Օրերս ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52703113395 դրամ, կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
«Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել:
Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին»‚- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում՝ նշելով‚ որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ:
Նախագահի այս կոչը փոքր-ինչ տարակուսանք է առաջացնում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կառույցի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է‚ որի ղեկավարն էլ հենց երկրի նախագահն է։ Այս մարմինն էլ‚ ըստ հիմնադրամի կանոնադրության‚ պետք է վերահսկի ֆինանսատնտեսական գործունեությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրենը կատարում է խորհրդի նախագահության որոշումների կատարումը։ Ինչու՞ է որոշումից շաբաթներ անց‚ երբ թեմայի վերաբերյալ աճում է հանրային հետաքրքրությունը‚ նախագահը բարձրաձայնում այդ մասին‚ հրապարակային դիմում իր իսկ ղեկավարած հիմնադրամի գործադիր տնօրենին։ Ստացվում է ի՞նչ։ Միլիոնները հիմնադրամն առանց իր համաձայնությա՞ն է փոխանցել։ Կամ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չի՞ կարողանում ներքին կարգով հարցերը կարգավորել‚ և միմյանց հետ հրապարակային նամակներո՞վ են խոսում։
Համաձայնեք‚ որ ոչ նորմալ իրավիճակ է։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ