ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հետադիմականը և նորարարականը, կամ հին սայլին «Մերսեդեսի» անիվներ չեն դնում

Հետադիմականը և նորարարականը, կամ հին սայլին «Մերսեդեսի» անիվներ չեն դնում
23.08.2023 | 17:37

Մարդիկ զարգանում են, մենք՝ հետադիմում։ Այն դեպքում, երբ մեր ինքնության հիմնական բաղադրիչներից է զարգացումը։ Թե ինչո՛ւ է զարգացումը մեր հիմնական առանցքներից, երևում է մեր հեքիաթներից և էպոսից՝ ամեն ինչից ելք կա, և դա նոր համակարգն է։ Սա նշանակում է լինել առաջինների շարքում, իսկ մենք մնացել ենք ոչ թե նախնյաց սրբազան ավանդույթների, այլ՝ պապենական ավանդույթի մեջ։ Այո՛, մենք հարգում ենք մեր պապերին, սակայն առաջնորդվում ենք նախնյաց իմաստնությամբ։ Պապենականը սահմանափակ ու անհատականացված է, երբեմն չունի դարերի ընթացքում ուսումնասիրված փորձ, ինչպես նախնյաց կողմից մշակված բարձրագույն արժեքներն են։

Հենց այստեղ է մեր առաջընթացի խոչընդոտը, և դա վերաբերում է բոլոր բնագավառներին, դրա համար էլ, նորարարությունների առջևից գնալու փոխարեն, քննադատում ենք դրանք։ Քննադատում ենք հեռախոսը, բայց ուզում ենք ունենալ ամենալավը, քնադատում ենք վարկերը, բայց դրանց տակ ճռռում ենք, կասեցնում ենք գիտության զարգացումը, սեփականաշնորհում ենք ինստիտուտները, դեմ ենք համացանցին ու տեխնոլոգիաներին և այլն։ Մինչդեռ կարող էինք այս ամենը դարձնել մեր արժեքները քարոզելու գործիք և արհեստական բանականության միջոցով ողջ աշխարհում տիեզերական կառավարման համակարգ ներդնեինք։ Իսկ այն, ինչ մենք չենք անում, ուրիշները կանեն։ Մտածում ենք՝ մարդուն տեղորոշելու են, բայց մոռանում ենք, որ տիեզերքի կառավարիչն արդեն տեղորոշել է բոլորին ի ծնե, նույնիսկ՝ մտածողության ու հոգու ձգտման մակարդակներով։ Փոխանակ մեր ողջ ռեսուրսն օգտագործեինք ռազմական տեխնիկան հզորացնելու և ռոբոտներ արտադրելու նպատակով, ինչը շատ թանկ ու անփոխարինելի կյանքեր կփրկեր, իրար ենք փնովում։ Հազար ռոբոտը քսան-երեսուն հազար զինվորի կփոխարիներ։ Այսօր մե՛նք կթելադրեինք սահմանների տեղը, մեզնի՛ց խաղաղություն կմուրային։

Քանի դեռ շատ ուշ չէ, համալսարան ծախող ու կեղծ սահմաններ ճանաչելու մտածողությունից պետք է ազատվել։ Ի վերջո, պետությունը բիզնես չէ, ոչ էլ գիտությունն է բիզնես, որ վաճառելով ապրենք։ Հետևաբար, պահպանելով մեր արժեքները՝ զարգացնենք, զարգացնելով՝ տարածենք, և վստահաբար մեզ և աշխարհին մեծ օգուտ տված կլինենք։ Եվ եթե ուզում ենք, որ մարդիկ գան մեր երկիր և ոչ թե փախչեն երկրից, այն պիտի ծաղկեցնենք՝ ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, երկաթգծի ցանցեր և, ամենակարևորը, մարդկային բարյացակամ հարաբերություններ կառուցենք։ Այս ամենն իրագործելի է քրտնաջան ու կազմակերպված աշխատանքի դեպքում։ Չէ՞ որ շատ երկրներ հենց այդպես էլ արել են։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3964

Մեկնաբանություններ