Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեր թիվ 1 թշնամին՝ բևեռացումը

Մեր թիվ 1 թշնամին՝ բևեռացումը
19.01.2021 | 17:08

Երեկ աշխատանքները սկսեց 7-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանը: Տրամաբանական էր սպասել, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրի խորհրարանի օրակարգում գոնե 50/50 համամասնությամբ պետք է լինեն ստեղծված իրավիճակից դուրս գալուն վերաբերող հարցեր, որ խորհրդարանը պետք է ունենա և քաղաքական ուժերի հայտարարությամբ հրապարակի իր տեսակետը:

Տրամաբանական էր սպասել, որ եթե Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների մտադրություն ունի, ՔՊ-ն պետք է անի քայլեր, որոնք վկայում են իր վերընտրվելու ցանկությունը: Միանգամայն հակառակը: Ոչ թե ԼՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, այլ հենց «Իմ քայլը» պետք է նախաձեռներ ու գործընկերներին ներկայացներ հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձին վերաբերող հայտարարություն, դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՄԻԵԴ-ին… Ոչ թե քաքնվեր պատճառաբանությունների հետևում՝ եկեք քննարկենք, դա կօգնի, թե կվնասի, ինչպես հայտարարեց Վահագն Հովակիմյանը: Թե նա, թե ՔՊ-ն երկու ամիս ժամանակ ուներ համոզվելու, որ ժամանակն է նախաձեռնություն ստանձնելու, քաղաքական կամք դրսևորելու, գործ անելու: Ինչու՞ չեն անում: Վստահաբար՝ ռազմագերիների և այլ անձանց վերադարձի ամենաշահագրգիռ անձը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, ոչ մարդասիրական, կամ մարդկային, այլ՝ խիստ քաղաքական նկատառումներով: Բայց թե նա, թե իր կուսակցությունը չի կարողանում թոթափել Կրեմլից վախը, չի կարողանում ըմբռնել, որ Մոսկվան, ելնելով իր ընթացիկ ու հեռագնա շահերից, չի ցանկանում փչացնել հարաբերությունները Բաքվի հետ՝ ճնշում գործադրելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանի փաստացի միակ պարտավորության կատարման համար: Նույնիսկ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ 2020-ի ամփոփիչ ասուլիսում բերած պատճառաբանությունները, որ հայկական կողմը չի ներկայացրել ռազմագերիների ճշգրիտ թիվը, որ 62-ը գերվել են հրադադարի համաձայնագրից հետո, բայց Մոսկվան շարունակում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման ուղղությամբ աշխատանքները, համոզիչ չեն և արդյունք չեն երաշխավորում: Իսկ դա նշանակում է, որ հարցը լուծման համար պետք է միջազգայնացվի: Նիկոլ Փաշինյանը համարում է, որ դա մարդասիրական հարց է, ինչու՞, ուրեմն, չի դիմում միջազգային կազմակերպություններին՝ լուծելու մարդասիրական հարցը, որ նախևառաջ մարդու իրավունքների խախտում է ու հիմքում քաղաքական հարց է: Ինչու՞ ՀՀ ԱԺ-ն հայտարարություն չի անում, որ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի՝ Արցախի բնակչության ֆիզիակական գոյությունը հարցականի տակ դնող ահաբեկչական հայտարարությունները, որոնց հիմքում ցեղասպանության քաղաքականությունն է:


Հասկացանք՝ պարտվել ենք, բայց դա չի նշանակում, որ Ալիևին ալիբի ենք տվել ցանկացածն անելու, ու՝ անպատիժ: Չի նշանակում, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ խոստանալով Հայաստանի ազգային շահի պաշտպանություն, իրարից առաջ ընկնելով հավատարմության երդումներ տան Ռուսաստանին, որ Հայաստանը ոչինչ չի ուզում Ալիևից, ամեն ինչի համաձայն է: Եթե այդպես է, իրենց իշխանության գալն ի՞նչ իմաստ ունի, ինչպե՞ս են Հայաստանի շահ պաշտպանելու:
Երբ «Իմ քայլի» պատգամավորը հայտարարում է, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է, իշխանությունը խոստովանում է, որ իր անելիքն ավարտել է: Այո, «Ընդդիմության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են և այս ամբիոնից և այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը, տարբեր ուղղություններով, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականության հետ չեն համապատասխանում»՝ Արփի Դավոյանը ճիշտ է: Բայց՝ ո՞վ է ընդդիմությանը այդպես վարվելու հնարավորություն տալիս, եթե ոչ իշխանությունը: Իշխանությունը, որ բացահայտորեն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնման նախաձեռնությունը տվել է ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը գործում է իր հայեցողությամբ կամ՝ քաղաքական խնդիրների լուծման իր ընկալման մակարդակից ելնելով: Բոլորը մի կողմ են դրել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ հասկացությունը ու միմյանց վարկաբեկելով՝ լուծում են իրենց իշխանության գալու հարցը: Թե փողոցում, թե խորհրդարանում, թե եթերում: Սա հետպատերազմյան խելագարություն չէ՝ այսպես եղել է միշտ, բայց պատերազմը ավելի սրեց ու անթաքույց դարձրեց թե իշխանության, թե իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերի ռազմավարական ու մարտավարական սնանկությունը: Իրենց զինանոցում նոր ոչինչ՝ ոչ մի գաղափար, ծրագիր, նպատակ, չունենալով՝ նրանք իրենց հիմնական ու միակ խնդիրը համարում են միմյանց քաղաքական ոչնչացումը, վարկաբեկումը, ասպարեզից դուրս նետելը: Սա ուղիղ հակառակն է ազգային համախմբման, որ նրանք նաև հայտարարում են իրենց, իբր, նպատակը: Եվ այս ճանապարհին առաջին քայլը պարտավոր է անել իշխանությունը, որ պատասխանատվություն է կրում պետության ու ժողովրդի համար՝ ունենալով ժողովրդի վստահության քվեն:

Իշխանությունը պարտավոր է.
1.Նախաձեռնել ու բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով լուծել խնդիրները, ոչ թե շարունակաբար մերժել ընդդիմության նախաձեռնությունները՝ հոդաբաշխ ոչ մի բացատրություն չներկայացնելով ու քաղաքական մերկապարանոց հայտարարություններ անելով:
2.Փոխել բարոյահոգեբանական ու քաղաքական մթնոլորտը երկրում՝ իր արդյունավետ քայլերով հնարավորություն չտալով ընդդիմադիրներին շահարկումների:
3.Նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ձևավորելու այն իշխանությունը, որը կունենա ժողովրդի իրական մեծամասնության վստահությունը և լեգիտիմ կլինի միջազգային ասպարեզում ներկայացնել ու լուծել կուտակվող հարցերը:


Այո, ընդդիմությունը միշտ էլ շահարկել է ու շահարկելու է իշխանության արած ու չարած քայլերը: Նաև անբարոյական միջոցներով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ հանդես է գալիս իր պատկերացումների շրջանակում: Գնահատողը և եզրակացություններ անողը ժողովուրդն է: Ընդդիմությունը շահարկում է, երբ հայտարարում է, որ այս պայմաններում հնարավոր չէ արտահերթ ընտրություններ անցկացնելը, հենց թեկուզ այն պատճառով, որ ռազմագերի ունեցող ընտանիք չես մտնի ու քո ծրագիրը չես ներկայացնի: Կմտնես ու կներկայացնես, որովհետև օր առաջ այդ ընտանիքի ռազմագերուն հետ բերելու ճանապարհը ընտրություններով նոր ու գործուն իշխանություն ձևավորելն է: Հայաստանին փրկիչներ պետք չեն, անձնիշխանության հետևանքները տեսել ենք թե 3 նախագահների, թե 1 վարչապետի պաշտոնավարման ընթացքում: Հայաստանին պետք է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ու հենց ՀԱՄԱԿԱՐԳԻ ստեղծումը պետք է լինի արտահերթ ընտրությունների բուն նպատակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե «Իմ քայլը» շարունակելու է դեմ քվեարկել Հայաստանի օրախնդիր նախագծերին, իսկ ընդդիմությունը շարունակելու է դեմագոգիան, Անկարա-Բաքու-Մոսկվա տանդեմին լիուլի հնարավորություն է տալու շարունակել իրենց շահերի սպասարկումը մեր հաշվին: Գոնե սա պետք է հասկանալ՝ հերթական լալահառաչ կամ սկանդալային ելույթից առաջ: Ու հիմարություն է հայտարարել, որ պետությունը մեռած է, կարող են չգործել պետական ինչ-որ կառույցներ, բայց պետությունը մեռնում է, երբ չկա ժողովուրդը: Իսկ ժողովուրդը կա ու լինելու է՝ նույնիսկ ի հեճուկս իշխանության ու իրենց ընդդիմադիր համարողների ու նրանց հայտարարությունների, թե ժողովրդի ծառան են: Ժողովուրդը կփոխի իր «ծառաներին» ու կգնա իր ճանապարհը:

Դիտվել է՝ 13531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ