է, որ նրանցից լուրաքանչյուրը կարող էր հանդես գալ այդ դերում։ Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ ոճրագործությունը տվյալ դեպքում չեն իրականացրել ո՛չ թուրքերը, ո՛չ ռուսները, ո՛չ բրիտանացիները, ո՛չ այլազգի մարդիկ։ Դրա հեղինակները յան ազգանունը կրող մարդիկ են, մեր մեջ ու մեր կողքին ապրող մարդիկ, որոնք այդպես էլ մինչ օրս չբացատրեցին ողջ հայությանը, թե որն էր այդ սպանդի անհրաժեշտությունը, թե ի՞նչ ազգօգուտ կամ ազգապահպան հարց էին ուզում լուծել, թե հանուն ինչի՞ էին գնում նման հայասպան քայլի կամ ում դրդմամբ ու թողտվությամբ էին զենքերով մուտք գործում Ազգային ժողովի դահլիճ։

Ամբողջ ողբերգությունը նաև այն է, որ անցած 24 տարիների ընթացքում այդպես էլ մենք այս հարցերի պատասխանները չստացանք ո՛չ մեր երկրի ղեկավարներից, ո՛չ ոճրագործության դեպքերը քննող իրավապահներից կամ իրավասու անձանցից, ո՛չ որևէ այլ աղբյուրից։

Ահա թե որտեղ մենք կորցրինք Արցախում ու Հայաստանի սահմաններում տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, ահա թե ինչպես այսօր հայտնվեցինք թշնամիների ուղղակի սպառնալիքների ներքո։

Ու քանի դեռ հստակ պատասխան չունենք որևէ տեղից առ այն, թե ո՞վ հեղինակեց Հոկտեմբերի 27-ը և ինչու՞, ոչ մի կերպ չենք կարողանալու չքացնել մեր գլխին կախված ու օրավուր ահագնացող ռազմաքաղակական աղետները։

Ու ոչ մի ակնթարթ, անգամ դարեր անց, չպետք է մոռացության տանք Հոկտեմբերի 27-ի մահասարսուռ դասը։

Սրտի անհուն սիրով ու ցավով խոնարհվում եմ բոլոր նրանց սուրբ հիշատակների առաջ, ովքեր իրենց կյանքը 1999 թվականի Հոկտեմբերի 27-ին զոհեցին Հայոց պետականության ամրապնդման ու հզորացման ճանապարհին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ