Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Չներել այն, ինչն աններելի է

Չներել այն, ինչն աններելի է
26.04.2023 | 21:57

Նվաստիս ֆեյսբուքյան մի համառոտ գրառումը բավականին հետաքրքրական ուշադրության և արձագանքի է արժանացել, մասնավորապես, «Առավոտ» թերթի հեղինակի ուշադրությանը (https://www.aravot.am/2023/04/25/1337196/), ինչի համար, ի դեպ, և անկախ ամենից՝ շնորհակալ եմ: Եվ, քանի որ գրառմամբ արտահայտված միտքը կամ մոտեցումը հրապարակային դատափետման է ենթարկվել, կարծում եմ, սխալ կլինի, եթե չարձագանքեմ:

Բայց նախ՝ հիշեցնեմ ուշադրության արժանացած գրառումս: Ահա այն. «Անխուսափելի իշխանափոխությունից հետո Հայաստանում պիտի ոչ մի հատ քպ-ական չմնա» (ասել եմ ապրիլի 20-ին): Կարող է թվալ, թե սա նաև վերջին օրերի որոշակի իրադարձություններով ու դրանց համակցությամբ (Նիկոլի՝ ապրիլի 18-ի արցախուրաց ելույթ, հաջորդող հայտարարություններ, ադրբեջանական դրոշակակրության քպ-ա-ցայտոնք, ԱԺ պատգամավորուհու վրա հարձակում ու քաշքշում ուժայիններով, տխրահռչակ անձի՝ թքել-մքելու մասին արտահայտություններ և այլն) պայմանավորված, ինչ-որ տեղ՝ հուզական գրառում է: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Բնականաբար, հաջորդիվ թեթևակի կմանրամասնեմ ու կհիմնավորեմ գրառումս, որը, կրկնեմ, հուզական մղում չէ, նույնիսկ՝ սպառնալիք չէ, այլ որոշակի մտորումների, դատողությունների շղթայի վերջնամասը, այսինքն՝ հետևությունը կամ եզրակացությունը, եթե կուզեք: Նշեմ նաև, որ սա չորացած վագրի մորթը կիսելու դրսևորում էլ չէ: Հասկանալի է, որ, նախ, պետք է հասնել իշխանափոխության:

Ավելին, նշված գրառմանը հավանությամբ են արձագանքել սոցցանցային իմ շուրջ երեք տասնյակ ընկերներ, միանգամայն հարգելի մարդիկ, որոնց մեծամասնությանը ճանաչում եմ ոչ միայն սոցցանցերից և նույնիսկ շատ ավելի վաղուց, քան այդ սոցցանցերը հայտնվել էին մեր կյանքում: Հարկավ, շնորհակալ եմ, որ մարդիկ հստակ են ընկալել արտահայտածս միտքը (մոտեցումը) և հավանության են այն արժանացրել: Նկատեմ, որ նրանք ամենատարբեր հայացքների տեր մարդիկ են և, որ կարևոր է՝ կիրթ, լայնախոհ, նաև՝ ժողովրդավարական մոտեցումների կողմնակից անձինք են: Սա հատուկ եմ ընդգծում, բնականաբար:

Ինչ վերաբերում է «Առավոտի» արձագանքին, ապա առանցքային դիտողությունը հետևյալն է. «...Երբ որպես սուբյեկտ է հանդես գալիս որեւէ խումբ (քաղաքական, ազգային, ցեղային, գենդերային, սոցիալական), եւ այդ ամբողջ խմբին վերագրվում է որոշակի բացասական հատկանիշ, այսինքն, խոսվում է «բոլոր»-ի մասին, դա անթույլատրելի կարծրատիպ է, որի հաջորդ քայլը ատելության խոսքն է: Այն ՀՀԿ-ականները, որոնք թալանում էին, բնականաբար, փողոցներով չեն քայլում եւ խանութ չեն մտնում: Իսկ նրանք, ովքեր չեն թալանել, հինգ տարի առաջ փողոցներում եւ խանութներում ենթարկվում էին հոգեբանական տեռորի: Բարեբախտաբար, ժամանակի հետ այդ հեղափոխական բնազդները թուլացել են: Ի՞նչ է, հիմա նույնն է առաջարկվում: Եթե այդպես լինի՝ դա կնշանակի, որ եկող իշխանությունը ՔՊ-ից ոչնչով չի տարբերվի» և այլն, և այլն, ընդհուպ՝ «վհուկների որս» անելու մեջ մեղադրանքներ:

Ես, հուսով եմ, որ անխուսափելի իշխանափոխությունից հետո քպ-իզմն ու քպ-ականությունը Հայաստանից (եթե Հայաստանը դեռ լինի, իհարկե) կվերանան, արմատախիլ կլինեն ինքնըստինքյան, այսպես ասած՝ բնականոն հունով: Ու «ոչ մի հատ քպ-ական» իսկապես չի մնա: Ավելին, խնդրո առարկա գրառմամբ նկատի չեմ ունեցել, այսպես ասած, «շարքային քպ-ականներին», եթե այդպիսիք կան: Եթե կան էլ, ապա իշխանափոխությունից հետո նրանք զանգվածաբար ապա-քպ-ականանալու են, ավելին՝ երդվելու են, թե «միշտ սրանց դեմ են եղել», ու՝ ... Աստված իրենց հետ, առավել ևս, որ մենք առանց այն էլ փոքրաքանակ ժողովուրդ ենք:

Խոսքը այդ խմբավորման «վերնախավի»՝ Նիկոլ Փաշինյանի մոտ պաշտոնյա կամ պատգամավոր, օլիգարխ աշխատողների մասին է: Եվ այո, նրանք չպիտի մնան: Պիտի նետվեն «քաղաքական աղբանոց»՝ առանց հետագա վերամշակման հնարավորության: Հակառակ դեպքում, համոզված եմ, իմաստազուրկ է լինելու այդ անխուսափելի իշխանափոխությունը:

Բայց նախ՝ այսպիսի հարց. Իտալիայում կամ Գերմանիայում 1943-ից և 1945-ից հետո գործե՞լ են դուշեի կամ ֆուրերի գլխավորած հանրահայտ կուսակցությունները, թե՞ լուծարվել են: Իսկ նրանց կուսակցական առաջնորդնե՞րը (դառը փորձից ելնելով՝ անունները չեմ գրում, և հատուկ վրիպակներ եմ արել, որպեսզի հանիրավի չարգելափակվի իմ օգտահաշիվը. ի դեպ, էս «Ֆեյսբուքի» ստեղծողները «վհուկ որսացողների» պես են իրենց պահում, չնայած, ոչ մեկի մտքով չի անցնում նրանց մեղադրել նման բաների մեջ): Ինչի՞ են արժանացել, անգամ Հարավային Ամերիկայի երկրներում կամ այլ վայրերում այլ անձանց անուններով թաքնվելուց հետո:

Ի դեպ, դուշեի թոռնուհին 2000-ականների կեսերին փորձել է նոր փաթեթավորմամբ վերակենդանացնել իր պապիկի կուսակցությունը, անգամ ընտրապայքարի մեջ է մտել, բայց պարտվել է, ինչից հետո կուսակցությունը լուծարվել է, իսկ կառույցները միաձուլվել են Բեռլուսկոնիի գլխավորած կուսակցությանը:

Անշուշտ, տողերիս հեղինակը հրաշալի տեղյակ է, որ Գերմանիայում ու ոչ միայն այնտեղ կան նեոֆ-իստական (հատուկ եմ վրիպակով գրում, որ արգելափակում չլինի) հոսանքներ, կուսակցություններ, որոնք, սակայն, առավելապես մարգինալ բնույթ են կրում: Ամեն դեպքում, ուղիղ ձևով ու տեսքով այդ նախկին կուսակցություններն ու կուսակցականները չկան: Ավելին՝ եթե նույն Գերմանիայում մեկնումեկը հրապարակավ, թեկուզ՝ ակամայից հայտնի ողջույնի ժեստն անի, ապա տեղնուտեղը կհայտնվի ամենախիստ պարսավանքի ու նաև հետապնդման թիրախում: Ամենից անմեղ նման դեպքը, որ հընթացս մտաբերում եմ, կապված էր ֆուտբոլային մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Բայց այնտեղ, չգիտես ինչու, չեն կարծել ու չեն կարծում, թե դա նշանակում է՝ «ի՞նչ տարբերություն...» կամ «...ոչնչով չենք տարբերվում», կամ՝ «վհուկների որս է»: Իրենք գտնում են, որ դա իրենց իրավունքն է, հետագայում նախկին աղետների մեջ չընկնելու, նախկինում տեսածը մի հատ էլ չկրկնելու իրավունքը:

Այսքան մանրամասնում եմ՝ հիմնավորելու համար պարզ ու ակնհայտ մի բան. արդեն իրենց վտանգավորությունը դրսևորած քաղաքական հոսանքների, կուսակցությունների լուծարման և արգելման պրակտիկան կա և կիրառելի է՝ դրանց բերած աղետների խորապատկերում և իրենց իշխանազրկմանը հաջորդող առնվազն 10-20 տարիների ընթացքում:

Բայց վերադառնամ մեզ բզկտող դարդերին ու ցավերին: Ո՞րն է այսպես կոչված, քպ-ի դավանանքը, գաղափարաբանությունը, կրեդոն ու չգիտեմինչը: Հա, գուցե իրենց կուսակցական թղթերում էլ ինչ-ինչ նշումներ կան այդ մասին: Սակայն ո՞րն է իրենց ոչ թղթային դավանանքը, որպես խմբավորում: Այն, ինչ տեսնում ենք, այն ինչ արդեն բացահայտ են հռչակում, հիմնական նպատակակետ ունի Հայաստանի, որպես պետականության վերացումը, Արցախի հանձնումն ու ուրացումը, Հայոց ցեղասպանության ուրացումը:

Այո, ես առավել քան վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չպետք է տեղ ունենան «դավաճանիզմն» ու կոլաբորացիոնիզմը: Ինչ վերաբերում է «առաջին շարքի» քպ-ականներին, բոլոր նրանց, ովքեր անմիջականորեն մասնակցել են որոշումներ ընդունելուն և դրանք իրականացնելուն, ապա նրանք, այո, չպիտի, մնան: Ցանկալի ու նախընտրելի տարբերակն, իհարկե, այն է, որ նրանք պիտի կանգնեն դատարանի առաջ և ըստ արժանվույն և իրենց աղետածի չափի՝ դատապարտվեն: Այսպես ասած՝ «Հայկական Նյուրնբերգ» պիտի լինի: Սակայն, վախենամ, բանը դրան չհասնի, դատելով այն ֆանատիզմից, որով Փաշինյանը կառչել է ձեռքն ընկած իշխանությունից՝ իր հետ անդունդը քարշ տալով և մնացած քպ-ականներին: Ինքը Հայաստանն էլ անդունդը կհրի՝ հանուն իր իշխանությունը պահելու: Ասենք, հրելն էլ ո՞նց է լինում:

Ինձ ասում են, որ քպ-ում պարկեշտ մարդիկ էլ կան: Կներեք, ես էլ ասել ու ասում եմ, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ մի պարկեշտ հայ մարդ չի կարող լինել քպ-ում: Դա բաժանարար գիծ է: Առնվազն՝ իմ ընկալմամբ: Դու կամ Փաշինյանի հետ ես և նրա մեղսակիցը, կամ Փաշինյանի ու փաշինյանիզմի դեմ ես: Դա տնտեսական զարգացման տարբերակների, սոցիալական ինչ-ինչ մոտեցումների, քաղաքական հայացքների, կրոնական պատկերացումների հարց չէ, որ միջին կետեր լինեն: Սա վերքաղաքական հարց է. երկիր ու պետություն ունենալու և չունենալու խնդիր:

Ընդսմին. եթե կարողանանք հաղթահարել փաշինյանական թշնամիզմի լուծը, կարողանանք Հայաստանն ազատագրել, ինչպես մի հայտնի գործիչ է բնորոշել՝ «ազգակործան պատուհասի» ու նրա պատուհասիկների մղձավանջային, գլխակեր ու երկրաքանդ լծից, ապա մեծագույն ճոխություն կլինի այդ «բաոբաբներն» արմատախիլ չանելը: Ու դա ոչ թե կնշանակի, թե՝ «ի՞նչ է, հիմա նույնն է առաջարկվում», այլ կնշանակի՝ «բացառե՛լ 2018-ից գլխներիս եկած նույն չարիքի կրկնությունը», կնշանակի՝ «արմատախիլ անել նիկոլիզմը», կնշանակի՝ «չներել այն, ինչն աններելի է»:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո, չգիտեմ, թե՝ որ կառույցում ինչպե՞ս, բայց ոստիկանությունը հաստատ պիտի «մաքրվի» բոլոր նրանցից, ովքեր ապօրինի հրամաններ են կատարել, ովքեր զոհվածների ծնողների են քաշքշել, ովքեր ցուցարարների են խոշտանգել: Դրանք պարտադիր պիտի ենթարկվեն պատասխանատվության, առնվազն:

Բայց նախ, պետք է իշխանափոխությանը հասնել, իհարկե:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ