«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռոսատոմը ռեակտորների ու նորարարների մասին

Ռոսատոմը ռեակտորների ու նորարարների մասին
05.09.2020 | 10:33

Տեխնոլոգիական ձեռքբերումների շնորհիվ Ռոսատոմը նորից է բացահայտում խաղաղ ատոմը: Ատոմային էներգիան աշխարհի ցանկացած կետ մոդուլային ռեակտորներով տեղափոխելը իրականություն է դարձել՝ գրում է Forbes-ը:
Կատարվել է լոգիստիկայի ոլորտում հետազոտողների ու փորձագետների բազմադարյա երազանքը՝ նոր սերնդի ատոմային սառցահատների կառուցումը Հյուսիսային ծովային ճանապարհը դարձնում է գլոբալ տրանսպորտային մայրուղի: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերով Եվրասիայի երկայնքով 6,5 հազար կիլոմետրանոց երթուղին միացնում է երկու օվկիանոսները՝ Ատլանտյանը և Խաղաղը: Թեպետ միջազգային փոխադրումների համար երթուղին բացվել էր 1967-ին, նավարկել հնարավոր էր միայն ամռանը: Ռոսատոմ պետական կոնցեռնի միջուկային տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է անվտանգ ու տնտեսապես շահավետ օգտագործել Հյուսիսային ծովային ճանապարհն ամբողջ տարին: Դա նոր հնարավորություններ է բացում համաշխարհային տնտեսության առաջ: Ծովային սովորական երթուղիներով փոխադրումները, օրինակ, Ռոտեդամից Տոկիո, Սուեզի ջրանցքով 21,1 հազար կիլոմետր երկարությամբ, երկար ժամանակ են պահանջում: Եթե Հյուսիսային ծովային ճանապարհն օգտագործվի, ժամանակը 1/3-ով կկրճատվի: Հյուսիսային նոր երթուղով ապագայում հնարավոր է իրականացնել համաշխարհային բեռնափոխադրումների նշանակալից մասը, ավելի երկար անցումների՝ Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների միջով նշանակությունը կարող է նվազել:


Հյուսիսային ծովային ճանապարհի ամբողջ տարին օգտագործելու հնարավորությունը օրինակներից մեկն է՝ ինչպես է Ռոսատոմը դարձել միջուկային էներգիայի օգտագործման նոր մեթոդների ու ձևերի մշակման առաջատար: Ռուսական պետական ընկերությունը ղեկավարում է ՌԴ ատոմային ոլորտը և ունի 150 արտադրական ու հետազոտական մասնաճյուղեր: Ռուսաստանի համարյա բոլոր միջուկային նյութերը կոնցեռնի ենթակայության տակ են: Գործունեության բոլոր տեսակների միավորումը հնարավորություն է տվել Ռոսատոմին մրցունակ տեսականի առաջարկել համաշխարհային շուկային: Մեծ հզորության ստանդարտ ռեակտորներից բացի՝ Ռոսատոմը սկսել է արտադրել կոմպակտ և մոբիլ միջուկային ռեակտորներ՝ ներառյալ մոդուլային ռեակտորները, լողացող ատոմային էլեկտրակայանները: Դա էներգիան հասանելի է դարձնում նույնիսկ ամենադժվարամատչելի շրջաններում, որտեղ ստացիոնար ատոմակայանների շինարարությունը տնտեսապես նպատակահարմար չէ: Այդպիսի ռեակտորի առաջին փորձնական օրինակը օգտագործվում է Չուկոտկայում և դե ֆակտո կարելի է օգտագործել ցանկացած վայրում:


Միջուկային էներգետիկայի կողմնակիցները հաստատում են, որ էներգիայի այդ տեսակը CO2-ի արտանետումներ չի առաջացնում: ՄԱԿ-ի կլիմայի սամիթում 2015-ին միջուկային էներգիան, վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, ճանաչվել է ՙերկու աստիճանի նպատակի՚ հասնելու միակ միջոց՝ նպաստելով կլիմայի փոփոխության զսպմանը: Բայց քննադատներն անհանգստացած են միջուկային մնացորդների չլուծված խնդրով, որ առաջանում են ատոմի ճեղքումից և դեռ չունեն պահպանության հարմար ձևեր: Ռոսատոմը այստեղ էլ աշխատում է տեխնիկական լուծման վրա՝ արագ նեյտրոններով ռեակտորները, որ առաջին անգամ կիրառել է Ռուսաստանը, լուծում են միջուկային մնացորդների հարցը: Հին տեսակի ռեակտորների մնացուկները հիմա օգտագործվում են իբրև նոր սերնդի ռեակտորների վառելիք: Շնորհիվ այդ իննովացիայի կարող են ծագել միանգամայն նոր շուկայական և գնային իրողություններ, ապագայում ատոմային ռեակտորների օպերատորները կարող են Ռոսատոմին վճարել հին տեսակի ռեակտորների միջուկային մնացորդներով՜ միջուկային մնացորդները դառնում են էներգակիրներ:


Էներգամատակարարումը և տրանսպորտային երթուղիները միշտ եղել են աշխարհաքաղաքական հարց: Ռոսատոմի շուկայական դիրքերին ուշադիր հետևում են ոչ միայն մրցակիցները, այլև քաղաքական գործիչները: Այդ ենթատեքստում քննարկվում է և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային ծովային ճանապարհի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ Արկտիկայի և վիճահարույց ՙՀյուսիսային հոսք-2՚-ի հետ կապով: Արևմտյան պետությունները դեռ չեն մշակել միասնական վերաբերմունք այս խնդրին: Ժամանակը ցույց կտա՝ կոնսենսուս կլինի այս հարցում, թե ոչ, բայց դա չի կասեցնում Ռոսատոմին՝ 2020-ի օգոստոսին պետական կորպորացիան նշեց Ռուսաստանի քաղաքացիական ատոմի ոլորտի 75-ամյակը:
Forbes.at


Հ.Գ. Գազը, միջուկային սպառազինությունն ու խաղաղ ատոմը Ռուսաստանի համար երբեք չեն եղել միայն էներգակիր՝ Ռուսաստանը աշխարհաքաղաքական, քաղաքական ու տնտեսական հարցերը ներքին ու արտաքին ասպարեզում լուծել է ու շարունակում է լուծել՝ ատոմակայաններ կառուցելով, ինչպես Թուրքիայում, կառուցելու խոստումներ տալով՝ ինչպես Ադրբեջանում, և մշտապես ջանալով՝ իր տեխնոլոգիաներից, վառելիքից ու մասնագետներից կախման մեջ դնել այն երկրներին, որտեղ իր զենքերն են, իր գազն է, իր ատոմակայանները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ